Բարև:
Ես Հայի սիրտն եմ:
Հայերի մի մասն ասում է, թե ամեն վատ բան դրսից է, մի մասն ասում է` ամեն վատ բան ներսից է: Ես ասում եմ` ամեն ինչ ինձնով է սկսվում և ինձնով ավարտվում:
Մտեք իմ աշխարհը և կտեսնեք ծնկած աղոթողներից մինչև Արարչի դեմ սուր ճոճողներ, հերոսներ ու թալեաթնաիրիհունանյաններ, աստվածային արարիչներ ու լափող գործիչներ: Ե´ս եմ, բաբախում եմ, տխրում ու խնդում: Ես ժամանակից դուրս եմ և Հայաստանում ապրողներին ասեմ, որ այսպես չի մնա: Այդ ե´ս եմ ասում` Հայի սիրտը` ներող, համբերատար, իր անառակ որդիներին սիրո´վ, միմիայն սիրով ճիշտ ճանապարհի դարձնող: Ատելությունը մի զենք է, որի հետհարվածն ավելի ուժեղ է, քան հարվածը, իսկ հետհարվածը ե´ս եմ ընդունում:
Ես չկամ այն մարդկանց ներսում, ովքեր իրենց երջա
նիկ են զգում ուրիշներին դժբախտ դարձնելով: Սակայն ես մի օր արթնանալու եմ նաև դրանց մեջ. դա ամենամեծ պատիժը և ամենամեծ պարգևը կլինի նրանց համար:
Բարև:
Ես Հայի սիրտն եմ:
Ամեն Աստծո առավոտ աշխարհի տարբեր անկյուններում աշխարհի տարբեր լեզուներով բարևում եմ: Ամեն տեղ էլ կամ: Չկամ միայն այն մարդկանց մեջ, ովքեր լավ են ապրում ուրիշի հաշվին: Ես բաբախում եմ տիեզերագնացի կրծքի տակ, գիտնականի ու արվեստագետի, զինվորի ու մշակի: Աշխարհում մի գնդակ արձակվի` իմ մեջ է թաղվում: Ես կատաղի բաբախում եմ, երբ անարդարություն եմ տեսնում` ուրիշի նկատմամբ: Իմ նկատմամբ անարդարությանը հարմարվել եմ: Արդեն ասել եմ` ես մեծ եմ Արարատի չափ, ես Սիսով մեզ եմ սիրում, Մասիսով` ուրիշին:
Ի՜նչ սիրով էի զարկում Վիլյամ Սարոյանի կրծքի տակ, ինչպե՜ս էի տրոփում Նարեկացու ներսում, ինչքա՜ն իմաստուն էի խփում Սասնա ծռերի հոգում, ինչքա՜ն անտեսանելիորեն` աշխարհի բոլոր ազգերի սրտերում:
Ինձ ծվատում է թշնամին ու հոշոտում յուրայինը, սակայն ես անվերջ եմ տիեզերքի նման, իմ մեջ Արարչի սերն է անկասելի բաբախում և արյուն ընծայում աշխարհին:
Ինձ լավ է ճանաչում չարը և գործում է, որ ես ընկնեմ իմ աչքից, որ Սերը դադարի իմ շարժիչը պտտելուց, սակայն ես ասում եմ. «Բարև, ես Հայի սիրտն եմ»:
Ո՜վ մանուկներ, պարմաններ ու պարմանուհիներ, ինչքա՜ն առողջ եմ բաբախում ձեր ներսում, ինչքա՜ն անկեղծ ու անչար: Պահեք ինձ այդպես ամբողջ աշխարհի համար, որը կա ու գալու է շարունակ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий