«ՊԱՏԿԵՐԱԳԻՐ ԱՅԲՈՒԲԵՆ» ՕՐԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1999, 2001 և 2005 թվականներին «9-րդ հրաշալիքի» գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի հեղինակած «Պատկերագիր այբուբեն» պաստառ-օրացույցները: Այդ տարիներին սրանք մեծ պահանջարկ ունեին և շատ արագ սպառվեցին:
«9-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔ»-18
Իսկ սա «9-րդ հրաշալիքի» առաջին համարի երկրորդ և, միաժամանակ, վերջին էջն է:
ՄԵՆՔ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ:
ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1971 թ. հունիսի 4-ի Հայաստանի գրողների միության նորընտիր վարչության պլենումից հետո, Օպերային թատրոնի մերձակա պուրակում |
Թեպետ մասնագիտորեն բարձրորակ չէ այս լուսանկարը, սակայն տարիներ անց արխիվիս մեջ պատահականորեն գտնված, հիմա արդեն պատմական նշանակություն ունեցող այս մասունքը իմ մեջ առաջացրեց ուրախության ու կորստի դառը զգացում:
Հպարտությամբ եմ նայում, ինչպես ասում են, «գլուխ գլխի հավաքված» գրականության մեր երևելիներին՝ Արամաշոտ Պապայան, Սերգո Պայազատ, Աբիգ Ավագյան, Պարույր Սևակ, Սերո Խանզադյան, Համո Սահյան, Հրաչյա Հովհաննիսյան:
Բայց... արտասվելու աստիճան սիրտդ մղկտում է, երբ հիմա ես մտածում, որ լուսանկարվելուց ընդամենը մի քանի օր հետո, հունիսի 17-ին, ավտովթարի պիտի ենթարկվեր մեր Պարույրը, իսկ մի ամիս հետո, հուլիսի 18-ին, կյանքից պիտի հեռանար Սերգո Պայազատը:
ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԱՆՄՈՌԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հրազդանի Հ. Պարոնյանի անվան դպրոցում |
Աշնան գույներով զարդարված դպրոցի բակն անսովոր տեսք էր ընդունել: Բոլորն սպասում էին հարգարժան հյուրերին:
Ահա նրանք: Բակը միանգամից «պայթեց» երեխաների ծափողջույններից: Դիմավորեցին ծաղիկներով: Նրանց խինդն ու ծիծաղը միախառնվեց հյուրերի ժպիտներին: Երեխաներից յուրաքանչյուրը ձգտում էր առաջինը ծաղիկ նվիրել: Դասվարների ու ծնողների ուղեկցությամբ հյուրերը մտան դպրոց: Առաջին իսկ հայացքից Լինսի հիմնադրամով վերանորոգված դպրոցի թե՛ ներքին և թե՛ արտաքին տեսքը լավ տպավորություն թողեց:
Նշենք, որ հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել էր դպրոցի բազմավաստակ ուսուցչուհի, տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ, փորձառու դասվար Կարինե Ալեքսանյանը:
Հրազդանի Հ. Պարոնյանի անվան դպրոցում |
1«բ» դասարանի (դասվար` Շուրա Աբրահամյան) աշակերտները առաջին իսկ րոպեից մեծ ջանասիրությամբ ներկայացրին մեկուկես ամսում իրենց սովորածը:
Շատ կարճ ժամանակամիջոցում դասվարը կարողացել էր երեխաների մեջ սեր սերմանել ուսման նկատմամբ: Հյուրերը հիացած էին երեխաներով, ուսուցչի ջանքերով և լավ տպավորությամբ թողեցին դասարանը:
Հրազդանի Հ. Պարոնյանի անվան դպրոցում |
Երեխաներն անկաշկանդ էին, ՙանտեսելով՚ հյուրերին` տարերքի մեջ էին և դա երևաց նրանց հաջող ելույթներում: Այդ օրն աշակերտները, ցուցադրելով իրենց շնորհքը արտասանություններով, երգերով, ներկայացումներով, անջնջելի տպավորություն թողեցին ներկաների վրա: Դասվարը, ծնողկոմիտեի նախագահ Լուսինե Պողոսյանը իրենց շնորհակալական խոսքում նշեցին, որ ով ձգտում է նորին, նրա համար չկան դժվարություններ:
Երիտասարդ դասվար Սիրանուշ Բաղդասարյանը «բռնել» է 1«գ» դասարանի ղեկը: Նա սկզբում ներկայացրեց հյուրերին և նշեց, որ նրանց համար իսկական տոն է, որովհետև «Ա» տառի հանդեսին ներկա է դասագրքի հեղինակը:
Հանդեսներից հետո հյուրերը եղան բոլոր տարրական դասարաններում: Այդ դասարաններում (2-րդից 4-րդ) Վաչագան Սարգսյանը «փոքրիկ դասեր» վարեց` հրճվանք պատճառելով երեխաներին:
Լիպարիտ Սարգսյանին ևս երեխաները ճանաչում էին այդ դասարանների մայրենիի դասագրքերում զետեղված բանաստեղծություններով: «Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վ. Մնացականյանը խոստացավ համագործակցել աշակերտների հետ, թերթում զետեղել լավագույն նյութերը:
Ժամանակն արագ էր անցնում. աշակերտների և հյուրերի միջև ստեղծվել էր ջերմ մթնոլորտ: Աշակերտները դժվարությամբ էին հրաժեշտ տալիս սիրելի հյուրերին, իսկ նրանք խոստանում էին նոր հանդիպումներ:
Հանդիպումների ընթացքում հյուրերին ուղեկցում էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, դպրոցի վերելքի գործում մեծ ջանքեր ներդրած, դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Երգինյանը: Նա անդրադարձավ հանդեսներին, նշեց, որ ամեն տարի դասվարները յուրովի են անցկացնում ամեն մի բաց դաս, ամեն մի միջոցառում: Հեղինակի հետ շփումից շատ բան ունեն սովորելու դասվարները, որոնք թեև իրենց ձեռքի տակ ունեն համապատասխան ուղեցույցները, սակայն մեծ նշանակություն ունի կենդանի զրույցը: Որպես գրադարանային ֆոնդ, Վ. Սարգսյանը, Լ. Սարգսյանը մեթոդական ուղեցույցներ, գրքեր նվիրեցին դպրոցին: Օրը շարունակվեց դասվարների և հյուրերի հանդիպմամբ: Դասվարները «հարցախեղդ» էին անում օրվա հյուրերին: Վ. Սարգսյանը մեծ ուշադրությամբ լսում էր դասվարների ցանկություններն ու առաջարկությունները` հետագա հրատարակություններն ավելի գրավիչ և բովանդակալի դարձնելու համար: Զրույցի ընթացքում Կարինե Ալեքսանյանը մեծ գոհունակությամբ խոսեց դասվարների մասին: Զգացվում էր, թե նա ինչ մեծ հեղինակություն ունի դասվարների մոտ և իր փորձն ու գիտելիքներն է հաղորդում նրանց:
Դասվարները ցանկանում էին, որ նման հանդիպումներ հաճախակի կազմակերպվեն:
Տողերիս հեղինակը բազմիցս եղել է հանդեսների վկա, որտեղ պատվավոր հյուր է եղել Վ. Սարգսյանը: Տասը տարվա ընթացքում նա այցելել է Հրազդանի գրեթե բոլոր դպրոցները:
Հանդիպումներն անմոռաց էին ինչպես հյուրերի, ուսուցիչների, ծնողների, այնպես էլ դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար:
ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ ժուռնալիստների միության անդամ
Կոտայքի մարզ, ք. Հրազդան
ՀՀ ժուռնալիստների միության անդամ
Կոտայքի մարզ, ք. Հրազդան
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԱՅԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Комментариев нет:
Отправить комментарий