ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ՝ ԱՎՈՆ, ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Վայսիլիա քաղաքում: Արմատներով խարբերդցի է: Սովորել է տեղի և ճապոնական Օսակա քաղաքի դպրոցներում, Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում: Մասնագիտությամբ հնագետ էր: Տիրապետում էր անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ճապոներեն, թուրքերեն լեզուներին: Համալսարանի քառամյա ծրագիրը 2,5 տարում ավարտելով՝ դիմում է Օքսֆորդի համալսարան, ապա մեկնում Լիբանան՝ հայերեն սովորելու:
1990 թ., համոզվելով, որ «օտար երկիրը հայրենիք չէ»՝ գալիս է Հայաստան: Հանդիպում և ամուսնանում է 12 տարի իրեն սպասող լիբանանցի հայուհու՝ Սեդա Գապրանյանի հետ: 1991 թ. Արցախում և Հայաստանում ինքնապաշտպանական կռիվները նոր թափ են ստանում: Մոնթեն կազմավորում է մոտ 20-հոգիանոց ռազմականացված խումբ, անվանելով այն «Հայրենասիրական ջոկատ»: 1992 թ. փետրվարից տեղափոխվում է Մարտունի և դառնում զինվորական շտաբի պետ: Շուտով հռչակվում է Արցախի հանրապետությունը, կազմավորվում է ազգային բանակ: Մոնթե Մելքոնյանը նշանակվում է Մարտունու ինքնապաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար՝ մեծ լիազորություններով:
Սկսվում է Մոնթեի առասպելը: Հպարտ արցախցին նրան հարազատացնում է՝ անվանելով Զորավար Ավո: Լեռնային արծվի պես, իր հանդուգն թռիչքներով, նա ոչնչացնում էր թշնամու կրակակետերը, գրավում զենքն ու զինամթերքը:
1993 թ. փետրվարին վերսկսվում են հարձակումները Մարտակերտի ուղղությամբ: Մարտին Զորավար Ավոն արդեն հասել էր Մարտակերտի սահմաններին: Ռազմական արվեստի մի փայլուն օրինակ էր նրա կողմից մարտի 27-ին Վայկունիքի (Քարվաճառ) ազատագրումը:
...Հունիսի 12-ին, Աղդամի մոտ գտնվող Մարզիլի գյուղի կրակակետերը վերացնելիս, դիրքերն անձամբ ստուգելու ժամանակ, թշնամու դարանակալ զրահամեքենայից կրակեցին: Հրթիռի բեկորը կպավ կիսավեր տան պատին և հետ թռավ Մոնթեի քունքին: 36 տարեկանում զոհվեց քաջարի հայորդին՝ Արցախյան 5-ամյա պատերազմի բարձր հրամանատարական կազմի առաջին մեծ զոհը:
Ժողովրդական այնպիսի սիրո, ինչպիսին Զորավար Ավոյի հանդեպ տածվածն էր, շատ քչերն են արժանանում: Նրա հերոսությունն Արցախի փառքը հասցրեց համաշխարհային ճանաչման:
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ |
Այսօրվանից սկսած՝ պարբերաբար կներկայացնենք Ավոյի մարտական ընկեր, այն օրերին պաշտպանական շրջանի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշերը Մոնթե Մելքոնյանի մասին:
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ)
Մոնթեն եկավ Արցախ՝ Մարտունու պաշտպանական շրջան, 1992 թ. փետրվարի 3-ին: Եկավ Հադրութից, ԿԱՄԱԶ ավտոմեքենայով, մի խումբ ընկերների հետ՝ փոքրիկ ջոկատով: Մեքենան բարձած էր աղի տոպրակներով և պետք է գնար Ստեփանակերտ: Սխալմամբ Մոնթեի բերած տոպրակով 800 հատ փամփուշտները մնացել էին ԿԱՄԱԶ-ի մեջ, իսկ փոխարենը իջեցրել էին աղի տոպրակ: Ես այն ժամանակ կատարում էի շտաբի պետի պարտականությունները: Վազգեն Սարգսյանի գրությունը ներկայացնելուց հետո (նա ուղարկվում էր ազատ գործողությունների համար՝ այդպես էր գրված գրության մեջ), նա անմիջապես հարցրեց կողքի ընկերոջը փամփուշտների մասին: Պարզվեց սխալմունքը: Տեսնել էր պետք, թե ինչպիսի համառությամբ ու հաստատակամությամբ էր նա զանգում Ստեփանակերտ՝ փամփուշտները հետ վերադարձնելու: Միայն վերջնականապես համոզվելով, որ հետ կստանա, նա թեթևացած սրբեց ճակատի քրտինքի կաթիլները, և նրա դեմքին երևաց յուրահատուկ ժպիտը: Ես նրան չէի ճանաչում, բայց այդ պահից զգացի նրա ներկայության խիստ անհրաժեշտ լինելը մեր շրջանում: Այդպես էլ եղավ…
***
Մոնթեն, որպես պաշտպանական շրջանի հրամանատար, իսկ ես, որպես նրա՝ թիկունքի գծով տեղակալ, համատեղ սկսեցինք գործել 1992 թ. ապրիլի 5-ից: Մինչ այդ նրան ոչ թե չէին աջակցում, այլ խանգարում էին թիկունքի հետ կապված շատ հարցերի լուծման կապակցությամբ: Ինձ առաջարկեց օգնել թիկունքի կազմակերպման հարցերում: Ես համաձայնեցի՝ պայմանով, որ նա ինձ չխանգարի այդ հարցերում: Նա, կարծես թեթևացած, վրա բերեց.
– Այ մարդ, ես ալ այդ կուզիմ:
Ես հիմա էլ ուրախությամբ եմ հիշում, որ համատեղ գործունեության ընթացքում փոխվստահությունը միշտ էլ առկա էր, և այն ճեղք չտվեց երբեք:
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթ, 2004 թ.
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթ, 2004 թ.
Комментариев нет:
Отправить комментарий