Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ,
որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից
Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է աստղ բառից: Աստղ-ը բնիկ հայերեն բառ է՝ ծագած հնդեվրոպական ster ձևից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարեն՝ աստեր, սանսկրիտերեն՝ սթար, պահլավերեն՝ սթար, իտալերեն՝ ստելլա, ֆրանսերեն՝ աստրե, իսպաներեն՝ աստրո, գերմաներեն՝ շտերն, անգլերեն՝ սթար և այլն: Այլ լեզուներում էլ աստղ բառից կազմվել են անձնանուններ. օրինակ՝ իտալական Ստելլա-ն:
Իբրև սովորական իգական անուն հնում գործածական չի եղել, այլ հատուկ էր միայն աստվածուհուն: Առաջին անգամ 15-րդ դարում է գործածվել իբրև սովորական անուն, իսկ այժմ շատ տարածված է:
Հայոց մեջ Աստղիկը համարվել է սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին: Համարվել է Վահագնի սիրեցյալը, համապատասխանում է հույների Աֆրոդիտեին և ասորիների Կաուկաբթա աստվածուհուն, որ բառացի նշանակում է «աստղիկ»:
Ըստ Ղ. Ալիշանի՝ հայոց երրորդ դիցուհին է (Անահիտից և Նանեից հետո): Մեծարվել է, և թերևս ամենից սիրելին ու ամենից ազգայինն է: Հայկական անվանմամբ Աստղիկը համարվում է Նոյի դուստրը՝ ծնված ջրհեղեղից հետո:
Տիգրան Մեծը Հունաստանից բերել է տալիս Աֆրոդիտեի անդրին, և սկսում են պաշտել այդ կուռքը որպես Աստղիկ: Դրա հետևանքով Աֆրոդիտեի և Աստղիկի պաշտամունքները խառնվում են իրար, և Աստղիկը համարվում է ցանկասիրության դիցուհի: Այդ պատճառով էլ Գրիգոր Լուսավորիչը կործանում է Աշտիշատի նրա մեհյանը: Լուսավորիչը կործանում է ոչ միայն նրա, այլև սիրո և մայրության աստվածուհի Անահիտի, Վահագնի ու Արամազդի և այլ աստվածների սրբատեղիները: Մինչ հունական խայտառակ անդրիի բերվելը Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երևում, և, ըստ անունի, նա լուսավոր ու պայծառ մի էակ էր՝ նույնացված Լուսաբեր (Արուսյակ) մոլորակի հետ: Հետագայում դարձել է ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ: Նա ոսկեծղի էր և վարդամատն. հայերը նրան վարդեր էին նվիրում, որտեղից էլ՝ Վարդավառի տոնախմբությունը: Տոնը կատարվում էր Նավասարդ ամսին: Տոնը սկզբնապես կապված է եղել ջրի և պտղաբերության պաշտամունքի անձնավորում Աստղիկի հետ: Տոնի ժամանակ մեր հեթանոս նախնիները ջուր են սրսկել իրար վրա, աղավնիներ են բաց թողել, վարդեր ձոնել Աստղիկին, զոհեր մատուցել նրան: Ավելի ուշ քրիստոնեական եկեղեցին Վարդավառը փոխարինել է Քրիստոսի պայծառակերպության տոնով՝ ծեսերն ու ավանդությունները հարմարեցնելով իրեն. ջուր սրսկելը՝ որպես ջրհեղեղի նշան, աղավնի բաց թողնելը՝ Նոյյան աղավնի, իսկ Աստղիկ դիցուհուն էլ դարձրել է Նոյի դուստրը:
Վարդավառի վերաբերյալ շատ յուրօրինակ կարծիք ունի Գրիգոր Ղափանցյանը: Նա գրում է, որ վարդ բառը խեթերեն «ջուր» է նշանակում և վարդավառ նշանակում է «ջրալվա, ջուր առնել, ջուր ցողել»: Այսինքն՝ Աստղիկին վարդ նվիրելուց չէ, որ առաջացել է Վարդավառը, այլ վարդ (ջուր) բառից է Վարդավառը, որպես ջրի աստվածուհի Աստղիկին նվիրված ջրի տոն: Տոն, որով մարդիկ բնությանը հորդորում էին, որ նա, իրենց օրինակով, ջուր ցողի երկրի վրա, անձրև տեղա: Աստղիկի մասին պահպանվել են մի շարք ավանդություններ: Ահա դրանցից մեկը, որը կապված է Հայաստանի ամենաջրառատ ու արգասաբեր գետերից մեկի՝ Մշո դաշտով հոսող Գուրգուռա (պատմական Արածանի, այժմ՝ Մուրադչայ) գետի հետ:
Աստղիկ դիցուհին սովորություն ուներ գիշերադեմին լոգանք ընդունել Գրգուռ լեռան ստորոտին գտնվող համանուն գետում: Իմանալով այդ՝ տեղացի կտրիճները կրակ են վառում մոտակա բլուրների վրա, որպեսզի կրակի լույսով հեռվից տեսնեն Աստղիկի գեղեցիկ մարմինը: Իմանալով այդ՝ Աստղիկը թանձր մշուշով պատում է ամբողջ շրջապատը: Դրանից հետո գավառը կոչվում է Մշուշ, որը, բերանից բերան անցնելով, հետագայում դառնում է Մուշ:
Հայ դյուցազներգության ուշագրավ հերոսներից է Պարոն Աստղիկը՝ Սասունցի Դավթի հորեղբայր Վերգոյի տղան: Նրան և Դավթին թշնամիները իրար դեմ են հանում, և Դավիթն ստիպված սպանում է քաջազն Աստղիկին, որը հոգին ավանդելուց առաջ ասում է. «Ա՜խ, էս մեր ազգականի զարկերն է ինձի հասավ»:
Հետագայում Դավիթն էլ մահանալիս պիտի ասի. «Իմ ցեց իմ անձից է»:
Այսպիսի պատմություններ ներկայացրինք Աստղիկ անվան մասին. ինչքա՜ն խոր հնությունից է գալիս այդ անունը և ինչքա՜ն մեծ պաշտամունք է ունեցել հայ ժողովրդի մեջ, եղել թե՛ իգական, թե՛ արական անուն:
Комментариев нет:
Отправить комментарий