вторник, 22 ноября 2011 г.

ԿԱՆԱՉ

Մե՛ծ արհավիրքի ժամանակը եկավ: Սիրիայի անապատներից եկան գրաբար իմացող մորեխների ամպեր` կերան ծառ ու ծաղիկ: Ինչը կանաչ էր` ուտում էին և իրենց համար «կանաչ» կուտակում: Կերան ու կուտակեցին, մինչև մի նոր արհավիրք ներխուժեց Հայաստան` այս անգամ` ի կողմանե արևելյան: Սրանք ոչ միայն գրաբար, այլև աշխարհաբար էլ չգիտեին. ուտում էին իրենց բարբառով` ոչ միայն կանաչ, այլև ամեն ինչ. ինչ ձեռքներն ընկներ, բերաններն էին տանում. ոչ մի սրտխառնոց, ոչ մի փորհարինք. ամեն ինչ մարսում էին:
Անտառները ոչնչացան, կանաչը, կարմիրը, կապույտը, միով բանիվ` բնության բոլոր երանգները ոչնչացան, մնաց միջակագույնը: Զմրուխտե քաղաքի կախարդի նման կանաչ ակնոց պարտադրեցին ժողովրդին: Կանաչ ակնոցով նայում էին աշխարհին, ու ամեն ինչ վարդագույն էր երևում:
Մորեխները շինեցին մե՛ծ-մե՛ծ խանութներ, բայց քանի որ ժողովուրդը առևտուր էր անում փո՛քր-փո՛քր կրպակներից, քանդել տվեցին կրպակները, մի մասին քշեցին Դեր Զոր, մյուսին` այլ տեղեր:

Այս արհավիրքը մտավ յուրաքանչյուր տուն: Եթե իրենց քիմքին հարմար բան չէին գտնում ուտելու, ուտում էին մարդկանց հոգիները. գոնե քաղաքավարի ուտեին` դանակ-պատառաքաղով. չէ մի` լափում էին իրենց հատուկ ոգևորությամբ: Այս նոր մորեխները պայքարում էին իսլամի կանաչի դեմ. ոչ մի կանաչ Հայաստան աշխարհում` կտրել անտառները, ոչնչացնել կանաչ տարածքները: «Ոչ մի կանաչ մեր թշնամուն»` ահա նրանց կարգախոսը: Նախապատվությունը տվեցին կապույտներին ու վարդագույններին: «Կանաչների» ղեկավարը լրիվ սպիտակեց:
Եվ անվախճան էր խրախճանքը, և ցասմական աղաղակները չէին խրտնեցնում երամին, որ իջնելով գետին` երամակ էր դառնում և կճղակների տակ ու հզոր ծնոտներով անապատ սարքում երկիրը նախնյաց:
Երբ ամեն ինչ կերան, եկան հարևաններն ու շարունակեցին սրանց կիսատ թողածը` կերան մարդկանց ու քաղաքները, հողերն ու ջրերը: Մնաց ոչինչ: Ոչինչ մնաց Հայրենիքից: Հայ Աստված վերցրեց այդ ոչինչն ու մի նոր Երկիր չարարեց:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий