Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
Արմենիա-ն, Արմանի-ն որպես երկրանուն առաջին անգամ հիշատակվում է աքքադական թագավորներ Սարգոնի և Նարամսինի (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ) հին սեպագիր արձանագրությունդների մեջ: Պարսիկ Դարեհ թագավորը ևս իր արձանագրությունների մեջ նշում է Արմինիա, Արմինա երկրանունը: Կան նաև ուրարտական հիշատակումներ:
Հայ ժողովրդի Արմեն անվան ստուգաբանությամբ կամ ծագման հարցերով զբաղվել են մի շարք հայ և օտար գիտնականներ, բայց որևէ մեկը դեռևս չի տվել վերջնական լուծում:
Բերենք ստուգաբանության մի քանի օրինակ:
Արմեն անվան առաջին բաղադրիչը՝ ար-ը, պիտի հասկանալ «քաջ, արի», իսկ երկրորդ մասը՝ ման՝ «մարդ»: Հայերենում ման բառը չի պահպանվել, բայց պահվել է մանուկ «փոքր մարդ» բառում: Այնպես որ, Արմեն նշանակում է «արի մարդ»: Այս ստուգաբանությունը չի ընդունում Գևորգ Ջահուկյանը, համարելով, որ, իրականում, արի բառը այր բառից է առաջացել («տղամարդ, կենսուժ»): Ման բաղադրիչը մանուկի հետ չի կապվում, այլ գալիս է մեն «փոքր» արմատից: Եվ տալիս է իր ստուգաբանությունը. Արմեն անունը կապված է արմ (ն) «արմատ», զ-արմ «ցեղ, սերունդ» բառերի հետ:
Կան կարծիքներ, որ Արմեն անունը առաջացել է ուրարտական առաջին թագավոր Արամեի անունից:
Բոլոր ստուգաբանողները բաժանվում են երկու խմբի. մի մասը արմ-ը համարում է արմատական, մյուս մասը արմ-ը տրոհում է՝ Ար-մա: Օրինակ, պնդում են, որ Արամ-ը բաղկացած է երկու բառից՝ Ար և ամ, որտեղ Ամ-ը կամ Ամա-ն Մայր աստվածուհին է, իսկ Ար-ը՝ արևը, երկնքի աչքը, որով Ար-ամ նշանակում է «աչքը Մայր աստվածուհու»:
Ռաֆայել Իշխանյանը գրում է, որ Արամ-ը առաջացել է Ար և արմ բառերից: Ար-ը այր բառի տարբերակն է. նշանակել է «արի, քաջ, խիզախ, տղամարդ», նաև՝ «հայ»: Արմ-ը ևս բնիկ հայերեն բառ է, նշանակում է «սերունդ, զարմ, արմատ»: Արարմ նշանակել է «արի մարդ» կամ «հայի սերունդ»: Հետագայում Արարմ-ի ր-ն ընկել է, և Արարմ-ը դարձել է Արամ:
Կան կարծիքներ, որ Արմեն, Արամ անունները ծագել են հայերի գլխավոր Արա աստծու անունից: Պլատոնի վկայությամբ Էրը (Էրոսը, այսինքն՝ Արան) Արմենիոսի որդին էր: Շատ հին ժամանակների հեթանոսական աստվածները, հետագայում անձնավորվելով, դարձել են անձնանուններ, ուստի հասկանալի է, թե ինչու Էրը (Արան) համարվել է Արմենիոսի որդին:
Ավելացնենք, որ Արան Արամ նահապետի որդին էր, որն իր չքնաղ գեղեցկության համար ստացավ գեղեցիկ մակդիրը՝ Արա Գեղեցիկ: Իսկ Արամը ուրարտացիների (հայերի) նշանավոր Արամե թագավորի անունից է:
Արմեն անձնանունը, ըստ Հր. Աճառյանի, Արմենակ անվան կրճատ ձևն է, որը Հայկ նահապետի որդին էր և փոխարինեց նրան:
Ընդհանրապես, կարելի է ասել, որ առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից և ցեղային միություններից մեկը ներկայացնող Արմենիա անունը ծագել է այդ անունը կրող ցեղի վաղնջական և գլխավոր Աստծու Ար կամ Արա անունից:
Հենվելով մի շարք փաստերի վրա՝ Մարտիրոս Գավուգչյանը եզրակացնում է, որ Ար-մա-նի անունը բարդ բառ է, որի առաջին Ար բաղադրիչը հենց արմենների ազգային աստծու Ար-ն է, մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել»: Ար-մա նշանակում է «Արածին, Արի սերունդ, Արորդի», իսկ -նի վերջավորությունը հոգնակերտ է: Հետևաբար, Արմանի նշանակում է «Արածիններ, Արորդիներ, արևորդիներ»:
Ինչպես տեսնում ենք, մինչև հիմա էլ կարծիքները բախվում են, իրարամերժ են: Ինչ էլ լինի, մի բան պարզ է. Արամ, Արմեն, Արմենակ, Արամե, Արգիշտի, Արարատ, Արագած անունները հայերինն են, եկել են անհիշելի ժամանակներից, երբ հին աստվածները դեռ չէին լքել Հայաստանը:
Բառի բացատրությունը միանգամայն ընդունելի է, թեպետև չպետք է բացառել նաև պարզ համընկնումները...բայց ինչու չկա Խորենացու Արամ Արի Հայկազունի նահապետի մասին հիշեցում....Արամ անունը որևէ կապ չունի ուրարտական Արամե թագավորի հետ, ոչ էլ Պլատոն-Ստրաբոնի Արմենիոսի ու նրա որդի Էրոսի հետ: Խեղճ Խորենացին չգիտեր ինչ ասել է Ուրարտու կամ Արամե, ավելին, գերազանց գիտեր Պլատոն-Ստրաբոնի հայերին վերաբերվող , ուղակի բանի տեղ չի դրել դրանք: Նույնպես է վարվել Ն. Ադոնցը՝ մերժելով ու ծիծաղելի համարելով Ստրաբոնի անտեղյակությունը, համարել է, որ հույն պատմիչները Արևելքի ժողովրդներին, այդ թվում հայերին հունացրել են, իրականում չգիտեին ովքեր էին հայերը, և ով է Արամ Հայկյան Հայկազունի թագավոր-նահապետը
ОтветитьУдалить