понедельник, 28 ноября 2011 г.

ՔԵՐՈԲՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Յուրաքանչյուր մեծ մի քար է դնում փոքրի ճամփին, որ իրեն չլսելիս փոքրի ոտքը քարին դիպչի:
Այսօր շատ ենք լսում, թե նոր սերունդը այն չէ. մեծերին չի հարգում, չի պահում ազգային ավանդույթները, չի կարդում, չի ճանաչում իր մեծերին, կոպիտ է, բռի, խոսում է անտանելի հայերենով, միով բանիվ` ապագա չունի:
Եթե նույնիսկ այդպես է, ապա ո՞վ է մեղավոր: Իհարկե` մեծերը: Իհարկե` հասարակության հայելին են երիտասարդները, պարմաններն ու պարմանուհիները: Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք:
Սերիալասեր դարձած մեր հանրությունը դա՜ է մատուցում երեխաներին և փարիսեցիորեն զարմանում է: Ուսուցչի հեղինակությունը հետևողականորեն նսեմացնելով, երեխաներին անզուսպ ու անհոգի դարձնելով, իբր թե ազատագրելով, իբր թե համարձակ դարձնելով` սանձարձակ է դարձնում:
Հայերենն ամեն քայլափոխի նսեմացնելով, ծնկի իջեցնելով օտար լեզվի առաջ` ուզում են, որ երեխաները հարգեն լեզուն և գեղեցիկ խոսեն: Ի՞նչ է, երեխաները չե՞ն տեսնում հայերենի վիճակն ամբողջ հանրապետությունով մեկ, չե՞ն հասկանում, որ օտարալիզությունը մեծերը դարձրել են գոյության կերպ: Այդքանից հետո ծիծաղելի է գեղեցիկ խոսք պահանջելը:
Հայոց բանակի փառահեղ շքերթի ժամանակ հարկավոր էր Հայոց այբուբենը շքերթի հանել` որպես ամենամեծ պաշտպանական զենք, որպես հաղթանակի գրավական և ոգի, որի դեմ բյուր հազարավոր սրեր են խոնարհվել: Իսկ մենք «էլիտար» ենք ասում ու խաչում մեր լեզուն օտար հրճվանքով:
Երեխաների իրավունքները երեխաներից վեր դասող ինչքա՞ն հասարակական կազմակերպություններ կան, որոնց միակ նպատակը կերակրատաշտից օգտվելն է` իհարկե, երեխաների ապագայի հաշվին:
Ամեն օր քրեական գիջախտածիններ քարոզելով, գողական օրենքները ամեն մեկի աչքն ու հոգին կոխելով, քրիստոնեական քերովբեների` հրեշտակապետերի փոխարեն գողական քերոբներ` գողապետեր, քարոզելով ուզում ենք բանակում երեխաներ չբռնաբարե՞ն ու չնվաստացնե՞ն:
«Մեծ սեքս փոքր քաղաքում» նշանաբանն է գործում, որով քարոզվում են սեռական գիջության ամենացնցող մանրամասներ: Հեռուստատեսային մի սոդոմգոմորուհի` բանը կապած ճակատին, խոսք էր տվել մի երիտասարդ, խելապակաս որձի, որը բռնաբարել էր իր ծեր «տոտային»: Մի ամիս հետո բոլոր թերթերը գրեցին, թե ինչպես է մեկը բռնաբարել իր տատիկին:
Մի՞թե կապն ակնհայտ չէ: Արդյոք խելապակաս երիտասա՞րդն է մեղավոր, թե՞ հաղորդման հովանավորն ու հեղինակը:
Թերմացքը թերմացք է քարոզում: Թերմացքը լծակներ ունի, թերմացքը դարձել է քափ ու վերևում է: Թերմացքը իրեն լավ է զգում, երբ երաժշտությունը ռաբիս է, երբ լեզուն գռեհիկ է ու անհոդաբաշխ, երբ մարդիկ վախեցած են ու անապահով, երբ գողանբարոյի օրենքն է անցնում. դրանով էլ թերմացքը քափ է դառնում:
Այս իրավիճակում ով էլ լինի բանակի ղեկավարը` Առյուծ Մհերը, թե Ցռան Վերգոն, մեկ է, երեխաները զոհվելու են ու հոշոտվելու թերմացք թուլեքի կողմից:
Չարքը, քաջքը, սատանան իշխում են ու զորացնում թերմացքին:
Բարին, հրեշտակը, Աստված համբերում են:
Մինչև ե՞րբ:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

1 комментарий:

  1. Շատ դիպուկ եք նշել: Նույն թեմայով՝ http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6099

    ОтветитьУдалить