ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
Սկզբում մեր ներսում խավար է. ժամանակի ընթացքում մենք դառնում ենք լուսավոր` ավերակի նման:
ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԻՏՔ
Ուզում ես, որ վրադ ստվեր չընկնի, արևի տակ տեղ մի փնտրիր:
ԱՆՁԵՌՆՀԱՍ ՄԻՏՔ
Այնքան էր ինքն իր աչքին բարձրացել, որ ձեռքը քթին չէր հասնում:
ԽՈՆԱՎ ՄԻՏՔ
Պառկած տեղն էլ կթացացնի, բայց թաց տեղ չի պառկի:
ԴԺՎԱՐԱՀԱՃ ՄԻՏՔ
Եթե ինքդ քեզ վերևից նայես, ուրիշներին կզրկես այդ հաճույքից:
ԱԿՆԿԱԼ ՄԻՏՔ
Միայն քե՜զ նայիր ուրիշի աչքերով. մնացած դեպքերում քո աչքերն էլ բավական են:
ԿՇՌՎԱԾ ՄԻՏՔ
Ավել-պակաս խոսողը միշտ էլ իր օգտին է ավել խոսում:
ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ ՄԻՏՔ
Եթե որևէ բան ես ասում որևէ մեկին, հիշի՜ր. դու քեզ էլ ես ասում:
ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինձ համար կյանքում երեք կարևոր բան կա. առաջին, երկրորդ, երրորդ:
ՆԱՅԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՄԻՏՔ
Հիշի՜ր. մի դաշտում դու արքա ես, մեկ այլ դաշտում` լոկ խաղաքար:
ԱՆԴԻՄԱԴՐԵԼԻ ՄԻՏՔ
Մենք դիմադրում ենք անհայտին, ինչպես առագաստը քամուն:
ԷԼԻ ՎԱՏ ՉԻ ՄԻՏՔ
Ոչ ոք ձեռք չմեկնեց ինձ, ու թե մեկնեց էլ` ուզելու համար:
ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾ ՄԻՏՔ
Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագան և չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ:
ԻՄԱՑԱԾ ԼԻՆԵՍ ՄԻՏՔ
Իրավացի լինելդ քո բարեկամներին ավելի դժվար կապացուցես, քան թշնամիներիդ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий