Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից:
ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
Մեր կյանքում կենսական նշանակություն ունի կենդանի բառապաշարից ծնված կենարար խոսքը, մեր կեցության, կենցաղի անբաժան մասն են «լուռ հանճարները»՝ գրքերը. թող կեցցեն դրանք մեզ հասցնողները՝ գրիչներն ու տպագրիչները, նրանց կենացն արժե խմել հայոց կենսաբեր գինով:
Այս ամենասովորական նախադասության մեջ գործածված են առաջին հայացքից շատ սովորական բառեր՝ կյանք, կենսական, կենդանի, կենարար, կեցություն, կենցաղ, կեցցե, կենաց, կենսաբեր: Սակայն այս բառերն առաջին հայացքից են սովորական, իրականում նրանք անչափ զարմանալի բառեր են: Դրանք բոլորն էլ նույն «մորից» են ծնվել և այդ «մայրը» գրաբարյան կեալ արմատն է, որ նշանակում է «ապրել»:
20-րդ դարի ուղղագրական փոփոխությունը բավականին աղճատեց բառի պատկերը. եա երկբարբառի փոխարեն գրելով յա երկհնչյունը՝ հեռացանք նրանով կազմված բառերի առաջնային բառապատկերներից, և կեանք-ը դարձավ կյանք: Բայց սա խոսակցության այլ թեմա է:
Ասենք, որ կեալ-ից ստացվել են տարբեր ձևեր: Օրինակ՝ կեաց, որից կազմվել են բազմաթիվ բառեր՝ մենակեաց (մենակյաց), կարճակեաց (կարճակյաց), երկակեաց (երկկենցաղ) և այլն: Կեաց ձևի անշեշտ ձևն է կեց-ը: Սրանից էլ ստացվում են կեցուցանել, բարեկեցիկ, բարեկեցություն, կեցություն և այլն:
Կեալ բայի ապառնիի եզակի երրորդ դեմքն է մեզ բոլորիս հայտնի և սիրելի կեցցե բառը, որը նշանակել է «ապրի»: Նույն ձևով՝ կեցցես «ապրես»: Ահա թե որտեղ է թաքնված կեցցե բառի արմատը, որը մենք պատրաստի գործածում ենք, առանց մտածելու, որ դա հնում մի սովորական բայաձև է եղել:
Մյուս ձևն է կեան, որից՝ կեանք: Սա մեր կյանք-ն է, որը նշանակել է նաև «վարք, ինչք, ապրանք, հարստություն»: Կեան-ի անշեշտ ձևն է կեն, որից ստացվում են կենակից, կենարար, կենատ և այլն բառերը: Վերջին՝ կենատ բառը նշանակում է «նետ», այսինքն՝ կյանքը հատող, կյանքը կտրող: Այստեղ է թաքնված նաև մեր այսօրվա կենաց-ը, այսինքն՝ երբ ասում ենք՝ կյանքի կենացը, ապա ասում ենք՝ թող կյանքը կյանք ունենա:
Կեանք բառի հոգնակի հայցականն է կեանս-ը, որը, զրկվելով շեշտից, տվել է կենս, որից ունենք՝ կենսական, կենսունակ, կենսաթոշակ և այլն:
Հաջորդ ձևը կեանք-ից ստացված կենց ձևն է, որից էլ՝ կենցաղ, կենցաղավարական և այլն:
Եվ վերջին ձևը՝ կենդ: Կազմված է կեան-ից դ մասնիկով: Շատ հին և ընտիր բառ ունենք զոդիակ բառի դիմաց՝ կենդակ, այսօր՝ կենդանակերպ: Կենդ-ի վրա ավելացել է ան մասնիկը և ունենք կենդանի, կենդանություն բառերն ու սրանցով կազմված հարյուրավոր բառեր:
Հետաքրքիր ժողովրդական մեկնաբանություններ կան կեանք բառի վերաբերյալ: Մեկը պնդում է, որ կեանք-ը առաջացել է կին բառից, ինչպես Եվայի դեպքում, որ եբրայերեն նշանակում է կյանք: Մյուսը պնդում է հակառակը, որ կին-ը առաջացել է կեանք բառից, քանի որ Ադամը իր կնոջ անունը կեանք դրեց: Բայց ինչ էլ լինի, մեկ է՝ առանց կնոջ կյանք չկա:
Ահա թե ինչքան շատ բան է սովորեցնում մեզ մի հատիկ գիրքը՝ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը»: Բառարան, որի նմանը չկա ամբողջ աշխարհում, բառարան, որը ժամանակի մեքենա է կարծես, որով կարող ես դարեր, հազարամյակներ հետ գնալ, տեսնել ինչպես են ապրել, ինչպես են խոսել հնագույն ժամանակներում քո ապուպապերը, ում հետ են նստել-վերկացել, և ոչ միայն հաց ու ջուր փոխ տվել ու առել իրարից, այլև բառեր, բառեր:
Комментариев нет:
Отправить комментарий