ՄԻ ՓՈՔՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ



«9-րդ ՀՐԱՇԱԼԻՔԸ» հայկական լեզվաբանական, մշակութային, զվարճալի, ժամանցային շաբաթաթերթ է։ Հիմնադրվել է 1994 թվականին։ Հիմնադիր և հրատարակիչ` «9-րդ ՀՐԱՇԱԼԻՔ» ՍՊԸ։ Տպաքանակը` 3000 օրինակ։ Մինչև այսօր լույս է տեսել ավելի քան 565 համար։ Թերթի կարգախոսն է Մուշեղ Իշխանի հետևյալ միտքը. «Հայ լեզուն տունն է հայուն»։ Թերթում մշտապես անցկացվում են մրցույթներ, խաղարկվում են մրցանակներ` առաջադրանքները ճիշտ լուծողների միջև։
Խմբագրության հասցեն` ք. Երևան, Գր. Լուսավորչի փող., 15 շենք, 3-րդ հարկ: Հեռ.` +37410 589299:




Պատմություն

Լույս է տեսնում 1994 թ. հոկտեմբերից։ Թերթը հիմնադրել է Վաչագան Սարգսյանը, որը թերթի անփոփոխ գլխավոր խմբագիրն է։ Սկզբնական շրջանում թերթում տպագրվում էին բացառապես խաչբառեր,գլուխկոտրուկներ, խաղեր և նմանատիպ այլ նյութեր։ Հետագայում «9-րդ ՀՐԱՇԱԼԻՔՈՒՄ» սկսեցին հրապարակվել այլ նյութեր ևս` լեզվաբանական, երգիծական, վերլուծական, հրապարակախոսական հոդվածներ, գրական ստեղծագործություններ և այլն։ «9-րդ ՀՐԱՇԱԼԻՔ» շաբաթաթերթը սկզբնական փուլում պատրաստվում էր գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի և Հայկ Սարգսյանի ուժերով։ Տարիների ընթացքում խմբագրակազմն ընդլայնվեց, այնտեղ սկսեցին աշխատել խմբագիրներ Հրանտ Վարդանյանն ու Արտաշես Թադևոսյանը, էջադրողներ Լիանա Ավագյանը, Հեղինե Ասլանյանը, Ալեն Խանբեկյանը, համակարգչային բաժնի աշխատող Նարինե Գևորգյանը, գրական աշխատող Անահիտ Խաչատրյանը, տնօրեն Հովհաննես Սարգսյանը։ Թերթի գլխավոր հաշվապահն է Ռաֆիկ Ասլանյանը։ 1998–2001 թթ. «9-րդ ՀՐԱՇԱԼԻՔ» ՍՊԸ-ն հրատարակում էր նույն ուղղվածության ռուսերեն "9-ое чудо" թերթը, որի առաջին գլխավոր խմբագիրը Շիրակ Էլբակյանն էր։ 1999-2001 թթ. "9-ое чудо" թերթի գլխավոր խմբագիրը Արտաշես Թադևոսյանն էր։


Մշտական խորագրերը


  • Հայերենը ափի մեջ

  • Սխալ և ճիշտ (ներկայացվում են հանրապետության մամուլից և այլ լրատվամիջոցներից քաղված լեզվական աղավաղումներ, բերվում են դրանց մեկնաբանություններն ու ճիշտ ձևերը)

  • Օտարները և մենք հայերի մասին

  • Զարմանահրաշ իննյակ (ներկայացվում են անսովոր փաստեր, տվյալներ տարբեր բնագավառներից)

  • Հայկական ասույթների հանրագիտարան (ներկայացվում են հայ հեղինակների ստեղծագործություններից քաղված ասույթներ, որոնք հետագայում պետք է հրատարակվեն առանձին գրքով)

  • Խնդուկներ (անեկդոտներ)

  • Ծիծաղի ասուլիս (ներկայացվում են երգիծական մանրապատումներ, ժպիտներ, հումորեսկներ, իրական կյանքից վերցրած միջադեպեր, փշոտ մտքեր և այլն)
  • Խճանկար
  • Աշխարհագրական ստուգաբանություն (ներկայացվում են աշխարհագրական տարբեր օբյեկտների անվանումների ծագման ստուգաբանությունները)
  • Ստեղծագործում են մեր ընթերցողները և երիտասարդները
  • Մարդը սխալական է (ներկայացվում են այնպիսի մոլորություններ, որոնց թվացյալ ճշմարտացիությունն ընդունել ենք առանց կասկածի)
  • Քչերին է հայտնի... (ներկայացվում են տարբեր երկրներում գործունեություն ծավալած հայ գործիչներ, որոնք մեծ ավանդ են ունեցել տվյալ երկրի և համաշխարհային մշակույթում, պատմության, քաղաքականության, սպորտի, գործարարության մեջ և այլ բնագավառներում)
  • «9-րդ հրաշալիքի» տեղեկատու (ներկայացվում են զանազան տեղեկություններ տարբեր բնագավառներից` ցանկերի տեսքով, օրինակ` Ամենայն հայոց կաթողիկոսներ, Հայոց արքաներ, Հայաստանի թռչուններ, բույսեր, գետեր, լեռներ, օտարազգի հայագետներ, խաղողի տեսակներ և այլն)
  • Մանկական էջ (ներկայացվում են երեխաներին ուղղված բազմաբնույթ նյութեր` պատմվածքներ, բանաստեղծություններ, հանելուկներ, խաչբառեր, գլուխկոտրուկներ, խաղիկներ, խնդիրներ և այլն։
  • - Խոսում են երեխաները (ներկայացվում են փոքրիկների սրամիտ, միամիտ, անմիջական խոսքերը)
  • - Ստեղծագործում են երեխաները
  • Հայկական խաչբառ (սա «9-րդ հրաշալիքի» հեղինակային խաչբառն է, որի հեղինակը գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանն է։ Հայկական խաչբառ կա թերթի յուրաքանչյուր համարում)
  • Նկարելուկներ (սրանք նույն ռեբուսներն են։ Յուրաքանչյուր համարում կարելի է գտնել նկարելուկային առնվազն երկու առաջադրանք)
  • Ճապոնական նկարչություն
  • Բազմազան մրցանակային խաչբառեր, գլուխկոտրուկներ, խաղեր և այլն

Մշտական հեղինակները


  • Վաչագան Ա. Սարգսյան (հրապարակախոսական, լեզվաբանական հոդվածներ, չափածո և արձակ ստեղծագործություններ, հայկական և այլ խաչբառեր)

  • Արտաշես Թադևոսյան («Զարմանահրաշ իննյակ», «Մարդը սխալական է» խորագրեր, խաչբառեր, գլուխկոտրուկներ, նկարելուկներ)

  • Հրանտ Վարդանյան (նյութեր, բազմազան խաչբառեր)

  • Արա Դիլանյան (նյութեր, բազմազան խաչբառեր)

  • Սոս Ազիզյան (հումորային, երգիծական նյութեր)

  • Հրանտ Հորիզոն (Ղազարյան) (հումորային, երգիծական նյութեր)

  • Գուրգեն Լոռեցի (Բալայան) (հումորային, երգիծական նյութեր)
  • Յուրի Ազիզյան (խաչբառեր, ասույթներ)
  • Էդգար Բազինյան (խաչբառեր)
  • Հակոբ Մանուկյան (խաչբառեր)
  • Սուրեն Մարտիրոսյան (նյութեր, խաչբառեր)
  • Գայանե Աթանյան (չափածո և արձակ ստեղծագործություններ)
  • Գրիգոր Գևունց (Գևորգյան) (չափածո և արձակ ստեղծագործություններ, հումորային, երգիծական նյութեր)

Комментариев нет:

Отправить комментарий