ՄԱՐԴԸ ՍԽԱԼԱԿԱՆ Է




ԽՈՐԱԳԻՐԸ ՎԱՐՈՒՄ Է ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Այս խորագրով ներկայացնում ենք այնպիսի մոլորություններ, որոնց թվացյալ ճշմարտացիությունը մենք ընդունել ենք առանց կասկածի:





«SOS»

«SOS» ազդանշանը անգլերեն «save our souls» (փրկե՛ք մեր հոգիները) արտահայտության հապավումն է:


«SOS» ազդանշանն առաջացել է ոչ իբրև «save our souls», «save our ship» (փրկե՛ք մեր նավը), «stop other signals» (այլ ազդանշաններ չտա՛լ) արտահայտությունների կրճատ ձև թեկուզ և այն պատճառով, որ ամենևին էլ ոչ բոլոր ենթադրյալ փրկարարներն են տիրապետում անգլերենին: 20-րդ դարի սկզբում տարբեր երկրների ծովագնացները պայմանավորվեցին օգտագործել այդ ազդանշանը այն պատճառով, որ այն հեշտությամբ վերարտադրվում և հիշվում է Մորզեի այբուբենով՝ երեք կետ, երեք գիծ և կրկին երեք կետ:


 
Մոցարտը կրում էր հանրահայտ կոնֆետների տուփին պատկերվածին նման հյուս:

Ո՞ւմ հայտնի չեն հռչակավոր «Մոցարտյան գնդիկները»՝ հոյակապ կոնֆետները, որոնք ներկրվում են Ավստրիայից: Տուփին պատկերված է Մոցարտը, որի գլխին երևում է այդ հյուսը: Սակայն Մոցարտի ժամանակաշրջանում չեն եղել ո՛չ այդպիսի հյուսեր, ո՛չ էլ այդ կոնֆետները: Նման հաստ հյուսեր սկսել են օգտագործել կանայք XX դարի սկզբներին: Ինքը՝ Մոցարտը, բարակ հյուսակով սպիտակ կեղծամ էր դնում, որը նման էր ֆրանսիական կամ պրուսական բանակների զինվորների կեղծամներին:


Մանրէները վնասակար են օրգանիզմի համար:

Աշխատեք քիչ դիտել զանազան մաքրող-ախտահանող հեղուկների ու փոշիների գովազդային հոլովակները. մանրէները մեծ մասամբ անվնաս են, իսկ շատերը պարզապես անհրաժեշտ են մարդկանց օրգանիզմին: Բավական է մտաբերել, որ մանրէների օգնությամբ ստանում են գինի ու գարեջուր, մածուն ու թթու դրած կաղամբ, պանիր ու թթխմոր: Մանրէները մեր աղիքներում արտադրում են վիտամիններ (օրինակ՝ B2 և K), դրանց շնորհիվ մեր այգիներում առաջանում է բույսերի աճի համար այդքան անհրաժեշտ հողաշերտը: Մանրէները մաքրում են հոսող ջրերը, քիմիական բարդ պրոցեսներում ծառայում իբրև կատալիզատոր, օգտագործվում են նավթի, բնական գազի, ցելյուլոզի մաքրման նպատակով: Մանրէների շնորհիվ կովի աղիքներում խոտը և տերևները վերամշակվում են կաթի ու  շաքարի: Եթե ոչնչացվեն երկրագնդի բոլոր մանրէները, դրանց հետ կվերանա նաև կյանքը:
Վնասակար են միայն առանձին մանրէները, օրինակ՝ տիֆի կամ խոլերայի հարուցիչները:





Կ. Բրյուլով. «Պոմպեյի վերջին օրը»

Շատերը համոզված են, որ Պոմպեյ քաղաքը կործանվել է Վեզուվ հրաբխից ժայթքած հրահեղուկից:



Անտիկ Պոմպեյը կործանվել է ոչ թե հրահեղուկից, այլ Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ (79 թ. օգոստոսի 24-ին) արտաքին միջավայր նետված մոխրից և քարերից: Քաղաքի բնակչության մեծամասնության մահվան պատճառ են հանդիսացել ժայթքմանն ուղեկցող խեղդող թունավոր գազերը: Եթե Պոմպեյը ծածկված լիներ լավայով, ինչպես հարևան Հերկուլանում քաղաքը, ապա այն 17 դարերի ընթացքում չէր պահպանվի իր նախկին տեսքով: Հենց շնորհիվ մոխրի, որը Պոմպեյը ծածկեց 7-8-մետրանոց շերտով և հետագայում ժայթքումից հետո տեղացած անձրևի ազդեցությամբ վերածվեց հաստ կեղևի, քաղաքը պահպանվեց այն տեսքով, որը ներկայացավ նոր ժամանակի հնագետներին:








Ասում են, թե ձկները խուլ են ու համր:



Իրականում ձկներից շատերը կարող են ընկալել ձայնային ալիքները. նրանց գլխում դրա համար կան անհրաժեշտ օրգաններ՝ այսպես կոչված «ձկան ականջներ»: Որոշ ձկներ (օրինակ՝ թմբկահար ձուկը), քիչ թե շատ ուժեղ ձայներ են արձակում (ցեղակիցների հետ շփվելու կամ թշնամիներին վախեցնելու համար), որոնք կարելի է որսալ զգայուն սարքերի օգնությամբ: Այդ ձայներն արձակվում են լողաթևի կռճիկով, ատամներով կամ օդապարկով (երբեմն օդը բաց են թողնում թաղանթի միջով, որն սկսում է տատանվել և, համապատասխանաբար, առաջացնել ձայնային ալիքներ):






ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ

Ասում են, թե մարդկանց մրսածությունն առաջանում է ցրտից:



Մրսածությունն առաջանում է ոչ թե ցրտից, այլ վարակ հարուցող մանրէներից: Մենք հիվանդանում ենք վարակվելու, այլ ոչ թե մրսելու կամ հագուստը թրջելու պատճառով: Սակայն, իրոք, ցուրտը և խոնավությունը մրսածության հետ քայլում են ձեռք ձեռքի տված: Այստեղ կա մի քանի պատճառ: Դրանցից մեկը նա է, որ տարվա ցուրտ եղանակին մենք ավելի հաճախ ենք լինում հիվանդ մարդկանց հետ միևնույն սենյակում: Այստեղից էլ վարակի փոխանցման մեծ վտանգը:

Ի դեպ, ցուրտը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Մի խոսքով, որոնք էլ որ լինեն մրսածության պատճառները, ցուրտն այստեղ մեղավոր չէ:


ԵՐԿՐԱԳՈՒՆԴ
Ասում են, թե Երկիր մոլորակը գնդաձև է:

Իրականում մեր մոլորակը գունդ չէ, այլ, այսպես կոչված, «պտտման էլիպսոիդ»: Նա փոքր-ինչ սեղմված է բևեռներում և ձգված է հասարակածում: Ծովի մակերևույթը հասարակածում 21 կիլոմետրով ավելի հեռու է Երկրի կենտրոնից, քան բևեռներում:





ՑԼԱՄԱՐՏ

ՑԼԱՄԱՐՏ
Շատերը համոզված են, թե ցլամարտի հայրենիքն Իսպանիան է:

Հին ժամանակներում ցլերին հատկապես պաշտում էին ուժի և բեղունության համար, իսկ ցլամարտեր կազմակերպվում էին Հին Հունաստանում, Հին Հռոմում, ավելին, ապացուցված է, որ հին չինացիները նույնպես հրապուրվում էին նմանատիպ զվարճալիքներով: Թե ինչպես ցլամարտը հայտնվեց Իսպանիայում, հայտնի չէ. կարելի է ենթադրել, որ մավրերի միջոցով: Սակայն ցլամարտ հայտնագործողներին հարկ է փնտրել այլ տեղերում:



ՀԻՊՈԿՐԱՏ
Ընդունված է համարել, որ Հիպոկրատի երդումը հիվանդին պաշտպանելու նպատակ ունի:

Այսպես կոչված, «Հիպոկրատի երդման» հեղինակն ամենևին էլ Հիպոկրատը չէ, և այնտեղ չի խոսվում այն ամենի մասին, ինչ մենք կարծում ենք:
Երբ անտիկ ժամանակների հայտնի բժիշկ Հիպոկրատը  մ. թ. ա. 377 թվականին մահացավ, այդ երդման մասին խոսք անգամ չկար: Ինչպես շատ այլ բաներ, այդ երդումը նրան վերագրեցին ավելի ուշ հրատարակված նրա աշխատություններում՝ երևի նրանց ծանրակշռությունն ընդգծելու նպատակով:
Բայց մեր օրերում ճիշտ չի մեկնաբանվում նաև երդման բովանդակությունը: Երդման ժամանակակից վարկածում՝ այսպես կոչված բժշկական պատվիրաններում, հրատարակված Ժնևում 1848 թ., չեն ընդգրկվել բնօրինակի որոշ մեծ հատվածներ: Բժշկական գաղտնիքը և հիվանդի նկատմամբ խնամքը («Իմ առաջնահերթ խնդիրն է վերականգնել և պահպանել իմ հիվանդների առողջությունը…» և այլն) պահպանելու մասին դրույթի հետ մեկտեղ Հիպոկրատի երդման մեջ կան դրույթներ, որոնք ուղղված են ոչ այնքան հիվանդի խնամքին, որքան իրենց՝ բժիշկների շահերի պաշտպանությանը, օրինակ. «Ես կփոխանցեմ բժշկության իմ գիտելիքները միայն որդիներիս, ուսուցիչներիս որդիներին և պաշտոնապես գրանցված ուսանողներին և այլևս ոչ մեկին»: Միջնադարյան այդ տեքստի սկզբնական տարբերակում աներկբայորեն զգացվում է հնարավոր մրցակից բժիշկների թիվը կրճատելու միտումը: Հիպոկրատի երդման հնագույն մի շարք վարկածներում հիշատակվում է, որ բժիշկն անվճար օգնություն պետք է ցույց տա իր գործընկերներին և նրանց ընտանիքներին, այսինքն՝ նորից խոսվում է բժշկական մասնագիտությունների ներկայացուցիչների, այլ ոչ թե բոլոր մարդկանց օգտին:





 
ՍԱՐԴԵՐ
Շատերը պնդում են, թե սարդերը միջատներ են:

Սարդերին միջատների կարգին դասելը բացարձակ սխալ է: Նրանք պատկանում են սարդակերպերի դասին, որոնք շատ բաներով են տարբերվում միջատներից. նրանք չունեն «ալեհավաք» բեղիկներ, ունեն չորս զույգ ոտքեր, այլ ոչ թե երեք, ինչպես միջատները: Նրանց ընդհանրությունները միջատների հետ ավելի շատ չեն, քան, ասենք, օձերի կամ թռչունների հետ:







ԳԻԼԻՈՏԻՆ


ԳԻԼԻՈՏԻՆ
Շատերը պնդում են, թե գիլիոտինը հայտնագործել է բժիշկ Գիլիոտենը:

Այդ մահաբեր մեքենան ամենևին էլ ֆրանսիացի բժիշկ և հեքիմ Ժոզեֆ Գիլիոտենի (1738–1814) հայտնագործությունը չէ, թեև կոչվում է նրա անունով: Դեռևս հին Պարսկաստանում և միջնադարյան Գերմանիայում մահապատժի համար օգտագործում էին բարձրությունից ընկնող այդպիսի կացին: Գիլիոտինը Ֆրանսիա է մուտք գործել XVIII դարի վերջերին Մեցում բնակվող բժիշկ Անտոն Լուիսի խորհրդով: Այդ իսկ պատճառով սարքը սկզբում անվանեցին «լուիզետ» կամ «փոքր Լուիզոն»: Գլխատող սարքի նախատիպի հեղինակը Շմիդտ անունով մի գերմանացի էր, իսկ առաջին զոհը` Պելիսիե անունով փողոցային ավազակը:
Իր ներկայիս անվանումը գիլիոտինն ստացավ մի քանի տարի շահագործվելուց հետո միայն: Ֆրանսիայի Ազգային ժողովի 1789 թ. արձանագրություններում եղել է քաղաքացի Գիլիոտենի հարցապնդումն այն մասին, թե «արժե այսուհետև Ֆրանսիայում կատարվող մահապատիժներն իրականացնել միասնական ձևով` առանց հաշվի առնելու դատապարտյալի պատկանելությունը որևէ խավի: Ավելի լավ է այդ նպատակի համար օգտագործել ամենամարդասիրական միջոցը` ընկնող կացինը»:
Այդպիսով, դոկտոր Գիլիոտենը ոչ մի կապ չի ունեցել Ֆրանսիական հեղափոխության տարիներին մոլեգնած ահաբեկչության հետ: Սակայն Գիլիոտենի զավակները, սարսափելով, որ մահապատժի գործիքն ստացել է իրենց հոր անունը, 1814 թ. դոկտորի մահից հետո փոխեցին իրենց տոհմի ազգանունը:






ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԽՆՁՈՐ

Հաճախ ասում են, որ դրախտում Եվան կերավ իմացության խնձորը:


Աստվածաշնչի որևէ էջում չի հիշատակվում «խնձոր» անունով արգելված պտուղը: Այնտեղ Եվան օձին բառացիորեն ասում է հետևյալը. «Պարտեզի ծառերի պտղիցն ուտում ենք, բացի այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց` մի ուտեք նորանից և նորան մի դիպչիք, որ չմեռնիք»:
Ոչ ոք չգիտի, թե ինչպես պատահեց, որ այգու կենտրոնում կանգնած ծառը դարձավ խնձորենի: Այդ ծառը հավանաբար թզենին էր, որի տերևներով էլ իրենց մերկությունը ծածկեցին դրախտից վտարված Ադամն ու Եվան:
Ըստ երևույթին, Աստվածաշնչում խնձորը հայտնվել է հունական և կելտական դիցաբանությունների միջոցով: Այդ ժողովուրդների մոտ խնձորը սիրո աստվածուհու խորհրդանիշն էր, և քանի որ քրիստոնյաների համար սիրային հարաբերությունները երևի մեղք էին համարվում, արգելված ծառն էլ վերածվեց խնձորենու:




ՕՁԵՐ
Շատերը պնդում են, թե օձը լսում է սանձահարողի շվիի ձայնը:

Երբ օձերին սանձահարողն արաբական կամ հնդկական ինչ-որ շուկայում գետնին է դնում զամբյուղը, բացում կափարիչը և սկսում նվագել շվին, օձը սկզբում զամբյուղից դուրս է բերում գլուխը, իսկ հետո մարմինը և սկսում ոլորվել նվագարանի ձայներին համաչափ: Սակայն այդ ընթացքում սողունը ոչ մի ձայն էլ չի լսում:
Օձերն առհասարակ լսողություն չունեն: Եթե նրանք նույնիսկ ընկալում են ձայնային ալիքները, ապա միայն որպես երկրակեղևի տատանումներ (այլ ոչ թե` օդի): Կարելի է ասել, որ նրանք «զգում» են ձայները: Այնպես որ, օձը ոլորվում է ոչ թե ձայներին, այլ շվիի շարժումներին համաչափ:








ՄԱԶԵՐ
Շատերը պնդում են, թե մարդու մահից հետո նրա մազերը շարունակում են աճել:

Երբ վրա է հասնում մահը (ավելի ճիշտ, երբ դադարում է բաբախել սիրտը), դադարում է մարդու ողջ կենսագործունեությունը, այդ թվում՝ մազերի աճը, ինչքան էլ որ հաճախ պնդեն հակառակը:
Գաբրիել Գարսիա Մարկեսը «Սիրո և այլ դևերի մասին» վեպի նախաբանում նկարագրում է հետևյալը. «Գերեզմանաքարը քլունգի առաջին հարվածից բաժանվեց մասերի, և գերեզմանախորշից դուրս ցցվեց արևի ճառագայթների տակ շողացող կենդանի պղնձագույն մազերի մի ալիք»: Վեպը պատմում է մի աղջկա մասին, որի մազերը կտրել էին մահից քիչ առաջ: «Գերեզմանի պահակը բացատրեց ինձ, որ մարդու մազերը մեկ ամսում երկարում են 1 սմ-ով նույնիսկ մահից հետո»:
Պահակը ստում էր: Մարդու մազերն աճում են, քանի որ արմատում կատարվում է բջիջների բաժանում: Սրտի աշխատանքի դադարեցման հետ ընդհատվում է արյան մատակարարումը, մազերի արմատներն այլևս չեն ստանում սնունդ, և բջիջների բաժանումը կանգ է առնում:
Միակ բանը, որ կարող է թվալ, այն է, որ մահացածի կզակի վրայի մազերն աճել են մի քանի միլիմետրով: Իրականում նրանք չեն աճում. չորանում և սեղմվում է մահացածի մաշկը, և այդ պատճառով մազերը դառնում են ավելի նկատելի:




Մկները շատ բան են սիրում
ՄԿՆԵՐ ԵՎ ՊԱՆԻՐ
Հաճախ պնդում են, թե մկները պանիր շատ են սիրում:

Մկները շատ բան են սիրում՝ յուղ, վարսակի փաթիլներ, շոկոլադ, ձավարեղեն, խոզապուխտ և, ընդհանրապես, այն ամենը, ինչ կարող են գտնել խոհանոցում: Կենդանաբանները մկների մեջ հատուկ հակում հենց դեպի պանիրը չեն հայտնաբերել: Ըստ երևույթին, պանիր սիրող մկների մասին պատմվածքներն առաջացել են այն բանից, որ նախկինում խոհանոցներում և մառաններում հենց պանիր էին թողնում բաց տեղում, և այն դառնում էր քաղցած կրծողների գլխավոր ավարը:

Комментариев нет:

Отправить комментарий