ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

ՆՈՐ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԳԻՐՔ-ՏԵՏՐԵՐ


«Զանգակ» հրատարակչությունում օրերս լույս են տեսել ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ «Խաղագիրք մանուկների համար» առաջին և երկրորդ գիրք-տետրերը:

 
Սարգսյան Վաչագան.
Խաղագիրք մանուկների համար - 1. -Եր.: Զանգակ, 2013, - 64 էջ:



Այս գիրք-տետրը ստեղծվել է առաջին դասարանի երեխաների հետ նպատակաուղղված զարգացնող պարապմունքներ անցկացնելու համար: Սույն գիրք-տետրը լրացնում է այդ խնդիրները լուծող ուսումնաօժանդակ նյութերի ցանկը: Գիրք-տետրի առաջադրանքները կատարելիս երեխաների մեջ կարող են ձևավորվել ու զարգանալ առարկաների նմանություններն ու տարբերությունները որոշելու, առարկաների էական հատկություններն առանձնացնելու, դրանք դասակարգելու, համադրելու և վերլուծելու ունակություններ և այլն:

Նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների, առաջին դասարանցիների, ուսուցիչների, ծնողների համար:
 

Զարգացրեք ձեր երեխաների ուշադրությունը, հիշողությունը,
տրամաբանական մտածողությունը, տարածական պատկերացումները, ստեղծագործական երևակայությունը, մատների նրբաշարժումները:



Սարգսյան Վաչագան.
Խաղագիրք մանուկների համար - 2. -Եր.: Զանգակ, 2013, - 64 էջ:


Այս գիրք-տետրում ընդգրկված են այնպիսի լեզվատրամաբանական առաջադրանքներ, հարցեր, խնդիրներ, խաղեր, որոնք լուծելու ընթացքում երեխաները մեկ անգամ ևս հետաքրքրաշարժ ձևով, ստեղծագործաբար առնչվում են երկրորդ դասարանցիների համար նախատեսված ծրագրային նյութին: 
Նախատեսված է երկրորդ դասրանցիների, ուսուցիչների ծնողների, մանկավարժության հարցերով հետաքրքրվողների համար:


ՀԵՐԹԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ «Է» ՏԱՌԻ ԴԵՄ


Մեսրոպյան է տառի բախտը չի բերում: Անցած դարի 20-ական թվականներին բոլշևիկները է տառն այբուբենից հանեցին ու 20 տարով աքսորեցին Սիբիր: Հետո լեզվաբանները մարդ մեջ գցեցին, դիմեցին Մեսրոպ Մաշտոցին ու սփյուռքահայերին, և մի կերպ նորից այբուբեն վերադարձավ մեր յոթերորդ տառը` է-ն:
Այսօր նեոբոլշևիկները մի նոր արշավ սկսեցին է-ի դեմ` այս անգամ նրա փոխարեն գրելով ու արտասանելով ա: Ո՞վ էր առաջին քար գցողը է-ի գլխին: Երևի մի բանաստեղծուհի կամ «խարոշի» լրագրող կամ քաղաքական գործանիչ կամ ազատ ու անկապ մի մտավորական կամ բոլորը միասին: Հավաքվեցին, ամեն մեկը ծոցից հանեց բերած քարը, ու սկսեցին քարկոծել, «գյոռբագյոռ» արեցին սրբազան է-ին:
Հիմա վասնզի դեմոկրատյայա, այլախոսությանը իմ պատասխանը այոյա, իմ խմածը կակավոյա, կերածը հարիսայա, է-ն ինձ համար զապադլոյա, ասածս սայա` իմ այոն այոյա, հան հայա կամ ռուս ա, չէն չա յա, լավ ա, չա՞. միով բանիվ` տրագիկոմեդյայա:
Այո՛, զավեշտ է ու ողբերգություն: «Ֆեյսբուքում» օգտատերերի զգալի մասը նախ գրում է լատինատառ (ականջներդ կանչի, բոլշևիկներ. այդքան չարչարվեցիք, չկարողացաք հայերենը լատինատառ դարձնել: Հիմա կամովին հրաժարվում ենք մեսրոպյան այբուբենից ու դառնում լատինատառ: Եվ սա չի մտահոգում պատկան մարմիններին. «Մեր գործը չէ»,– հանդարտ իմացությամբ ասում են նրանք), երկրորդ` գրում է` գրում ա, լսում ա, ատում ա, մի խոսքով` լեզուն շինում ա: Ու էս գործին նորից լծված են ազատապիղծ մտավորականներ` բանաստեղծ-մանաստեղծներ, լրագրող-մրագրողներ, գործիչ-մործիչներ և այլն: Սրանք մի նոր լեզվի տեսչություն են ստեղծել ու հրապարակում են իրենց հրովարտակները` ծաղրելով նրանց, ովքեր դեմ են իրենց նորարարություններին: Ահավասիկ մի հրովարտակ գողալեզվական տեսչության հայերենի ցածրագույն խորհրդի կողմից.


Լա՞վ ա, չա՞: Ըստ նրանց հեռակա ծրագրերի` պետք է ստեղծվեն համակարգչային ծրագրեր, որոնք Մաշտոցից մինչև Մաշտոցի պողոտա բոլոր է օժանդակ բայերը դարձնեն ա, որ հայի էությունը դառնա իր արմատներին` այություն-հայություն: Թա չա ասում են` մանրէ, ասա` մանրապրծի, ալի՜, գուցա թա երբևա որևա լավ բան կլինի հայի կյանքում, օրինակ` չէ մի չէ-ն կդառնա չամիչա, տեսնո՞ւմ եք` ինչ չամիչ լեզույա:
ՎԱՍ


ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ


«ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ

Արդեն 18 տարի է՝ գոյություն ունի «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը: Այդ տարիների ընթացքում նրա միջոցով բազմաթիվ նորակազմություններ են կյանք մտել, հավանության արժանացել: Հիշենք մի քանիսը միայն.խառնագիր, երբ բառի տառերը խառը կարգով են գրվում: Նույնտառիկ կամ գրաշրջում (անագրամա), երբ բառի բոլոր տառերից տեղափոխմամբ կազմվում է նոր բառ, օրինակ՝ մարզանք - զարմանք, կտակարան - կարկատան - նկարատակՆկարելուկ-ը ռեբուս օտար բառի հայերեն համարժեքն է՝ ավելի ընդհանրական իմաստով: («Ի՞նչ ես նկարելուկներով խոսում»:) Դարձգիր (պալինդրոմ), երբ բառը կամ արտահայտությունը երկու կողմից կարդալիս նույն բանն է ստացվում, օրինակ՝ կատակ, Տաճատ, մուծում, մեծ եմ: Մենակ կատակ կանեմ: Իշխան, սաթե թաս նախշի: Մեռավ նորեկ ծառա Ներոնը. նորեն առած կերոն՝ վառեմ: Արա իմ, առած դրամ՝ քաղաքեքաղաք մարդ ծառա մի արա: Նույնիսկ գրել եմ փոքրիկ ոտանավորներ, որոնց բոլոր տողերը, աջից և ձախից կարդալիս, նույնն են. օրինակ՝
Նազա՛ն,
Եթե
Սեր ես,
Ծառադ դառած
Քաղաքեքաղաք
Քնար ածեմ ու մեծարանք
Կանեմ մենակ,
Սերամա՜հ եթե համարես,
Ապա մեռած ծառ եմ, ապա
Կա մահը համակ՝
Անխնա:
Շատ սովորական բառեր են կազմվել և տարածվել, որոնցից յուրաքանչյուրը լեզվաբանական որևէ խնդրի, առաջադըրանքի անուն է, օրինակ՝ բառաբուրգ, բառաշտարակ, բառագումար, բառաշղթա, տառաբավիղ, բառաբավիղ, բառաստիճան, հաշվելուկ, մտածելուկ, սուտասելուկ, բառհանելուկ, տառհանելուկ և այլն և այլն:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում երկու բառի վրա՝ խնդուկ և խնդմնդուկ: Այս բառերը բավականին վեճերի տեղիք են տվել՝ իբր սխալ կազմություններ, իբր կան դրանց համարժեքները՝ անեկդոտ, խնդուք և այլն:
Նախ՝ տեսնենք, թե հայերենում կա՞ն նման կարգով ստեղծված բառեր, այսինքն՝ բայարմատի վրա ուկ վերջածանցի ավելացումով ստեղծված նոր բառեր: Հենց այս սկզբունքով են կազմվել խնդուկ և խնդմնդուկ բառերը՝ խնդալ + ուկ և խնդմընդալ + ուկ: Ընդ որում, խնդմնդալ նշանակում է «քթի տակ ծիծաղել», հետևաբար՝ ծիծաղել, այսինքն՝ այն, ինչ շատ բնորոշ է անեկդոտին:
Դիտարկենք այդ սկզբունքով կառուցված մի քանի բառ (գոյականներ): Ասենք, որ դրանք բավականին շատ են:
Բերուկ «քամու, ջրի հոսանքով բերված հող, ավազ» և այլն (բերել բայից՝ ուկ վերջածանցով):
Մնացուկ – «մշակելուց հետո ավելացածը, մնացորդը» (մնալ բայից):
Պատրաստուկ – «ուսումնասիրության համար պատրաստված քիմիական նյութ» (պատրաստել բայից): Կա նաև պատրաստուք ձևը, որ նշանակում է նախնական մշակման ենթարկված հումք: Այսինքն՝ լեզուն տարբերակել է ուկ և ուք ածանցներով բառերը, ինչպես և մենք՝ խնդուկ և խնդուք: Վերջինս նշանակում է ծիծաղ, քրքիջ, խնդություն, ցնծություն, բայց ոչ երբեք՝ անեկդոտ:
Մզուկ – «մզած հյութը, քամվածք» (մզել բայից):
Քաշքշուկ – «քաշքշելը, ձգձգում, հետաձգում» (քաշքշել բայից):
Կապուկ – «միատեսակ իրերի միասին կապված փունջ, տրցակ» (կապել բայից):
Կաթուկ – «շատ հասած և ծառից վայր ընկած պտուղ» (կաթել բայից):
Հատուկ խումբ են կազմում լեզվատրամաբանական զանազան առաջադրանքների հին և նորաստեղծ անվանումները:
Նկարելուկ – նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցությամբ ծածկագրված բառեր կամ արտահայտություններ, որոնք համապատասխան միջոցներով ենթակա են վերծանման:
Գլուխկոտրուկ – դժվարին խնդիր, հանելուկ, որի լուծման համար պետք է ունենալ մեծ հնարամտություն ու դատողականություն:
Մտածելուկ – վերլուծելով ու հետևություններ անելով, դատելով ու կշռադատելով, ծանրութեթև անելով, մտմտալով, մտովի պատկերացնելով, երևույթները զուգադրելով լուծվող առաջադրանքների տեսակ:
Շուտասելուկ – նմանահունչ բառերից կազմված ասույթ, որը արագ ասել դժվար է, և արտասանողը հաճախ սխալվում է՝ ծիծաղելի աղավաղումներ կատարելով: Օրինակ, «Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր»:
Սուտասելուկ – կատակային բնույթի, հիմնականում չափածո փոքրիկ ստեղծագործություն, որի մեջ գլխավոր դերում պոզով-պոչով սուտն է: Օրինակ.
Ես ունեմ մի հայելի՝
Արմանք-զարմանք նայելի.
Հենց նայում եմ ես նրան՝
Գլխիվայր է ամեն բան:
Որ ամեն ինչ լինի ճիշտ,
Որ նա ցույց տա ինչպես միշտ,
Հենց գալիս եմ կամ գնում՝
Գլխի վրա եմ կանգնում:
Հաշվելուկ – փոքրիկների հետ բարձրաձայն ասվող ոտանավոր՝ նրանց հաշվել և արտասանել սովորեցնելու նպատակով: Օգտագործվում է նաև մանկական խաղերում դերերը բաշխելու համար (ռուսերեն считалка բառի համարժեքը): Որպես օրինակ, ներկայացնենք այս գրքի խմբագիր Հրանտ Վարդանյանի հաշվելուկը.
Մեկ, երկու, երեք
Լուսերեսին ներս բերեք,
Չորս, հինգ, վեց,
Լուսերեսը հայտնվեց:
Յոթ, ութ,
Ձեռքին ունի մի սև թութ,
Սևացել են քիթ-մռութ:
Ինը, տասը,
Բերեք թասը,
Քիթ մռութը լվանանք,
Լույս երեսով հիանանք:
Հանելուկ – այլաբանական կարճ նկարագրություն որևէ առարկայի կամ երևույթի, որ պետք է իմանալ, լուծել:
Բառհանելուկ կամ տառհանելուկ – հանելուկի տեսակ, որի լուծման առարկան բառն է կամ տառը: Օրինակ.
Ի՞նչն է, ի՞նչը.
Փոշու մեջ է, շան՝ առջևում:

(Խոսքը «շ» տառի մասին է:)
Ինչպես տեսնում ենք, ինչպես այս բառերն ունեն գոյության իրավունք, այնպես էլ մեր խնդուկն ու խնդմնդուկը՝ որպես կարճ, զվարճալի, սրամիտ պատմվածք՝ ծիծաղաշարժ կամ արտասովոր որևէ դեպքի մասին:


ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ

Վերնագրի խաշ, խորոված, խաշմիս և խարույկ բառերը, բնականաբար, պատահականորեն չեն հայտնվել կողք կողքի: Պարզ է, որ դրանք կապված են իրենց ծագմամբ: Տեսնենք, թե որն է այդ կապը: Դրանց բոլորի արմատն է խար բնիկ հայերեն բառը: Առաջին հայացքից խաշ-ի և խաշմիս-ի նմանությունը ակնհայտ է, և զգացվում է, որ խաշել բառից են երկուսն էլ: Իսկ խաշ, խարույկ, խորոված բառերի նմանությունն այդքան էլ ակնհայտ չէ և պարզաբանման կարիք ունի:
Եկեք պարզաբանենք: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակել խար արմատը: Խար նշանակել է «այրել, դաղել, կիզել»: Այստեղից անմիջապես երևում է խարույկ բառի կազմությունը՝ խար արմատից և ույկ ածանցից: Խար-ից է նաև խարան բառը, որ նշանակել է «երկաթով դաղված, դրա հետևանքով առաջացած վերքը»: Իսկ քանի որ խարանում էին հանցավորին, դրանից էլ առաջացել է փոխաբերական իմաստը՝ «անարգանք, հանդիմանություն, մեղադրանք»: Առաջին խարանակիրը Կայենն էր, որ սպանեց իր եղբորը, և կրում էր Աստծու խարանը:
Խար արմատի մյուս ձևն է խոր-ը, որից ով մասնիկով՝ խորով, որ նշանակել է «կրակի վրա այրելը»: Սրանից մինչև խորոված արդեն մի քայլ է: Ահա թե ինչ ներքին կապ կա խարույկի և խորովածի միջև: Խոր արմատից է խորովու բառը՝ «թոնրում անբոց կրակով խորոված գառ, ուլ և այլն» նշանակությամբ:
Մնաց մեր բոլորի սիրած խաշը: Ինչպե՞ս է խար արմատից ստացվել խաշ: Պարզվում է, որ խար-ի վրա ավելացել է շ աճականը և ստացվել է խարշ, խարշել՝ «այրել, վառել, ջրի մեջ եփել, խաշել»: Խար-ը ծնել է խարշ, այնուհետև խարշ-ի մեջ ր-ն ընկել է, և բառը դարձել է խաշ: Այստեղից էլ՝ խաշել «ջրի մեջ եռացնելով եփել»: Եվ խաշ ճաշատեսակը և մեկի խաշը եփել-ը՝ ծեծելը:
Խարշել բառն ունի նաև փոխաբերական իմաստ՝ «սիրտը մաշել, գութից, խղճմտանքից սիրտը այրել, կտրտվել»: Հիշենք աղեխարշ «աղիքները խաշող, կսկծեցնող, մորմոքող»: Խաշ-ից ունենք խաշու բառը, որ նշանակել է «արգանակ, մսաջուր»: Այժմ գործածվում է նաև բոզբաշ ճաշատեսակի համար (ոչխարի մսով և զանազան համեմունքներով պատրաստվող ջրիկ կերակուր): Իսկ ինչու՞ բոզբաշ անճոռնի, անբարեհունչ բառի փոխարեն չօգտագործվի մեր բնիկ հայերեն գեղեցիկ խաշու բառը:
Նույնը խաշմիս բառի համար, որ նշանակում է «խաշած միս՝ խաշլամա»: Օտար բուղլամա-ի փոխարեն հիմա արդեն կիրառվում է շոգեխաշած հիանալի բառը, և լավ կլիներ խաշլամա-ի փոխարեն էլ կիրառել խաշմիս հայերեն բառը:
Մեր կերակուրների անվանումների մեծ մասը փոխառություններ են, քանի որ մենք մոռանում ենք մերը՝ բնիկ հայերենը, և, չգիտես ինչու, սկսում ենք գործածել օտարինը, որը հաճախ շատ ավելի երկար է, շատ ավելի անբարեհունչ: Արգանակի փոխարեն ասում ենք բուլյոն, բույլոն, թանձրուկի, եփահյութի փոխարեն՝ պոդլիվկա, պադլիվկա, աղցանի փոխարեն՝ սալաթ, սմբուկի փոխարեն՝ բադրիջան, լոլիկի փոխարեն՝ պոմիդոր, պամիդոր, պամադոր և այլն, և այլն:
Ժամանակը չէ՞ հետևողականորեն մաքրելու մեր կերակրատեսակների անունները, ավելի հայեցի, ավելի բարեհունչ և դրանով ավելի… մարսելի դարձնելու դրանք:

ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեզվում հաճախ տեղի են ունենում անկանոն հապավումներ, որոնք արդյունք են սղման և կրճատման: Զանազան շատ գործածական բառեր կարճվում են: Այսպես. ասպապետ-ը դառնում է ասպետծխահան-ը՝ ծխանճարտարասան-ը՝ ճարտասան և այլն:
Հետաքրքիր են նաև անձնանունների կրճատումները. Աստվածատուր-ը դառնում է Ասատուր, Աստուր, Աստիկ, Ծատուր, Ատուր, Ծատի:
Խաչատուր-ը՝ Խաչիկ, Խաչի, Խեչո, Չատո, Չատի:
Կարապետ-ը՝ Կարպիս, Կարո, Կրպե, Կրպո:
Մարտիրոս-ը՝ Մարտիկ, Մըդո, Մըդի, Միդի, Միտի:
Մկրտիչ-ը՝ Մուկուչ, Մակի, Մկո, Մկըր, Միկիչ, Մակիչ:
Հովհաննես-ը՝ Օհան, Օնիկ, Հանես, Ավանես, Ավան:
Ստեփանոս-ը՝ Ստեփան, Տեփան, Սեփան, Սեփո, Փանոս:
Այսքան տղամարդու անուն կրճատեցինք, կրճատենք գոնե մեկ կնոջ անուն. Եղիսաբեթ անձնանունը դառնում է Էլիզա, Էլիզ, Լիզա, Իզաբելլա, Զաբել, Սաբեթ, Էխսա, Էխսո, Եղսո, Բելլա, Լիզիկ և այլն:
Հայերենում կրճատման հետաքրքիր օրինակ է, երբ ցտեսություն բառի փոխարեն ասվում է՝ ցը:
Ներկայացրինք, թե ինչպես մի բառից հնչյունափոխության հետևանքով ստացվում է մեկ այլ բառ, որը գրեթե անճանաչելիորեն տարբերվում է ելակետային բառից: Թվում է, թե երբեմն այդ օրենքները մտացածին են: Սակայն այդպիսի հնչյունափոխություններ տեղի են ունենում նաև այսօր, մեր աչքի առաջ:
Շատ բառեր արագախոսության հետևանքով կրճատվում են. որովհետև-ը դառնում է որտևհետաքրքիր-ը՝ հետարքիրշնորհավորել-ը՝ շնավորել,նախագահ-ը՝ նախագաորպեսզի-ն՝ որպիսիկլինի-ն՝ կլնիերթալ-ը՝ էթալ և այլն:
Բայց ավելի զավեշտալի հնչյունափոխություններ են կատարվում, երբ ռուսերեն բառը հարմարեցնում ենք մեր արտասանությանը և անճանաչելիորեն փոխում: Օրինակ, բարբառներում шоссе-ն դարձել է շոշкоромысло-ն՝ կրամուզСаша-ն՝ Շաշիկполуось-ը՝ պոլոսочередь-ը՝ օչերобъездчик-ը՝ ալբեշիկподшипник-ը՝ պաչևնիկоглобля-ն՝ ակլոպի, և գյուղացիները հանգիստ ասում են՝ ակլոպի, կարծես 1000 տարի այդպես են ասել իրենց պապերը:
Բոլորիս հայտնի «պահմտոցի» խաղի ժամանակ ասում ենք թու զափսեխ: Սա ռուսերեն за всех արտահայտությունն է: Կամ երեխաները հաշվում են ալա-բալանիցա: Սա ևս ռուսերեն Алла баловница արտահայտության աղավաղումն է: Նույն բանն է տեղի ունեցել հանրահայտ գործագործ գնդակախաղի պարագայում. դա ռուսերեն город за город արտահայտության աղավաղումն է:
Կրճատման և հապավման մի զարմանալի օրինակ է հատկապես երեխաների բառապաշարում գործածվող, երդում արտահայտող մմզ-պպզարտահայտությունը: Թվում է մամա, պապա բառերից առաջացած անհեթեթ մի բան է: Սակայն, պարզվում է, որ մմզ-պպզ արտահայտությունը հմզ-պտչհապավման աղավաղված «ողորկված» տարբերակն է: Իսկ ինչ է նշանակում հմզ-պտչ: Սա մի ահավոր երդում է, անեծք այն մարդու հասցեին, ով խարդախ կլինի, չի պահպանի խաղի կանոնները, կխախտի պայմանավորվածությունները, չի կատարի խոսքը և այլն: ՀՄԶ-ՊՏՉ «հորից մորից զրկվի, պատի տակին չորանա». ահա այսպիսի զորեղ երդում:
Յուրօրինակ հապավում է 20-րդ դարի 50-ական թվականներին ծնված և մինչև օրս գործածական պշը անել արտահայտությունը: Այսօրվա սերնդին այս արտահայտությունը ոչինչ չի ասում: Իսկ սրա ծնունդը շատ հետաքրքիր պատմություն ունի: Նշված ժամանակներում սեփական ավտոմեքենաների պետական համարանիշը սկսվում էր ռուսերեն ПШ տառակապակցությամբ, ասենք՝ ПШ 31-12: Դա միակ համարանիշն էր, որ սեփականություն էր նշում: Եվ ժողովրդի մեջ առաջացավ պշը անել արտահայտությունը, այսինքն՝ որևէ բան սեփականել: Օրինակ՝ «Գրիչը պշը արեցի», «Կոշիկները պշը արեցի» և այլն:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ (1956-2006)» գիրքը, որը լույս է տեսել 2006 թվականին: Ժողովածուն ընդգրկում է ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության 1956-2006 թթ. ընդունած որոշումները և դրանց վերլուծություններն ու մեկնաբանությունները բովանդակող հոդվածները: Լուսաբանվում են հայոց լեզվի նորմավորմանը, մաքրությանը, ուղղագրությանն ու արտասանությանը վերաբերող հարցեր:
Գիրքը տեսնելու համար սեղմեք այս հղումը.





Օրերս լույս է տեսել Վաչագան Ա. Սարգսյանի հերթական հրաշալի գիրքը` «Երգող այբուբենը» (Նկարները` Խորեն Հակոբյանի. – Եր.: ՄՀՄ գրատուն, 2012.– 56 էջ):

Հայոց տառերի մասին դարերի ընթացքում բազմաթիվ բանաստեղծություններ են գրվել, երգեր հորինվել:
Համոզված ենք` քանի կա հայությունը, իսկ նա միշտ կլինի, կլինեն նաև հայոց տառերին ձոնված բանաստեղծություններ:
Այս գրքում հայոց տառերը ներկայացված են բոլորովին նոր տեսանկյունից: Այստեղ զուգակցված ներկայացված են դրանց գործառնական նշանակությունները գեղարվեստական ձևի մեջ: Ինչ-որ առումով դրանք ուսումնական բանաստեղծություններ են, որոնք շատ դեպքերում համեմվում են հումորով, հետաքրքրաշարժ մեկնաբանություններով, անսպասելի զուգորդություններով:
Բանաստեղծությունները, որոնք գրքում վերնագրված են երգեր, նախատեսված են առաջին հերթին հանրակրթական դպրոցների աշակերտների համար, թեև մեծահասակները ևս հաճույքով կկարդան այս ձոները: Դրանք կարող են օգտակար լինել ինչպես դպրոցում` զանազան հանդեսներ կազմակերպելիս, տառեր ուսուցանելիս, հայոց գրերին նվիրված միջոցառումներ, արտադասարանական աշխատանքներ կազմակերպելիս, այնպես էլ ինքնուրույն ընթերցանության համար:
Որպես օրինակ, գրքին կից ներկայացվում է «Զ» տառի երգի տեսահոլովակը: Երգի մեղեդին գրել և երգը գործիքավորել է Ներսես Մարգարյանը: Երգը կատարում է նրա ղեկավարած «Հրաշք մեղեդի» երգչախումբը: Տեսահոլովակի ռեժիսորական և օպերատորական աշխատանքներն իրականացրել է Սամվել Օհանյանը, համակարգչային ձևավորումը` Արսեն Թովմասյանը, ասմունքում է Անահիտ Նավասարդյանը:



Ահա այս գրքի բացվածքներից մեկը` «Ե» և «Զ» տառերի երգերով.



ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ


Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից




Ինչո՞ւ ենք առանձնացրել Մխիթար անունը: Պարզվում է, որ շատ հետաքրքրական կազմություն և իմաստ ունի իր մեջ պահած՝ առաջին հայացքից չերևացող:
Մխիթարը հայերեն արական անուն է: Նշանակում է «սփոփանք, մխիթարանք, ամոքանք»: Առաջացել է հայերեն մի՛ խիթար ձևից: Իսկ խիթել (կամ խիթալ) բառի արմատն է խէթ, որը նշանակում է «խղճի խայթ», «կասկած, վախ»: Խիթալ նշանակում է «հոգս անել, վախենալ, մտատանջվել»: Ու երբ ասում ենք՝ մի՛ խիթար, ապա ասում ենք. «Հոգս մի՛ ունեցիր, մի՛ մտատանջվիր, մի՛ վախեցիր»: Ահա թե ինչ խորհուրդ ունի իր մեջ Մխիթար անձնանունը, որը ինչ-որ չափով բարեմաղթանք է, ինչ-որ չափով օրհնանք: Շատ նշանավոր Մխիթարներ ենք ունեցել. թվենք մի քանիսին:
Մխիթար, նշանավոր ճգնակյաց, Թանահատի վանքի հիմնադիր:
Մխիթար Հերացի, բժիշկ և աստղաբաշխ, գիտեր արաբերեն, հունարեն, պարսկերեն, նշանավոր գործերից մեզ է հասել «Ջերմանց մխիթարություն» բժշկական աշխատությունը, որը գրել է կաթողիկոս Գրիգոր Տղայի պատվերով և աջակցությամբ: Նրա խնդրանքով Ներսես Շնորհալին գրել է իր տաղերից մի քանիսը: Ահա թե ինչ «Վերնատուն» ենք ունեցել ժամանակին:
Մխիթար Գոշ, նշանավոր առակագիր: 1184 թվականին գրել է իր նշանավոր Դատաստանագիրքը, որը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով:
Մխիթար Սեբաստացի, Մխիթարյան միաբանության հիմնադիրը, միաբանություն, որը հայ գիտության և մշակույթի փարոս է աշխարհում: Այնտեղ հայերեն են թարգմանել օտար հին և նոր գրականության բոլոր նշանավոր երկերը՝ 1000 հատոր, կազմել ամբողջ հայ հին մատենագրությունը, գրել բառարաններ, հայոց պատմություն, գրականություն և այլն, և այլն:

  
 
Ե՛տ եկեք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:
                                  Հովհ. Թումանյան

Մեծն Թումանյանը գործածել է հետ և ետ բառերը, ընդ որում՝ իմաստային տարբերություն դնելով դրանց մեջ. հետ եկեք՝ «միասին եկեք», ետ եկեք՝ «վերադարձեք»: Տեսնենք, թե սրանք ի սկզբանե՞ տարբեր բաներ են եղել:
Նախ տեսնենք, թե որտեղից են եկել մեր այս հետ-ն ու ետ-ը: Հնդեվրոպական նախալեզվի ped արմատը տվել է հետ, յետ, ետ, իսկ նույն նշանակության pod արմատը՝ ոտ, ոտն:
Այսինքն, որքան էլ զարմանալի է, հետ բառը սկզբնապես նշանակել է «ոտք»: Այս նշանակությունը, հետո տեղի տալով ոտք բառին, ջնջվել է, բայց մնացել են նրանից ածանցված նշանակությունները՝ «հետք» (ոտքի կոխած տեղի նշանը), «ճանապարհ», «հետևից», «միասին», «միատեղ», «հետը»:
Օրինակ, արահետ լայն առումով նշանակում է «ճանապարհ»: Կազմված է այր և հետք բառերից: Գիտենք, որ այրը տղամարդն է, իսկ հետքը՝ մարդու ոտք կոխած տեղը: Այր բառը բարդվելիս տալիս է ար, ինչպես՝ արու, արի, արական: Իսկ երկրորդ բաղադրիչը՝ հետ, այստեղ իր սկզբնական իմաստով է հանդես գալիս, այն է՝ «ոտք»: Այսինքն՝ արահետ նշանակել է «տղամարդու ոտքի տեղ»: Հետ-ը ստացել է նաև ժամանակ արտահայտող նշանակություն. այսպես՝ առաջին հետ՝ «առաջին անգամ», միահետ՝ «մի անգամ», հետագա՝ «հետո եկող» և այլն: Այս զանազան առումներով են կազմված հետազոտել, հետամուտ, հետամտիկ՝ «փախչող թշնամու հետևից հետապնդելու համար ուղարկված զինվոր»: Այս վերջին բառը, կարծում եմ, պետք է իր լիիրավ տեղը զբաղեցնի ժամանակակից հայոց բանակի բառապաշարում, ինչպես նաև հետարածի բառը, որ նշանակում է «լրտեսելու համար գաղտնի հետևից գնալով»: Ինչպես ասացինք, հետ արմատի տարբեր ձևեր են ոտն, յետ, ետ: Ոտն արմատից է մեզ քաջածանոթ հետիոտն բառը, ինչպես նաև հոտնկայս (յոտնկայս) բառը:
Վերջինս, ինչպես գրաբարյան մեկ այլ բառ ևս՝ յոտնկելեաց-ը, նշանակում է «ոտքի կանգնած»: Սակայն մեր խոսակցական լեզվում շատ են չարչարում այս բառը՝ աղավաղելով մինչև անճանաչելիության աստիճան՝ ոտնկույս, ոտնկուց, հոտնկույս, ոտնկաց և այլն:
Յետ արմատից ունենք հիանալի մի բառ՝ հետուստ, որ նշանակում է «հետևը, կռնակը, հետևից, հետո, վերջը»: Նմանությամբ կարելի է ներուստ բառը գործածել ինտերիեր օտար բառի փոխարեն:
Հետաքրքիր է, որ վերնագրում նշված հետաքրքիր բառի կազմության մեջ նույնպես հետ (ոտք) արմատն է:
Ասվածից հետևում է, որ թե՛ ի սկզբանե և թե՛ այժմ երկվությունն առկա է, և հնարավոր էլ չէ իմանալ, թե երբ պետք է գրել հետ, երբ՝ ետ: Մնում է մի ճանապարհ՝ հետևել տերմինաբանական կոմիտեի որոշմանը, չնայած, այնուամենայնիվ, մի նրբերանգ կորչում է:
«Գրաբարի բառասկզբի յ հնչյունի՝ հետագայում հ-ի փոխվելու հետևանքով համանունների թվում առաջացել են նաև ետ նախադրության և յետ-ից առաջացած մակբայի արտասանական համանուններ»:
«Բարբառների ու արևմտահայերենի ազդեցությամբ վերջերս հետ (ետ) արմատը նաև գրվում և արտասանվում է ետ»:
«Այսուհետև հետ (ետ) արմատը ամենուրեք, անջատ թե բաղադրյալ, գրել և արտասանել հետ»:
Սրանք մեջբերումներ են տերմինաբանական կոմիտեի 1986 թ. սեպտեմբերյան որոշումից:
Այսինքն՝ մոտ երեք տասնամյակ է անցել այս որոշումն ընդունելուց հետո, բայց գրականության մեջ, մամուլում, բանավոր խոսքում դեռևս տարբերակվում են հետ-ը և ետ-ը:
Ինչպես ասացինք, այս բառը տարբեր լեզուներում առաջացել է հնդեվրոպական նախալեզվի pedo ձևից, որը ձայնային զանազան փոփոխություններով մտել է հնդեվրոպական լեզուների մեջ:
Այսպես. անգլերենում դարձել է foot, որից՝ ֆուտբոլ «ոտքի» գնդակ: Եթե մենք այսօր ֆուտ-ը փոխենք հայերեն ոտ-ով, կստանանք ոտբոլ, և քանի որ բոլ-ը նշանակում է նաև «կլոր, գունդ», ապա կարող ենք ոտբոլ-ը համարել հայերեն բառ և ֆուտբոլ-ի համարժեքը:



Այս անգամ կզրուցենք մատ բառի և նրանով կազմված մի քանի դարձվածների մասին: «Մատն ի՞նչ է, որ մատի մասին էլ զրուցենք»,– կմտածի ընթերցողը: Բայց հիշենք, որ մի բան անելու համար պիտի մատը մատին խփենք:
Նախ նշենք, որ մատ-ը բնիկ հայերեն բառ է, հնդեվրոպական նախալեզվի mat արմատից և կարող է դարձվածներ կազմելու և փոխաբերական իմաստներով գործածվելու առումով մրցել մարմնի մյուս մասերի՝ քթի, գլխի, աչքի, ձեռքի հետ:
Օրինակ՝ մատը կծել նշանակում է «գլխի ընկնել, կռահել»: Իսկապես, երբ մեկը հանկարծակի, անակնկալ կերպով որևէ բան է կռահում, գլխի ընկնում, իմանում, ակամայից մատը կծում է՝ իրեն չմատնելու, զարմանքն ու հուզմունքը ցույց չտալու համար: Սակայն հենց մատը կծելով էլ ցույց է տալիս իր հուզմունքը: Գրեթե նույնն է սաստիկ զարմանքի դեպքում. անակնկալից կորցնում են վերահսկողությունը, նյարդերը թուլանում են, ծնոտը կախվում է, բերանը բացվում է, և մարդն ակամայից ձեռքի ափով փակում է բերանը, այսինքն՝ ափիբերան է մնում՝ սաստիկ զարմանում է: Ու հենց այդ զարմանքը թաքցնելու, սթափվելու համար մատը կծում է, ինքն իրեն հետ է բերում:
Եթե մեկին ուզում են ցույց տալ, ուշադրություն հրավիրել մեկի վրա, նշել և, նույնիսկ, նշավակել, ապա մատնացույց են անում: Եթե դավաճանությամբ մեկին թշնամու ձեռքն են հանձնում, ապա ասում ենք, որ մատնեցին նրան: Մատնել նշանակում է «մատով ցույց տալ մեկին ի վնաս»: Այսինքն՝ մատնությունը սկսվում է մատով ցույց տալուց, և մատնել բառի արմատը մեր սովորական մատ բառն է: Հուդան Քրիստոսին մատով ցույց չտվեց, այլ, ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով, համբուրելով մատնեց: Ամենայն հավանականությամբ, Քրիստոսի ծննդից շատ ու շատ առաջ մարդիկ իրար մատնում էին՝ մատով ցույց տալով: Օրինակ, հրեաների մեջ ամլությունը խայտառակություն էր համարվում, և անզավակ ամուսիններին մատով էին ցույց տալիս, դարձնում էին մատի փաթաթան, այսինքն՝ անվերջ երեսով էին տալիս, կըշտամբում, խոսում նրանց մասին:
Մատ բառից է նաև մատանի-ն, որը, բացի իր կենցաղային սովորական իմաստից, ուներ նաև «կնիք» իմաստը. դա որևէ փորագրությամբ մետաղյա օղ էր, որով կնքում էին փաստաթղթերը: Մատանի բառից հնում ունեցել ենք մատանել բայը, որը նշանակել է «կնքել»:
Շատ ուշագրավ մի բառ էլ կա մատ արմատով՝ մատնաշունչ, որը նշանակում է «մատի ծայրին, եղունգի մոտ գոյացող ցավագին վերք»: Այս բառը բավականին հետաքրքրաշարժ ձևափոխության է ենթարկվել: Նախնական ձևն է մատնաշուրթ՝ «մատի ծայրին դուրս եկած պալար» նշանակությամբ: Շուրթ-ն այդ բառի մեջ նշանակում է «եզերք, եզր, պռունկ»: Այս իմաստը մոռացվել է, և մատնաշուրթ-ը դարձել է մատնաշուրջ, սա էլ բարբառներում տվել է մատնաշունչ: Իսկ ժամանակակից բառարաններում և գրական լեզվում պահպանվել է միայն մատնաշունչ ձևը:
Մատ բառով, բացի արդեն նշվածներից, ունենք մի շարք ուշագրավ դարձվածներ ևս. մատ թափ տալ «սպառնալ», որպես զարմանքի, ապշանքի արտահայտություն՝ մատը բերանում մնալ (այսինքն՝ այնքան է ապշած, որ մոռանում է նույնիսկ մատը կծել կամ արդեն կծած մատը բերանից հանել), մատների վրա խաղացնել «ճարպկորեն խաբել, մոլորեցնել» (սա, երևի, եկել է մատների վրա տիկնիկներ խաղացնելուց, այսինքն՝ մատների վրա խաղացնելով մեկին խամաճիկ դարձնել, տիկնիկի պես իր ուզած բաներն անել տալ):
Երկու դարձվածների միավորումով այս գրքի հեղինակը ստեղծել է բազմաթիվ երկդարձվածներ: Մեջբերենք մատ բառով կազմվածներից մի քանիսը. «Մի ձեռքը ծափ չի տա, բայց մատ թափ կտա», «Մատի փուշը հանել՝ աչքն էր կոխում», «Մատը մատին չէր խփել ու հիմա ծնկներին էր խփում» և այլն:
Այս ամենը ցույց է տալիս, որ չպետք է մատների արանքով նայել և ոչ մի բառի, պետք է մատին թել կապել չմոռանալու համար, որ որևէ բանի հասնելու համար անհրաժեշտ է մատը մատին խփել:







ՆԱՆԵՆ իմաստության և ողջախոհության աստվածուհին է հայոց դիցարանում: Ամենայն աստվածների հայր Արամազդի դուստրը. այսպես է բնորոշում Նանեին Ագաթանգեղոսը: Այս անունով հույները ունեին մի հավերժահարս, սկանդինավյան ազգերն էլ ունեն Նաննա անունով դիցուհի: Նանեն, կամ Նանան, կամ Նինեն, որպես աստվածների մայր, ծանոթ էր նաև ասիացի այլ ազգերի, որոնց լեզվով այս անունը  նշանակում է «մայր» կամ «տատ»: Հիշատակվում են նաև շումերական Նիննի, ասորական Նանա կամ Նինա աստվածուհիները:
Ըստ Հ. Աճառյանի՝ Նանան լատիներեն nonna «մայր իմ, մայրիկ» բառից է:
Նանե անունով նշանավոր էր Իվանեի և Զաքարեի քույրը՝ Աբաս թագավորի կինը, որն իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին Ձորագետի վրա կառուցում է (1192 թվականին) մի հոյակապ կամուրջ, Հովհաննավանքի պարիսպը, բազմաթիվ խաչքարեր՝ սրտառուչ մակագրություններով:
Հիանալի է, որ այս անունը այժմ նորից սկսել է տարածվել հայերի մեջ՝ դուրս մղելով զանազան Սվետաների, Կատյաների, Կլարաների, Ժենյաների և այլն: 





ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է աստղ բառից: Աստղ-ը բնիկ հայերեն բառ է՝ ծագած հնդեվրոպական ster ձևից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարեն՝ աստեր, սանսկրիտերեն՝ սթար, պահլավերեն՝ սթար, իտալերեն՝ ստելլա, ֆրանսերեն՝ աստրե, իսպաներեն՝ աստրո, գերմաներեն՝ շտերն, անգլերեն՝ սթար և այլն: Այլ լեզուներում էլ աստղ բառից կազմվել են անձնանուններ. օրինակ՝ իտալական Ստելլա-ն:
Իբրև սովորական իգական անուն հնում գործածական չի եղել, այլ հատուկ էր միայն աստվածուհուն: Առաջին անգամ 15-րդ դարում է գործածվել իբրև սովորական անուն, իսկ այժմ շատ տարածված է:
Հայոց մեջ Աստղիկը համարվել է սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին: Համարվել է Վահագնի սիրեցյալը, համապատասխանում է հույների Աֆրոդիտեին և ասորիների Կաուկաբթա աստվածուհուն, որ բառացի նշանակում է «աստղիկ»:
Ըստ Ղ. Ալիշանի՝ հայոց երրորդ դիցուհին է (Անահիտից և Նանեից հետո): Մեծարվել է, և թերևս ամենից սիրելին ու ամենից ազգայինն է: Հայկական անվանմամբ Աստղիկը համարվում է Նոյի դուստրը՝ ծնված ջրհեղեղից հետո:
Տիգրան Մեծը Հունաստանից բերել է տալիս Աֆրոդիտեի անդրին, և սկսում են պաշտել այդ կուռքը որպես Աստղիկ: Դրա հետևանքով Աֆրոդիտեի և Աստղիկի պաշտամունքները խառնվում են իրար, և Աստղիկը համարվում է ցանկասիրության դիցուհի: Այդ պատճառով էլ Գրիգոր Լուսավորիչը կործանում է Աշտիշատի նրա մեհյանը: Լուսավորիչը կործանում է ոչ միայն նրա, այլև սիրո և մայրության աստվածուհի Անահիտի, Վահագնի ու Արամազդի և այլ աստվածների սրբատեղիները: Մինչ հունական խայտառակ անդրիի բերվելը Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երևում, և, ըստ անունի, նա լուսավոր ու պայծառ մի էակ էր՝ նույնացված Լուսաբեր (Արուսյակ) մոլորակի հետ: Հետագայում դարձել է ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ: Նա ոսկեծղի էր և վարդամատն. հայերը նրան վարդեր էին նվիրում, որտեղից էլ՝ Վարդավառի տոնախմբությունը: Տոնը կատարվում էր Նավասարդ ամսին: Տոնը սկզբնապես կապված է եղել ջրի և պտղաբերության պաշտամունքի անձնավորում Աստղիկի հետ: Տոնի ժամանակ մեր հեթանոս նախնիները ջուր են սրսկել իրար վրա, աղավնիներ են բաց թողել, վարդեր ձոնել Աստղիկին, զոհեր մատուցել նրան: Ավելի ուշ քրիստոնեական եկեղեցին Վարդավառը փոխարինել է Քրիստոսի պայծառակերպության տոնով՝ ծեսերն ու ավանդությունները հարմարեցնելով իրեն. ջուր սրսկելը՝ որպես ջրհեղեղի նշան, աղավնի բաց թողնելը՝ Նոյյան աղավնի, իսկ Աստղիկ դիցուհուն էլ դարձրել է Նոյի դուստրը:
Վարդավառի վերաբերյալ շատ յուրօրինակ կարծիք ունի Գրիգոր Ղափանցյանը: Նա գրում է, որ վարդ բառը խեթերեն «ջուր» է նշանակում և վարդավառ նշանակում է «ջրալվա, ջուր առնել, ջուր ցողել»: Այսինքն՝ Աստղիկին վարդ նվիրելուց չէ, որ առաջացել է Վարդավառը, այլ վարդ (ջուր) բառից է Վարդավառը, որպես ջրի աստվածուհի Աստղիկին նվիրված ջրի տոն: Տոն, որով մարդիկ բնությանը հորդորում էին, որ նա, իրենց օրինակով, ջուր ցողի երկրի վրա, անձրև տեղա: Աստղիկի մասին պահպանվել են մի շարք ավանդություններ: Ահա դրանցից մեկը, որը կապված է Հայաստանի ամենաջրառատ ու արգասաբեր գետերից մեկի՝ Մշո դաշտով հոսող Գուրգուռա (պատմական Արածանի, այժմ՝ Մուրադչայ) գետի հետ:
Աստղիկ դիցուհին սովորություն ուներ գիշերադեմին լոգանք ընդունել Գրգուռ լեռան ստորոտին գտնվող համանուն գետում: Իմանալով այդ՝ տեղացի կտրիճները կրակ են վառում մոտակա բլուրների վրա, որպեսզի կրակի լույսով հեռվից տեսնեն Աստղիկի գեղեցիկ մարմինը: Իմանալով այդ՝ Աստղիկը թանձր մշուշով պատում է ամբողջ շրջապատը: Դրանից հետո գավառը կոչվում է Մշուշ, որը, բերանից բերան անցնելով, հետագայում դառնում է Մուշ:
Հայ դյուցազներգության ուշագրավ հերոսներից է Պարոն Աստղիկը՝ Սասունցի Դավթի հորեղբայր Վերգոյի տղան: Նրան և Դավթին թշնամիները իրար դեմ են հանում, և Դավիթն ստիպված սպանում է քաջազն Աստղիկին, որը հոգին ավանդելուց առաջ ասում է. «Ա՜խ, էս մեր ազգականի զարկերն է ինձի հասավ»:
Հետագայում Դավիթն էլ մահանալիս պիտի ասի. «Իմ ցեց իմ անձից է»:
Այսպիսի պատմություններ ներկայացրինք Աստղիկ անվան մասին. ինչքա՜ն խոր հնությունից է գալիս այդ անունը և ինչքա՜ն մեծ պաշտամունք է ունեցել հայ ժողովրդի մեջ, եղել թե՛ իգական, թե՛ արական անուն:






Արմենիա-ն, Արմանի-ն որպես երկրանուն առաջին անգամ հիշատակվում է աքքադական թագավորներ Սարգոնի և Նարամսինի (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ) հին սեպագիր արձանագրությունդների մեջ: Պարսիկ Դարեհ թագավորը ևս իր արձանագրությունների մեջ նշում է Արմինիա, Արմինա երկրանունը: Կան նաև ուրարտական հիշատակումներ:
Հայ ժողովրդի Արմեն անվան ստուգաբանությամբ կամ ծագման հարցերով զբաղվել են մի շարք հայ և օտար գիտնականներ, բայց որևէ մեկը դեռևս չի տվել վերջնական լուծում:
Բերենք ստուգաբանության մի քանի օրինակ:
Արմեն անվան առաջին բաղադրիչը՝ ար-ը, պիտի հասկանալ «քաջ, արի», իսկ երկրորդ մասը՝ ման՝ «մարդ»: Հայերենում ման բառը չի պահպանվել, բայց պահվել է մանուկ «փոքր մարդ» բառում: Այնպես որ, Արմեն նշանակում է «արի մարդ»: Այս ստուգաբանությունը չի ընդունում Գևորգ Ջահուկյանը, համարելով, որ, իրականում, արի բառը այր բառից է առաջացել («տղամարդ, կենսուժ»): Ման բաղադրիչը մանուկի հետ չի կապվում, այլ գալիս է մեն «փոքր» արմատից: Եվ տալիս է իր ստուգաբանությունը. Արմեն անունը կապված է արմ (ն) «արմատ», զ-արմ «ցեղ, սերունդ» բառերի հետ:
Կան կարծիքներ, որ Արմեն անունը առաջացել է ուրարտական առաջին թագավոր Արամեի անունից:
Բոլոր ստուգաբանողները բաժանվում են երկու խմբի. մի մասը արմ-ը համարում է արմատական, մյուս մասը արմ-ը տրոհում է՝ Ար-մա: Օրինակ, պնդում են, որ Արամ-ը բաղկացած է երկու բառից՝ Ար և ամ, որտեղ Ամ-ը կամ Ամա-ն Մայր աստվածուհին է, իսկ Ար-ը՝ արևը, երկնքի աչքը, որով Ար-ամ նշանակում է «աչքը Մայր աստվածուհու»:
Ռաֆայել Իշխանյանը գրում է, որ Արամ-ը առաջացել է Ար և արմ բառերից: Արայր բառի տարբերակն է. նշանակել է «արի, քաջ, խիզախ, տղամարդ», նաև՝ «հայ»: Արմ-ը ևս բնիկ հայերեն բառ է, նշանակում է «սերունդ, զարմ, արմատ»: Արարմ նշանակել է «արի մարդ» կամ «հայի սերունդ»: Հետագայում Արարմր-ն ընկել է, և Արարմ-ը դարձել է Արամ:
Կան կարծիքներ, որ Արմեն, Արամ անունները ծագել են հայերի գլխավոր Արա աստծու անունից: Պլատոնի վկայությամբ Էրը (Էրոսը, այսինքն՝ Արան) Արմենիոսի որդին էր: Շատ հին ժամանակների հեթանոսական աստվածները, հետագայում անձնավորվելով, դարձել են անձնանուններ, ուստի հասկանալի է, թե ինչու Էրը (Արան) համարվել է Արմենիոսի որդին:
Ավելացնենք, որ Արան Արամ նահապետի որդին էր, որն իր չքնաղ գեղեցկության համար ստացավ գեղեցիկ մակդիրը՝ Արա Գեղեցիկ: Իսկ Արամը ուրարտացիների (հայերի) նշանավոր Արամե թագավորի անունից է:
Արմեն անձնանունը, ըստ Հր. Աճառյանի, Արմենակ անվան կրճատ ձևն է, որը Հայկ նահապետի որդին էր և փոխարինեց նրան:
Ընդհանրապես, կարելի է ասել, որ առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից և ցեղային միություններից մեկը ներկայացնող Արմենիա անունը ծագել է այդ անունը կրող ցեղի վաղնջական և գլխավոր Աստծու Ար կամ Արա անունից:
Հենվելով մի շարք փաստերի վրա՝ Մարտիրոս Գավուգչյանը եզրակացնում է, որ Ար-մա-նի անունը բարդ բառ է, որի առաջին Ար բաղադրիչը հենց արմենների ազգային աստծու Ար-ն է, մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել»: Ար-մա նշանակում է «Արածին, Արի սերունդ, Արորդի», իսկ -նի վերջավորությունը հոգնակերտ է: Հետևաբար, Արմանի նշանակում է «Արածիններ, Արորդիներ, արևորդիներ»:
Ինչպես տեսնում ենք, մինչև հիմա էլ կարծիքները բախվում են, իրարամերժ են: Ինչ էլ լինի, մի բան պարզ է. Արամ, Արմեն, Արմենակ, Արամե, Արգիշտի, Արարատ, Արագած անունները հայերինն են, եկել են անհիշելի ժամանակներից, երբ հին աստվածները դեռ չէին լքել Հայաստանը:





ԱՆԱՀԻՏ անունը ներկայացրել է իգական մի աստվածություն ինչպես իրանական, հունական ժողովուրդների մեջ, այնպես էլ Հայաստանում: Ըստ որոշ գիտնականների՝ բուն նշանակությունն է «անբիծ, անարատ», կազմված է ան- ժխտական մասնիկից և ահիտա՝ «պիղծ, կեղտոտ» բառից: Կարծիք կա, որ կազմված է ան- ժխտականով ահ բառից, այսինքն՝ «անվախ, արի»:
Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական Նիիթ անունը, որը ևս համարվում է զգոնության, արիության, բեղմնավորության և նյութական առատության դիցուհի:
Անահիտ անունը բխեցնում են նաև հնդկերեն անահուտ բառից, որ նշանակում է «արյան եռանդ, եռք»:
Նշանակել է նաև Արուսյակ մոլորակը, փոխառել են հույները՝ Անաիտիս (համապատասխանում է նրանց Արտեմիսին), արաբները՝ Անըհիդ, հռոմեացիները՝ Դիանա:
Մեր մեջ հին ժամանակներում հատուկ էր միայն աստվածուհուն, իսկ վերջին շրջանում դարձավ սովորական իգական անուն, և մեր գեղեցկագույն անուններից մեկն է համարվում:
Անահիտը հայոց գերագույն աստծու՝ Արամազդի դուստրն է, մայրության, զգաստության, պտղաբերության, արգասավորության աստվածուհին: Նրա մասին Տրդատ թագավորը, երբ դեռևս քրիստոնյա չէր, Գրիգոր Լուսավորչին ասում էր, որ նա Անահիտ մեծն տիկինն է, մեր ազգի փառքը և կեցուցիչը, բոլոր թագավորներն են նրան պատվում, նա է մայրը ամենայն զգաստությունների, բոլոր մարդկանց բարերարը, Մեծն Անահիտն է, որով կա և գոյություն ունի Հայոց երկիրը:
Անահիտի պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվում է մայրության պաշտամունքին: Ըստ որոշ դիցագետների՝ տարբեր ժողովուրդների մեջ տարածված բոլոր Անահիտների նախատիպը հին հայոց Անահիտն է:
Անահիտի գլխավոր սրբատեղին եղել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որի համար էլ գավառը կոչվել է Անահտական: Քրիստոնեության տարածման շրջանում ավերվել են Անահիտի տաճարները: Նավասարդ ամսվա 15-ի մեծ տոնական օրը ուխտավորները, Անահիտի կուռքը վերցնելով, թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը: Աշխարհիկ հանդիսություններ ու պարեր էին կատարվում, կերուխումից հետո լինում էին հեթանոսական անկարգություններ: Եվ, ըստ Ստրաբոնի, ազնվականները մինչև իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի պաշտամունքասերներին՝ սա համարելով սրբազան արարողություն:
«Այլ երկրներում Անահիտի ունեցած մեծ պաշտամունքն էլ հիշելը մեզ համար ավելորդ է: Բայց չենք կարող զանց առնել Ս. գրքի նշանավոր հիշատակությունը՝ ի վկայություն Եփեսոսի աշխարհահռչակ տաճարի, որի համար մանր մեհյաններ շինող մի արծաթագործ, վախենալով, որ Պողոս առաքյալի քարոզությամբ իր արվեստը կխափանվի, ժողովրդին գրգռեց նրա դեմ, և ամբողջ քաղաքը ոտքի ելավ: Քաղաքապետերից մեկը հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց, ասելով. «Ո՞վ է ի մարդկանէ, որ ոչ գիտէ զԵփեսացւոց քաղաքն՝ մեհենազարդ՝ մեծին Արտեմեայ դիցն», որին, ինչպես արծաթագործն էլ էր ասում, «ամենայն Ասիա և տիեզերք պաշտեն»: Այս ձայները կարող են լինել հայոց Անահիտի ջերմեռանդ պաշտամունքի արձագանքը»,– Անահիտի մասին իր գրվածքն այսպես է ավարտում Ղևոնդ Ալիշանը:
Ներկայացնեմ մի ակրոստիքոս, որ նվիրել եմ Անահիտին:
Ամեն գիշեր տեսլաժամին խորհրդավոր ու սիրով
Նայում է քեզ քո ծննդյան աստղը հեռու երկնքից,
Առկայծում է գորով ու խինդ, ու քո ամեն ժպիտից
Հազար տարով երկարում է կյանքը նրա հեռավոր...
Ինչքան կարոտ ունի իր մեջ՝ լույսի ճիչով քեզ պարզում,
Տառապում է կրակի մեջ, փոթորկվում է հրածին,
Իջնում է ցած լույսի միջով ու աչքերդ համբուրում,
Նորից ելնում դեպի երկինք՝ թրթռում է քո շնչից... 




Գիտենք, որ Աստված կնոջը Ադամի կողից ստեղծեց, այսինքն՝ Ադամին կողակից ստեղծեց, որ միասին ընկողմանեն անկողին, լինեն իրար կողմնակից: Ի՞նչ կապ ունեն իրար հետ այս նախադասության մեջ գործածված կող, անկողին, կողակից, կողմնակից, ընկողմանել բառերը:
Գիտենք, որ անկողին նշանակում է «պառկելու և քնելու պարագաները» (վերմակ, ներքնակ, բարձ և այլն), ինչպես նաև՝ «ամուսինների քնելու տեղ», փոխաբերական առումով՝ «ամուսնական կապ, հարաբերություն»:
Իսկ ի՞նչ ծագում, ի՞նչ կազմություն ունի անկողին բառը: Արդյո՞ք բնիկ հայերեն բառ է:
Անզեն աչքով էլ անկողին բառի մեջ նկատում ենք կող բառը. պատահակա՞ն համընկնում է, թե՞ հենց կող բառն է անկողին բառի արմատը: Պարզվում է, որ անկողին բառը կազմված է կողն հնագույն արմատի սեռական կողին ձևից՝ վաղնջահայերենի ան (թեք հարթության վրայով, վրա) նախամասնիկով:
Իսկ ի՞նչ է նշանակում կող.
«1. Կրծքի վանդակը կազմող աղեղնաձև ոսկորները, 2. Մարդու իրանի աջ և ձախ մասերը՝ թիկունքից մինչև ազդրերը, 3. Մի տեղի կամ մի բանի մոտը և այլն»:
Կող բառից ունենք կողակից բառը՝ «ամուսին» նշանակությամբ՝ հատկապես կին ամուսինը: Սա էլ երևի գալիս է այն բանից, որ կինը (Եվան) ստեղծվել է մարդու (Ադամի) կողից, կամ էլ պառկել է (ի կող է եղել, կողնել է) Ադամի կողքին, այսինքն՝ կողին կից է, կողակից է:
Շատ հետաքրքիր է ի կողի մոռացված ձևը, որ նշանակում է «կռացած, մինչև կողը կորացած», ասենք՝ լվացվելիս: Կող բառից ունեցել ենք կողաքակ բառը, որ նշանակել է «կուսակցությունից բաժանված»: Նկատի ունենալով, որ հիմա կուսակցություններից բաժանվածներ շատ կան, կարելի է վերականգնել կողաքակ բառը. ասենք, «կողաքակ կուսակցականների հետագա վարքի համար կուսակցությունը պատասխանատու չէ»: Հիշենք, որ կողմ և կույս բառերը նույն բանն են նշանակում, և կուսակցությունը նույն կողմնակցությունն է: Այսինքն՝ կուսակցականները կողմնակից են իրար, բայց ոչ բոլորին, ոչ ամբողջ ժողովրդին:
Մի մոռացված բառ էլ կա՝ կազմված կողն բառի սեռականից. կողինավոր, որ նշանակում է «զրահապատ կող ունեցող»: Այս բառով հնարավոր է անվանել զրահամեքենաների տարատեսակներից որևէ մեկը: Կամ մարդու համար ասում են՝ կողը հաստ է, այսինքն՝ համառ է, ինքնասածի: Կարող ենք ասել, օրինակ, կողինավոր ղարաբաղցի:
Կող արմատից մն մասնիկով կազմված է կողմն բառը, որը նշանակում է «կողմ, գավառ, երկիր, կողքին, եզերքը» և այլն: Կողմն արմատից ունենք ընկողմանել «կողքի վրա ընկնել, մի կողքի վրա թիկն տալ, պառկել» բառը, որն, ըստ երևույթին, առաջացել է ընդ կողմանել ձևից, ինչպես ընկղմել բառը՝ ընդ մասնիկով կղմել ձևից:
Վերջում նշենք, որ անկողին բառն ունի մահիճ հոմանիշը, որն ավելի ուշ փոխառություն է արաբերեն մահիճ բառից, որն ունի «քնել, հանգստանալ» իմաստները: Թեև կա նաև այն կարծիքը, որ մահիճ բառը մահ բառից է և նշանակում է «մահ իջնել», կամ՝ մահ և նինջ բառերից:
Այսինքն՝ անկողին մտնելուց առաջ մեկ-մեկ արժե հիշել, թե մեր նախահայրերը ինչպես են ստեղծել, պահել ու պահպանել մեր լեզուն, հասցրել մեզ և ավանդել, որ մենք էլ հասցնենք մեր սերունդներին: Եվ ոչ թե վայրենի հրճվանքով մոռանանք մեր լեզուն, արհամարհենք և օտարալեզվասեր դառնանք:
Հիշենք, որ ճիշտ է՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, բայց, եթե չգիտես քո հայրերի լեզուն, չգիտես քո մայրենին, ապա քանի լեզու գիտես, այդքան մարդ չես: Խոսքս, մասնավորաբար, այն մտավորական կոչվածներին է վերաբերում, որոնք, ապրելով Հայաստանում երկար ու ձիգ տարիներ, նեղություն չեն կրում սովորելու իրենց մայրենին և հեռուստատեսությամբ հպարտորեն ասում են, թե իրենք ավելի ազատ են արտահայտվում օտար լեզվով, սակայն պակաս հայրենասեր չեն: Հիշենք Գարեգին Նժդեհի ասածը նման ստամտավորականների մասին. «Ողորմելի, փափկամարմին, ծույլ հայրենասիրություն, որ իր մայրենի լեզուն յուրացնելու ճիգն իսկ չի փորձում»:


«ԱՐ» ԱՐՄԱՏԸ
Տեսնենք, թե ար արմատի մասին ինչ են գրում լեզվաբանները, պատմաբանները, հայագետները:
«Ոչ մի կասկած, որ Հարք անունը պարզ և անաղարտ պահում է հայերի ար ցեղանունը, որը արերի Ար աստծու անունն է: Հարք անվան սկզբի հ-ն արմատական չէ և աճել է որպես սաստկացուցիչ: Ուստի հարք-ը արք է՝ արեր, այսինքն՝ հայեր, կամ հայերի երկիր»,– գրում է Մարտիրոս Գավուգչյանը: Գրիգոր Ղափանցյանը Արագած լեռնանվան մասին գրում է. «…Բաղկացած է Արա և գած չպահված հասարակ անունից, որ նշանակել է «գահ», այսինքն՝ Արագած նշանակել է տառացի՝ Արայի գահ»:
«…Ար-մա-նի անունը բարդ բառ է, որի առաջին Ար բաղադրիչը հենց արմենների ազգային արևի (գլխավոր) աստված Ար-ն (Արան) է (շումերերեն ar և ara արդեն նշանակում են «ճառագայթել, լույս տալ»), անվան մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել, շինել», որով Արմա նշանակում է «Արածին, Արի՝ սերունդ, Ար-որդի, արևորդի»: Անվան նի մասնիկը շումերա-հայկական հոգնակերտ մասնիկն է», – գրում է Գավուգչյանը:
Խորենացին գրում է. «Փութով Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որը Արայի անունով կոչվում է Այրարատ»: «Այս հին վկայությունը նույնպես կասկած չի թողնում, որ Ու-արտու (Ուր-արդի) նշանակում է Արայի երկիր», – գրում է Մ. Գավուգչյանը: Սա ապացուցում է նրա իսկ կռահած փաստը, որ Ուրարտու նշանակում է «վայր կամ երկիր կրակ – արև աստծու, Արա – Արդի աստծու»: Ընդ որում, Ու-արտու – Ուր-ատրու տեղանվան վերջին ատր մասը նշանակում է «կրակ» և, ըստ Գավուգչյանի, պահլավերենից փոխառություն չէ, ինչպես նշում է Հր. Աճառյանը, այլ հայերեն է, որի համար ապացույց է մեր այրել բնիկ հայերեն բառը (ատրել – այրել): Որ տ-ն կարող է փոխվել յ-ի, ցույց են տալիս հայերեն մի շարք բառեր. pater – հայր, mater – մայր և այլն: 
Արմեն անվանման մասին կան տարբեր կարծիքներ: Որոշ գիտնականներ համարում են, որ այն բաղկացած է ար և ման բաղադրիչներից, ար՝ «քաջ» և ման՝ «մարդ» (մանուկ՝ «փոքր մարդ»): Մերժելով սա՝ Գ. Ջահուկյանը տալիս է իր ստուգաբանությունը, ըստ որի՝ Արմեն անվանումը ստուգաբանորեն կազմված է արմ(ն)՝ «արմատ», զ-արմ՝ «ցեղ, սերունդ» բառից: Հայերեն արմ-ը, թերևս, պահպանված է ուրարտերեն armuzi «ընտանիք» բառի մեջ:
Գ. Ջահուկյանը նշում է նաև, որ ուրարտական Menua անվան մեջ առկա է հայերեն մանուկ-ի առանց փոքրացուցիչ ածանցի ձևը (մանու – հնդեվրոպական նախալեզվի մենու՝ «փոքր» իմաստից):
Գր. Ղափանցյանը նշում է նաև ուրարտական Ara և հայերեն Արա զուգահեռը:
Հայերենում ունենք արարել, արարիչ, արարած բառերը: Արդյո՞ք դրանց արմատը ար-ն է: Պարզվում է՝ այո: Ունեցել ենք առնել բառը՝ «անել, գործել, կատարել, ստեղծել, վերածել, շինել» իմաստներով: Սա առնել՝ «գնել, ստանալ, վերցնել, խլել» բառի նույնանիշն է: Առնել-ի կատարյալն է արարի, հրամայականը՝ արա: Սրանք ցույց են տալիս, որ բուն արմատը ար-ն է, որի կրկնությամբ՝ արար:
Ըստ Հր. Աճառյանի՝ ար-ը հնդեվրոպական նախալեզվի ar արմատից է, որ նշանակել է «հարմարել, կազմել, շտկել, պատրաստել»:
Բայց հիշենք, որ մենք ունեցել ենք Ար աստվածը և հնարավոր է, որ այդ բոլոր իմաստներն, ի վերջո, նրանից են եկել:
Հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել գրաբարյան առնել բառը. միջին հայերենում դարձել է արնել, այրնել, այնել, անել, և այսօր ունենք նաև էնել ու ընել ձևերը:
Առաջին հայացքից լեզվական հնչյունափոխությունները արհեստական ու սարքովի են թվում: Բայց մեր աչքի առաջ այսօր էլ են դրանք տեղի ունենում: Չնայած այն բանին, որ արդեն 1600 տարի մենք ունենք գրավոր խոսք: Օրինակ՝ այստեղից բառից էստեղից – ստեղից – ըստից ճանապարհով ստացվել է ստուց: Եթե իրար կողքի դնենք սկիզբը՝ այստեղից, և վերջը՝ ստուց, ապա խիստ անհավանական կթվա, որ դրանք նույն բառն են: Կամ՝ այստեղ – էստեղ – ըստեղ – ըստե – ստեՈրովհետև բառն այսօր շատերի բերանում հնչում է որտև, և այլն, և այլն: 



ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԱՄԱՆՈՐ
Հայերս Նոր տարվա սկիզբը նշելու համար գործածել ենք և հիմա էլ գործածում ենք նավասարդ, ամանոր, կաղանդ, տարեգլուխ, տարեսկիզբ, տարեմուտ և, վերջապես, նոր տարի բառերը: Սրանցից մեզ համար առաջին հայացքից հասկանալի չեն նավասարդ և կաղանդ բառերը: Այժմ մանրամասն անդրադառնանք դրանց թե՛ ստուգաբանությանը, թե՛ պատմությանը:
Նավասարդհին հնդկերեն նավա-սարատա, պարսկերեն նավասարհատու՝ «նոր տարի»: Հին հայկական տոմարի առաջին ամիսը` նավասարդը, ավետել է նոր տարվա սկիզբը: Հայկ Նահապետը մեր թվարկությունից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ին սպանել է Բելին: Այդ ժամանակներից էլ հայերը նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Որոշ աղբյուրներ համարում են, որ Նավասարդը եղել է Հայկի առաջին որդու անունը: Կա նաև այսպիսի ստուգաբանություն՝ Նավասարդ՝ «նավաստ ավարտ», այսինքն՝ «նավելը ավարտվեց, ջրհեղեղը վերջացավ»: Նավասարդի առաջին օրը համարվել է հայոց սրբազան տարեգլուխը: Ուխտավորները՝ ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգևորականությունը տոնել են Նոյ Նահապետի և Ջրհեղեղի, Արամազդ աստվածահոր, Անահիտ դիցամոր հիշատակները: Տոնահանդեսներն ուղեկցվել են զոհաբերություններով, փոխադարձ նվիրատվություններով, խրախճանքներով, երաժշտությամբ, երգերով, պարերով, թատերախաղերով, ռազմախաղերով, զանազան մրցություններով, գուշակություններով և այլն: Այդ մեծ տոնահանդեսի հիշատակը մնացել է Արտաշես թագավորի այս խոսքերում.
Ո՜ տայր ինձ զծուխ Ծխանի,
Եւ զառաւօտն Նաւասարդի.
Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն է թագաւորաց:
Բնականաբար, Ձմեռ պապի և Ձյունանուշիկ չեն եղել: Դրանք ավելի ուշ մտան մեր մեջ: 18-րդ դարում Սիմեոն կաթողիկոսի տոմարով հունվարն ընդունվեց որպես նոր տարվա սկիզբ: Իսկ ավելի վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին տոնել են գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին: Կապվում է նաև մշտապես մեռնող և հարություն առնող Արա աստծու պաշտամունքի հետ: Գիտնականների մի մասը պնդում է, թե Նավասարդ ամիսը համապատասխանում է այսօրվա մարտ ամսին:
Կաղանդը հնում գործածվել է «ամսամուտ, ամսագլուխ, տարեգլուխ» նշանակություններով: Բառն այժմ արևմտահայերն են գործածում և միայն «տարեգլուխ, ամանոր» նշանակությամբ: Փոխառված է հունարեն կալենդաե «ամանոր, ամսամուտ» բառից, որը ծագում է calo՝ «կոչել» բայից: Մեզանում գործածական է նաև կաղանդացոյց բառը, որ նույն կալենդարն է, այսինքն՝ օրացույցը: Հետաքրքիր է, որ աքաղաղ բառի արմատն է հնխ. kel («կանչել») բայը: Հայերենում կար քալ՝ «կանչել» բայը, որ նույն քաղ-ն է, կրկնությամբ՝ քաղքաղ՝ աքաղաղ: Ստացվում է, որ օրը բացում է աքաղաղը, ամիսը՝ աքաղաղը, տարին նույնպես՝ աքաղաղը:
Մյուս բառը ամանորն է, որ կազմված է հայերեն ամ «տարի» և նոր բառերից: Երբեմն շփոթում են արմատները, և, բառը կարծելով օր բառից, գրում են ամանօր, որն, իհարկե, սխալ է:
Տարեգլուխ, տարեսկիզբ, տարեմուտ բոլոր բառերն էլ նշանակում են տարվա սկիզբը, նոր տարվա առաջին օրը:
Վերջում նշենք, որ ինչպես էլ կոչենք նոր տարին և գարնանը սկսենք, ամռանը, թե ձմռանը, թող բարի լինի այն մեր ժողովրդի համար, թող երկրագնդի ամեն մի պտույտի հետ իմաստության մի ծալք ավելանա մեր իշխանավորների ուղեղում և երջանկության մի նշույլ ավելացնի մեր ժողովրդի կենսասեր ու տագնապոտ սրտում:


ՏԵՂԵԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ




«Ինֆորմացիա» տերմինի և նույն արմատով այլ տերմինների հայերեն համարժեքների մասին*




Նկատի ունենալով, որ «ինֆորմացիա» տերմինի և նույն արմատով այլ տերմինների հայերեն համարժեքների կիրառության մեջ չկա դրանց հստակ իմաստային տարբերակում, որ այդ համարժեքների համակարգը պակասավոր է և չի համապատասխանում ինֆորմացիայի մասին գիտության զարգացման ժամանակակից մակարդակին, սահմանել «ինֆորմացիա» տերմինի և նույն արմատով այլ տերմինների հայերեն համարժեքների հետևյալ համակարգը.



информация  — 1. տեղեկույթ (տեղեկությունը գիտության համակարգում), 2. տեղեկատվություն (տեղեկույթի հաղորդում)

информироватьտեղեկացնել

информирование — 1. տեղեկացում, 2. տեղեկատվություն (նույնն է` информация),

информированный — 1. տեղյակ, 2. տեղեկացված

информационный — 1. տեղեկութային (օր.`  տեղեկութային տեխնիկա, պատերազմ, լեզու), 2. տեղեկատվական (օր.` տեղեկատվական  ծառայություն), 3. տեղեկատու (օր.` տեղեկատու թերթիկ)

информатор —  տեղեկարկու

информативный —  տեղեկունակ, տեղեկուն

информативность տեղեկունակություն, տեղեկունություն (օր.` տեքստի տեղեկունակություն)

средства массовой информации  — զանգվածային տեղեկատվության միջոցներ (ոչ թե` զանգվածային լրատվության միջոցներ)

информатизировать տեղեկութավորել, տեղեկավորել

информатизация տեղեկութավորում, տեղեկավորում (օր.` հասարակության տեղեկութավորում, երբ հասարակությունը հիմնավորապես ապահովվում է տեղեկույթով և տեղեկութային միջոցներով)

информатика տեղեկագիտություն, ինֆորմատիկա

информатическийտեղեկագիտական

информатик տեղեկագետ

информант տեղեկորդ

дезинформировать ապատեղեկացնել

дезинформация — 1. ապատեղեկույթ, 2. ապատեղեկատվություն, 3. ապատեղեկացում

дезинформирование — 1. ապատեղեկատվություն (նույնն է дезинформация 2), 2. ապատեղեկացում (նույնն է` дезинформация 3)

дезинформатор ապատեղեկարկու



* Նախագիծը կազմել են Վլադիմիր Բաղդասարյանը և Վաչագան Ա. Սարգսյանը:

Հաստատվել է ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի կողմից 2002 թ. մայիսի 15-ի որոշմամբ:



ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ 

Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից: 


ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, 
ՀԱՄ ԷԼ՝ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Կյանքում դժվար է այս պատվիրանը պահել: Իսկ լեզվի մեջ, պարզվում է, այնքան էլ դժվար չէ: Քննենք գրաբարից եկող մեր զույգ կույսերին, գրաբարյան գրելաձևով՝ կոյս: Այս բառը մի դեպքում նշանակում է պարզապես «կույս»՝ այսօրվա մեր ըմբռնողությամբ, այսինքն՝ «չամուսնացած աղջիկ, մաքուր», գլխավորը՝ «անփորձ, չփորձած»: Փոխաբերական իմաստով իրերի վրա էլ է տարածվում, «խորհրդավոր, փակ, կնքված» նշանակությամբ, ասենք՝ կույս առագաստ, կույս մեռոն և այլն: Մյուս դեպքում կոյս նշանակում է «կողմ»: Ահա այս իմաստն է, որ այժմ առանձնապես չի գիտակցվում և տեղիք է տալիս զանազան զվարճախոսությունների՝ կապված կույս և կուսակցական բառերի հետ:
Բավականին լայն գործածություն ունեցող արմատ է և բառաբարդմամբ տվել է շատ ու շատ բառեր. կուսակալ «կողմը պահող», մեկուսի «մի կողմ գտնվող, առանձին», քառակուսի «չորս կողմանի», կուսակցական «կողմը պահող, կողմնապահ» (եթե բոլոր կուսակցականներն էլ կողմնապահ են այսօրվա իմաստով՝ միայն իրենց կուսակցության շահերն են պաշտպանում, իրենց կողմն են պահում, վկան Հայաստանի 100-ից ավելի կուսակցությունները և մի քանի հազարի հասնող հասարակական կազմակերպություններն են):
Երևի թե տարակույս բառի կազմության մեջ էլ կոյսի մատը խառն է՝ որպես տարբեր կողմեր, տարակողմ ձգտումների արտահայտություն տվող բառ: Կարծիք կա, որ կույս բառը մեզանից փոխառել են վրացիները՝ կուսի, և թուրքերը՝ կըզ: Թուրքերը մեզնից ոչ միայն մեր կույս աղջիկներին էին փախցնում, այլև բառը: Վերջում ավելացնենք, որ, ըստ Նոր Հայկազեան բառարանի, կոյս-ի «անփորձ աղջիկ» իմաստը առաջացել է կոյս-ի «կողմ» իմաստից, որպես «կյանքից մի կողմ քաշված աղջիկ»: 

ՄԻՇՏ՝ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔ՝ ԲՈԹ

Ինչպես գիտենք, ավետիս, ավետիք նշանակում է «ուրախ լուր»: Արմատն է ավետ, որ գրաբարում գործածվել է իբրև անկախ բառ և նշանակել է «բարի լուր, բարև, ողջույն»: Ավելի հաճախ գործածվել է ավետիք ածանցյալ ձևով և, իբրև բայ՝ ավետել: Բառի ծագման վերաբերյալ կան բազմաթիվ ստուգաբանություններ: Կան կարծիքներ, որ բառը լծորդ է լատիներեն ave, avete «ողջ կամ ուրախ եղիր» բառին, հնդեվրոպական նախալեզվի vid «գիտենալ» արմատից է, սանսկրիտերեն av «գոչել» կամ vadami «ասել, խոսել» արմատներից է, հնդկական Վեդա-ից՝ Ավետարան և այլն:
Դիտարկելով այդ կարծիքները՝ Հր. Աճառյանը այդպես էլ չի ստուգաբանում բառը:
Իսկ Էդ. Աղայանը համարում է, որ ավետ-ը բնիկ հայերեն բառ է և ծագում է հնդեվրոպական նախալեզվի aud «խոսել» արմատից: Բառը պահպանված է նաև հունարենում՝ աւդո «փառաբանել», հին հնդկերենում՝ vadati «խոսում է, ողջունում է» նշանակություններով:
Ավետիս բերողին պարգև են տալիս ինչպես հիմա, այնպես էլ տվել են հնում, և այդ պարգևը անվանել են ավետչեայԱվետչեայ բառը, ձևափոխվելով, դարձել է ավետչեայք, ապա՝ ավետչեք, բառարաններ է մտել ավետչեք ձևով: Իսկ այսօր ավետչյա բառը շատ լավ կարող է փոխարինել մաղարիչ բառին, քանի դեռ կա այդ սովորույթը: Ասենք նաև, որ ավետչեք բառի վերջի չեք-ը, ինչպես կռահում եք, ոչ մի կապ չունի ռուսերենից մեզ հասած չեկ բառի հետ, որի համար արդեն գործածում են վճարագիր բառը: Իբրև կրոնական բառ՝ պահպանվել է ավետարան և ավետիս ձևերով:
Գիտենք, որ Ավետարանը Աստվածաշնչի այն մասն է, որ պարունակում է Քրիստոսի վարդապետության ու նրա կյանքի պատմությունները: Ավետիս-ը, բացի ընդհանրապես «բարի լուր» նշանակելուց, նշանակում է «Ծննդյան գիշերը տնից-տուն ման գալով «Խորհուրդ մեծ» երգելը և տոնը շնորհավորելը». «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս»:
Ավետիս-ի հականիշն է բոթ-ը, որ նշանակում է «գույժ, վատ լուր»: Կարծիք կա, որ առաջացել է ավետ-ի աւ արմատից՝ բ բացասականով՝ բաւթ = բօթ: Գիտենք, որ աւ-ն դառնում է օ: Սրա համար իբրև ապացույց կարող է ծառայել վրացերեն բավթի «բոթ» բառը, որ վրացերենը փոխառել է հայերենից:
Ավետիք-ը նաև շատ տարածված հայերեն անձնանուն է:
Հր. Աճառյանը իր «Հայոց անձնանունների բառարանում» թվարկում է Ավետիք անունով 116 նշանավոր մարդու: Օրինակ, նշանավոր է եղել Ավետիք մեքենագետը, որը, պարսպակործան մեքենա հնարելով, օգնեց խաչակիրներին, որոնք հետո «առատապես վարձատրեցին զվարպետն Աւետիք»:
Ոսկան Երևանցու եղբոր անունը նույնպես Ավետիս էր, որը 1660 թվականին Հոլանդիայում հիմնել է տպարան և հետո նվիրել Էջմիածնին:
Ավետիք անունից են Ավետիս, Վիտիս, Վիտի, Ավիս, Ավետ, Ավո անձնանունները: Հիշենք հերոս Ավոյին՝ Մոնթե Մելքոնյանին, և զօղորմի տանք: Չհիշենք և ողորմի չտանք մարդակեր Ավիսին:
Եվ վերջում ավելացնենք. թող մեր ժողովրդի կյանքում բազում լինեն ավետիսները: 



ԱՐԳԵԼՎԱԾ ԲԱՌԵՐ

Որևէ բան գնահատելու համար պետք է 
սեփական ճաշակից վեր կանգնել:

Կյանքը հոսում է, մենք էլ խոսում ենք: Իսկ որտեղ խոսք, այնտեղ խոսք ու զրույց: Իսկ ինչ զրույց առանց բանավեճի, որը հաճախ փոխվում է վեճի: Օրինակ, բանավիճում ու վիճում էին՝ թարգմանել, թե ոչ պալտոն ու տելեֆոնը, վելոսիպեդն ու փեչը: Հեղինակություններ էին, մե՛ծ անհատներ. Րաֆֆին ու Տերյանն ասում էին՝ պետք չէ: Կյանքը հակառակը ցույց տվեց, ավելի ճիշտ՝ լեզուն: Այդպես է. լեզուն միշտ էլ լեզու է ցույց տալիս, չարաճճիություն անում:
Տերմինաբանական կոմիտեն իր կարկառուն կազմով մի քսան տարի առաջ որոշումներ էր ընդունել, որոնցով արգելել էր, օրինակ, տնօրեն բառի կիրառությունը, ավելի ճիշտ, ըստ այդ որոշման՝ մի դեպքում կարելի էր ասել տնօրեն, բայց մեկ այլ դեպքում անպայման պետք էր ասել դիրեկտոր: Ինչո՞ւ: Որովհետև դեռևս ողջ էին հեղինակավոր դիրեկտորները, որոնց համար վիրավորական էր տնօրեն կոչվելը: Մեկ այլ որոշմամբ սիստեմ բառը բոլոր դեպքերում կարելի էր փոխարինել հայերեն համարժեքով՝ համակարգով, բացի հասարակական ֆորմացիաները նշելուց՝ կապիտալիստական սիստեմ, սոցիալիստական սիստեմ և այլն:  Այդ այն դեպքում, երբ համակարգը ամենաշատը հենց այդ իմաստով և այդ տեղում կիրառելն էր ճիշտ: Ինչո՞ւ: Որովհետև կար սոցիալիստական սիստեմը՝ տաբուն, արգելանքը: Նույնը պարտիա և ռևոլյուցիա բառերի դեպքում: Ծիծաղելի կռապաշտություն: Զանգված բառը կարելի է ամենուր կիրառել մասսա բառի փոխարեն, կարդում ենք մեկ այլ որոշման մեջ, բայց չի կարելի ասել, օրինակ, զանգվածային ելույթներ: Կյանքը ցույց տվեց, որ այդպիսի արգելանքը ևս ծիծաղելի է, և այսօր թե՛ ասում և թե՛ գրում են զանգվածային ելույթներ, զանգվածային միջոցառումներ և այլն: Կուլտուրա բառը կարելի էր թարգմանել մշակույթ, բայց արգելվում էր ասել մշակովի բույսեր կամ մշակաբույսեր: Այսինքն՝ արգելվում էր այդ բառը կիրառել ամենաճշգրիտ իմաստով. չէ՞ որ բույսը մշակում են, իսկ բույս մշակողն էլ հենց մշակն է: Կյանքը ցույց տվեց, որ մշակաբույսը հիանալի է փոխարինում կուլտուրական բույսին: Այժմ ոչ մեկի մտքով չի անցնում ասել կուլտուրական կամ ինտելիգենտ բույս:
Նույն բանը տեղի ունեցավ համակարգիչ բառի դեպքում: Երբ հայերենի բարձրագույն խորհրդում առաջարկեցի այդ բառը կոմպյուտեր բառի փոխարեն, կարկառունները խիստ վրդովվեցին. այսօր, մի քանի տեխնամոլներից բացի, բոլորն էլ ասում են և գրում համակարգիչ:
Այսինքն՝ ճիշտը չարգելելն է. եթե նույնիսկ հայերեն համարժեքին կանաչ ճանապարհ չենք տալիս, պետք չէ օրենքով հաստատել ու պարտադրել օտարը. մեկ է, լեզուն իրենն անելու է, ինքնամաքրվելու է և մաքրվելու է համառ ու հետևողական մարդկանց ջանքերով, որքան կարողանալու է: Իսկ որքան չկարողացավ, հենց դրանք էլ լինում են մեր փոխառությունները, որոնց վերաբերյալ ոչ մի վատ բան չունենք ասելու:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


ՀԱՅԵՐԵՆԻ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

***
Շատ գիտես, քիչ խոսիր, բայց՝ հայերեն:
***
Մայրենի լեզուն չիմանալով՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ չես:

***
Քանի լեզու գիտես, այնքան լեզուդ ատամներիդ տակ պահիր:
***
Հայերենը սերն է՝ կատարյալ, հրապուրող անսահման և ժամանակի քայքայմանը անենթակա:
***
Հայոց լեզվի նկատմամբ ոտնձգություն անողը ոտները կձգի:
***
Հայերենը ոչ թե թորա՜ծ, այլ աղբյուրի՜ ջրի նման պետք է մաքուր լինի:
***
Հայերենը լեզուների լեզուն է. նա անցյալում է և ապագայում միաժամանակ:
***
Ճանաչի՜ր հայերենը և կճանաչես քեզ:
***
Հայերենի մի բառի մեջ հազար ներում կա:
***
Հայը պիտի հասնի հայերենին՝ անընդհատ կատարելագործելով ինքն իրեն:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


ՏԱՊԱՆԻ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՃԵՂՔԸ 



Այսօր, ինչպես միշտ է եղել, երկու մոտեցում կա հայոց լեզվի վերաբերյալ: Առաջինն այն է, որ հայերենը օրհասական վիճակում է, հոգեվարք է ապրում, անէանում է, ոտնատակ է լինում. մի խոսքով, այսօր կա, վաղը չկա: Երկրորդ մոտեցումն այն է, որ հայերենը ծաղկուն վիճակում է, ոչ մի վատ բան էլ չկա, միշտ էլ այսպես է եղել, անհանգստանալու ոչինչ չկա, հայերենը իր հազարամյա ճամփով հանգիստ գնում է. ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել:
Իմ խորին համոզմամբ` երկու տեսակետներից էլ, մեղմ ասած, քաղքենիության սուր հոտ է փչում: Մի բան պարզ է` մենք ունենք հրաշալի մի լեզու, հազարամյակների, նախաժամանակների, աստվածների շունչն իր ներսում ամբարած մի հրաշք, մի անհատնում և շլացուցիչ գանձ: Մի բան էլ է պարզ` ոչ ոք չի հանդուրժի դա, ամենքն էլ կցանկանան մեր ձեռքից խլել դա, թեկուզ իրենց պետք էլ չէ, սակայն, կարևոր է, որ մե՜նք չունենանք: Այնպես, ինչպես եկեղեցիներն են ավերում, հավատն են պղծում, արժանապատվությունը ոչնչացնում և այլն:
Մենք էլ պիտի պաշտպանենք մեր լեզուն ամեն օր, ամեն պահ, ամեն գնով` ահա բանաձևը:
Այնպես չէ, որ մի անգամ պաշտպանեցիր` ու… վերջ, այլևս ոչ ոք ոտնձգություն չի կատարի նրա դեմ: Ասենք, լեզուն պետական է` սահմանադրությամբ պաշտպանված, սակայն դա չի նշանակում, որ որևէ մի դուրսպրծուկ փորձ չի անի քար գցելու նրա ճամփին, կարեցածին չափ եղծելու և նսեմացնելու: Մենք պարտավոր ենք պաշտպանվել: Քանզի մենք էլ լավ գիտենք, մեր հակառակորդները` առավել ևս, որ լեզուն է մեր միասնականության, միակամության, միամտության, հպարտության, արժանապատվության շտեմարանը և հրեղեն թուրը: Հայոց լեզուն է մեր գոյության առաջին ու վերջին հանգրվանը, վերջին կղզյակը, որտեղ փրկվել ենք:
Հենց որ մեզ շա՛տ նեղն են գցել, մենք լեզուն փրկության տապան ենք սարքել ու պատսպարվել ամենակուլ հեղեղից: Իսկ այսօ՞ր: Այսօր էլ ոչինչ չի փոխվել. նույն երգն են երգում մեր  հակառակորդները, նույն գայթակղություններն են դեմ անում, նույն փորձություններն են պարտադրում, ինչ հազարավոր տարիներ. մոռացեք ձեր լեզուն, կրթվեք օտար լեզվով և հարուստ ու երջանիկ կլինեք, էլիտար կլինեք: Այսօր էլ մեր տապանը փորձում են ճեղքել, որ մենք կուլ գնանք օտար ջրերին: Որ մենք ամեն ժամ զբաղված լինենք Տապանից ջուրը կռճելով ու թափելով, որ չկարողանանք գլուխ բարձրացնել ու գործ անել:
Եթե մենք չունենայինք 70 տարվա, 700 տարվա, 7000 տարվա դառը փորձը, կմտածեինք, որ մի լավ բան կտա մեզ օտարալեզու դպրոցը: Սակայն մենք տեսանք, որ 70 տարվա ընթացքում, երբ ռուսական դպրոց էր հաճախում հայ ժողովրդի երեխաների առնվազն կեսը, ընդ որում` լավագույն կեսը, այդ կեսից մի կես բանաստեղծ, կես գրող, կես ռեժիսոր կամ այլ արվեստագետ չծնվեց, հա՜յ արվեստագետ, հա՜յ մշակույթը զարգացնող, անկրկնելիության կնիքը ճակատին, հայ ժողովրդի հանճարը հոգում: Չծնվեց և չէր էլ կարող ծնվել: Նույնն այսօր է: Իսկ մեր գոյատևման եթե ոչ միակ, ապա գլխավոր պայմանը մշակույթն է:
Այսօր մի խոր մոլորություն են հրամցնում, ներողություն, երկու մոլորություն են քարոզում և պարտադրում հանրությանը: Առաջին` իբր ազգային կրթության կողմնակիցները դեմ են, որ հայ երեխան օտար լեզուներ իմանա: Սա բավական խորամանկ հակահայկական, հակահայերենական քարոզչություն է: Հայաստանում դժվար թե գտնվի մեկը, որ չասի` քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Բայց կա մեկը, որ ասում է. «Եթե մայրենի լեզուդ չգիտես, ապա քանի լեզու գիտես, այնքան մարդ չես»:
Երկրորդ մոլորությունն այն է, թե իբր մենք օտարախոս, օտարակիրթ, օտարադաստիարակված չենք, այդ պատճառով էլ չունենք լավ դիվանագետներ, լավ քաղաքական գործիչներ: Ա՛յ քեզ բան. այսինքն` օտար լեզու իմացող որևէ տգետ կամ միջակ գործիչն արդեն բավարա՞ր է մեր հարցերն ըստ պատշաճի ներկայացնելու համար: Չէ՞ որ առաջին հերթին տաղանդավոր, շնորհաշատ մարդ պետք է լինի այդ գործիչը, որի համար որևէ լեզու սովորելը, նախ` դժվար չէ, երկրորդ` պետք էլ չէ գործն առաջ տանելու համար:
Երկրի նախագահը հպարտությամբ ասում է, որ մեր լեզուն 8000 տարեկան է, և մենք էլ ենք ոգևորվում ու հպարտանում, իսկ Կառավարությունն ու Ազգային ժողովն ասում են` հերիք է ինչքան ապրեց, ծերացել է մեր մայր լեզուն, մեր մայրը, եկեք նրա փոխարեն ջահել ռուս կամ անգլիացի աղջիկներ բերենք, էլիտար քեֆ անենք:
Այսօր օտարալեզվության քարոզն ինձ հիշեցնում է Եհովայի վկաների քարոզը. երկուսն էլ աղանդ են` մեկը լեզվական և դրանով հոգևոր, մյուսը` հոգևոր և դրանով` լեզվական: Պարզապես զարմանալի է, որ քայքայիչ աղանդավորությունը քարոզում են հարազատ Կառավարությունն ու Ազգային ժողովը, որոնց ցինիզմը չափ ու սահման չունի: Նրանք ասում են. «Լեզվի մասին» օրենքում մի փոքրիկ, աննշան հղում ենք անում` տես «Հանրակրթության մասին» օրենքը: Իսկ այնտեղ ինչ ուզում (ինչը մենք չենք ուզում) անում են:
Այսինքն` «Լեզվի մասին» օրենքն առհասարակ դադարում է գործելուց, ուժը կորցրած է ճանաչվում: Ա՛յ քեզ հնարամտություն: Մաշալլա՛հ:
Զարմանահրաշ «մարդիկներ» տեսա, ավա՛ղ, լսեցի նաև, որ ասում էին, թե օտարալեզվությունը հայերենի զարգացմանն է նպաստելու միայն, ուրիշ ոչինչ, որ հայերենը կնայի օտար լեզվին, նրա ճոխ ու գեղեցիկ, հարուստ ու երջանիկ կարգավիճակին ու ինքն էլ կերջանկանա ու կզարգանա: Հայոց լեզվի հողերը ձեր գլխին, հա՛…
Մենք էլ, մեր հակառակորդներն էլ լավ հասկանում ենք, որ մեր իրական անկախությունը մեր լեզվի և մեր մտածողության մեջ է. դա է պատճառը, որ երկուստեք էլ համառում ենք:
«Հայ լեզուն տունն է հայուն»,– ասում էր Մուշեղ Իշխան բանաստեղծը, «Հայ լեզուն հայի հայրենիքն է»,– ասում էր Ավետիք Իսահակյանը: Այսօր ուզում են մեզ մեր Տնից ու Հայրենիքից դուրս քշել կամ մեր տանը մեզ բոլորիս դարձնել տնփեսա:
Բոլոր փայլուն գլուխները մայրենին պահպանելու կոչ են արել. մենք այսօր փայլփլուն բաների հետևից ենք վազում:
Հայո՜ց լեզու, կեցո՜ զհայս և ների՜ր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ






ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ 


Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից:


ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է

Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի կապ չկա էգուց և ինքնահող բառերի միջև: Տեսնենք՝ իրո՞ք այդպես է, թե՞ ոչ:
Գիտենք, որ այ-ը շատ բարբառներում դառնում է է. օրինակ՝ հայր – հէր, մայր – մէր, այծ – էծ և՝ այգ – էգ: Այսինքն՝ էգուց-ի արմատը այգ-ն է, որ նշանակում է «առավոտ»: Այգ բառը բարբառներում չի պահպանվել, բայց կան այդ արմատի հնչյունափոխված ձևերով կազմված մի շարք բառեր՝ էգուց, էգլաց, էգվան, էքսի, էքսը և այլն:
Ինչպես գիտենք, էգուց նշանակում է «վաղը»: Եթե բառի մեջ վերականգնենք այգ արմատը, կստանանք՝ այգուց, որը նշանակել է «թաղման երկրորդ առավոտը հանգուցյալի վրա կատարված մի կարգ», որն այսօրվա խոսակցական լեզվում հանդես է գալիս ինքնահող սխալ կազմությամբ բառով: Իսկ ինչպե՞ս է առաջացել այգուց բառի «վաղը» նշանակությունը: Ց նախդիրով բառը դարձել է ցայգ՝ «մինչև այգ, մինչև առավոտ եղած ժամանակամիջոցը», այսինքն՝ գիշեր: Այդպես է կազմված նաև ցերեկբառը՝ «մինչև երեկո», այսինքն՝ առավոտից մինչև երեկո եղած ժամանակամիջոցը: Իսկ ե՞րբ է բացվում այգը. մյուս օրը, այսինքն՝ վաղը: Ի միջի այլոց, առավոտ և վաղ նշանակությունների նույնացումներ կան նաև այլ լեզուներում: Օրինակ, ռուսերեն завтра (վաղը) բառը նշանակում է նաև «առավոտ»՝ «за утро»: Նույնը գերմաներենում. morgen նշանակում է և՛ «վաղը», և՛ «առավոտ»:
Այժմ տեսնենք, թե ինչ ճանապարհ է անցել այսօրվա մեր խոսակցական բառապաշարում լայն գործածություն ստացած ինքնահող բառը:
Մի հնագույն ծեսի՝ թաղման հաջորդ օրը ննջեցյալի գերեզմանի վրա կատարվող սգի համար ստեղծվել են այգալաց, այգուց, այգահող բառերը: Լեզվում երբեմն լինում են բառերի իմաստափոխություններ թյուրըմբռնման հետևանքով: Այսինքն՝ բառերը կամ դրանց բաղադրիչները սխալ հասկանալու, բառերի ճիշտ նշանակությունն ու գործածությունը չիմանալու, հարանունները (նմանահունչ բառերը) իրար հետ կամ բառի բաղադրիչներից մեկն իր հարանվան հետ շփոթելու, բառի կազմությունը չիմանալու հետևանքով:
Օրինակ՝ վարկաբեկել «անվանարկել» բառը կազմված է վարկ «հեղինակություն» և բեկել «կոտրել» բաղադրիչներից: Խոսակցական լեզվում վարկ բառը անգործածական է, ուստի և խոսողները վարկաբեկել-ի առաջին բաղադրիչը կապում են վարք բառի հետ՝ բառը դարձնելով վարքաբեկել:
Այստեղ այգահող-ը հետագայում դարձել է էգնահող, էքնահող, իսկ սա էլ դարձել է ինքնահող, իբր թե «իր հողին այցելելը»:
Կա նաև մեկ այլ կարծիք, որ ինքնահող բառն առաջացել է այգողք գրաբարյան բառից: Իսկ այս բառը կազմվել է այգողբք-ի այգ և ողբք բաղադրիչներից՝ բ-ի անկումով: Քանի որ այգ-ը բարբառներում չի պահպանվել, ապա այգողք-ը կապվել է ինքը բառի հետ, իսկ ողբք բաղադրիչի մնացած մասը՝ ողք-ը, կապվել է հող բառի հետ և ստացվել է ինքնահող:
Ազգագրական շատ հետաքրքիր մի արարողություն է նշանակում էքպարեվ – էգբարև – այգբարև բառը: Պսակի հաջորդ առավոտը նորապսակ զույգը նվագածուների հետ բարձրանում էր կտուր՝ երգով ու նվագով արևածագը ողջունելու համար: Սա ևս մի վկայություն է մեր արևապաշտ նախնիների մասին: 



ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ԲԱՌԵՐ

Միջազգային բառեր ասելով պիտի հասկանայինք այն բառերը, որոնց հորինմանը մասնակցել են բոլոր ազգերը կամ գոնե՝ բազմաթիվ ազգեր: Այսպիսի երևույթ չկա դեռ աշխարհում, ուստի և իրապես միջազգային բառ չկա:  Միջազգային կոչվելու իրավունք պիտի ունենային թերևս, օր., մայր, տուն, տասն և նման բառեր, որոնք գործածական են հարյուրավոր լեզուների մեջ (հնդեվրոպական լեզվախումբ), բայց սրանք էլ ճիշտ նույն ձևով պահված չեն լեզվից լեզու, և նրանց հորինողները ոչ թե այդ զանազան ազգերն են, այլ նրանց նախնիքը, որոնք հորինման ժամանակ մի միակ ազգ էին կազմում, ուստի սրանք էլ միջազգային չեն:  Նրանք միջազգային են միայն լեզվաբանների համար և լեզվաբանական մտքով, այն էլ՝ որոշ աշխարհամասի համար:
Սովորական գործածության մեջ միջազգային ասելով հասկացվում են այն բառերը, որոնք գործածական են բոլոր կամ բազմաթիվ լեզուների մեջ, միևնույն ձևով և միևնույն իմաստով:  Այսպես, օրինակ, վագոն (շոգեկառքի) միջազգային բառ է:
Բոլոր «միջազգային» կոչված բառերը իրապես պատկանում են մի լեզվի, որից փոխառությամբ տարածվել են և տարածվում են ուրիշ լեզուների մեջ: Այսպես՝ վերոհիշյալ վագոն բառը անգլերեն է և նշանակում է պարզապես «բեռնասայլ»: Շոգեկառքի հնարիչները լինելով անգլիացիք՝ նրանց բառն էլ տարածվել է ամեն կողմ:
Ժողովուրդները չեն հետաքրքրվում բառի միջազգայնականությամբ: Եթե նրանք բառը վերցնում են իրարից, ուրիշ շարժառիթ չունեն, եթե ոչ նվազագույն ճիգի օրենքը: Պատրաստ բառը աշխատանք չի պահանջում: Ընդհակառակը, «միջազգային» բառը, մտնելով զանազան ժողովուրդների մեջ, հենց որ առարկան շատ գործածական է դառնում, «միջազգային» բառն էլ հալվում է: Այսպես՝ ավտոմոբիլ բառը միջազգային էր, այժմ ֆրանսիացիք դարձրել են auto կամ voiture, անգլիացիք՝ moyor-car կամ car, ամերիկացիք՝ automobile կամ ford, գերմանացիք՝ Kraftwagen կամ wagen, դանիացիք՝ bil և այլն:
Ո՞ւր մնաց միջազգայնությունը՝ նույնիսկ երկու անգլիախոս ժողովուրդների միջև:
Բառերի միջազգայնությամբ հետաքրքրվում են միայն գիտնականները և մեկ էլ՝ ընկերավարական գործիչները:
Գիտնականները փնտրում են իրենց հեշտությունը: Անշուշտ դժվար է նրանց համար սովորել յուրաքանչյուր ազգի լեզվով ichtiologia, meteorologia և այլ բառեր: Մի ընդհանուր գիտական ձև փրկում է նրանց նեղությունից: Բայց նրանք իրենց սահմանափակ շահերի համար նկատի չեն առնում հասարակ ժողովրդի ահռելի բանակը, որ այդ «գիտական» բառերից ոչինչ չի հասկանում, բայց իսկույն կամ քիչ մտածումով ըմբռնում է, երբ ասում են՝ ձկնաբանություն, օդերևութաբանություն և այլն:
Գալով ընկերավարական գործիչներին, որոնք ավելի անկեղծ են, բխում են «ժողովուրդների շահերից», բայց սխալվում են, կարծելով, թե մի քանի, թեկուզ մի քանի հարյուր, այդպիսի գիտական բառերի միջազգայնացմամբ կարող է լեզուն միջազգային դառնալ:
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ



ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ 

Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից:


ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
 
Հայի բախտ ունենալ նշանակում է «բախտ չունենալ, անբախտ լինել»: Ինչո՞ւ է այսպես ստացվել. մի՞թե մեր ճակատագիրն է այդպիսին՝ բախտ չունենալ: Փորձենք պարզել պատճառը:
«Մարդու ընդհանուր բախտի և ճակատագրի, հաճելիի և ախորժելիի, համարձակության, երախտիքի և շնորհակալության հետ կապված բնիկ հնդեվրոպական նշանակումները հին հայերենում բացակայում են»,– գրում է Գևորգ Ջահուկյանը իր «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» նշանավոր գրքում:
Տեսնենք, թե այս մասին ինչ է գրում Հրաչյա Աճառյանը իր «Հայերեն արմատական բառարան» կոթողային գրքում:
Բախտ – «բարի կամ չար պատահմունք, հաջողություն, ճակատագիր»: Բառի մյուս ձևն է բաստ, որից ունենք չարաբաստիկ բառը: Փոխառություն է պահլավերենից:
Ճակատ բառը ևս փոխառություն է պահլավերենից, իսկ ճակատագիր-ը հայերեն կազմություն է:
Հաճելի, ախորժելի բառերը նույնպես փոխառություններ են իրանական լեզուներից, ինչպես նաև համարձակ-ը, շնորհ-ը և երախտիք-ը:
Ինչո՞ւ է այսպես: «Զգացմունքի և խառնվածքի հետ կապված նշանակումները, բնականաբար, նախնական բնույթի են և լայնորեն ներկայացված են հայերենի բնիկ հնդեվրոպական բառերի մեջ:
Վաղնջահայերենում լայն գործածության մեջ գտնվող մի շարք բառեր հետագայում փոխարինվել են ավելի տարածված նշանակումներով և իմաստափոխության են ենթարկվել… կամ այդ բառերի փոխարեն հանդես են եկել փոխառյալ և անհայտ ծագման բառեր»,– գրում է Գ. Ջահուկյանը:
Կարող ենք եզրակացնել, որ բախտ բառի հայերենը կորցնելով՝ մենք զրկվել ենք նաև բախտից, համարձակ բառի հայերեն նախնականը կորցնելով՝ մենք կորցրել ենք նաև մեր համարձակությունը:
Այնպես որ, սիրելի հայեր, պետք չէ հայերենը խճողել օտար բառերով, մոռանալ մերը. հենց մոռանում ենք մերը՝ աստվածատուրը, Աստված էլ մոռանում է մեզ:




ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ

Հայերս զարմանալի ենք. երևի միակ ազգն ենք, որ ունենք գրի աստված՝ Տիր: Ունեցել ենք նաև մեր ամսանունները, որոնց շարքում է նաև տրե ամսանունը:
Տեսնենք, թե այս տրե բառն ինչպես է մեկնաբանվում հայոց լեզվի բառարաններում և առանձին մեկնիչների կողմից։
Նախ ասենք, որ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», տարօրինակորեն, այս բառն ընդհանրապես չկա։
Ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի, տրէ-ն հայոց ամսանուն է՝ նոյեմբեր-դեկտեմբերի միջև։ Այստեղ ստուգաբանությունը կապվում է ցերեկները կարճանալու և գիշերները երկարելու հետ։
Ըստ Գրիգոր Տաթևացու, տրէ բառը պարունակում է տիրոջ խորհուրդը. այդ ժամանակ Աստված տիրեց արարածներին։
Ստ. Մալխասյանցն իր «Հայերեն բացատրական բառարանում» գրում է, որ տրէ բառն առաջացել է պահլավերեն tir բառից, որն այնտեղ նշանակում է արեգակնային չորրորդ ամիսը։ Ըստ անշարժ տոմարի, համապատասխանում է նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակամիջոցին։
Հայկական հանրագիտարանում կարդում ենք.
ՏՐԵ - հայկական հեթանոսական տոմարի չորրորդ ամիսը։ Կապվում է Տիր աստծու անվան հետ։
Ինչպես գիտենք, Տիր աստվածը հայոց մեջ դպրության, պերճախոսության, գիտությունների և արվեստների աստվածն էր։ Համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչը, ննջեցյալների հոգիները անդրշիրիմյան աշխարհ ուղեկցողը, նրանց չար ու բարի գործերի գրանցողը։ Տիրի տաճարը գտնվում էր Վաղարշապատի և Արտաշատի միջև: Նա գրող էր. մատյանում գրում էր մեռնողների անունները: Եվ երբ ասում ենք՝ գրողը քեզ տանի, ցանկանում ենք, որ Տիրը մարդու անունը գրի իր մահվան մատյանում:
Աստծու անունը ծագում է հնդեվրոպական նախալեզվի տիրէ բառից. այն նշանակել է «փայլել, երևալ», որից ցեղակից լեզուների մեջ զարգացել են «օր, երկինք, աստված» իմաստները: Հայերենում այդ արմատից են ծագել նաև տիվ բառը և Տիր աստծու անունը: Տիրը նախապես եղել է ընդհանրապես աստված, բայց հետագայում ավելի հզոր աստվածների՝ Հայկի, Արամազդի պաշտամունքի հետևանքով դարձել է գիտության և ճարտարության աստված:
Տեսնենք, թե ինչ կապ կա Տիր աստծու և հին հայկական տրէ ամսանվան միջև, որը հայոց չորրորդ ամսվա անունն է: Կարծիք կա, որ դեռևս հեթանոս Հայաստանում դպիրները կախարդական, մոգական բանաձևեր էին գրում, գիր էին անում, գրող էին: Այդտեղից էլ առաջացավ ժողովրդի վախն ու ակնածանքը գրողների նկատմամբ, նրանց ամենազորության նկատմամբ. չէ՞ որ նրանք կարող էին գիր անելով տնօրինել բախտն ու ճակատագիրը: Այդպես գրողները աստիճանաբար ժողովրդի աչքում աստվածացվեցին: Եվ դարերի ընթացքում առաջացան գրողը քեզ տանի, գրողի ծոցը գնաս դարձվածները:
Տիր աստծու և տրե ամսանվան կապը դեռևս 19-րդ դարում նշել է անվանի հայագետ Հյուբշմանը, սակայն այդ ստուգաբանությունը մերժվել է Հր. Աճառյանի կողմից։ Ըստ նրա «Հայերեն արմատական բառարանի»՝ տրէ բառն առաջացել է պահլավերեն tir բառի գավառական մի ձևից։
Իսկ Էդ. Աղայանը դժվարընդունելի է համարում այդ ստուգաբանությունը, պատճառաբանելով, որ հին հայոց ամսանունները սեռական հոլովով են կազմված՝ քաղոց, մարգաց և այլն: Այսպես պետք է մտածել նաև տրէ ամսանվան մասին և համարել այն սեռական հոլով: Այսինքն՝ Տրէ ամսանունը ներկայացնում է մեր Տիր աստծու անվան սեռականը, և նշանակել է «Տիրի ամիս»:
Տիր աստծու անունից են առաջացել նաև հայերեն Տիրիդատ (Տրդատ) «Տիրի ընծա», Տիրան «Տիրից ծնված» և այլ անուններ:





ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ

Մեր կյանքում կենսական նշանակություն ունի կենդանի բառապաշարից ծնված կենարար խոսքը, մեր կեցության, կենցաղի անբաժան մասն են «լուռ հանճարները»՝ գրքերը. թող կեցցեն դրանք մեզ հասցնողները՝ գրիչներն ու տպագրիչները, նրանց կենացն արժե խմել հայոց կենսաբեր գինով:
Այս ամենասովորական նախադասության մեջ գործածված են առաջին հայացքից շատ սովորական բառեր՝ կյանք, կենսական, կենդանի, կենարար, կեցություն, կենցաղ, կեցցե, կենաց, կենսաբեր: Սակայն այս բառերն առաջին հայացքից են սովորական, իրականում նրանք անչափ զարմանալի բառեր են: Դրանք բոլորն էլ նույն «մորից» են ծնվել և այդ «մայրը» գրաբարյան կեալ արմատն է, որ նշանակում է «ապրել»:
20-րդ դարի ուղղագրական փոփոխությունը բավականին աղճատեց բառի պատկերը. եա երկբարբառի փոխարեն գրելով յա երկհնչյունը՝ հեռացանք նրանով կազմված բառերի առաջնային բառապատկերներից, և կեանք-ը դարձավ կյանք: Բայց սա խոսակցության այլ թեմա է:
Ասենք, որ կեալ-ից ստացվել են տարբեր ձևեր: Օրինակ՝ կեաց, որից կազմվել են բազմաթիվ բառեր՝ մենակեաց (մենակյաց), կարճակեաց (կարճակյաց), երկակեաց (երկկենցաղ) և այլն: Կեաց ձևի անշեշտ ձևն է կեց-ը: Սրանից էլ ստացվում են կեցուցանել, բարեկեցիկ, բարեկեցություն, կեցություն և այլն:
Կեալ բայի ապառնիի եզակի երրորդ դեմքն է մեզ բոլորիս հայտնի և սիրելի կեցցե բառը, որը նշանակել է «ապրի»: Նույն ձևով՝ կեցցես «ապրես»: Ահա թե որտեղ է թաքնված կեցցե բառի արմատը, որը մենք պատրաստի գործածում ենք, առանց մտածելու, որ դա հնում մի սովորական բայաձև է եղել:
Մյուս ձևն է կեան, որից՝ կեանք: Սա մեր կյանք-ն է, որը նշանակել է նաև «վարք, ինչք, ապրանք, հարստություն»: Կեան-ի անշեշտ ձևն է կեն, որից ստացվում են կենակից, կենարար, կենատ և այլն բառերը: Վերջին՝ կենատ բառը նշանակում է «նետ», այսինքն՝ կյանքը հատող, կյանքը կտրող: Այստեղ է թաքնված նաև մեր այսօրվա կենաց-ը, այսինքն՝ երբ ասում ենք՝ կյանքի կենացը, ապա ասում ենք՝ թող կյանքը կյանք ունենա:
Կեանք բառի հոգնակի հայցականն է կեանս-ը, որը, զրկվելով շեշտից, տվել է կենս, որից ունենք՝ կենսական, կենսունակ, կենսաթոշակ և այլն:
Հաջորդ ձևը կեանք-ից ստացված կենց ձևն է, որից էլ՝ կենցաղ, կենցաղավարական և այլն:
Եվ վերջին ձևը՝ կենդ: Կազմված է կեան-ից դ մասնիկով: Շատ հին և ընտիր բառ ունենք զոդիակ բառի դիմաց՝ կենդակ, այսօր՝ կենդանակերպ: Կենդ-ի վրա ավելացել է ան մասնիկը և ունենք կենդանի, կենդանություն բառերն ու սրանցով կազմված հարյուրավոր բառեր:
Հետաքրքիր ժողովրդական մեկնաբանություններ կան կեանք բառի վերաբերյալ: Մեկը պնդում է, որ կեանք-ը առաջացել է կին բառից, ինչպես Եվայի դեպքում, որ եբրայերեն նշանակում է կյանք: Մյուսը պնդում է հակառակը, որ կին-ը առաջացել է կեանք բառից, քանի որ Ադամը իր կնոջ անունը կեանք դրեց: Բայց ինչ էլ լինի, մեկ է՝ առանց կնոջ կյանք չկա:
Ահա թե ինչքան շատ բան է սովորեցնում մեզ մի հատիկ գիրքը՝ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը»: Բառարան, որի նմանը չկա ամբողջ աշխարհում, բառարան, որը ժամանակի մեքենա է կարծես, որով կարող ես դարեր, հազարամյակներ հետ գնալ, տեսնել ինչպես են ապրել, ինչպես են խոսել հնագույն ժամանակներում քո ապուպապերը, ում հետ են նստել-վերկացել, և ոչ միայն հաց ու ջուր փոխ տվել ու առել իրարից, այլև բառեր, բառեր:





ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է

Հավատն առ Աստված հետագայում դարձավ կրոն, այսինքն՝ աշխարհը կառավարող գերբնական ուժերի պաշտամունք, դավանանք: Կրոնը հզորագույն կիրք է:
Տեսնենք, թե այսպես ասելու ինչ հիմք կա:
Նախ հիշենք, թե ինչ է կիրքը: Բառարաններն այսպես են բացատրում կիրք բառը. «զգացմունքի հախուռն արտահայտություն, որ գիտակցությամբ դժվար է ղեկավարվում, այսինքն՝ զգացողություն, որ մարդ կրում է յուր մեջ (քաղց, ծարավ, հոգնածություն և այլն), ներքին զգացում ուրիշի վերաբերմամբ (մայրական, ծնողական, հայրենասիրական և այլն), հոգեկան հուզմունք, գրգիռ՝ ծնված սաստիկ զգացումից, հատկապես՝ բարկություն և, վերջապես, սեռական տարփանք, ցանկություն» և այլն:
Իսկ ի՞նչ է կրոնը, որ գրաբարում ավելի շատ գործածվել է կրոնք ձևով. «կարգ, կանոն, վարք, կենցաղավարություն, ծես, արարողություն, աստվածապաշտության կարգ, մարդու հավատը առ Աստված և այն ծեսը, որով արտահայտվել է այդ հավատը տարբեր ազգերի մեջ»:
Առաջին հայացքից թվում է, թե որևէ կապ չկա կրոն և կիրք բառերի և հասկացությունների միջև: Բայց այդպես չէ: Բանն այն է, որ թե՛ կրոն բառը, թե՛ կիրք բառը ծագել են կիր (կրել) արմատից, կրոն-ը՝ ոն մասնիկով, իսկ կիրք բառը կիր-ի հոգնակին է: Կիր-ը կենսունակ արմատ է, և նրա նախնական իմաստը եղել է «բեռնելով տանել, կրել»: Ծագել է հնդեվրոպական նախալեզվի «ծանր» իմաստից: Այսինքն՝ կրոն-ը և կիրք-ը ծագել են նույն կրել բառից:
Ահա թե այս մասին ինչ է գրում Ղ. Ալիշանը. «Մեր ունեցած այս անունը (կրոնը) մեծապես և սքանչելիորեն է բացահայտում իր իմաստը, թերևս ավելի լավ, քան այլ լեզուները: Լատիներենը (և նրա զավակները) կրոնը անվանում է Religio, որը ստուգաբանվում է «կապ, կապել, կապվել». համեմատիր՝ մարդկանց Աստծու կամ երկնքի հետ, մանավանդ մարդկանց՝ իրար հետ, քանզի մարդկության համար առավել զորավոր կապանք, քան կրոնն է, չկա... Այսինքն՝ ենթադրվում է, թե կա հավատալի մի բան, որից հետևում է նրա և նրան հավատացողների կապը: Իսկ մեր կրոն բառը դրսևորում է ինքնաբերություն: Ով գրաբար հայերենը փոքր-ինչ գիտե, գիտե նաև, որ կիրկրել-ի արմատն է, և ինչպես կրոնք-ն է հաճախ հոգնակի գործածվում, այդպես էլ սա գրվում է ու ասվում է կիրք… Ամենքն էլ գիտեն՝ ինչ ասել է կիրք, թեև գուցե տարբեր կերպով են ճանաչել ներքին բուռն ինքնաբեր զգացումը. այս անունով են իմացվում նաև այլևայլ հոգեկան զորություններ կամ զգացումներ. կրոնք անունը վերապահվել է հավատի զգացողությանը… Ասել կուզի, որ հավատն է բանական մարդու առաջին և հզորագույն կիրքը:
…Իր նշանակությամբ այս բառը, արդարև, շատ գեղեցիկ, փիլիսոփայական և նույնիսկ սրբազան գյուտ ու հարմարություն է: Եվ ազգի կամ լեզվի համար մեծ պարծանք կարող է համարվել, որ այսպիսի կամ սրան համազոր նշանակություն կրող բառ ունի:
…Մեր երկրի դիրքը, ազգային և հին պատմությունները, ըստ մեր դատման, վկայում են, որ աստվածապաշտությունը պետք է եղած լինի մեր նախահայրերի հավատքը, և դրա հաստատումն է կրոնի անունն ու իմաստը»:
Ահա թե ինչ հետևություններ է անում Ղևոնդ Ալիշանը մեն մի հատիկ բառը քննելով, ինչ ընդհանրացումներ կատարում՝ երկյուղածորեն մոտենալով հայերեն բառին:
Մեն մի հատիկ բառից տրամաբանորեն բխեցնում է հայերի միաստված լինելը հնագույն ժամանակներում՝ կրոնը համարելով մարդու գերագույն կիրքը:
Մնում է ավելացնել, որ Էդ. Աղայանը այս նույն կիր արմատից է բխեցնում նաև կարիք, կարոտ, կարևոր բառերը:

Комментариев нет:

Отправить комментарий