суббота, 29 сентября 2012 г.

ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ


«ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ

Արդեն 18 տարի է՝ գոյություն ունի «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը: Այդ տարիների ընթացքում նրա միջոցով բազմաթիվ նորակազմություններ են կյանք մտել, հավանության արժանացել: Հիշենք մի քանիսը միայն.խառնագիր, երբ բառի տառերը խառը կարգով են գրվում: Նույնտառիկ կամ գրաշրջում (անագրամա), երբ բառի բոլոր տառերից տեղափոխմամբ կազմվում է նոր բառ, օրինակ՝ մարզանք - զարմանք, կտակարան - կարկատան - նկարատակՆկարելուկ-ը ռեբուս օտար բառի հայերեն համարժեքն է՝ ավելի ընդհանրական իմաստով: («Ի՞նչ ես նկարելուկներով խոսում»:) Դարձգիր (պալինդրոմ), երբ բառը կամ արտահայտությունը երկու կողմից կարդալիս նույն բանն է ստացվում, օրինակ՝ կատակ, Տաճատ, մուծում, մեծ եմ: Մենակ կատակ կանեմ: Իշխան, սաթե թաս նախշի: Մեռավ նորեկ ծառա Ներոնը. նորեն առած կերոն՝ վառեմ: Արա իմ, առած դրամ՝ քաղաքեքաղաք մարդ ծառա մի արա: Նույնիսկ գրել եմ փոքրիկ ոտանավորներ, որոնց բոլոր տողերը, աջից և ձախից կարդալիս, նույնն են. օրինակ՝
Նազա՛ն,
Եթե
Սեր ես,
Ծառադ դառած
Քաղաքեքաղաք
Քնար ածեմ ու մեծարանք
Կանեմ մենակ,
Սերամա՜հ եթե համարես,
Ապա մեռած ծառ եմ, ապա
Կա մահը համակ՝
Անխնա:
Շատ սովորական բառեր են կազմվել և տարածվել, որոնցից յուրաքանչյուրը լեզվաբանական որևէ խնդրի, առաջադըրանքի անուն է, օրինակ՝ բառաբուրգ, բառաշտարակ, բառագումար, բառաշղթա, տառաբավիղ, բառաբավիղ, բառաստիճան, հաշվելուկ, մտածելուկ, սուտասելուկ, բառհանելուկ, տառհանելուկ և այլն և այլն:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում երկու բառի վրա՝ խնդուկ և խնդմնդուկ: Այս բառերը բավականին վեճերի տեղիք են տվել՝ իբր սխալ կազմություններ, իբր կան դրանց համարժեքները՝ անեկդոտ, խնդուք և այլն:
Նախ՝ տեսնենք, թե հայերենում կա՞ն նման կարգով ստեղծված բառեր, այսինքն՝ բայարմատի վրա ուկ վերջածանցի ավելացումով ստեղծված նոր բառեր: Հենց այս սկզբունքով են կազմվել խնդուկ և խնդմնդուկ բառերը՝ խնդալ + ուկ և խնդմընդալ + ուկ: Ընդ որում, խնդմնդալ նշանակում է «քթի տակ ծիծաղել», հետևաբար՝ ծիծաղել, այսինքն՝ այն, ինչ շատ բնորոշ է անեկդոտին:
Դիտարկենք այդ սկզբունքով կառուցված մի քանի բառ (գոյականներ): Ասենք, որ դրանք բավականին շատ են:
Բերուկ «քամու, ջրի հոսանքով բերված հող, ավազ» և այլն (բերել բայից՝ ուկ վերջածանցով):
Մնացուկ – «մշակելուց հետո ավելացածը, մնացորդը» (մնալ բայից):
Պատրաստուկ – «ուսումնասիրության համար պատրաստված քիմիական նյութ» (պատրաստել բայից): Կա նաև պատրաստուք ձևը, որ նշանակում է նախնական մշակման ենթարկված հումք: Այսինքն՝ լեզուն տարբերակել է ուկ և ուք ածանցներով բառերը, ինչպես և մենք՝ խնդուկ և խնդուք: Վերջինս նշանակում է ծիծաղ, քրքիջ, խնդություն, ցնծություն, բայց ոչ երբեք՝ անեկդոտ:
Մզուկ – «մզած հյութը, քամվածք» (մզել բայից):
Քաշքշուկ – «քաշքշելը, ձգձգում, հետաձգում» (քաշքշել բայից):
Կապուկ – «միատեսակ իրերի միասին կապված փունջ, տրցակ» (կապել բայից):
Կաթուկ – «շատ հասած և ծառից վայր ընկած պտուղ» (կաթել բայից):
Հատուկ խումբ են կազմում լեզվատրամաբանական զանազան առաջադրանքների հին և նորաստեղծ անվանումները:
Նկարելուկ – նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցությամբ ծածկագրված բառեր կամ արտահայտություններ, որոնք համապատասխան միջոցներով ենթակա են վերծանման:
Գլուխկոտրուկ – դժվարին խնդիր, հանելուկ, որի լուծման համար պետք է ունենալ մեծ հնարամտություն ու դատողականություն:
Մտածելուկ – վերլուծելով ու հետևություններ անելով, դատելով ու կշռադատելով, ծանրութեթև անելով, մտմտալով, մտովի պատկերացնելով, երևույթները զուգադրելով լուծվող առաջադրանքների տեսակ:
Շուտասելուկ – նմանահունչ բառերից կազմված ասույթ, որը արագ ասել դժվար է, և արտասանողը հաճախ սխալվում է՝ ծիծաղելի աղավաղումներ կատարելով: Օրինակ, «Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր»:
Սուտասելուկ – կատակային բնույթի, հիմնականում չափածո փոքրիկ ստեղծագործություն, որի մեջ գլխավոր դերում պոզով-պոչով սուտն է: Օրինակ.
Ես ունեմ մի հայելի՝
Արմանք-զարմանք նայելի.
Հենց նայում եմ ես նրան՝
Գլխիվայր է ամեն բան:
Որ ամեն ինչ լինի ճիշտ,
Որ նա ցույց տա ինչպես միշտ,
Հենց գալիս եմ կամ գնում՝
Գլխի վրա եմ կանգնում:
Հաշվելուկ – փոքրիկների հետ բարձրաձայն ասվող ոտանավոր՝ նրանց հաշվել և արտասանել սովորեցնելու նպատակով: Օգտագործվում է նաև մանկական խաղերում դերերը բաշխելու համար (ռուսերեն считалка բառի համարժեքը): Որպես օրինակ, ներկայացնենք այս գրքի խմբագիր Հրանտ Վարդանյանի հաշվելուկը.
Մեկ, երկու, երեք
Լուսերեսին ներս բերեք,
Չորս, հինգ, վեց,
Լուսերեսը հայտնվեց:
Յոթ, ութ,
Ձեռքին ունի մի սև թութ,
Սևացել են քիթ-մռութ:
Ինը, տասը,
Բերեք թասը,
Քիթ մռութը լվանանք,
Լույս երեսով հիանանք:
Հանելուկ – այլաբանական կարճ նկարագրություն որևէ առարկայի կամ երևույթի, որ պետք է իմանալ, լուծել:
Բառհանելուկ կամ տառհանելուկ – հանելուկի տեսակ, որի լուծման առարկան բառն է կամ տառը: Օրինակ.
Ի՞նչն է, ի՞նչը.
Փոշու մեջ է, շան՝ առջևում:

(Խոսքը «շ» տառի մասին է:)
Ինչպես տեսնում ենք, ինչպես այս բառերն ունեն գոյության իրավունք, այնպես էլ մեր խնդուկն ու խնդմնդուկը՝ որպես կարճ, զվարճալի, սրամիտ պատմվածք՝ ծիծաղաշարժ կամ արտասովոր որևէ դեպքի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий