Շարունակում ենք ներկայացնել Ավոյի մարտական ընկեր, այն օրերին պաշտպանական շրջանի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշերը Մոնթե Մելքոնյանի մասին:
Ավոն երբեմն ոչ միայն ժամերով, այլև օրերով էր մոռանում սննդի մասին: Խառն էր իրավիճակը, և նա անընդհատ մի տեղից մյուսն էր գնում, թևավորում զինվորներին, լուծում հրատապ հարցեր: Ճաշարանից ինձ ասացին, որ նա մի քանի օր չի սնվել՝ քեզ կլսի, ասա, թող գա ճաշարան:
– Ավո, գիտես, որ քո պատճառով չեմ սնվել, քեզ էի սպասում, որ միասին ճաշենք (այդպես դիմեցի, որ չհրաժարվի):
– Իսկապե՞ս, ես ալ կարգին սոված եմ,– կարծես մեկեն հիշելով ասաց նա,– արի, արի գնանք ճաշելու:
Ճաշարանի աշխատակիցները, հաշվի առնելով, որ նա երկար ժամանակ չէր սնվել, կրկնակի բաժին էին բերել: Նա աչք գցելով կողքի սեղաններին սնվող զինվորներին, նկատեց, որ իր բաժինը զինվորների բաժնից ավելին է:
– Շուտ վերցրու այն, ինչը որ ավելորդ է, թանկագին,– դիմեց նա խոհարարին,– ինչի՞, ամենաբկլիկը ե՞ս եմ, ինչ է:
***
1992 թ. հուլիսն էր, արցախյան պատերազմի առավել ծանր պահերից մեկը: Ընկել էր Մարտակերտը, զգում էի, որ շատ դժվար կլինի երկար դիմակայել, եթե լուրջ հակաքայլեր չձեռնարկվեն: Ավոյի հետ նստած էինք ճաշասեղանի մոտ:
– Ավո, ե՞րբ կվերջանա այս պատերազմը,– ընկճված հարցրի նրան:
– Է՜, ուշ կվերջանա,– անփութորեն նետեց նա:
Ես ավելի ընկճվեցի, մտածում էի, հազիվ թե կարողանանք դիմանալ:
– Ո՞ր պատերազմի մասին կխոսես,– նայելով ինձ՝ հարցրեց նա:
Ես ապշած նայեցի նրան: Մտածում էի՝ կատակելու ժամանակ է գտել:
– Եթե արցախյան պատերազմի մասին կհարցնես, ապա այն շուտ կվերջանա, 1–2 տարուց,– շարունակեց նա:
Ես ավելի զարմացա, ուղղակի ապշեցի:
– Բա դու ո՞ր պատերազմը նկատի ունեիր, Ավո:
– Հայության կռիվը. Ջավախք կա, Նախիջևան, Թուրքիա…
– Վառ երևակայություն ունես, Ավո, բան չունեմ ասելու:
– Զարմանալի մարդիկ եք, տո,– զարմանալու հերթը նրանն էր,– մի քանի տարի առաջ ո՞վ կմտածեր, որ խորհրդային այդ հզոր երկիրն այդքան արագ կփլվեր: Թուրքիայում էլ, օրինակ, ճնշված շատ ազգություններ են ապրում: Ներսից կանոնավոր նպատակային գործելու դեպքում հնարավոր է փլել այն,– վստահ վրա բերեց նա:
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթ, 2004 թ.
Комментариев нет:
Отправить комментарий