понедельник, 26 декабря 2011 г.

ՏԱՐԻՆ ՏԱՐՎԱ


Ահա և Նոր տարին: Մի շարքային Ամանոր:
Իբր հանրագումարի, ամփոփման, եզրակացությունների վերջնադուռ և նպատակների, ծրագրերի նախադուռ միաժամանակ:
Նոր տարին ամեն օր է այս առումով, նույնիսկ ամեն ժամ և ամեն պահ: Եվ ինչքա՜ն հեքիաթ ենք հորինում այս մեղսավոր Երկրի վրա, զմայլանքով ինքներս մեզ խաբում` երեխայից էլ միամիտ:
Մեր կյանքն ընդամենը մեկ ակնթարթ և այդ ակնթարթի մեջ նորտարիների մի ամբողջ շարան, այդ ակնթարթի մեջ պատերազմներ ու արհավիրքներ, մի կտոր հացի համար գզվռտոց, հանուն հաճույքի ու փառքի ամեն առաքինության անտեսում մահատարած:
Մի ակնթարթ կյանքի մեջ բոլորս կանք և չկանք միաժամանակ, բոլորս ուրախ ենք և տխուր միաժամանակ, բոլորս ատում և սիրում ենք միաժամանակ, բոլորս ապրում ու մեռնում ենք միաժամանակ:
Պարզ է, որ ոչինչ չես փոխի, բայց կարող ես փոխվե՛լ: Կարող ես Սերն առաջ գցել և Ատելությունը շղթայել քո ներսում, կարող ես նվիրել և ոչ` խլել, երջանկացնել և ոչ` զրկել վերջին հույսից: Սակայն սա էլ է այսպես մի մասի համար և հակառակը` մյուսի: Սա էլ չես փոխի:
Ապրում ենք: Փա՜ռք Արարչին, որ միտք ունենք և սիրտ, որ դեպի Արարիչը ճանապարհ փնտրող ենք և այդ ճանապարհը հենց մենք ենք, որ կանք: Այս անվերջանալի կայծկլտումների շարանում պեծին-պեծին ծնվում ենք ու մարում` հաջորդին տալով մեր սերն ու թախիծը, ատելությունն ու ահը:
Ահա մի Նոր տարի ևս, մի շարքային Ամանոր ևս. քիթ քթի տվեցինք, իրար ձեռք սեղմեցինք, նա գնաց, մենք մնացինք, կամ` նա մնաց, մենք գնացինք:
Շնորհակալ ենք, որ եկար:
Շնորհավորենք միմյանց, որ եկար, որ էլի գալու ես: Շնորհավորենք քեզ, Նոր տարի, որ մեզ ողջ ու առողջ տեսար, որ քեզ խինդով ու գինովցած դիմավորողներ տեսար:
Շնորհավորենք հավերժական Էությանը, որ քեզ նոր դարձրեց իր ծնունդով, այդ ծնունդը շնորհավորենք:
Շնորհավորենք մեր նորոգ Հույսը, որ մեզ տանում է դեպի հավերժը, որ այդ ճանապարհին մանրախնդիր ցավերը և հետաքրքրությունները հետ են մնում, և մենք մաքուր ու ազնիվ մտնում ենք Նոր տարի:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий