ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ




Խորագիրը վարում է ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
 


ԽՍՀՄ-ում ամենաշատ պարգևներն ունեցել է Լեոնիդ Բրեժնևը (1906–82): Նրա պաշտոնական համազգեստին դժվարությամբ էին տեղավորվում չորս «Ոսկե աստղ» և մեկ «Մուրճ ու մանգաղ» մեդալները, «Հաղթանակ» բարձրագույն ռազմական շքանշանը, Լենինի 8, Հոկտեմբերյան հեղափոխության 2, Կարմիր դրոշի 2, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի, Կարմիր աստղի շքանշանները, ԽՍՀՄ 18 մեդալները, մարշալական 2 (բանակի գեներալի և ԽՍՀՄ մարշալի) ադամանդազարդ աստղերը, արտասահմանյան երկրների 42 շքանշանները և 29 մեդալները, ԽՍՀՄ պետական զինանշանի ոսկե պատկերով պատվո զենքը: 
Բացի վերոհիշյալ 5 ոսկե մեդալից, Բրեժնևը տանը պահում էր նաև 21 «Ոսկե աստղ» և 13 «Մուրճ ու մանգաղ» մեդալ: Դրանք մաքուր ոսկուց կրկնակներ էին, որ գլխավոր քարտուղարը պատվիրում էր մարշալական համազգեստի վրա պարգևների տեղադրությունը նորացնելու համար: Ոչ ոք չէր համարձակվում նրանից պահանջել հին շերտաձողիկները: 
1986 թ. Բրեժնևի հարազատները բոլոր պարգևները հանձնել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի շքանշանների պահուստարան:



Այբբենագրի ամենահին նմուշը` գտնված Ուգարիտում

ԱՅԲՈՒԲԵՆ

(*)
Այբբենագրի ամենահին նմուշը գտնվել է Ուգարիտում (այժմ` Ռաս Շարմա, Սիրիայում): Այն 32 սեպաձև տառերով կավե աղյուսակ է և թվագրվում է մ. թ. ա. մոտ 1450 թվականով:
(*)
Ամենահին տառը օ-ն է, որն անփոփոխ է մնացել այն տեսքով, որով եղել է փյունիկյան այբուբենում (մ. թ. ա. մոտ 1300 թ.):

(*)
Ներկայումս կիրառվում է 65 այբուբեն:
Տառերի ամենամեծ քանակը` 72, ունի քմերների (կամբոջացիների) լեզուն, իսկ ամենափոքրը` 11, ռոտոկաս լեզուն (Պապուա–Նոր Գվինեայի Բուգենվիլ կղզում):

(*)
Ամենամեծ թվով բաղաձայններ` 80-85, ունի ուբիխերենը (կովկասյան լեզու), իսկ ամենափոքր` 6, ռոտոկասը:

(*)
Ամենամեծ թվով ձայնավորներ` 55, ունի սեդանգ լեզուն (Կենտրոնական Վիետնամ), իսկ աբխազերենն ունի միայն 2 ձայնավոր:

(*)
Աշխարհի ամենամեծ տառերն ունեն 183 մ բարձրություն: Դրանցով գրված READYMIX(պատրաստի բետոն) գրությունը տեղադրվել է Արևելյան Բալադոնիայում (Ավստրալիա) 1971 թ.:






(*)
Երկաթուղով տեղափոխվող բեռի քաշը սահմանափակված է շարժակազմի հնարավորություններով:

Ամենամեծ բեռնամբարձությամբ ռելսային փոխադրանին գերմանական «Կրուպպ» ընկերության կողմից ամերիկյան երկաթուղիների համար 1981 թ. թողարկված 336-տոննանոց «Շնաբել»-ն է: Նա ունի 36 սռնի, 92 մ երկարություն և կարող է տեղափոխել 807 տ բեռ:


(*)
Երկաթուղով երբևէ տեղափոխված ամենածանր բեռը դարձել է Չեխիայի Մոստ քաղաքի` 1548 թ. կառուցված Կույս Մարիամ եկեղեցին: 1975 թ. 10700 տ քաշով այդ եկեղեցին ստիպված էին տեղափոխել, քանի որ նա հայտնվել էր ածխահանույթի շրջանում: Եկեղեցին ավելի քան 4 շաբաթում 2 մ/ժ արագությամբ տեղափոխվեց 730 մ:


(*)
Ամենաերկար և ամենածանր գնացքը կազմվել է ՀԱՀ-ում և բաղկացած էր 560 վագոնից` ձգվելով 7,302 կմ: Այն շարժման մեջ է դրվել 9 հատ 50-կիլովատտանոց էլեկտրաքարշի և 7 հատ դիզել-էլեկտրական լոկոմոտիվի միջոցով և անցել 861 կմ ճանապարհ: Շարժակազմի ընդհանուր քաշը 69393 տոննա էր:





ԿԻՆՈ


Սթիվեն Սփիլբերգ
Շիրլի Թեմփլ
(*)
Կինոբեմադրիչներից տարեկան ամենամեծ եկամուտն ունեցել է Սթիվեն Սփիլբերգը (ԱՄՆ), որը 2002 թ. վաստակել է 200 մլն դոլար:


(*)
Շիրլի Թեմփլը (ԱՄՆ, ծնվ. 1928 թ.) 7 տարեկանում դարձել է ամենաեկամտաբեր դերասանուհին և այդ կոչումը պահպանել է մինչև 1938 թ.:
Մերի Դրեսլեր

(*)
Ամենաեկամտաբեր տարեց դերասանուհին եղել է Մերի Դրեսլերը (Կանադա, 1868–1934), որն այդ կոչմանն է արժանացել 64 տարեկանում:
Հարիսոն Ֆորդ

(*)
100 մլն դոլարից ավելի հավաքած ֆիլմերում խաղացած դերերի քանակով առաջին տեղում է դերասան Հարիսոն Ֆորդը: Նա նկարահանվել է այդպիսի 15 ֆիլմում:






Ջուլյա Ռոբերտս
(*)
Դերասանուհիներից 100 մլն դոլարից ավելի հասույթ ունեցած ֆիլմերում ամենաշատ դերերը խաղացել է Ջուլյա Ռոբերտսը (ԱՄՆ), որը մինչև 2004 թ. փետրվարը նկարահանվել է այդպիսի 11 ֆիլմում:






ԼԵԶՈՒՆԵՐ
Ամենաշատ լեզուներ իմացողները


Սըր Ջոն Բաուրինգ
(*)
Պատմության մեջ ամենաշատ լեզուներ իմացողներն են համարվում իտալացի կարդինալ Ջուզեպպե Մեցոֆանտին (1774–1849), որը գիտեր 26 կամ 27 լեզու, դանիացի պրոֆեսոր Քրիստիան Ռասկը (1787–1832), սըր Ջոն Բաուրինգը (1792–1872) և նորզելանդացի դոկտոր Հարոլդ Ուիլյամը (1876–1928), որոնցից յուրաքանչյուրը գիտեր 28 լեզու:

(*)
Վերջին ժամանակների ամենանշանավոր բազմալեզվախոսը Ջորջ Հենրի Շմիդտն է (Ֆրանսիա, Ստրասբուրգ, 1914—1990), որը 1965–1971 թթ. գլխավորում էր ՄԱԿ-ի Եզրաբանական բաժանմունքը: ՄԱԿ-ի 1975 թ. մատենագիտական տեղեկագըրքում նշվում էր, որ նա խոսում է «միայն» 19 լեզվով և ժամանակ չունենալու պատճառով չի կարող «վերականգնել» ևս 12 լեզուն:

(*)
Վանկուվերի (Կանադա) դատարանի աշխատակից Փաուել Ջանուլուսն օգտվում էր 41 լեզվից:

(*)
Մեծ Բրիտանիայում ամենաշատ լեզու իմացողն է համարվում Ջորջ Քեմպբելը (1912—2004), որը ԲիԲիՍի-ում աշխատելիս օգտագործում էր 54 լեզու:


ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐ


(*)
Օդապարիկի վերելքի մասին առաջին հիշատակությունը կապված է հոգևորական Բարտոլոմեու դե Գուսմեուի (Պորտուգալիա) անվան հետ: Նրա ստեղծած օդապարիկը փակ շինությունում օդ է բարձրացել 1709 թ. օգոստոսի 8-ին:
(*)
Առաջին մարդը, որը թռել է օդապարիկով, ֆրանսիացի Ֆրանսուա Պիլոտրե դը Ռոզեն էր, որը 1783 թ. հոկտեմբերին 26 մ բարձրացավ Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրների կառուցած՝ տաք ծխով լցված «մոնգոլֆիերով»:
(*)
Օդապարիկով բոլորից արագ՝ 13 օր 8 ժ 33 րոպեում, Երկրագնդի շուրջը միայնակ թռել է Սթիվ Ֆոսեթը (ԱՄՆ) 2002 թ.:
(*)
Անօդաչու օդապարիկը հասել է 51815 մ բարձրության:
(*)
Օդաչուավոր օդապարիկով թռիչքի բարձրության ոչ պաշտոնական ռեկորդը՝ 37735 մ, պատկանում է Նիկոլաս Փիանտանիդային (ԱՄՆ, 1966 թ.): Վայրէջքի ժամանակ օդաչուն զոհվել է:
(*)
Պաշտոնական ռեկորդը՝ 34668 մ, սահմանել են Դ. Ռոսսը և Վ. Փրոթերը (ԱՄՆ) 1961 թ.:




ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ


Էրիխ Հարտման
Իվան Կոժեդուբ

(*) 
Ամենամեծ թռիչքաժամ ունեցող օդաչուն Ջոն Էդվարդ Լոնգն է (ԱՄՆ): 1933 – 1989 թթ. նա, ընդհանուր հաշվարկով, թռիչքի մեջ է եղել 53 290 ժ 5 ր, կամ, այլ խոսքերով, օդում է անցկացրել 6 տարի:
(*)
Ամենամեծ թվով ինքնաթիռներ է փորձարկել Ջեյմս Թեյլոր-կրտսերը: Նա 25 տարում յուրացրել է տարբեր ընկերությունների ստեղծած ինքնաթիռների 461 տեսակ:

(*)
Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահաջողակ օդաչուն մայոր Էրիխ Հարտմանն է (Գերմանիա), որը խփել է հակառակորդի 352 ինքնաթիռ: 1943 թ. նոյեմբերի 6-ին, Արևելյան ճակատում, ընդամենը 17 րոպեում նա խփել է 13 ինքնաթիռ: (Համեմատության համար. խորհրդային օդաչուներից ամենաշատը՝ 62, հակառակորդի ինքնաթիռ է խփել Իվան Կոժեդուբը:)
(*) 

Մասաչուսեթսում մշակված «Դեդալոս» ծրագիրը հաջողությամբ պսակվեց 1988 թ., երբ Կ. Կանելոպուլոսը Կրետեից մինչև Սանտորին կղզի (հեռավորությունը՝ 119 կմ) հաղթահարեց (մկանային ուժով) թևերի 34,1 մ բացվածքով ինքնաթիռով՝ ցույց տալով 29,7 կմ/ժ արագություն:




ԶԱՆԱԶԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ


Սյուզան Մոնտգոմերի Ուիլյամս
(*)

Ծամոնից փչված ամենամեծ փուչիկի տրամագիծը եղել է 55,8 սմ: Ռեկորդը սահմանել է Սյուզան Մոնտգոմերի Ուիլյամսը (ԱՄՆ):

(*)
Հնդիկ ֆակիր Մ. Բապուն 22 տարի (1960–82) չի հեռացել Չիտրա գյուղի ճանապարհի մոտի նույն տեղից:


(*)
Քևին Սենտ-Օնջը (ԱՄՆ) սովորական խաղաթուղթը նետել է 56,41 մ:


(*)
Դ. Սփարոուն (ԱՄՆ) կարողացել է միայնակ կառավարել 48 ձիուց բաղկացած լծվածքը: Առջևի սանձափոկն ունեցել է 41 մ երկարություն:

(*)
Շամպայնով լի գավաթներից սարքած շատրվանի հարկերի ամենամեծ թիվը 44-ն է: 7,52 մ բարձրությամբ այդ շատրվանը կառուցվել է 10404 բարձրաոտք սովորական գավաթներից: Ռեկորդը սահմանել է Պ. Լեկլերկը 1984 թ., Լոս Անջելեսի (ԱՄՆ) «Բալթիմոր» հյուրանոցում:


(*)
Ծափահարելու տևողության ռեկորդը (58 ժ 9 ր) սահմանել է Վ. Ջեյարամանը (Հնդկաստան) 1988 թ.: Ծափերի քանակը 1 րոպեում 160-ից պակաս չէր, և դրանք լսելի էին 109,7 մետր հեռավորության վրա:



ԲԱՌԵՐ
Արիստոֆանես
(*)
Ամենաերկար բառերը: Ամենաերկար բառերի թվին են պատկանում միասին գրված բառերի շղթաները, որոշ բարդ և կցագիր բառերը, միայն տվյալ դեպքի համար օգտագործվող բառերը: Օրինակ, Արիստոֆանեսի (մ. թ. ա. IV դ.) «Կանայք ժողովրդական ժողովում» կատակերգության մեջ կա 182-տառանոց բառ, որը 17 քաղցր ու թթու բաղադրիչներից և կտրտած մսից պատրաստվող կերակրատեսակի անուն է:

(*)
Ամենաերկար գիտական անվանումը: Մարդկային միտոքոնդրիաների ԴՆԹ-ի դասակարգման անվանումը պարունակում է 16569 նուկլեոտիդային մնացորդի անվանում և, այդպիսով, բաղկացած է 207 հազ. տառից: 1981 թ. ապրիլի 9-ին այն տպագրվել է Nature (
«Բնություն») ամսագրում:

(*)
Ամենատարողունակ բառը: Լեզվական տեսակետից ամենահետաքրքիր բառն իսպաներենի ֆուեգիական բարբառի mamihlapinatapai բառն է, որը նշանակում է «մեկը մյուսին նայել այն հույսով, որ երկուսից մեկը կառաջարկի կատարել այն, ինչը երկու կողմն էլ ցանկանում է, բայց ոչ մեկը դա անելու տրամադրություն չունի»:



ԳԻՆԵՍԻ ԳՐՔԻՑ. բժշկական արտասովոր փաստեր


    Երկվորյակներ. Ctrl + C, Ctrl + V :-)
  •  Նույն ընտանիքում երկվորյակների ամենաշատ ծնունդները: Ռոյ ընտանիքի (Կանադա) 3 անդամ անընդմեջ ունեցել է երկվորյակներ: 1951 թ. ծնված Ջոյս Ռոյը, որն ինքը ևս երկվորյակ էր, 1973 թ. ծնել է Դիանա և Քերոլ երկվորյակ քույրերին: 1999 թ. Դիանան ծնել է Դերեկ և Ռիկ երկվորյակ եղբայրներին, իսկ 2001 թ. Քերոլը` Քելլի և Էշլի քույր և եղբայր երկվորյակներին:


  • Ընտանիքի տարբեր սերունդների ամենաշատ ծնունդները փետրվարի 29-ին: Փաստաթղթերով հաստատված է, որ Քեոգների ընտանիքի 3 սերնդի ներկայացուցիչներ ծնվել են փետրվարի 29-ին. Փիթեր Էնտոնի Քեոգը (ծնվ. 1940 թ., Իռլանդիա), նրա որդին` Փիթեր Էրիկը (1964, Մեծ Բրիտանիա) և թոռնուհին` Բեթանի Վելսը (1996, Մեծ Բրիտանիա):
  • Տարբեր սերունդների նույն օրը ծնված ամենաշատ ներկայացուցիչներ: Այս ռեկորդը պատկանում է 4 ընտանիքի.
  1. Ռալֆ Ուիլյամսը (ԱՄՆ) ծնվել է 1982 թ. հուլիսի 4-ին, ինչպես նրա հայրը, պապը և հոր պապը (1876):
  2. Վեերա Տուուլիա Կիվիստեի (1997 թ., Ֆինլանդիա) ծննդյան օրը` մարտի 21-ը, համընկնում է մոր (1967), պապի (1940) և պապի հոր (1903) ծննդյան օրվան:
  3. Մորին Վեռները (1998, ԱՄՆ), մայրը (1970), պապը (1938) և պապի մայրը (1912) ծնվել են հոկտեմբերի 13-ին:
  4. Օգոստոսի 23-ին են ծնվել Ջեյկոբ Հիլդեբրանդը (2001, ԱՄՆ), հայրը (1966), տատը (1944) և տատի մայրը (1919):


Խորագիրը վարում է 
ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий