среда, 25 апреля 2012 г.

ՈՂԲ Ի ՎԵՐԱՅ ԹԵՂՈՒՏԻ


Բնապահպաններն ի պաշտպանություն 
 Թեղուտի անտառների

Ծառերի ձայնը թաղվեց
հողի տակ
և մեր սրտերում:
Հողը դեռ տրոփում է ծառերի ներսում:
Ծառերի պահած երկինքը
փուլ եկավ,
և խավարը աչքը բացեց
երկինք հառված մեր աչքերի դեմ:
Փշաքաղվել են քարերը,
սարերի լանջերն ի վեր
ցավի գետակներ են հոսում,
գետակների ջրերում
մատաղ ծառերի, երեխաների
երազանքներն են լողում
արծաթփորիկ, մեռած ձկնիկների պես:
Մենք բոլորս Թեղուտի ծառեր ենք այսօր,
որ դողահար
սպասում ենք սղոց ու կացնի:
Ահա իմ աչքերից
հոսում է ավիշը,
ծառերի վրա իմ
համբույրներն ու շոյանքները
պայթել են բողբոջների պես
ու հանգել հավետ:
Մի ծառ շարունակում է ծաղկել.
չգիտի, որ կտրել են իրեն:
Մրջյունը ի՞նչ հող տա գլխին,
Թիթեռը մնաց օդում
անծաղիկ,
թռչունը ողբում է` թառած իմ գլխին,
արևը սև է հագել,
քամին մոխիր է
շաղ տալիս դեմքին:
Ծառերն իմ մեջ են բուսնում,
ու ես ճաքում եմ,
փշուր-փշուր լինում,
հող դառնում:
Ու հողի մեջ
Դեռ տրոփում է ծառերի ձայնը:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий