понедельник, 5 декабря 2011 г.

ԱՅՍ ՊԱՀԻՆ



Երկրագունդը փոքրահասակների համար դանդաղ է պտտվում, օրը երկար է տևում, կյանքը` հավերժ, մեծին արագ և անցողիկ է թվում ամեն ինչ: Բայց երկրի վրա և՛ մեծեր կան, և՛ փոքրեր: Ստացվում է, որ նա միաժամանակ թե՛ արագ է պտտվում, թե՛ դանդաղ: Դա էլ երկրագնդի հրաշքն է: Ստացվում է, որ ինչպես մենք ենք երկրագնդի վրա ապրում, այնպես էլ նա է մեր մեջ` յուրաքանչյուրիս:
Տիեզերքում էլ նույնն է. ի վերջո, միաժամանակ, նույն պահին, թե՛ մենք ենք նրա մեջ, թե՛ նա է մեր մեջ: Եվ զարմանալին այն է, որ այդ «միաժամանակ, նույն պահին» հասկացությունը չկա իրականում:
«Այս պահին» արտահայտություն չկա ընդհանրապես, որովհետև ամեն ինչ շարժվում է, և չի կարող ատոմի ու երկրագնդի համար և արևի ճառագայթի ու արևի համար լինել «այս պահ» հասկացությունը միաժամանակ: Նույն կերպ չի կարող լինել համաշխարհային ճգնաժամ. հայի համար ճգնադարեր են, ոչ հայի համար` ճգնապահեր, մեկը կերկոխ է լինում, մյուսը` թերասնվում, մեկը մտքով է առաջ, մյուսը` թվաքանակով, և այլն:
Ինչպես ամերիկացին, ինչպես ռուսը, այնպես էլ հայն ինքն է ստեղծում իր ճգնաժամը. մեկն իր պարզունակ հավակնոտությամբ աշխարհի փրկիչ հռչակելով իրեն, մյուսն աշխարհի վերափոխիչ համարելով իրեն, իսկ հայը` դրանց իր փրկիչ համարելով:
Չի հավատում, որ իր ներսում կա Փրկիչ, չի հավատում իրեն, և չի սիրում իրեն: Հաճույքով ոչնչացնում է այն տարածքը, որտեղ ապրում է, կտրում է ծառերը, մայրաքաղաքը դարձնում է անապատ, քարի քաղաք, կարծում է` հավերժ է ապրելու և բանտում է իր նմանին, շղթայում նախաձեռնությունը, հրավիրում օտարին. արի` ես չեմ կարող, արի դո՛ւ շինիր, դո՛ւ վայելիր, ինձ էլ ինչ կտաս, կտաս:
Մեռցնում է վստահությունը, սպանում ոգևորությունը, ծանակում արդարությունը, կաշառակեր է և կաշառասուն և կաշառահար: Հաղթանակը մոռանում է, պարտությունն ու վիշտը` տոնում, առաջ է տանում տականքին, ծաղրում ու արհամարհում սերուցքին: Փորձում է որևէ անարդարություն շտկել ու շուտ հոգնում է, մեռցնում վստահությունը: Բարեփոխություն է փորձում անել` դարձնում է փորձանք, մաշում է հավաքական ոգին, թույլ ու հևասպառ շշունջ դարձնում: Եվ այսպես, չկա հավատը, ու եթե չկա հավատը, լինելու է հա վատը: «Լինում է, թող լինի»,– ասում է թերմացքը ու չի հասկանում, որ` լինում է, չի լինում. չի լինում այդպես` առանց սիրո հանրություն չի լինում, առանց սիրո հանրությունը վերածվում է հայրենիքը լափողների ու լակողների մի ոհմակի:
Ռուսն ասում է. «Боже, царя храни!», հայն ասում է. «Տե՛ր, կեցցո զհայս»: Իսկ Փրկիչն ասում է. «Տե՛ր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий