понедельник, 21 ноября 2011 г.

ՍԽԱԼ ԵՎ ՃԻՇՏ



ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ 
Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը: Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:


ՍԽԱԼ. «Այդ հարթավայրը հնում հանդիսացել է որպես ձիարշավարան»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Այստեղ երկու սխալ կա. «որպես»-ը բոլորովին ավելորդ է, սխալ է գործածված, «հանդիսացել է»-ն էլ բոլորովին շինծու ոճ է: Պարզապես պետք է ասվեր. «Այդ հարթավայրը հնում եղել է ձիարշավարան»: Ի՞նչ վատ է:




ՍԽԱԼ.  «Հենց առաջին իսկ ցատկում նա ցույց տվեց բարձր արդյունք»:

ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Պետք է լիներ կա՛մ «հենց առաջին», կա՛մ «առաջին իսկ»: Երկուսը միասին բառերի չարդարացված շռայլություն է, նույնաբանություն, «տակավին դեռ» նույնաբանության նման:  





ՍԽԱԼ. Հեռուստատեսությամբ մեզ առաջարկում են. «Ամբողջ ցերեկվա տևողության ընթացքում վայելիր տոնական ծրագիրը»:  
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.  Մի կերպ կարող ենք «վայելել ծրագիրը», բայց չենք կարող «վայելել ցերեկվա տևողության ընթացքում»: Մի՞թե «ցերեկվա տևողության ընթացքումը» նույնը չէ, ինչ որ «ցերեկվա ընթացքում»-ը: Ընդ որում, «ընթացքում»-ն էլ կարող էր չլինել: Պարզապես կարելի էր ասել՝ «Ամբողջ ցերեկը վայելիր»:




ՍԽԱԼ.  «Մարզադաշտի սակավաթիվ լինելը (18 հազար) չի համապատասխանում օլիմպիադայի գլխավոր խաղի կարգավիճակին»:

ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.  Պարզ է, որ պետք է լիներ «մարզադաշտի նստատեղերի սակավաթիվ լինելը»: Սա լեզվազգացողության պակասի ոչ սակավաթիվ օրինակներից է:

Комментариев нет:

Отправить комментарий