вторник, 13 декабря 2011 г.

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՍԻ ՀԵՏ






Այսօրվա «Իրատես de facto» թերթում լույս է տեսել հարցազրույց «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողներին:


«ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ ԼԱՎ ԲԱՆԵՐԸ, ԱՆԻՄԱՍՏ ԿԼԻՆԵՐ ՎԱՏԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ»


Ապրածի ու չապրածի, լավի ու վատի, կամա ու ակամա մեղքերի,  համատարած «աղմուկի» և սիրո մասին է մեր զրույցը գրող, հրապարակախոս, «Իններորդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, որն արդեն 60 տարեկան է:

Հեղինակ է շուրջ 90 դասագրքի, ուսումնական ձեռնարկի, թարգմանական, գեղարվեստական, ուսումնաօժանդակ, գիտահանրամատչելի գրքերի: Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով վարել է հեղինակային «9-րդ հրաշալիք» հեռուստախաղը, Հանրային ռադիոյի և «Արմեն-Ակոբ» հեռուստաընկերության «Ստերեո-ստուդիայի» ուղիղ եթերում`  «Զարմանահրաշ հայերեն»  հեղինակային հաղորդաշարը, 1994-ին հիմնադրել և մինչև օրս հրատարակում է «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը:

«ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵՄ ԶՂՋՈՒՄ ԱՅՆ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ԴԵՌ ՆՈՐ ՊԻՏԻ ԳՈՐԾԵՄ»
-«Տարիքն այն չէ, թե քանի տարեկան ես, այլ  ինչքան ես քեզ զգում»: Մարկեսի խոսքերն են։ Կարծում եմ` սա ժամանակի «երեսին նետված» գրողի անկեղծ խոսք է։
-Հաստատ  Մարկեսից առաջ էլ են ասել այդ մասին, ժողովրդական բանահյուսության մեջ էլ կա: Զարմանալի մի բան եմ նկատել. ինձնից 15-20 տարով փոքր մարդիկ շատ հաճախ ինձ «ապեր» են ասում, զարմանում եմ, թե ինչպե՞ս են նրանք նկատում, որ ես ինձ փոքր եմ զգում: Երևի դեմքիս, հայացքիս, շարժումներիս  մեջ է  գրված: Եվ կան մարդիկ, որ փոքր տարիքից արդեն 60 տարեկան են: Հոգուս մեղք չանեմ, նրանց մեծ մասը իրավաբան է դառնում։
-«Մի ափսոսիր, որ դա վերջացել է, այլ ժպտա, որ եղել է»:  Բայց այդ ափսոսանքից չե՞ն արդյոք ծնվում տողերը` մնալու, լինելու, չվերջանալու պահը, արդեն ապրածը չկորցնելու, գոնե թղթին հանձնելու ակամա մղումով: Կամ` ինչի՞ համար է ափսոսում Վաչագան Սարգսյանը: 
- Շա՜տ բաների համար եմ ափսոսում, բայց` ճա՛րս ինչ: Երբեմն հարցնում են` եթե կյանքդ նորից սկսեիր, ինչպե՞ս կապրեիր, ի՞նչը կփոխեիր: Ընդունված պատասխան կա. «Չէի փոխի ոչինչ, այդպես էլ կապրեի»: Կարծես թե կարող են որևէ բան փոխել. եթե կարողանային, արդեն փոխած կլինեին: Եթե նորից սկսես,  հաստատ նորից նույն սխալներն ես անելու ու հետո ափսոսելու: Շատ բան կա, որ կուզեի  արած չլինել և այդ մասին ոչ մեկին չասել, ինքս ինձ եմ հազիվ խոստովանում: ՈՒ կարևոր չէ` կամա՞, թե՞ ակամա արված սխալներ են: Քրիստոնեության մեջ ակամա մեղքն էլ է համարվում մեղք: Երբ  երկար մտածեցի իմ արածների ու չարածների մասին, հասկացա, որ այդպիսին եմ էությամբ, և հնարավոր չէ, որ նույն սխալները  հիմա էլ չանեմ: Իմ կատարած այն սխալները, այն գործերը, որ  հետադարձ հայացքով համարում եմ վատ,  արդեն իմ դիմացից եկող մեղքեր են: Ես գնում եմ առաջ, իմ առջևից են գալիս այդ մեղքերը, ու ես տեսնում են, որ ես դրանք էլի անելու եմ: Միայն Աստված գիտի, թե  որքան եմ զղջում այն մեղքերի համար, որ դեռ նոր պիտի գործեմ:

«ՀՐԱՇԱԼԻՔԱԿԱՆՆԵՐԸ ՄԻ ՀՐԱՇԱԼԻ, ԲԱԶՄԱԳԻՏԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՒՄԲ ԵՆ»
- «9-րդ հրաշալիքը»  Ձեզ համար պարզապես թերթ չէ, Ձեր կենսագրության մի մասն է կարծես: Իսկ ո՞րն է, ըստ Ձեզ, իններորդ հրաշալիքն ուղղակի իմաստով:
- Որ հարցնում են` նորից ապրեիր` ի՞նչ կանեիր. «9-րդ հրաշալիքը» հաստատ կստեղծեի նորից: Հրաշալիքականները մի հրաշալի, բազմագիտակ մարդկանց խումբ են (ես ինձ նրանցից չեմ համարում), բոլորս միասին շատ լավ, օրինակելի թերթ ստեղծեցինք, երբեք շեմը չիջեցրինք, չտրվեցինք ժամանակի գռեհկությանը, սեռական սանձարձակությանը, որով կարող էինք տպաքանակը մեծացնել և այլն: Ավելի լավ է այդ բոլորը մեր հաշվին անեինք, քան ժողովրդի մտքի ու հոգու պղծման միջոցով: Դա հեռու տանող ճանապարհ չէ, շատ թերթեր, որ գնացին այդ ուղիով, վերացան: 
- Ինչո՞ւ «9-րդ հրաշալիք»:
- Թերթի անունը ես եմ ընտրել:  8-րդ են համարում այն հրաշալիքները, որոնք ստեղծվել են հին աշխարհի 7 հրաշալիքներից հետո: Ես որոշեցի, որ պիտի առանձնանանք, լինենք 9-րդ հրաշալիք, միակը լինենք: Բացի այդ, թերթն այնպես է ձևավորվում, որ կարդացվում է 9-րդ ալիք, դարձվածք, որ մատնանշում է  որևէ երևույթի բարձրակետը: ՈՒզում էի, որ թերթը դառնար հայոց լեզվի, մշակույթի, պատմության քարոզչության բարձրակետը մեր ժամանցային, հետաքրքրաշարժ թերթերի մեջ: Եվ, կարծում եմ, այդպես էլ եղավ: Մենք հավատարիմ ընթերցողներ ունենք: Արդեն 17 տարեկան ենք: Մարդասիրությունը, հայրենասիրությունը, լեզվասիրությունը, համամարդկային արժեքները, չափավոր հումորը այն հավերժական սյուներն են, որոնց վրա կարող ես ամեն բան կառուցել: Եթե այդ սյուները չկան, դրանց փոխարեն դնում ես ժամանակավոր, րոպեապաշտական բաներ, դրանք անպայման կկործանվեն:

«ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԼԻ Է ԳԱՅԹԱԿՂԻՉ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՎ»
-Շատերը, հատկապես միջին, ավագ սերնդի մարդիկ, վախենում են մոտ գնալ համակարգչին: Դուք նաև այդ տարածքում եք` համացանցի մեջ: Ի՞նչ եք կարծում` համակարգչի էկրանը կյանքից գողացված, ընդհատված ժամանա՞կն է,  թե՞  կյանքի վազքից հետ չմնալու միջոց: 
- Երկուսն էլ: Ձեր հարցի մեջ կա պատասխանը: Համակարգիչը կարելի է և՛ բարի նպատակով  օգտագործել, և՛ չար: Օրինակ,  եթե օրական կես կամ մեկ ժամ շրջում ես Facebook սոցցանցում, հանդիպում ես, շփվում տարբեր մարդկանց հետ` երկխոսության, մտքեր տեղադրելու, մեկնաբանությունների,  «հավանություն» տալու միջոցով, քաղում ես տեղեկույթ ամբողջ աշխարհից,  կարդում լավ բանաստեղծություններ, տեսնում ես, որ կողքիդ  ամբողջական աշխարհներ կան, որոնց հետ  չես կարող շփվել ֆիզիկապես:  Վատն այն է, որ աննկատ է անցնում ժամանակը: Համակարգիչը լի է գայթակղիչ աշխարհներով, ուր շատ են յոթ մեղքերը: Նույնիսկ մեծահասակներին է դժվար դիմակայելը, առավել ևս վտանգավոր է մատղաշ, չձևավորված անհատների համար: Երեխաներին պետք է փոքր հասակից սովորեցնել, որ համակարգիչը  միջոց է, պիտի կարողանաս ճիշտ օգտվել, որ ժամանակդ չխժռի: Բայց, կարծում եմ, մի ընդհանուր դավադրություն կա. համակարգչով, հեռուստատեսությամբ նրանց կտրում են խորանալու հնարավորությունից: Գրքով դեպի խորքերն ես գնում, համակարգչով կարող ես ծավալվել հորիզոնական ուղղությամբ: Ցավալիորեն երեխաների մեծ մասը  հորիզոնական գիտելիքներ է ձեռք բերում, որոնք կարող են կյանքի ընթացքում մոռացվել: 
-Դուք բանաստեղծություններ եք գրում, իսկ ինչպե՞ս եք ապրում, էլի՞ բանաստեղծորեն։
- Ցավոք, այո: Ասում եմ` ցավոք, որովհետև այդպես ապրելն ու կյանքն ընկալելը շատ ավելի բարդ է սրտի համար, զուտ առողջական տեսակետից: 
-Այսօրվա բանաստեղծությունն ուրիշ է: ՈՒրի՞շ կերպ են ապրում, գրում, սիրում…
-Մարդը միշտ էլ նույն կերպ է ապրում և սիրում: Բանաստեղծորեն ապրել նշանակում է զգալ, որ ծովը  միայն ջուր չէ, բնության, Աստծո բանաստեղծությունն է: Ձուկն ու ջուրը եթե մեկտեղ լցնես, կդառնա ակվարիում: Ծով չի դառնա: 
 Սերն  արև է. երբ հեռանում է, նրա ջերմությունը դեռ երկար ժամանակ մնում է ծովի մեջ, իրիկնային քարերի տաքացած սրտերում, մեր հոգում: 
- «Աստված փնտրում է ինձ, ես նրան` ոչ: Փա՜ռք Աստծո. նա «ոչ»-ից այն կողմ էլ է տեսնում»: Ձեր խոսքերն են: Հավատո՞ւմ եք Աստծուն: Ճի՞շտ է, որ աթեիստներն էլ են աղոթում Աստծուն: 
 -Այո, իհարկե, աթեիստները  մեկ-մեկ են աղոթում, բայց շատ սրտանց: Հավատացյալների մեջ երեսպաշտությունը շատ է. Քրիստոսն ասում էր` փարիսեցիների նման մի աղոթեք` ձեռքը կրծքին խփելով, այնպես աղոթեք, որ ոչ ոք չիմանա, որ դուք աղոթում եք Աստծուն: Ես մտածում եմ, որ Աստված ինձ ստեղծել է և, երբ  մեղքեր եմ գործում, նա ինձնից առաջ է տեսնում  իմ հեռագնա միտքը և ուղղորդում է: Կարծում եմ` Աստված իր չարաճճի զավակներին էլ է սիրում: Հնարավոր չէ, որ ստեղծի մարդկանց, հետո փոքր չարաճճիությունների համար խորովի ու հրճվի: Չեմ հավատում դրան: Եթե ես հավատում եմ Աստծուն, հետագա կյանք ունենալու եմ. մարդն արժանանում  է նրան, ինչին հավատում է: 

«ԵՐԵՎԱՆՆ ԱՄԵՆԱԿՈՒԼ ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ»
- «Ես Երևանի համար այս տողերը չէի գրի, եթե չլիներ նաև լավը»: Ձեր տողերն են: Երևանն այսօր:
- Երևանն ամենակուլ ագահության հուշարձան է հիշեցնում: Դրա վկայությունն է Հյուսիսային պողոտան, որը պետք է լայն պողոտա լիներ` ցածրահարկ շենքերով, բայց ագահությունը հաղթեց. կենտրոնում բարձր շենքեր կառուցեցին,  խտացումներ եղան ու դարձավ հյուսիսային անապատ, ուր ամռանը շոգից ջուր ես դառնում, ձմռան ցրտից`  սառույց: Քարացած, անմարդաբնակ, վայրի անապատի մեջ շենքեր են` մութ լուսամուտներով, ինչը ճնշող տպավորություն է թողնում: Հիշում եմ. «Քար էիր, Անդա՛ս, էլի քար դառնաս»: «Քաղաքը կնոջ պես ուզում է իրեն սիրել  տալ, իսկ  մենք  բռնաբարում ենք նրան»: Այնտեղ ունայնության քամին է փչում, պատկերավոր ասած, բայց իրականում մի սառնաշունչ քամի անընդհատ փչում է: Ոչ մի ծառ չկա քաղաքի կենտրոնում, հսկայական տարածքի վրա, թաղարների մեջ  խեղճուկրակ գիհիներ են տնկում, երկու օրից չորանում են: Բայց լավ բաներ էլ կան, իհարկե: Եթե չլինեին լավ բաները, անիմաստ կլիներ վատի մասին խոսելը: Այսօր Հրազդանի կիրճով էի անցնում, ճանապարհները վերանորոգված էին, ասֆալտած, բայց ամբողջ ձորը լցված է ռեստորաններով, որոնք ես ոռնատեղի եմ կոչում:  Ամենավատ բանը դա է. աղմուկը սպանում է մարդկանց,  աղմուկի մասին աղմկահարույց օրենք էլ կա, բայց գործում է ինչպես «Լեզվի մասին» օրենքը, այսինքն` չի գործում: Ոչ մի տեղ հանգստանալու հնարավորություն չունես, փողոցում` մեքենաների ազդանշանները, սրճարաններում, երթուղայինում` թուրքաթաթարական մեղեդիներ, անցումների տակ նույնն է, իջնում ես` ձորում ռեստորաններն են, տանը հարևանիդ միացրած երաժշտությունն ես լսում, բակում թաղային տղերքը դիսկոտեկ են սարքում… Մտավորական մարդու համար Երևանում ամենավտանգավոր բանը աղմուկն է, լինի քաղաքական աղմուկ, թե իսկական: Քաղաքական աղմուկն էլ շատ է, ինչը նույնպես խանգարում է ապրելուն: 
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий