понедельник, 21 октября 2019 г.

«9-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ» 25 ՏԱՐԵԿԱՆ Է


25 տարի, քառորդ դար, 777 համար «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթ:
Սերմացուի նման ծնեց բազմաթիվ գրքեր, կյանքի կոչեց ու իրականացրեց բազմաթիվ գաղափարներ, հասկացություններ, նորաբանություններ: Ծնեց ռադիոհեռուստատեսային հաղորդաշարեր,  զանազան մրցույթների հիմք դրեց, ստեղծեց բառախաղային մի անկրկնելի միջավայր՝ լեզվատրամաբանական հետաքրքրաշարժ առաջադրանքներ, նկարելուկներ, տառաթվային ծածկագրեր և այլն, շրջանառեց աննախադեպ խաղ-մրցույթներ, ծանր օրերին հույսով ու սիրով լցրեց մարդկանց սրտերը: Այդ գաղափարների մեծ մասը կյանք մտավ բազմաթիվ գրքերի, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, զննական պիտույքների, ուսումնական պաստառների, ուսումնական խաղալիքների, ուսուցման էլեկտրոնային միջոցների տեսքով:
«9-րդ հրաշալիքը» հարուստ անցյալ ունի, քիչ ներկա և արդեն անորոշ ապագա: Ինչ որ արեց՝ ապագայինն էլ է, իհարկե: Այդ առումով ոչ մի կասկած:
Այս ամենն իրականացվեց «9-րդ հրաշալիքի» փոքրիկ, բայց բանիմաց ու նվիրյալ աշխատակազմի միջոցով, որի կորիզն են կազմել Հայկ Սարգսյանը, Հրանտ Վարդանյանը, Արտաշես Թադևոսյանը, Արա Դիլանյանը, Նարինե Գևորգյանը, Ռաֆիկ Ասլանյանը, Հեղինե Ասլանյանը, Լիանա Ավագյանը, Անահիտ Խաչատրյանը և մնացյալ անդամները: Սակայն այսօր «Հրաշալիքը» միայնակ է բառի բուն և փոխաբերական առումով:
Այսօր «Հրաշալիքի» հետ են նրա անդավաճան ընթերցողները. բոլորին մեկիկ-մեկիկ շնորհակալություն, բոլորին մեր սերն ու հարգանքը:
Հետադարձ, թռուցիկ հայացք ձգելով  «9-րդ հրաշալիք» թերթի անցած ճանապարհին` համոզվում ես, որ լավ գործը չի կորչում, մտնում է մարդկանց սրտերը և սեր բաժանում:

четверг, 14 июня 2018 г.

ՇԱՉԵԻ ՀՈՐԹԸ


Մի բուռ գյուղ է, ընդամենը երկու ծառ կա. մեկը՝ էլեկտրիկ Գուրգենի դռանը, մյուսը՝ ռուս Դինայի: Փոշոտ ու ալարկոտ փողոցներով գյուղի մեջտեղում կիսաքանդ եկեղեցին է՝ «ժամի գլուխը»: Գյուղից ներքև կամաց-կամաց իջնող ծովն է և ամպածրար լեռնաշղթան:
Շաչեն գյուղի ծայրին է ապրում: Խոշոր ոսկորներով, կնճռոտ և չորացած մի կին է Շաքեն, անզավակ: Ամուսինը պատերազմում կորցրել էր երեխա ունենալու ընդունակությունը:
Մթնշաղ էր արդեն, երբ ես դաշտից գառները գյուղ իջեցրի և վազեցի Շաչեի տուն: Նրա հորթը դեռ կեսօրին մոզ առավ փախավ: Ես չէի վազելու մի հորթի հետևից՝ անտեր թողնելով գառները: Պարզվեց՝ հորթը տուն չէր հասել: Մտածեցի, քանի մութը լրիվ չի ընկել, գնամ դաշտում հորթը փնտրեմ: Ես հինգերորդ դասարանում էի: Պատասխանատվության զգացումը կորած հորթի նման տռճիկ էր տալիս ներսումս: Բայց գյուղի ու դաշտի արանքում գերեզմանոցն էր: Մտքովս էլ չանցավ շրջանցել այն: Ուղիղ գերեզմանոցի միջով գնում եմ դեպի Գիլանոց կոչվող տեղանքը: Մեջս վախ չկար, հանկարծ հայտնվեց: Նայեցի կողքիս գերեզմանին. երեք շարք սրբատաշ քարեր՝ վրան սև բազալտից տապանաքար, որը հանդարտ բարձրացավ վերև և իջավ կողքի, իսկ սրբատաշ քարե աստիճանների միջից սկսեց լույս հորդել:
Ես փախա: Մեկն ընկել է ետևիցս: «Գոռնափշտիկ է», –  մտածում եմ ես: Նա հասավ ու փաթաթվեց ոտքերիս, ու ես ուշաթափված ընկա խոտերի մեջ: Հողը տրոփտրոփում էր սրտիս զարկերից: «Ես չեմ ասե՞լ՝ գերեզմանոցից սինձ ու ճպռուկ չքաղես», –  ասում էր ծուռբերան Լիպոն, որի բերանը ծռվել էր, երբ մի չարք ձեռքի ճիպոտով խփել էր նրա քթին: «Գիշերը մութ ջրի մեջ ինչու՞ ես նայում», –  ասես շշնջում էր մեր երգի դասատուն:
Չեմ հիշում ինչպես ուշքի եկա: Վեր կացա ու փշամզած, աշխարհով մեկ գոռալով, վազում եմ... դեպի Գիլանոց: Գերեզմաններից վերև Գոնչո Սարոյի տունն է: «Կովը կթում են, 2x2 = 4, ուրեմն ես չեմ ծռել», –  մտածում եմ ես ու գոռում, լաց եմ լինում ու վազում: Ետ նայեցի գյուղի կողմը. ժամի մոտ ահագին մարդ կար հավաքված: Բայց այդ մթանը ես նրանց այդքան հեռվից ինչպե՞ս տեսա:
–  Ի՞նչ ես ձենդ չոլերը գցել, –  հանկարծ դեմս հայտնվեց ճամփաբաժնի Արևը՝ բահը ուսին, թևերն ու դեմքը արևախանձ, մեծ, լիքը կրծքերով, մեզ էլ մի քիչ ազգական: Մի անգամ նրան ծովում տեսել էի լողանալիս: Նրա արևախանձ, կարմիր տուֆից շինած գլուխն ու թևերը կարծես կպած էին սպիտակ մարմարե մարմնին: Ես նայում էի նրան ու շարունակում գոռալ: Հասանք Գոնչո Սարոյենց տուն, ես գոռում եմ դեռ: Ջուր խմեցրին: Կցկտուր պատմեցի, թե ինչ է պատահել: Արևը ինձ տուն բերեց:
–  Վանուշի հոր գերեզմանն է եղել, –  հարցուփորձից հասկացավ մայրս, –  պիտի շիշ ջարդենք վրան, որ վախն անցնի, լավ մարդ էր, քաջ:
Շիշ որտեղի՞ց ճարենք. հարևաններն էլ չունեին:
Մի երեք լիտրանոց բանկայով եղբորս կինը բալի մուրաբա էր ուղարկել: Մայրս մուրաբան դատարկեց կաթի կավե տաշտի մեջ, վերցրինք ջրով լի բանկան ու Շաչեի ամուսնու հետ՝ դեպի գերեզմանոց: Ի միջի այլոց, հորթն արդեն տուն էր եկել: Բայց նախքան գերեզմանոց գնալն ինձ ահագին համոզում էին, իսկ ես շարունակում էի վախենալ, անչա՜փ վախենալ: Ջարդեցինք բանկան, լվացվեցի գերեզմանի վրա և վախս մի քիչ կարծես թուլացավ:
Վերադարձանք տուն: Արևը, անքաշ պանիրը լավաշի մեջ փաթաթած, ախորժակով ուտում էր, ինքնամոռաց: Նա հաճախ էր, իր ճամփից բեզարած, մեր տուն գալիս՝ մի կտոր հաց ուտելու և գլխով անցած-դարձածը ևս մեկ անգամ մորս պատմելու: Նա միակ ասֆալտապատ ճամփի տիրուհին էր: Մանրամասն գիտեր, թե ճանապարհի որ մասում ինչ փոս կա, ինչ քարեր են ընկած կողքի խանդակներում, ինչ փուշ և ինչ խոտ է աճում ճանապարհի աջ ու ձախ կողմերում: Ճանաչում էր իր ճամփով անցնող  գրեթե բոլոր վարորդներին, վարորդներն էլ՝ իրեն: Դա իր աշխարհն էր. նույնքան բնական, ինչքան մեր սարերն ու ծովը, ինչքան մեր գյուղը հարևան գյուղին  կապող ծերացող ճանապարհը:  Գրեթե ամբողջ կյանքն այդ ճանապարհին էր անցել: Մի անգամ Արևին իր մոտ է կանչում ճամփաբաժնի պետը, խոսեցնում երկար-բարակ, ձեռքերը տրորում, սպառնում, որ աշխատանքից կհանի, և Արևը կոտրվում է: Պատմում էր այդ մասին մի տեսակ վհատ ու մի տեսակ հպարտ: Նայում էր կրծքերին ու ասում. «Է՜հ, էսպես անտեր էլ պիտի գերեզման մտնեք՝ սրա նրա ձեռքն ընկնելով»:
Ջարդված բանկան երևի այնքան էլ շատ չէր ազդել ինձ վախեցնող չարքերի ու սատանաների վրա, որովհետև անընդհատ գերեզմանոցից էի խոսում: Մայրս ինձ որոշեց տանել Մամե Օլոքի մոտ. «Նարեկ անի, մեռնեմ նրա զորությանը»:
Հին, կավածեփ մի տուն էր: Պատի մեջ մի խորշ կար, մեջը՝ խաչքար՝ մոմից սևացած, տակը շուշպաներ էին ու նկարներ: Ես երբեք մենակ չէի համարձակվի մտնել այդ տունը, ուր ամեն մի իր խորհրդավոր էր, վախենալու: Այդ տանը Օլոքն ապրում էր անհիշելի ժամանակներից: Ոսկրոտ մատներ ու դեմք ուներ, աչքերը նայում էին սուր, փշաքաղող հայացքով: Ո՜վ գիտե, թե աղջիկ ժամանակ ինչ անուն է ունեցել: Նա այնքան  ծեր էր, որ թվում էր, թե մեր գյուղից չէ: Մամե Օլոքը մենակ էր ապրում ու բոլորի հետ: Նա մի անգամ ինձ արդեն շատ ճչացրել էր՝ դուրս ընկած մատս տեղը գցելով: Այնքան շոր կար հագին, որ երևի չէր հասցնում քնելուց առաջ լրիվ հանել: Պատմում էին, թե ինչպես մի օր, երբ Սևանից ուժեղ քամի է փչել, խոտերն ու արտերը կպցրել գետնին, մի ծեր կին է մտել Օլոքի տուն, նրան խնդրել և տարել, որ կտրի իր թոռնիկի պորտը: Մթնշաղի մեջ շատերն էին տեսել երկու պառավին, որ գնում էին «սատանու քամուց» քշված: Որպես վարձատրություն՝ ծեր կինը Մամե Օլոքի գոգնոցի մեջ սոխի կճեպ է լցնում, որը ճանապարհին Մամեն թափում է: Մի կճեպ մնացած է լինում  գրպանում, որը տանը զրնգոցով ընկնում է երկաթյա թոնրասալին: Պարզվել է՝ ոսկի է, իսկ ծեր կինը մեր Գհոռների սատանան է եղել: Այդ դեպքից հետո գյուղում բոլորն ասեղ էին պահում մոտները, որ եթե սատանան նորից գա, ասեղով «կապ գցեն» նրան ու իրենց քեֆին աշխատեցնեն:
Օլոքը խմորի տաշտաքերիկը տաքացրեց թոնրի մեջ, մոմը դրեց վրան, որը հալվեց ու թափվեց ջրով լի ամանի մեջ: Հնարավոր է, որ նա  դրանով հավի ճուտիկներին էր ջուր տալիս: Մոմը ջրի երեսին սառեց, ու պարզ երևացին սատանաները: Մամե Օլոքը սկսեց վախս բռնել՝ աղոթքներ մրմնջալով ու քթիս տակ թափ տալով վախ բռնելու երիզը, որն իր աղջկա հին շորերից էր երևի կտրել: Դանակով խազելով գետինը, խաչեր դնելով՝ նա երկար աղոթեց: Աղոթած դանակը պիտի դրվեր իմ գլխատակին: Հետո ես համբուրեցի գիրքը, խմեցի ամանի միջի գոլացած ու անհամ ջուրը:
Տուն եկանք: Իսկ վախը... մնաց գյուղում: Բայց այն միշտ ուղեկցեց ինձ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


среда, 20 сентября 2017 г.

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆ

1967 թվականին Ուջան գյուղում տեղադրվել է զորավար Անդրանիկի արձանը: Բացման արարողության ժամանակ խոսքով հանդես է եկել այն ժամանակ ուսանող, այսօր անվանի գրող Թորոս Թորանեանը։ Ձեզ ենք ներկայացնում նրա հուշերն այդ իրադարձության մասին:


1963-1970 մենք ընտանյոք Հայաստան կը գտնվեինք: Ես և տիկինս՝ Արմինեն, որպես սփյուռքահայ ուսանողներ, իսկ մեր երկու զավակները աշակերտներ՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցում:
1967 թվականի հունիսի 4-ի առավոտյան Արմինես ըսավ ինձի.
– Ճանս, հյուրեր պիտի ունենանք, տան մեջ խմիչք ունինք, միրգ ու միս կըպակսին, մի ալարեր, ծածկած շուկա գնա ու պետք եղածը բեր:
Օրը արևոտ էր: Պողոտային ծառերը լույսի խաղեր կը թափեին մայթի երկայնքին: Ախորժակով կը քալեի:
Նույն  մայթին վրա երկու երիտասարդ բարձր ձայնով զրույց կունենային.
– Արա,– կըսեր մեկը,– լսած կա՞ս: Էսօր Ուջանում Անդրանիկ փաշի արձանի բացումն ա, ուզո՞ւմ ես վեր կենանք երթանք Ուջան:
Մյուսը թե`
– Արա, գնալը գնանք, բայց ո՞նց:
Անդրանիկապաշտս այս խոսքերը լսելով մոտեցա իրենց ու ըսի.
– Երիտասարդներ, ձեր խոսածը լսեցի, Ուջան որ կըսեք, ո՞ւր է:
Անոնցմե խոսքը բացողը ըսավ.
– Երևի ախպար եք, չգիտե՞ք Ուջանը ուր ա:
– Երիտասարդ, ախպար չեմ, ախպարացու եմ, այսինքն՝ հայ ուսանող եմ: Անդրանիկը շատ սիրելուս կուզեմ միանալ ձեզի, կարելի՞ է:
– Կարելի է, ախպեր ջան:
Մինչ տեղի կունենար այս խոսակցությունը, պողոտայի մայթի եզրին բեռնակառք մը կանգնած, երկու վարորդ կզրուցեին:
Երիտասարդներն առաջինը մոտենալով վարորդին, հարց տվան.
– Ախպեր ջան, ոնց որ քշելու եք կռուզավիկը:
– Այո, ձեզ ո՞ւր է պետք:
– Մենք Ուջան ենք գնալու, էսօր Անդրանիկի արձանն են բացելու:
Վարորդը թե`
– Ցատկեք դամբքին, ես մեկնում եմ Աշտարակ:
Երեքով ցատկեցինք:
Երբ հասանք Աշտարակ, վարորդը ձայնեց.
– Երեխեք, իմ գործն էստեղ ա, ձեր գլխի ճարը նայեք:
Ուրիշ բեռնակառքով փոշեկուլությամբ հասանք Ուջան:
Հսկա բազմություն մը հավաքված տեսանք: Մայրաքաղաքը լուռ էր, ոչ մեկ թերթ հայտարարությամբ մը հանդես եկած չէր, թե հունիսի 4-ին Ուջանի մեջ Անդրանիկի…
Բայց հազարներ ներկա էին արդեն: Անդրանիկի անդրին ծածկված էր հսկա սպիտակ լաթով մը, մեկքանի սասունցիներ, որոնք ժամանակին եղած էին զորավարի զինվորներ, այժմ կորաքամակ, պատվո պահակ կեցած էին:
Բեմին վրայեն երիտասարդ մը սկսավ հայտարարել… Մինչ այդ սպիտակ սավանը ծափահարություններու տակ վար առնվեցավ, նախկին ֆիդայիները իրենց զորավարին առջև պատվո բարևի կեցան, հիշել տալով ինձի, թե Փարիզի Փեր Լաշեզ գերեզմանատան մեջ ինչպե՜ս մարշալ Բաղրամյանը պատվի կեցած էր հոն ննջող ձիավոր Անդրանիկի արձանին առջև:
Երիտասարդին անունը բերնե բերան կանցներ՝ Հարություն Հարությունյան: Ան, բարձրախոսեն.
– Ձայնը տրվում է…– գրողի մը անունը… պաուզա…
Հարությունյանը.
– Ժողովրդի բուռն փափաքին վրա ձայնը տրվում  է…– լռություն:
Ժողովուրդը անհամբեր խոսողի մը կսպասեր:
Նշմարեցի, որ երիտասարդ մը Հարությունյանին մոտենալով անոր ականջին փսփսաց: Ոչ ոք ոչինչ չլսեց: Բայց լսվածը այս էր.
– Ժողովրդի բուռն փափաքին վրա ձայնը տրվում է Երևանի պետական բժշկական ինստիտուտի սփյուռքահայ ուսանող Թորոս Թորանեանին:
Ի՜նչ անակնկալ, անունս էր: Երբ կպատրաստվեի բարձրանալ, մեկը ուսիս զարկավ, թե` ընկեր, դուք օտար եք, իրավունք չունեք մեր երկրում խոսք առնելու: Ըմբոստ  ձիու կերպարանք մը առնելով, այդ չընկերին ըսի.
– Դուք կերևի չեկիստ եք, հանեցեք ձեր տետրակը և բառ առ բառ արձանագրեցեք ըսելիքներս և այս գիշեր իսկ ներկայացուցեք:
Մարդն աներևութացավ: Ցատկեցի բեմ` ձիուն փրփուրները բերնիս.
– Սիրելի հայրենակիցներ,– (զարմանալի զուգադիպություն) ձեռքս երկարեցի գրպանս ու հանեցի նկար մը, ես Փարիզի Փեր Լաշեզ գերեզմանատան մեջ զորավար Անդրանիկ ձիավորին առջև լուսանկարված:
Բարձր բռնեցի ափաչափ լուսանկարը և Անդրանիկին նայելով բացականչեցի.
– Նայեցեք այս նկարին, հոն, օտարության մեջ (նկարը նետեցի բազմության, որ անվերադարձ մնաց) շվարած է թե՛ ձին, թե՛ Զորավար Անդրանիկը: Բայց հայկական հողին վրա ըլլալով, իր սրատես աչքերը Արևմտյան Հայաստանին ուղղած, կը ասե. «Այդ հողերը մե՛րն են, մե՛րը պիտի ըլլան, մե՛րը պիտի մնան, այսօր ալ մերն են»:
Խելահեղ ծափահարություններ ծայր առին:
– Սիրելի հայրենակիցներ, ես որպես սփյուռքահայ ուսանող, ամառնային արձակուրդներուն, շնորհիվ Սովետական Հայաստանին, ոչ մեկ կապիտալիստ չըսեր ինձի` ինչո՞ւ կը գովիք Սովետական Հայաստանը:
Կըսեի անոնց` Սովետական է, բայց ուշադի՛ր Հայաստան: Ուրեմն, երբ գովքը կը հյուսեմ մեր հայության պաշտելի Զորավարին, չեմ կարծե, որ վաղը կենտկոմը զիս պիտի հարցազրույցի կանչե:
Օտարը Անդրանիկին արձանը կանգնած է: Ինչո՞ւ մենք չկանգնեցնինք Անդրանիկին արձանը:
Հայրենակիցներ, ըսելիքս չեմ ավարտած:
Օր մը ետև կգտնվեի Պուլղարիա, Սթանքե Տիմիթրոֆ քաղաքին մեջ: Ի զարմանս բոլորիս, հեռվեն տեսա Զորավար Անդրանիկի արձանը՝ փափախը գլխին, մաուզերը ձեռքին, խանչալը մեջքին: Վազեցի, վազեցի… ու  հանկարծ, գրություն մը արձանին տակ. «Կոցե Տելչև»: Քովես անցավ պահապանը, հարց տվի անոր. «Ընկեր, ո՞վ է այս Կոցե Տելչևը»:
– Բարեկամ,– ըսավ մարդը,– Կոցե Տելչևը մեր ազգի հակաթուրքական պայքարի առաջնորդներեն մեկն է:
Հայրենակիցներ, այս բեմեն հարց կուտամ ձեզի, եթե նոր սոցիալիստական Պուլկարիան իր հակաթուրքական պայքարի մեծ հերոսին արձանը կը կանգնե մեծ քաղաքի մը մեջ, մենք ինչո՞ւ մեր մեծագույն զորավար Անդրանիկի արձանը չկանգնենք Երևանի մեջ, քանի մենք սոցիալիստական եղած ենք Պուլկարիայեն շատ առաջ:
Ծափահարություններ:
Զորավարի զինվորները բացման արարողության ժամանակ
Բեմեն վար իջա, մէ մըն ալ ինչ տեսնեմ՝ մեր սիրելի գրողներեն Գալշոյանի ուսերուն վրա եմ: Մուշեղ, Ձորի Միրո, հիմա ողջ ըլլայիր, ու ես քեզ ուսերուս վրա բարձրացնեի:
Բայց այն ատեն խնդրեցի Մուշեղես վերջին խոսք մը ասել ու ըսի.
– Ժողովուրդ, եթե հիմա Զորավարը ձեզի ըսե. «Շարքի՛, պատրա՛ստ, հառա՛ջ: Կարսի եղածին պես կը փախչի՞ք, թե՞ հարձակումի պատրաստ կըլլաք, ինչպես Սարդարապատին մեջ և ոչ թե Կարսի. տեղ մը պարտություն, տեղ մը հաղթանակ»: Որո՞ւն համաձայն եք:
«Հաղթանակի՛ն, հաղթանակի՛ն»,– պոռացին:
Գիշերը լուսացրինք Ուջանի մեջ: Տունե տուն: Այդ օրը հասցեատուն ունեցա հայրենի հողին վրա:
Հաջորդ օրը` հունիսի 5, ժամը 8-ին հասա տուն: Հյուրերս չէին եկած: Արմինես, հիրավի, քիթը ծռած էր: Իր խոսքը՝ մեծնալով խենթանալ սկսած ես:
– Անդրանիկի արձանին բացումն էր:
– Վրա՞ս կը խնդաս:
– Ոչ, սիրահարիս ծոցին էի:
– Քեզ գիտեմ, քաջ գիտեմ: Դու սիրուհի պահող չես:
– Արմիկ ջան, դուն սիրածս ես, բայց Անդրանիկը` պաշտելիս: Ելիր, ելիր, այսօրվան դասերը ժամը 9-ին պիտի սկսին, միասին երթանք շուկա, ժամանակ կա:
Կնոջս ծուռ քիթով ճամբա ելանք:
Հազիվ առաջացած էինք քսան քայլ, մեր դիմացը ելավ մարդ մը.
– Արա, երեկ Ուջանի մեջ դուք չէի՞ք խոսողը, շատ ապրիք…
– Արմիկ ջան, այս մարդուն ե՞ս սորվեցրած էի:
Արմիկիս քիթը քիչ մը շտկվեցավ:
Տասը քայլ մըն ալ, ուրիշ մը.
– Արա, երեկ Ուջան խոսողը դուն չէի՞ր, ախպեր ջան, ապրես:
Քացինք շուկա, կատարեցինք մեր գնումները:
– Ի՞նչ ենք վճարելու:
– Այ մարդ, բան ասացիր, երեկվան խոսողեն փո՞ղ կառնեն, թե՞ շուլուխ եք անում:
Արմինես խնդալ սկսավ: Առանց բժիշկների դիմելու քիթը ուղղված էր:
ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ
Երևան, 2017 թ.

Հ. Գ. Զորավար Անդրանիկի արձանի բացումի օրը հայտարարությունները կենսագործող Հարություն Հարությունյանը հետո ճառախոս չմնաց: Դարձավ բժիշկ ու բժշկական գիրք գրեց, մնալով ինձի պես Անդրանիկապաշտ:
Թորոս Թորանեանը Անդրանիկի արձանի մոտ, 
2017 թ., հունիսի 4

«9-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔ». 2017 թ. հունիսի 4-ին Ուջանում կայացավ արձանի տեղադրման 50-ամյակին նվիրված միջոցառում, որին ևս մասնակցեց Թորոս Թորանյանը: Նա կրկին ելույթ է ունեցել` ամենայն մանրամասներով վերհիշելով հիսնամյա վաղեմության իրադարձությունները:

понедельник, 20 марта 2017 г.

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սիրելի Վանիկ, տարիներու բեռան տակ կքած, մինչև կուզ դառնալդ իջած ուսերով ծառայեցիր հայ մամուլին որպես Մեսրոպի երդվյալ աշակերտ ամբողջ տասնամյակներ:
Ու Վանը, Արևմտյան Հայաստանը, ամբողջական Հայաստանը անհունորեն սիրելուց դարձար Վան, իկ մասնիկը թողած ետին, քանի ոսկեջրեցիր «Մաշտոցի որդիները» մատյանը, սերունդներուն ավանդ տալով մեր մշակույթի մեծերը, անոնցմով գեղազարդելով քու ողջ կյանքդ, ընթերցողներուդ կյանքը նաև:
Ինձի համար 283 էջերու վրա տարածվող հազարավոր տողերդ դարձան լույսի ճառագայթ այս մթնցող աշխարհի մութ օրերը ճեղքող:
Մեր այսօրին մեջ ուր ալ դառնաս, շունչն է պատերազմի, որոտումն կայծակնացայտ ռմբակոծումներու ու փլուզումը քաղաքներու, որոնց մեջեն դռան կապված էիր այնքա՜ն, սիրածդ Հալեպին…
Ու ահա՛ այդ նախճիրներու մթամած ֆոնին՝ ՔՈՒ կապածդ ծիածանը իր յոթնարբի գույներով ուր կնշուլեն Մեսրոպեն առաջ ու վերջ մեր ունեցած ծաղկաբույր մեծությունները, երբ Քրիստոսե շա՜տ, շատ առաջ մեր իրավ Աստվածը Վահագնն էր ու Մեսրոպին հետ մեր աստվածները Մեսրոպի որդիները եղան:
Հրապարակագիրի օրերուդ մեջ հանկարծ լեռնապար Հայաստանի մեջ խոյացավ նոր լեռ մը՝ «Մաշտոցի որդիները» գեղարվեստի բեհեզ լեզուն իրեն որպես հանդերձանք ընդունած:
Ձեզի` այս շքեղանքը պարզողին, շնորհակալ ենք ըսելը անհունորեն քիչ է, շատ քիչ: Ամպերը թող հեռանան հոգիեդ, մեր պատմության ու մշակույթի այնքան գինով բարեկամ: Ողջ լեր:
ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ 
ք. Երևան, 2016

пятница, 24 февраля 2017 г.

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈՒՍՈՎ»

Վաչագան Ա. Սարգսյանի (ՎԱՍ) «ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ  ԵՐԿՈՒՍՈՎ» վիպակի (2008 թ.) հերոսը եռատված Մարդն է, որ դիմում է եռամի Աստծուն: Մարդ, որի յուրաքանչյուր հարցը պատասխան է, իսկ ստացած յուրաքանչյուր պատասխանը՝ հարց:


ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Այս գիրքը, ասես, սկսել եմ գրել, երբ դեռ ծնված չէի, երբ դեռ իմ ապուպապերն էլ ծնված չէին: Շարունակել եմ գրել մանկական աշխարհատես օրերին, դաշտ ու ձորերում, արևի ու աստղերի ներքո: Երբ արդեն ուսանող էի, աչքերիս մեջ էի պահում ու հոգուս, լեզվիս վրա` չկար: Երբ սկսեցի գրել երազում և հարթմնի տեսա, որ ուշացել եմ ինքս ինձնից, տեսա, որ երբեք չեմ ավարտի՝ անընդհատ ու անվերջ կգրեմ: Ու որոշեցի ընդհատել ու հրատարակել այսպես:
Գրքի բոլոր հերոսներն իրական են այնքան, որքան անիրական է հեղինակը: Նա շնորհակալություն է հայտնում Գևորգ Վկային, որը Աբեղայի ու հեղինակի հետ բազմաթիվ օրեր շրջեց գրքի էջերում, տեսավ Աբեղայի ու հեղինակի տեսածը, լսեց լսածը և ասաց ասածը: Հեղինակը շնորհակալություն է հայտնում Հրաչյա Մաթևոսյանին, որ տեսավ ու կանչեց Աբեղային, հետը սեղան նստեց: Հեղինակը շնորհակալ է, որ նրանք երկուսն էլ առաջաբաններ գրեցին գրքի համար, որոնք հեղինակը զետեղեց գրքի վերջում` որպես վերջաբաններ:
Հեղինակը շնորհակալություն է հայտնում Բենիամին Հովակիմյանին, որ ձեռք մեկնեց Աբեղային, երբ նա իր ճանապարհին մի քանի տեղ սայթաքեց:
Հեղինակը շնորհակալություն է հայտնում Նարինե Գևորգյանին, որը հարյուր անգամ տառը տառին դրեց, բառը բառին դրեց, սրբագրեց ու շարեց, և այդ ամենը սիրով արեց: Շնորհակալություն Հրանտ Վարդանյանին, որ խմբագրի աչքով ուշադիր նայեց բոլոր հերոսներին, ճանաչեց ու ճանապարհեց:
Շնորհակալություն Արտաշես Թադևոսյանին, որ էջը էջին դրեց ու գիրքն ընթերցողին հասցրեց, Հայկ Սարգսյանին, որ շապիկ հագցրեց գրքին, չթողեց, որ մերկ մնա:
Հեղինակը երկյուղածությամբ շնորհակալություն է հայտնում գիրքն իրեն Ընծայողին:
ՀԵՂԻՆԱԿ




ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈՒՍՈՎ
Աբեղան, ամե՜ն-ամեն բան մոռացած, վերացել էր աշխարհից…
Մնացել էին ինքն ու Եկեղեցին: Ձեռքից բռնած՝ Եկեղեցին տարավ Աբեղային…
Տարավ Աբեղայի մեջ: Անցավ նրանից: Անցավ իրենից: Հասան հեթանոսություն: Աբեղան տեսավ, որ այն ժամանակ էլ է քրիստոնյա եղել: Դեռ չծնված էլ է եղել: Երկնքի առջև խոնարհ, երկյուղած: Արարիչն իր մեջ է եղել՝ Արա Աստված է եղել: Հեթանոս հիմքից մինչև քրիստոնյա գմբեթ՝ Եկեղեցին շաղախված է եղել մեր հավատով, մեր տեսակի ցնծո՜ւն հավատով: Հազար յոթ հարյուր տարին վարագույր է, բացես՝ էլի կա 1700 տարի, 17000 տարի:
Եկեղեցին հավատ է բուրում. դեռ հեռվից զգացվում է հավատի բուրմունքը. ռունգերդ թրթռում են, հոգիդ՝ սարսռում:
Երիտասարդ Աբեղան դուրս ելավ խցից: Երկարատև աղոթքից հետո լուսավոր օրը մի տեսակ անիրական թվաց նրան: Երանություն էր խոնարհ տապանաքարերին ու խաչքարերին՝ շոշափելի, փշաքաղող: Կարծես երազում լիներ: Եկեղեցու պատի վրայով վազ տվեց մի փոքրիկ մողես: Քարերը տաք էին, արևոտ: Ներքևում ծովն էր: Աբեղան անշտապ իջավ դեպի ծով:
Եկեղեցին մնաց վերևում: Եկեղեցու զորությունը մնաց իր ներսում՝ որպես հիշողություն, որպես հոգևորություն և անդորր: Հրա՜շք մի անդորր, որին ձգտում են մոլորյալ և խոնջացած, ծիծաղի մեջ հանկարծ շվարած, ատելությունից ծառս եղած, սիրուց թև առած, անտարբերությունից արբած, մեծամտությունից աշխարհով մեկ եղած, բոլո՜ր-բոլո՜ր հոգիները:
Գույնզգույն ծաղիկները կանաչ, փարթամ խոտի վրա հեքիաթային գորգ էին հյուսել: Մեղուները ժրաջան էին ծաղիկների մեջ, սակայն անձայն էին թռչում: Օդը կանգ էր առել, չէին շարժվում ծաղիկ ու խոտ:
Աբեղան նստեց ծովափի իր քարերից մեկին: Ծովը հսկայական հայելի էր. ո՛չ ալյակ, ո՛չ խռովք: Աչքն ընկավ իր արտացոլանքին: Ջրից իրեն էր նայում թխամորուս, դալուկ դեմքով, անթեղված կրակն աչքերի խորքում մի երիտասարդ:
Դեռ մանկուց սիրում էր նստել ու ջրի մեջ նայել իր արտացոլանքին: Այս անգամ ևս արտացոլանքը թեթևակի տարուբերվում էր ջրում: Սակայն մի բան անհանգստացրեց Աբեղային. ինչ-որ բան այն չէր: Իր դեմքն էր, իր աչքերը, իր ձեռքերը: Աբեղան ժպտաց ինքն իրեն ու սկսեց ավելի ուշադիր զննել: Հանկարծ ապշահար նկատեց, որ կրոնավորի իր սև սքեմի փոխարեն Անդրադարձի հագին աշխարհիկ հագուստ էր՝ կապույտ գույնի ջինսե տաբատ, հաստ կտորից գեղեցիկ վերնաշապիկ, ժամանակակից բարձրաներբան կոշիկներ և իրանը գրկող գոտի: Աբեղան նորից վեհերոտ ժպտաց իր արտացոլանքին, իսկ արտացոլանքը մտերմաբար ձեռքով արեց նրան: Աբեղան սոսկաց. ինքը ոչ մի շարժում չէր արել: Աբեղան խաչակնքեց: Անդրադարձը չկրկնեց նրա շարժումը: Ջրի վրա թեթևակի կռթնած՝ սպասում է…
– Տե՛ր Աստված,– մրմնջաց Աբեղան:
– «Տե՛ր Աստված, օգնի՛ր ինձ». ահա մարդու սրտաբուխ և միակ անկեղծ աղոթքը,– քմծիծաղ տվեց Անդրադարձը:
Աբեղան սարսափից պապանձվեց. սիրտն սկսեց ուժգին բաբախել: Առաջին միտքը, որ անցավ գլխով, փախչելն էր: Սակայն ոտքերը չէին հնազանդվում: «Մի՞թե խելագարվում եմ»,– մտածեց Աբեղան: Սակայն հաջորդ պահին, նույնքան հանկարծակի, մի հանգստություն իջավ վրան: «Սա սովորական հրաշք է»,– մտածեց նա: Կարծես ամեն օր այդպիսի հրաշքներ էր տեսել: Տարակուսած նայեց շուրջը: Քիչ հեռվում մի վրան կար: Երկու տղա և երկու աղջիկ լողազգեստներով պառկած էին ծովափին: Աղջիկներից մեկը չարաճճի հայացքով նայում էր Աբեղային: Ավելի հեռվում մարդաշատ լողափն էր:
Աբեղան նայեց ջրին, սրսփաց, երբ հայացքը հանդիպեց Անդրադարձի աչքերին, նորից խաչակնքեց:
Առանց ընկրկելու՝ Անդրադարձն ասաց.
– Դու չես կարող խաչակնքելով վերացնել ո՛չ քեզ, ո՛չ ինձ:
Մի՞թե այս երազային աշխարհում այսքան անմիջական, այսքան սովորական, այսքան միամիտ ու մեկեն կարող ես հանդիպել ջրի, որը խոսում է, քարի, որը լռում է, Աբեղայի, որը սպասում էր, գիտեր, զգացել էր, տեսել էր և… պատրաստ էր դրան երկյուղած մի հափշտակությամբ ու սիրով:
Աբեղային թվաց, թե զարմանալի ոչինչ չկա, որ խոսում է ջրում իր արտացոլանքի հետ, որ գիտի նրա անունը՝ Անդրադարձ, որ վրանի մոտի աղջիկն իրեն է նայում, որ ինքը չի կանչում նրանց, որ նրանք իրեն օգնել չեն կարող:
Աբեղան ձեռքով խառնեց ջուրը: Անդրադարձը ծամածռվեց ու, նորից ընդունելով Աբեղայի կերպարանքը, անսպասելիորեն ասաց.
– Աստված շատ մեծ է՝ թույլ է տալիս չհավատալ իր գոյությանը:
Նկարը՝ հեղինակի

Աբեղան հասկացավ, որ Անդրադարձը նույնքան իրական է, որքան լողափն ու վրանը, որքան աղջկա գեղեցիկ ոտքերն ու չարաճճի ժպիտը, որքան ինքն ու իր մտքերը, որ Անդրադարձը իրենից պատասխաններ է ակնկալում, ինչպես ինքը՝ նրանից:
– Աստծո սերը մարդկանց հանդեպ արտահայտվում է նրա գոյությամբ: Նա չի պարտադրում հավատալ իրեն, նա ազատություն է անվերջելի և կամք համապարփակ: Իրականությունն այն է, որ իմացածդ գոյություն ունի, իսկ չիմացածդ արդեն կա,– պատասխանեց Աբեղան:
Նա ապշահար վարժվեց Անդրադարձի գոյությանը և նրա հետ սկսեց խոսել իրեն տակնուվրա անող հարցերից: Ի վերջո, թե՛  իր եղբայր կրոնավորների ասածը, թե՛ կարդացածն ու լսածը պատասխան չէին տվել իր ներսում իրենց պատեպատ խփող շատ ու շատ բաների:
Անդրադարձը շարունակեց.
– Ինքն իրեն ճանաչելու համար Աստված ստեղծեց մարդուն: Ինքն իրեն ճանաչելու համար մարդն Աստծուն ստեղծեց: Բայց մարդն իզուր ստեղծեց Աստծուն. չէ՞ որ նա միշտ կա:
Աբեղան հասկացավ, որ Անդրադարձը գիտի իրեն, համենայն դեպս Անդրադարձին այդպես է թվում:
ԱԲԵՂԱ – Աստված փնտրում է մարդուն, մարդը նրան՝ ոչ: Փա՜ռք Աստծուն, որ Նա մարդու «ոչ»-ի այն կողմն էլ է տեսնում:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Դու մարդ ես և ամեն վայրկյան աջ ու ձախ ես նայում, կարծելով, թե ընտրություն ես անում բարու և չարի միջև, ու մոռանում ես վերև նայել, ընտրել աստվածայինը:
ԱԲԵՂԱ – Ես գիտեմ, որ երբ փնտրում եմ Աստծուն, գտնում եմ ինձ, և ինչքան ինքս ինձ ճանաչեմ այդ ճանապարհին, այդքան կբացվեմ Աստծո առաջ: Աստված մարդուն գիտե, ասա մարդն իմանա:
Անդրադարձի դեմքի վրայով թեթև քամի անցավ, և նրա խոսքերը մի տեսակ չարագուշակ հնչեցին ծամածռված բերանից.
– Հիշի՛ր. Աստծուն համենայն դեպս հավատալն առավել մերժելի է, քան ամենայն անհավատությունը: Լավ է լինել անկեղծ կռապաշտ, քան կեղծ բարեպաշտ, անկեղծ անհավատ, քան կեղծ հավատացյալ:
Աբեղան երկյուղեց. Անդրադարձը կարծես թե իրո՛ք տեսնում էր իր հոգու խորխորատները, գաղտնարաններից դուրս հանում խռոված ու մոռացության փոշով պատված խոկումները: Աբեղան վեր կացավ, մի քանի քայլ արեց ծովափով և նստեց մի ուրիշ քարի. ուզում էր հեռանալ, բայց չկարողացավ: Անդրադարձը մի քիչ հապաղեց, ապա, ջրի վրայով թեթևակի սահելով, մոտեցավ Աբեղային:
ԱԲԵՂԱ – Ես չգիտեմ՝ դու ինձ կեղծ հավատացյալ ես համարում, թե անկեղծ անհավատ, միայն գիտեմ՝ ինչպես մա՛րդն ունի հոգի, միտք ու հավատ, այնպես էլ՝ Տիեզե՛րքը: Աստված է Տիեզերքի հոգին: Մարդու միտքը միգուցե անհաղթահարելի մի արգելապատնե՞շ է մարդու և Աստծո միջև:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Մարդկային միտքը արևի ճառագայթի նման անդրադառնում է իրեն հանդիպած ամեն ինչից, և մարդուն թվում է, թե ճանաչում է այդ ամեն ինչը: Իսկ Անսահմանին ուղղված միտքը գնում է ու չի վերադառնում, և Անսահմանը դառնում է մարդկային մտքի սահման:
ԱԲԵՂԱ – Միտքը հրաշափայլ մի սուր է մարդու ձեռքին, հավատը՝ վահան: Մարդն այդ սուրը մերկացրած չի կարող մոտենալ Աստծուն. նա պիտի մտքի սուրը պատյանը դնի ու հավատի վահանով պաշտպանի իրեն, եթե իրո՛ք ուզում է մոտենալ նրան: Բայց մի՞թե մարդը դա կարող է անել առանց Աստծո օգնության: Բայց Աստված մարդո՞ւն է սպասում, թե՞ մարդու հոգուն:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Մարդու հոգին մի պահ սրսփում է՝ ազատվելով մարմին-պատյանից: Նա արդեն ազատ է, արարիչ. ինչ ցանկանա, կարող է ստեղծել: Եվ ստեղծում է աշխարհներ, ստեղծում է ամե՜ն-ամեն ինչ. կարծես երեխա՝ տիեզերքը նորի՛ց է կերտում, բնակեցնում արարածներով: Ազատ հոգին կարող է ստեղծել թե՛ Քաոս, թե՛ Ներդաշնակություն: Սակայն նրա ստեղծածը տեսլական է, պարպում է ինքն իր մեջ, ազատագրում է ինքն իրենից: Նրա ստեղծածը չի խանգարում ոչ մեկին, բացի իրենից, չի վշտացնում կամ ուրախացնում ոչ մեկին, բացի իրենից, և դա է հոգեբուխ միջոցը ինքնամաքրման: Մարդու Անմեռ հոգին թափառում է անվերջ Անհայտի մեջ՝ ճանապարհ փնտրելով Մեծ հոգուն ձուլվելու համար: Իսկ դա միայն այն դեպքում է հնարավոր, երբ նա ամբողջովին մաքրվի ամենայն ցանկությունից, դառնա Անսահմանի պես անկիրք, գոյության նման անկասելի, Անվերջի նման անխոցելի, այսինքն՝ ոչի՜նչ չէավորի:
ԱԲԵՂԱ – Մարդու հոգի՜ն: Շա՜տ հաճախ մարդը ստիպում է իր հոգուն անել այն, ինչը հոգին չէր ուզի անել, երազել ու բաղձալ այն ամենը, ինչը հոգու համար դառն է ու արտասվալի: Եվ ամեն անգամ հոգին աղոտանում է մի քիչ, և մարդը դանդա՜ղ խավարում է: Զարմանալի է. մարդ գիտակցում է այդ ամենը, բայց չի օգնում իրեն, իսկ Աստծուց օգնություն է խնդրում այն ժամանակ, երբ գիտի, որ չի՛ ստանա:
Նկարը՝ հեղինակի
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Զարմանալին այն է, որ Աստված օգնում է մարդուն, և մարդիկ ապրում են: Մարդիկ օգնում են Աստծուն, և Աստված մեռնում է. Աստծո անունով տաճար են կառուցում և պատերի շաղախը հունցում մարդկային արցունքով ու թշվառության ձեռքերով, աղոթք են ասում Աստծուն, որ կողքի կանգնածը լսի, ողորմություն են տալիս իրենք իրենց, փառաբանում են, որ փառաբանվեն, սպանում են Աստծո անունով, երբ պետք է ապրել Աստծո անունով, որ չգայթակղվեն՝ գայթակղվում են Աստծով, նույնիսկ կուռք են դարձնում իրենց Աստծուն:
– Աստծո և մարդու միջև, սևասփյուռ թևերը բացած, աչքերից սևաթույր կայծակներ թափելով, զարհուրել է նա՝ Աստծո ստվերը: Եվ, ավա՜ղ, Աստծո լույսին մարդ նայում է ստվերի միջով,– իրեն, թե Անդրադարձին արձագանքեց Աբեղան, ինչը հնչեց ինքնարդարացման նման:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ես ձեզ լավ եմ ճանաչում. դուք ավելի հաճախ պաշտում եք ձեր ներսի սատանային, կարծելով, թե երկրպագում եք Աստծուն, որովհետև ձեր սրտի լեռան վրա Աստված է իջած, իսկ մթին քարանձավում՝ սատանան է դարանակալ: Ու թե նրանցից ով պիտի հսկի քո քայլը՝ դո՛ւ պիտի որոշես: Թույլ եք տալիս ձեր աստվածատուր մարմինը սատանան սնի, իսկ հոգին կտրել եք Աստծուց: Գոյությունն Աստված է, Ոչինչը սատանան, այստեղ է հակամարտությունը: Սակայն Ոչինչը ևս գոյություն ունի: Նշանակում է Ոչինչը ևս Աստծո մեջ է: Ինչպես Աստված առանց սատանայի չի կարող, այնպես էլ հոգին՝ առանց մարմնի: Եվ գիտե՞ս, թե Աստված ինչու չի վերացնում սատանային. որովհետև սպանելը մեղք է:
Աբեղան հասկացավ, որ Անդրադարձը մարդկային պատվիրանները դիտմամբ կիրառում է աստվածայինի սահմաններում` այնտեղ, որտեղ ոչ միայն այլ օրենքներ են, այլև օրենքներ չկան ընդհանրապես:
ԱԲԵՂԱ – Միգուցե Աստված վերացրե՞լ է սատանային, իսկ մարդիկ չգիտե՞ն այդ մասին ու իրենց մեջ դեռևս պահպանո՞ւմ են նրան, դրանով երկարացնո՞ւմ նրա գոյությունը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Միգուցե սատանան էլ չգիտի, որ ինքը չկա այլևս: Իսկ մարդու երևակայության մեջ ամեն ինչ բնակվում է՝ լինի, թե չլինի, կա, թե չկա, եղել է, թե չի եղել: Մարդու երևակայության մեջ բողբոջում, ծաղկում և պտուղ է տալիս Անսահմանի միայն մի մասը, սակայն չպետք է մոռանալ, որ այդ փոքրիկ մասը  ևս Անսահման է:
ԱԲԵՂԱ – Աստված մարդուն անսահման երևակայություն է տվել: Մարդն ինքն է սահման քաշել իր և Աստծո միջև: Սատանան էլ մոլորություն ունի՝ չի գիտակցում, որ ինքը դեմ է Աստծուն և դրանով դատապարտված է:
Աբեղան լռելյայն հառաչեց…
Անդրադարձը վեր կացավ, նստեց Աբեղայի կողքի քարին: Ջրից դուրս նրա հագին ճիշտ նույն հագուստն էր, ինչ Աբեղայի: Թաց սքեմի տակ թեթևակի դողում էր Անդրադարձը:
Աբեղան վախվորած, դողացող մատներով հուշիկ դիպավ Անդրադարձի ուսին: Ցնցվեց տարօրինակ զգացողությունից. թվաց, թե հսկայական ժայռից նետվում է ջուրը, ներբանները խուտուտ եկան, մարմինը փշաքաղվեց, գլխում մրրիկ էր, հեռու էր արդեն, քարի վրա չէր նստած:
Անդրադարձի ձայնը հասավ Աբեղային.
– Մարդու աստվածահաճ բարեհոգությունը ծնվում է սատանայական բարեկեցությունից՝ սովորական առևտուր է: Եվ մարդ ինչ որ անում է, մարդկանց առաջ փառավորվելու համար է, ինչը որ չի անում, ցավոք, դա՛ է մնում Աստծուն: Ուզում է ազնիվ լինել՝ չի լինում, առաքինի լինել՝ չի լինում, մեղք չգործել՝ գործում է, բավարարվել ունեցածով՝ չի անում, սրտով մաքուր լինել՝ չի լինում: Չի՜ լինում, չի՜ անում…
Աբեղան դողում էր. զգում էր, թե ինչպես են իր բոլոր բջիջները հպվում միմյանց, լսում էր արյան հոսքի ձայնը, որը չէր ենթարկվում իրեն, ամբողջ մարմինը եռում էր: Մի կերպ ասաց այն, ինչը վաղուց էր մտածել.
 – Աստված անվերջ է, սատանան՝ զրո: Ինձ համար որքան պատկերացնելի, այնքան սարսափելի են նրանց հարաբերությունները:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Մարդու համար սատանային հավատալն ավելի հեշտ է, քան Աստծուն, որովհետև մարդն ավելի լավ է ընկալում անցողիկը, քան հավերժականը, վայելքը, քան սերը, ընթացիկը, քան ընթացքը: Սակայն Աստված սպասում է ա՛յն մարդկանց, ովքեր անում են անհավատալին՝ հավատում են Իրեն: Հավատածինն ինքն է ասել, որ մարդը անգամ մանանեխի հատիկի չափ հավատ անկարող է ունենալ:
ԱԲԵՂԱ – Որովհետև մանանեխի աննշան հատիկի չափ հավատ ունենալ՝ նույնն է, թե անսահման հավատ ունենալ:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Սկզբում ձեր հավատը բազմատված էր, և դուք էլ բազմաստված էիք, այժմ այնքան բազմաստված չեք, որքան բազմատված եք: Եվ այդ բազմատվածությունը մարդուն հանել է ինքն իր դեմ, Աստծո դեմ: Եվ Աստված ներողամտությամբ է նայում դեպի իրեն գալու կամ իրենից հեռանալու մարդկային ճիգ ու ջանքին:
Աբեղան նորից հանդարտվեց. նրա համար արդեն սովորական էր դարձել Անդրադարձը: Մի պահ մտածեց. «Արդյոք վրանի երիտասարդները տեսնո՞ւմ են Անդրադարձին»: Նայեց նրանց ուղղությամբ: Չարաճճի աղջիկը համբուրվում էր: Աբեղան հասկացավ, որ նրանց տեսնել-չտեսնելը ամենևին կարևոր չէ իր համար:
ԱԲԵՂԱ – Գիտեմ, որ Աստված մարդուն կերտում է մարդու կամեցածին համեմատ: Ու թե ես այսքան թերություն ունեմ հիմա, դա ի՛մ թերությունն է: Ու թե պատահի, որ իմ բողոքը նետի նման սլանա դեպի Աստված, ապա այն կխոցի ի՛մ սիրտը:
Անդրադարձի հագուստն արդեն չորանում էր բարկ արևի տակ, ու նա, հաճույքով ճմլկտալով, ասաց.
– Իհարկե, ոչ ոք անթերի չէ, և թերությունը կարող է նաև բողոք ծնել: Ու եթե հոգուդ մեջ չկա աստվածատուր անդորրը, ապա մի հեռավոր երկրի մոծակի տզզոցն էլ քեզ կխանգարի: Եվ երբ Արարիչը մարդուն հետ չի պահում չարագործություն անելուց, փշրվում է այդ անդորրը ատելության կամ հիացմունքի սրտաբուխ զարկերից: Իսկ մարդկանց ատելությունը կամ հիացմունքը միմյանց նկատմամբ միևնույնն են Աստծու համար:
ԱԲԵՂԱ – Ատելությունը և հիացմունքը տագնապների երկու հորդաբուխ ակունքներն են, ու ես տեսնում եմ, որ չարն ամեն օր հազար ու մի տագնապների վրա մեխում է մարդու հոգին՝ պինդ ձգած մետաքսի նման: Ու փողփողում է մետաքսը, փողփողում է մարդու հոգին, ծվատվում չարաշունչ քամուց, և մարդը չունի հանգիստ:
Անդրադարձը նետվեց ջուրը և, հանդարտվելուց հետո, ասաց.
– Չարն այն հավիտենական հայելին է, որին նայելով` մարդը Անմահ բարուն է տեսնում: Եվ այդ տեսնելո՛ւ համար է, որ բարին վճարում է չարին՝ թույլ է տալիս, որ չարն իրեն գամի տագնապներին, տանջի:
«Զարմանալիորեն պարզ միտք է, մինչև իսկ գայթակղիչ, նույնիսկ շատ հարցերի պատասխան»,– մտածեց Աբեղան, բայց ասաց.
– Դու այնքան սատանա ես, որ Աստծուն դեմ գնալիս էլ Աստված ես կանչում: Եվ, չնայած դրան, դու այնքա՜ն անհավատ ես, որ ոչ մեկին չես կարող հավատալ: Թեկուզև գիտես, որ Աստված կա, բայց չես հավատում:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ճիշտ ասացիր. տաղանդավոր սատանա դառնալու համար էլ մարդ պետք է Աստվածային հանճար ունենա: Ես երբեմն կորցնում եմ իրականության զգացումը, ընկնում պատրանքների մեջ, ուր կա ամենայն բան, բայց չկա ինքը՝ Աստված…
ԱԲԵՂԱ – Ով անվերապահորեն պնդի, թե Աստված կա, և դա հայտնի է իրեն, ապա նա անմտորեն իրեն կբարձրացնի մարդկանց, բայց ոչ Աստծո աչքում: Ով ապացուցի, որ Աստված կա, ուրեմն ինքը չկա: Լինել-չլինելը մարդու համար կարող է խնդիր լինել. Աստված վեր է դրանից: Իսկական հավատը Աստծո նման է. չի երևում ոչ մի տեղ, բայց կա ամենուր: Այնպես որ, Աստծո մասին խոսելիս պետք չէ խոսքը կտուրը գցել. աշխարհի կտուրում էլ Նա է, աշխարհի Կտուրն էլ Նա է…
Անդրադարձն ուսերը թոթվեց.
– Հավատ կա յուրաքանչյուր մարդու մեջ: Սակայն հավատացյալ մարդն ինքն էլ չպիտի իմանա, որ հավատացյալ է. իսկական հավատացյալը պիտի անհավատ լինի, ինչպես Աստված: Եթե ես տեսնեմ մի հավատացյալի և հիանամ նրա հավատով, ապա ընդամենը իմ հիացմունքը կլինի նրա վարձը: Քանզի չկա ավելի սոսկալի արարած, քան իր հավատացյալ լինելով հպարտացող մարդը: Եթե որևէ մեկը կարողանա պահպանել Աստծո պատվիրանները, ապա կցնծա հոգով՝ գոհ կլինի Աստծուց և իրենից: Իսկ եթե գոհացավ, ապա կհպարտանա, եթե հպարտացավ, ուրեմն չի պահպանել Աստծո պատվիրանները. կախարդական մի շրջան է սա մարդու համար: Գուցե նրա՞նք են անկեղծ հավատացյալները,– գլխով ցույց տալով վրանի ուղղությամբ՝ հավելեց Անդրադարձը,– նրանք, որ հրճվում են Աստծո տվածով, վայելում կյանքը և իրար:
Աբեղան զարմացավ, որ Անդրադարձը զգացել է, թե ինքն ինչպես է գաղտագողի նայել վրանի ուղղությամբ, որ Անդրադարձն էլ է ճանաչում իր տեսած ու ապրած կյանքը: Այնուամենայնիվ, Անդրադարձի այսօրինակ ճառից կարծես թե մի քիչ զայրացավ.
– Մաքուր հավատացյալ լինելը նույնքան դժվար է, որքան մաքուր անհավատ լինելը: Ամեն մեկին իր չափով է տրված ընկալելու էությունը, և յուրաքանչյուրն իր համոզմունքն ունի, յուրաքանչյուրը կարծում է, թե հասել է էության խորքը, մինչև հատակ: Ինքնախաբեությունն այն է, որ էությունը չունի հատակ:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ինքնախաբեությունը համոզմունքի պատվանդանն է. նրա վրա է դրվում հավատի կուռքը: Երբ հավատն արդեն ինքնախաբեություն է, ապա ջանք է թափվում ամեն մեկին այն ապացուցելու, մինչև իսկ՝ պարտադրելու: Եթե ձեր մեջ իրոք մանանեխի հատիկի չափ հավատ լինի, ապա, Երկինքը քանդելու մոլուցքին տրված, Երկի՛րը կարող եք քանդել: Որովհետև ամեն մեկը անպայմանորեն կսկսի ի ցույց դնել իր մորմոքուն հավատը, ցուցադրել իր շողոքորթ նվիրումն ու աչք ծակող սերը, ներկայացնել իր չիմացած առաքինությունը, պարտադրել իր ծանր հրաշքը, աշխարհը վերաձևել իր սրտի համեմատ, իր հավակնությունների չափով, ի՛ր համար:
ԱԲԵՂԱ – Հավատն ի ցույց դնելը նման է մարմնի մերկությունը թափանցիկ քողով ծածկելուն: Հավատն այս աշխարհը ձևելու համար չէ, հավատը բանալի է` ավելի բարձր աշխարհի դռները բացելու համար: Բայց մինչև կյանքիդ վերջին պահը հայտնի չէ՝ ունե՞ս, թե՞ չունես այդ բանալին:
Անդրադարձը ճողփաց ջրի մեջ, իրեն թափ տվեց և, կրկին պառկելով կապույտի հայելու վրա, ասաց.
– Ցավում եմ, սակայն այդ բանալին գրեթե բոլորի համար ոչ թե ոսկե բանալի է, այլ ոսկեջրած: Մարդկանց կողմից գնահատվելու և փառաբանվելու ինքնամեծար մղումը մարդուն ներկայանում է հավատի անմեղության փետուրներով: Իմ իմացած հավատացյալները հանուն իրենց են հավատում և ոչ թե ի սեր Աստծո:
ԱԲԵՂԱ – «Հանուն իրենցը» և «Ի սեր Աստծուն»  ներդաշնակ ու համահունչ են հավատավոր մարդու հոգում, որի սիրտը տրոփող խաչքար է, հավատը՝ նրա նախշը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ո՛վ մարդ, կարո՞ղ ես մի բան անել ոչ հանուն քեզ: Դու նույնիսկ հավատում ես Աստծուն քո՛ փրկության համար: Ամեն ինչ իր գինն ունի: Իմացի՛ր, սակայն. հավիտենական երանությունը հավատի ոչ թե գինն է, այլ վարձքը` ձրի շնորհը:
ԱԲԵՂԱ – Հավատը մարդու մտոլորտի պաշտպանիչ այն շերտն է, առանց որի մարդը կկործանվի մշտագո խավարի այրող ճառագայթներից: Այս կյանքից հետո Կյանք կունենա լոկ նա, ով այդպես մտածում է և հավատում դրան:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Եթե մարդու հավատը տեղավորվում է սեփական երևակայության սահմաններում, ուրեմն այդ մարդն անհավատ է: Եթե հավատը մարդու համար բարեկեցության աղբյուր է, ապա մարդը պետք է լավ մտածի, թե ում է հավատում:
Աբեղան զարմացավ Անդրադարձի այդ անպաճույճ ձևակերպումը լսելով, հասկացավ, որ նա, թեև ծովի խորքում է ապրում, սակայն լավ գիտի խաչագողերին ու հավատալափներին, հավատը հաճույքով վայելողներին:
ԱԲԵՂԱ – Պիտի երբեք չերազես, որ երբևէ իմանան, թե այս կամ այն գործը դու ես արել: Եթե քո մեջ հասնես սրան, հաղթահարած կլինես ինքդ քեզ, և… դուռ կբացվի: Այդ դռնով ներս կմտնես ու կտեսնես, որ… դու կաս: Այսօրինակ հավատին մարդը կարժանանա կյանքի վերջին պահին միայն մահվան միջով անցնելու համար: Այն էլ, եթե պատրաստ լինի, այլապես կայրվի զորությունից:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ինչքան մեծ է քո հավատը տվյալ պահին, այնքան մեծ է քո կասկածը հաջորդ պահին. ինչքան մեծանում է քո մեջ Աստված, նույնքան էլ մեծանում է սատանան: Զգոն եղիր. նայած որ պահին կավարտվի կյանքդ, և այդժամ ով ավելի մեծ կլինի քո մեջ: Հավատը քո պատրաստ լինելու համար է և ոչ թե Աստծո: Մոլորյալ հոգին հավատացյալությունից սարսափում է նույնքան, որքան հրճվում է անհավատությունից:
ԱԲԵՂԱ – Եթե մարդը կարողանա գոնե մի բան անել ոչ հանուն իր փառքի, ապա նա մի աստիճան կբարձրանա իր և Աստծո միջև ձգվող անվերջ սանդուղքով: Աստծո Որդին կատարյալ ճանապարհն է: Ավա՜ղ, այսօր այդ ճանապարհը գրեթե ամայի է, մենավոր մարդիկ են և բյուրավոր ձգտումներ այդ ճանապարհին: Եվ մարդու մեջ գնահատելին այդ ճանապարհով գնալու մաքառումն է: Քանզի մարդը մնաց նույնը՝ ինքն իրեն խաբող, ինքն իր Աստծուն խաբող, ինքն իր մեջ մոլորված, ինքն իրենից դուրս ելք փնտրող, ձեռքերը մեկնած. մեկը` Աստծուն, մեկը՝ սատանային, մեկը՝ Երկնքին, մեկը՝ Երկրին:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Մի՞թե մարդն իրավունք չունի և՛ Երկրի վրա փառք ունենալու, և՛ փառք տալու Երկնքի Աստծուն:
ԱԲԵՂԱ – Փառք ունենալ Երկրի վրա՝ կնշանակի հոգում ունենալ աստվածային անդորր: Հեշտ չէ այդ փորձությանը դիմանալ: Փորձությունը հաղթահարած լինելու ուրախությունը սնապարծության չվերածելն առավել դժվար է: Այնինչ դա՛ է բուն փորձությունը…
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Այո՛, փառասիրությունը շոշափելի բան է. նրա շոշափուկների մեջ տրոփում է մարդու սիրտը: Ավելին, փառասիրությունը սև խոռոչ է, որ կլանում է ամեն ինչ՝ չտալով ոչինչ՝ փառասիրության անհագուրդ ծարավից բացի…
ԱԲԵՂԱ – Փառքի լույսը կուրացնում է փոքր մարդկանց, իսկ մեծերի համար այն մոմի լույս է: Ամենադժվար բանը փառավորված լինելու ձգտումը հաղթահարելն է:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Երբ մարդն իր փառասիրության քողը հանի վրայից, կփառավորվի հոգին՝ հասնելով կատարյալ ինքնախաբեության: Եթե հավատը վերածվի ինքնախաբեության, մարդը կդառնա մոլագար: Ինքնարդարացումը մոլորության շարժիչ ուժն է: Մարդն ինչքան մեծանում է, այնքան իր աչքին անմեղանում է, որովհետև նրա ինքնարդարացումները, ի վերջո, վերածվում են ինքնախաբեության: Մարդը սկսում է անտարբեր դառնալ, և այդ մեծ անտարբերությունն իբրև հավատ ներկայացնելը մե՜ծ ինքնախաբեություն է…
ԱԲԵՂԱ – Այո՛, մարդն ամբողջ կյանքում հյուսում է նախշազարդ, ժանյակավոր ու նրբին մի շապիկ. դա նրա ինքնարդարացման շապիկն է, որն անգամ լողանալիս չի հանում վրայից: Այդ ինքնարդարացումը հեշտությամբ փոխվում է ինքնագոհության, նա ընդունված կարգով ողորմություն է տալիս և չի հասկանում, որ ավելի լավ է ողորմություն չտալուց տանջվել, քան տալուց հրճվել:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ընդհանրապես, դուք՝ մարդիկդ, շա՜տ եք չարչարվում, որ խաբեությունն ինքնախաբեություն դարձնեք: Այնուհետև, ինքնազդեցության տակ, ինքնաբավարար և ինքնագոհ, թվացյալ երանելի վիճակի հասած՝ պաշտում եք ձեր ես-ը՝ դառնալով կռապաշտ, կամ մոռացության տալիս ձեր ես-ը՝ դառնալով կռազոհ: Դուք առավելապես ձեր չունեցածի՛ վրա եք դողում. ձեր չունեցածը ձեր ունեցածից հազարապատիկ շատ է թվում ձեզ, և դա անբավարարության չսպիացող անդունդ է բացում ձեր հոգում, աչքերի մեջ:
ԱԲԵՂԱ – Բավարարվել ունեցածով՝ նշանակում է հնարավորությունների սահմանափակ շրջանակում գծել անսահման մի շրջան և մնալ այնտեղ: Դա՛ է բավարար երջանկության հասնելու ուղեծիրը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Բայց մի գաղտնիք էլ քեզ ասեմ. երջանիկ են միայն հավերժական էությունը և նրա մեջ հավերժորեն անէացածը: Իսկ մարդու երջանկությունը նման է կայծակի՝ կարճատև է ու անկրկնելի:
ԱԲԵՂԱ – Մարդն իրեն անսահման ազատ է զգում իր ազատությունները սահմանափակելով միայն: Եվ հենց այդ ժամանակ էլ երջանկությունը թակում է նրա դուռը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Հիշի՛ր. մարդու առջև երջանկությունը հաճախ բացվում է այն ժամանակ, երբ այլևս պետք չէ նրան: Երջանկությունն այնպիսի անհագուրդ կուռք է, որ մշտապես զոհ է պահանջում: Եվ, ամենից առաջ, այդ զոհը հենց երջանկության ձգտողն է լինում: Այնպես որ, անձնատուր մի՛ եղիր երջանկությանը. նույնիսկ նրա՛ն չարժե գերի լինել:
ԱԲԵՂԱ – Մարդը նա է, ով հավատում է, որ կա երջանկություն, որ այն կա նաև իրենից դուրս, և երջանկանում է ուրիշների երջանկությամբ: Այդպիսի՛ մարդն է, որ անօրենություն տեսնելիս զգում է, որ Աստված ի՛ր վրա է դրել այն շտկելու պարտականությունը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Երբ մարդուն թվում է, թե ինքը երջանիկ է, թող երջանիկ լինի. չէ՞ որ դա նրան միայն թվում է: Եվ մի խորհուրդ էլ. մի՛ նախանձեք երջանիկներին. չէ՞ որ նրանք երջանկությունից բացի ուրիշ ոչինչ չունեն:
ԱԲԵՂԱ – Ես անառակ որդին եմ և ուզում եմ երջանիկ լինել. անվերջ վերադառնում եմ և տեղ չեմ հասնում: Վերադարձը սրտիս մեջ է. գուցե տեղ հասնելու ճանապարհի՞ն եմ արդեն, բայց չգիտեմ: Ես նաև ավագ որդին եմ, որ հլու-հնազանդ ապրել է, ինչպես կարգն է, սակայն, ինքն իրենից էլ գաղտնի, միշտ ցանկացել է ապրել կրտսեր եղբոր նման, բայց չի կարողացել:
Ես անառակ կրտսեր և ավագ խոնարհ որդին եմ միաժամանակ. սա՛ է իմ դժբախտությունը, գուցեև երջանկությունը:
Ես մարդ եմ և մենակ եմ:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ես կասեի, որ մարդու երջանկութունն ու դժբախտությունը նույն սրի երկու սայրերն են: Թե որ սայրով կխոցվի մարդը՝ միևնույնն է: Ավելին ասեմ՝ մարդուն երջանկությունը տրվում է միայն մեկ անգամ` կյանքի տեսքով: Իսկ դժբախտությունը այդ երջանկության կարճատևությունն է:
ԱԲԵՂԱ – Կյանքն ավելին է, քան դու գիտես, ավելին է, քան կա, ավելին է, քան ծիծաղկոտ երջանկությունն ու մռայլադեմ դժբախտությունը, քան ինքնագոհ հավերժությունն ու ինքնակուլ մահը: Կյանքը տիեզերքի անարատ բերքն է` նրա գոյության պայմանը:
Աբեղայի և Անդրադարձի զրույցի ընթացքում երկնքում մենակ էր նաև հրե գունդը: Աբեղան հանկարծ զգաց, որ սաստիկ շոգ է: Կարծես հազարավոր մանրիկ արևներ մտել էին սքեմի տակ ու խտղտում էին նրա յուրաքանչյուր բջիջ: Հանեց սքեմը, հանեց արևները և նետվեց ջուրը՝ դեպի իրեն պարզած Անդրադարձի ձեռքերը: Սառը ջուրը գորովանքով կլանեց Աբեղային: Անդրադարձը փշրված լույսի պես ցրիվ եկավ ջրի վրա ու սկսեց պեծին-պեծին տալ, պուտ-պուտիկ փայլել ալյակների վրա:
Աբեղան շունչը պահած սուզվեց ջրի մեջ և սկսեց լողալ: Նայեց վերև, արևոտ հայելուն, որտեղ ջուրը և օդը համբուրվում են, որտեղ Անդրադարձն իր նախկին տեսքն ընդունեց:
Աբեղան երկա՜ր լողում էր. շունչ քաշելու կամ պահելու հարկ չուներ. իրեն շատ լավ էր զգում ջրի տակ: Ներքևից Անդրադարձն ավելի թափանցիկ էր. արևի կաթնաշողերը Աբեղային էին հասնում Անդրադարձի միջով անցնելով:
Անդրադարձն սկսեց անհանգստանալ՝ Աբեղային մի բան չպատահի՞ հանկարծ:
Ասաց.
– Ուզո՞ւմ ես, վերև բարձրացիր:
Աբեղան հանդարտ լողաց դեպի վեր, մեջքի վրա պառկեց Անդրադարձի կողքին:
Անդրադարձը զարմացած ու շփոթված մի կողմ թռավ. ջրի վրա Աբեղայի փոխարեն, ասես, մի Մանուկ էր պառկած:
– Ինչքա՜ն վաղուց էր,– շշնջաց Մանուկը:
– Վաղո՜ւց,– արձագանքեց Անդրադարձը:
ԱԲԵՂԱ – Հիշո՞ւմ ես, ինչպես էինք ծփում ծովափին, ինչպես էինք հոսում ծովափի սպիտակ, կլորավուն կրաքարերի տակ, մտնում փոքրիկ, լպրծուն անձավները, ինչպես էր ալիքը մեզ խփում քարերին, ինչպես էինք օդ թռչում ու կաթիլ-կաթիլ նորից թափվում ջրի մեջ:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ալիքը հետ էր քաշվում, մենք դուրս էինք գալիս քարերի տակից, ալիքի հետ նորից սահում դեպի ջուրը:
ԱԲԵՂԱ – Հիշո՞ւմ ես, ինչպես մի անգամ Սևանից գետով գնացինք մինչև մայրաքաղաք. ինչպե՜ս էինք սլանում, խփվում քարերին, թռչում օդ, կչկչում ու ճչում, ուրախ կարկաչում:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Այդ ժամանակ ես էլ, դու էլ երազ էինք ու ջուր էինք, ջրի մանուկ կաթիլ էինք, հարցեր չունեինք՝ ինքներս պատասխան էինք:
Այսպես զրուցում էին ջրերի վրա… Վերևում արևն էր, Աբեղայի աչքերում արևն էր, ներքևում՝ ջուրը: Աբեղան դուրս եկավ ջրից, սքեմը գցեց վրան: Հազարավոր փոքր ու մեծ հարցեր, որ թաքնվել էին սքեմի տակ, շուրջբոլոր ցայտեցին, ցրիվ եկան, թռան օդ, մխրճվեցին գետնի մեջ, Աբեղայի մատներով ու մազերի ծայրերով, աչքերով, մաշկի ծակոտիներից ներխուժեցին նրա սիրտը և սկսեցին կտցահարել` ինչպես անկուշտ որորներն են մխրճվում ծովի մեջ լայնաբաց կտուցներով:
ԱԲԵՂԱ – Մանկությունը հավերժության մեջ է, մնացածը՝ անցողիկության:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Մանկությունից հետո՝ ապրելը հրաժեշտ է իր կյանքին:
Անդրադարձը կարծես թե խամրեց: Նայեց Աբեղային ու, ջուրը ճողփելով, առանց հրաժեշտ տալու, սուզվեց ծովի խորքը: Աբեղան ակամա ձեռքը դրեց կրծքին. սրտից կարծես մի բան պոկվեց: Աբեղան երկար նայեց նրա հետևից, այնուհետև վեր կացավ և անշտապ սկսեց քայլել դեպի եկեղեցին: Վրանն արդեն չկար: Չկային անհոգ տղաներն ու աղջիկները: Իջնում էր աղջամուղջը: Օրը հանում էր իր երփներանգ զգեստները, վրան քաշում սևասքեմ գիշերազգեստը և պատրաստվում քնելու:
Աբեղան մտավ խուցը և ինքնաբերաբար վառեց մոմը: Պատի վրա սկսեց թրթռալ Աբեղայի ստվերը: Աբեղան մտքում դեռ զրուցում էր Անդրադարձի հետ: «Երջանկությո՞ւն ես փնտրում՝ լեզու գտիր ինքդ քեզ հետ. չէ՞ որ մարդը միայնակ է ինքն ի՛ր հետ և ո՛չ թե ուրիշների»,– հիշեց Անդրադարձի վերջին խոսքերը:
– Այո՛, Մարդը միայնակ է իր նմանների մեջ, ինչպես ավազի հատիկը՝ անապատում, կաթիլը՝ ծովում, աստղը՝ երկնքում,– շշնջաց մի ձայն:
Աբեղան թեև վարժվել էր օրվա անակնկալներին, սակայն ցնցվեց ձայնից: Ձայնի մեջ լույս չկար, սև էր ձայնը, խավարահունչ: Շրջվեց ձայնի կողմը և ոչինչ չտեսավ. իր ստվերն էր, որը, սևազգեստ քարոզչի նման ձեռքերն ահասաստ տարածած, գլուխը հետ գցած, աչքերը փակ, սև շրթունքների վրա՝ հեգնախառն ժպիտ, թրթռում էր պատին…
Աբեղայի խցում տիեզերական վիհ բացվեց՝ նրան կլանող մի վիհ: Ունայնության շունչ էր փչում վիհից, սիրտը խելագարվում էր անլույս, իրեն չէր կարողանում հիշել, հեռանում էր իրենից:
Վիհը կանչում էր, Աբեղան՝ դիմադրում: Կառչել էր մոմի լույսից: Լույսը ձգվե՜ց, ձգվե՜ց ու… կտրվեց: Աբեղան գահավիժեց խավարի մեջ, աչքերում խամրեց մոմի լույսը: Մածուցիկ, թանձր, շոշափելի խավար էր:
Մութը լափում էր Աբեղային, եռում էր, բլթբլթում: Աբեղան ճչում էր ինքն իր մեջ, հիշողությամբ բարուրվում էր լույսով, բայց մութը քայքայում էր բարուրը, ներծծվում: Նեղ էր Աբեղայի տեղը… Շարժվելու փորձ էլ չէր կարող անել, նույնիսկ մատներն ու աչքերը շարժելու հնար չուներ, ասես սիրտն էլ չէր շարժվում, տեղ չկար, շնչահեղձ էր լինում: Մութն իր խելագարեցնող տագնապներն առաջ գցած կապկպում էր Աբեղային՝ ձեռքերը, ոտքերը, սիրտը, միտքը: Մութը տարրալուծում էր Աբեղային:
– Մի՛ նայիր այնտեղ, որտեղ պետք չէ… Ունայնության քամին Երկինքը կքշի քո վրայից, և խավարն իր աչքը կբացի քո աչքերի դեմ հանդիման,– խավարից անջատվեց մի ձայն:
Կարկամած Աբեղան մթան վիհից սկսեց լողալ դեպի վեր: Վիհի խավարը թանձր էր, ինչպես ծովի ջուրը: Ուղեղի յուրաքանչյուր բջջից զնգում էր մի փոքրիկ զանգ: Նվաղած, շնչահատ, Աբեղան հայացքով պտտվեց խցում, նորից տեսավ Ստվերին և հարցրեց.
 – Դո՞ւ ով ես:
Արյունը ձեռքերից քաշվում էր, սփրթնեց, զգաց, որ նորից կարող է գահավիժել վիհը: «Ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ եմ ես այս ամենի մեջ: Ուզում եմ լույս տեսնել: Երկինքն իջել է սրտիս՝ մո՛ւթ, անա՛ստղ: Տեր Աստված, ինչո՞ւ են մութ այս լռությունը, այս մոմի լույսը, այս մտքերը»:
ՍՏՎԵՐ – Քո ներսի ստվերն եմ: Ե՛ս քեզ վիհից հանեցի:
ԱԲԵՂԱ – Հիմա էլ դո՞ւ… Հանգիստ թող ինձ: Ես մի նոր քարոզչի կարիք չունեմ:
ՍՏՎԵՐ – Կուզես` այդպես համարիր: Գիտցի՛ր, որ քարոզչի հավատը սնվում է քարոզին մասնակցողների հավատից: Իմ գոյությունը դո՛ւ ես սնում, չգոյությունը՝ նույնպես:
ԱԲԵՂԱ – Ոչ քո գոյությունն եմ ուզում, ոչ էլ չգոյությունը:
ՍՏՎԵՐ – Իսկ ինձ թվում էր, թե հոգուդ խորքում զվարթանում ես ինձնով, հիանում իմ պայծառ սևությամբ:
ԱԲԵՂԱ – Մի՞թե ես քե՛զ էլ եմ ճանաչելու:
ՍՏՎԵՐ – Դու ինձ վաղուց գիտես: Ես քեզ անդորր եմ բերել, ջերմացրել իմ սև շողերով, դու նվաղել ու հառաչելով երկրպագել ես ինձ, ես շա՜տ վայելքներ եմ պարգևել քեզ:
ԱԲԵՂԱ – Ես չգիտեմ՝ քո տված վայելքը պարգև՞ է, թե՞ պատիժ: Եթե մարդը, հաճույքից նվաղելով, վայելում է իր նման մեկի հիացմունքը, ապա նա ի՞նչ է վայելում:
Աբեղան հանկարծ զգաց, որ Ստվերի հետ խոսում է նույն կերպ, ինչ Անդրադարձի: «Այնուամենայնիվ, սրանք նույն բանը չեն»,– մտածեց Աբեղան…
ՍՏՎԵՐ – Դուք՝ մարդիկդ, դրսից լույսով ողողված գնդակների նման եք. ձեր ներսում մութ է, և ես եմ այնտեղ, որպես սև արև, ծագում ու մայր մտնում:
Ստվերն իջավ պատից, ճմլկտալով հասավ խցի ծայրը և, հետ դառնալով, նստեց Աբեղայի կողքին՝ մահճակալի վրա:
Նկարը՝ հեղինակի
Աբեղան սահմռկեց Ստվերի անդնդախոր ներկայությունից, նրա անդիմադրելի մոտիկությունից: Մահճակալից բարձրանալով՝ իրեն գցեց սեղանի մոտ դրված աթոռին՝ մոմի լույսին մոտիկ:
ԱԲԵՂԱ (մի կերպ ուշքի գալով) – Մարդու հոգին անթափանց գնդի պես փակ չէ. ասեղի ծայրի չափ մի անցք կա նրա վրա, որտեղից Աստծո լույսը լուսավորում է մարդու ներսը: Նույն տեղից դուրս է գալիս մարդու շունչը, և մարդն ի վերջո հանգչում է:
ՍՏՎԵՐ – Բայց չե՞ս կարծում, որ ինչքան շատ է մարդու մեջ լույսը, այնքան նա ավելի տեսանելի է խավարին: Այդ լույսը նաև ստվերներ է առաջացնում դիմացինների սրտերում:
ԱԲԵՂԱ – Մարդու ներսի լույսը վանում է ստվերները. եթե լույսը հանգչի, ստվերները կծածկեն մարդուն:
ՍՏՎԵՐ – Հանգցրո՛ւ մոմը, և ես կմեծանամ, փակի՛ր սիրտդ իմ դեմ, և ես այնտեղ կլինեմ: Դու չե՛ս կարող ստվեր չունենալ. այնպես, ինչպես չես կարող մեղք չունենալ:
ԱԲԵՂԱ – Այո՛, ես անմեղ չեմ կարող լինել: Իմ մեղքը նման է սեփական ստվերիս. այն երևում է նույնիսկ ամենաաղոտ լույսի տակ: Ես ու դու միաձույլ ենք, ինչպես հատիկ-հատիկ լույսը և աննյութ ալիքը, ինչպես հյուլեն ու շարժումը, ինչպես ժամանակն ու ընթացքը, ինչպես մարմինն ու հոգին:
ՍՏՎԵՐ – Յուրաքանչյուր գործած մեղք մի քար է մարդու և Աստծո միջև: Եվ ամեն մեկն այդ քարերից վաղուց շարել է իր երկնահաս պարիսպը: Որովհետև մարդու ձախ ձեռքը նրան մղում է դեպի մեղքի ճահիճը, աջ ձեռքը փորձում է նրան դուրս քաշել այդ ճահճից: Հայտնապես և ի ծնե՝ մարդու աջն ավելի ուժեղ է ձախից, բայց կարծես թե աջը ծուլանում է միշտ…
ԱԲԵՂԱ – Մեղքը մագնիս է, մարդը՝ մի կտոր երկաթ: Մեղքին չկպչելու համար մարդը պիտի ոսկի դառնա, այնինչ` քո խոնավ սևությունից նա ժանգոտում է ընդամենը:
ՍՏՎԵՐ – Մարդը մեղքի ծովում թպրտացող մահկանացու չէ լոկ: Նա սարի վրա եկած այն ձյունն է, որը մեղքի գետեր է ծնում ու հասցնում մինչև մեղքի ծով: Այդ ծովում չխեղդվելու համար մարդիկ մոլորյալ ճիգեր են թափում, փրկության ափ որոնում: Եվ ափն Աստված է, ու ծովը... անափ:
ԱԲԵՂԱ – Ես գիտեմ, որ Աստված մարդուն վերև՝ դեպի իրեն է տանում նրա մի մազից բռնած, և մարդը պիտի թեթևանա մեղքերի ծանրությունից, որ մազը չկտրվի:
Ստվերը նորից թռավ պատին: Կարծես մի այնպիսի բան պիտի ասեր, որ ավելի լավ էր Աբեղայից հեռու մնալ:
ՍՏՎԵՐ – Դու առանց Աստծո նույնիսկ մե՛ղք չես կարող գործել:
ԱԲԵՂԱ – Գուցե և դա այդպես է: Ես չգիտեմ՝ Աստված ներում է ինձ իմ մեղքերը, թե ոչ, բայց ես ի՛մ չափով չեմ ներում: Եվ միայն Աստված գիտե, թե ես որքան եմ զղջում իմ այն մեղքերի համար, որոնք դեռ չեմ գործել: Իմ կյանքի ամենասարսափելի մեղքը գնալ ու տեղ չհասնելն է, հավատը, սրտում պահելու փոխարեն, ականջի հետևը գցելն է, հսկումի փոխարեն սոսկումն է, իմանալով անիմանալին՝ անթափանց մտքին գերի լինելն է, լույսը պաշտելով՝ քեզնով հրապուրված ու հմայված լինելն է:
Աբեղան լռեց: Ստվերն էլ լռեց: Միայն մոմն էր ճարճատում: Խցում զգացվում էին արտաբերված մտքերի ալեբախումները: Աբեղայի սիրտը մի տեսակ մարում էր, ավելի ճիշտ, մարմրում էր մոմի նման: Ստվերը, պատին կպած, դողդողում էր…
Հանկարծ դուռը թակեցին: Մոմի լույսը շունչն իրեն քաշեց: Ստվերը քարացավ պատին: Աբեղան ցնցվեց. «Ո՞վ կլինի այս տարաժամին: Թե՞ քամին է: Գիշե՞րն է թակում իմ դուռը, թե՞ հարևան խցի ծեր վանականը»: Աբեղան մոտեցավ դռանը, սողնակը քաշեց. դուռն ինքնիրեն բացվեց, և այցելուն ներս մտավ: Վեղարի տակ չէր նշմարվում եկողի դեմքը: Աբեղան ակամա ճանապարհ տվեց նրան: Ստվերը, որ մինչ այդ քարացել էր պատին, իջավ և ընդառաջ գնաց: Ստվերն ու եկվորը ողջագուրվեցին, թփթփացրին իրար ուսի: Եկվորը հանեց վեղարը, և Աբեղան ճանաչեց Անդրադարձին: Նա շշմել էր: Կարծում էր՝ էլ չի տեսնի Անդրադարձին, կարծում էր, թե Ստվերը փոխարինում է նրան: Իսկ Ստվերն ու Անդրադարձը այնպես էին պահում իրենց, կարծես ինքն այնտեղ չէր: Որոշ ժամանակ իրար հետ զրուցելուց հետո, Անդրադարձն ու Ստվերը լռեցին: Աբեղան այդ ընթացքում շվարած կանգնած էր՝ ինքն իրենից դուրս: Այս էլ որերորդ անգամ օրվա մեջ կորցրեց ինքն իրեն ու նորից գտավ: Բայց, արդեն որպես տանտեր նայելով հյուրերին, ասաց.
– Ճշմարիտ են ասել. ծոցումդ օձ տաքացնես, ծուխը քթիցդ դուրս կգա:
Անդրադարձն ու Ստվերը նայեցին միմյանց, ապա Անդրադարձն ասաց՝ դիմելով Աբեղային.
– Ես այստեղ ոչ մի ծուխ էլ չեմ տեսնում` մոմի ծխից բացի: Այնպես որ, եթե ցանկանում ես որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, նշանակում է ցանկանում ես ինքդ քեզ ապացուցել դա: Որևէ բան ապացուցելու կարիք չունեցողը սովորաբար լռում է: Քո կարծիքով, մենք կգայի՞նք, եթե դու չցանկանայիր:
ՍՏՎԵՐ – Մեզ կանչել ես, որ հաղթես քեզ, բայց մենք չենք օգնի քեզ: Դու մեզ կանչել ես, որ քեզ նայես ուրիշի՛ աչքերով, բայց մենք ուրիշ չենք: Ես քո սևն եմ, իմ ընկեր Անդրադարձը՝ քո շլացուցիչ սպիտակը: Ինչքան իմ սևությունն է անդիմադրելի, այնքան խաբուսիկ է Անդրադարձի սպիտակությունը: Եթե քեզ նայես աստղերի աչքերով, կտեսնե՞ս արդյոք, քամու աչքերով՝ կգըտնե՞ս արդյոք, կրակի աչքերով՝ կխնայե՞ս արդյոք, հողի աչքերով՝ ծիլ կտա՞ս արդյոք:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Նայի՛ր, միայն քեզ նայիր ուրիշի աչքերով, մնացած դեպքերում քո աչքերն էլ բավական են:
ԱԲԵՂԱ – Մի՞թե դուք եք իմ աչքերը. իմ ջուր դարձած աչքերը, որոնց վրա շրջում էր Աստծո հոգին, և իմ խավար աչքերը, որտեղ եղև լույս: Մի՞թե դուք եք ինձ առաջնորդել:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Մենք առաջնորդ լինելու հավակնություններ չունենք. մեզնից մեկը միշտ ստվերում է գործում, մյուսն արտացոլանք է՝ արված ու դեռ չարված գործերի: Մարդիկ իրենք են իրենց համար առաջնորդներ ընտրում, և շատ հաճախ մարդկային հիմարությունը առաջնորդներից մեծագույնն է մնում…
ՍՏՎԵՐ – Բայց չեմ կարող չասել, որ հիմարությունն ամեն մեկի խելքի բանը չէ:
ԱՆԴՐԱԴԱՐՁ –  Բանն այն է, որ երբ մարդու հիմարությունը հասնում է լեզվի ծայրին, ատամների գործը շատ է դժվարանում: Եվ քչերն են իմաստուն վարվում` ատամները սեղմած պահում: Երբ մարդն ուզում է հիմարություն անել, ապա անպայման անում է, որովհետև մեղքը մեզ վրա է բարդում հետո ու արդարանում ինքն իր առաջ:
ԱԲԵՂԱ – Իմաստությունն ու հիմարությունը մարդու մեջ միաձույլ` են ինչպես աղը և ջուրը ծովի մեջ: Եվ միայն հզոր Արևն է կարողանում դրանք իրարից զատել: Եվ դժվար է իմանալ՝ ո՞վ է իմաստուն, ով՝ հիմար:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Եթե որևէ մեկը կարծում է, թե ինքը շատ իմաստուն է, ապա թող իմանա, որ հիմարն էլ է այդպես մտածում իր մասին:
ՍՏՎԵՐ – Հիմարի իմաստությունն այն է, որ երբեք չի դատապարտում իրեն:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Իմաստունի հիմարությունն էլ այն է, որ վարվում է նույն կերպ:
Աբեղան նայում էր երկուսին, լսում նրանց շաղակրատանքը, ալեկոծվում, վշտանում և ուրախանում: Անդրադարձն ու Ստվերը և՛ հարազատ էին իրեն, և՛ խորշելի: Ինչքան ուզում էր քշել նրանց, նույնքան էլ ուզում էր գրկել նրանց, արտասվել ու խնդալ:
ԱԲԵՂԱ – Եթե դուք ի՛նձ եք դատապարտում, ապա այդքան մի ոգևորվեք. դուք ինձնից լավ դա չեք անի: Ընդհանրապես, ով ուժ և ազնվություն չունի իրեն դատապարտելու, դատապարտում է Աշխարհը, դատապարտում է ձեզ:
ԱՆԴՐԱԴԱՐՁ, ՍՏՎԵՐ (միասին) – Որովհետև այդպիսին աշխարհում միայն իրեն է տեսնում, և աշխարհը դատարկ է թվում նրան, որովհետև այդպիսին նույնիսկ իր անդրադարձն ու ստվերն էլ չունի աշխարհում:
ԱԲԵՂԱ - Ես կարծում էի, թե աշխարհում բոլորի ցավն իմ ցավն է, իմը՝ ոչ մեկինը: Նաև գիտեի, որ ինձ ոչ ոք պարտական չէ, իսկ ես պարտական եմ բոլորին: Ես ինչքան ուրիշի համար ապրեմ, այնքան կերկարի իմ կյանքի ճանապարհը: Բայց գիտեմ նաև, որ այդ ճանապարհին ճշմարտության թիկնապահները հզոր ստերն են: Նրանք ճշմարտությունը պաշտպանում են մարդկանցից և թիկունքից խփում նրան: Դուք այդ թիկնապահնե՞րն եք եղել ինձ համար և չե՞ք խփել…
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Խփել չէ` բայց հաճախ թփթփացրել ենք մեջքիդ, ոգևորել քեզ: Հիմա ինքդ որոշիր՝ սխա՞լ ենք եղել, թե՞ ճիշտ, արդա՞ր, թե՞ անարդար:
ԱԲԵՂԱ – Սխալն ու ճիշտը, արդարությունն ու անարդարությունը տարբերելու համար պետք է ճանաչես թշնամուդ, այսինքն՝ քեզ, հաղթես թշնամուդ, այսինքն` քեզ, սիրես թշնամուդ, այսինքն` քեզ:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Բայց հիշի՛ր. քեզ հաղթելու ճանապարհը սրտիդ միջով է անցնում: Այդ ճանապարհով անցնելիս` դու նրա ամեն մի ոլորանին կտեսնես քեզ, կտեսնես մեզ, կտեսնես ու... չտեսնելու կտաս: Որովհետև քեզ չես ուզի տեսնել այնպիսին, ինչպիսին որ կաս, աչք կփակես արածներիդ վրա, սիրտդ չի տեսնի տենչերիդ թույնը, միտքդ չի զորի նվաղկուն կամքիդ: Կցանկանաս թաքնվել ինքդ քեզնից ու չես էլ զգա, որ բոլոր թաքստոցները թափանցիկ են:
ՍՏՎԵՐ – Ոլորաններին կանգնածներն էլ քեզ կհուշեն աղաղակելով, որ քո սրտի միջով են անցնում բոլոր մարդկանց գործած ու չգործած մեղքերը, որ եթե ուզում ես տեսնել մի ստախոս, մեծամիտ, ամբարտավան և մեղավոր մարդու, ապա նայի՛ր հայելու մեջ:
Աբեղան պառկեց մահճին, աչքերը փակեց: Գնաց հազարամյակների միջով, տեսավ, որ ինքը եղել է միշտ, տառապել, փնտրել է ու չի գտել, տեսել է ու չի ընկալել, կանչել է ու ինքն իրեն է լսել, մենակ է եղել ու բոլորի հետ, եղել է, չի եղել…
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Մարդուն ինչքան մեծ է թվում իր տառապանքը, այնքան փոքր է նա, այնպես որ, այնքան մեծամիտ մի՛ եղիր, որ ինքդ էլ քո աչքին փոքր երևաս:
Անդրադարձն աչքով արեց Ստվերին ու շարունակեց.
– Մեծամտությունը փոքրոգության նշան է: Սովորաբար մարդկային հավակնությունների օվկիանոսի ալիքները փշրվում են նրա իրական հնարավորությունների փոքրիկ կղզյակների վրա:
ՍՏՎԵՐ – Ի՞նչ օվկիանոս: Մարդու մեծամտությունը մի ջրափոս է, որի մեջ էլ, ի վերջո, խեղդվում է նա:
Աբեղան հուսահատ հայացքը հառեց մոմի լույսին: Գուցեև աղոթք էր մրմնջում…
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Աղոթքն ամբողջ օրը մարդու մեջ է՝ ներշնչանքի նման. այն ասվում է, երբ հնարավոր չէ չասել: Օրավարժ և պատվերով աղոթքը երեսպաշտություն է, շուռ եկած սպիտակ բիբերով, կապտած շրթունքներով, սառած ու փայտացած, անշունչ ու անկենդան բառերի սահմռկելի շարան:
ՍՏՎԵՐ – Ես հենց հիմա էլ երկրի ու երկնքի միջև տեսնում եմ ունայնության սևաշունչ քամուց քշվող այդ անկենդան բառերի թափառումները:
Աբեղան հառաչեց և, ավելի շատ ինքն իրեն, քան իր զրուցակիցներին, հուսահատ ասաց.
– Ուրացումն այսօր հորդում է փողոցով՝ իր հորձանուտում կլանելով աղոթքի պատառիկներ և տագնապահար հույսեր…
ՍՏՎԵՐ – Ամեն մի նոր հուսահատություն կորստյան մի նոր դուռ է բացում:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Հուսահատությունը մարդուն թևեր է տալիս թռչելու… դեպի անդունդ:
ԱԲԵՂԱ – Ախ դո՛ւ, անկման հեշտություն... Աստծո Որդի խաչեցին. հույս, հավատ ու սեր խաչեցին, իրենք իրենց խաչեցին: Եվ դա շարունակվում է. ամեն օր գալիքը խաչվում է ներկային, ամեն օր մենք խաչում ենք ճշմարտությունը, ամեն օր խաչում ենք մեր օրը, ամեն վայրկյան խաչում ենք մեզ: Ավա՜ղ, սա՛ է մեր ճանապարհը, սա՛ է մեր հոգնությունը և ցուրտը, մեր պաղ հոգիների ինքնագլոր անկումը:
ՍՏՎԵՐ – Հուսահատության տագնապալի ծովը մարդն ինքն է ստեղծում իր համար և խեղդվում այնտեղ: Եվ միայն խինդը կարող է հաղթել տագնապին: Իսկ մի խինդի համար հազար ու մի տագնապի դուռ պիտի ընկնես:
ԱԲԵՂԱ – Տագնապներն ամեն օր են հայտնվում ինձ, ինչպես գուժկանները՝ պարտվող զորավարին: Հոգիս ճչում է անկման անվերջանալի սարսափից: Ես ասես երազի մեջ եմ, չեմ կարողանում արթնանալ, ձեռք գցել հավատի փրփուրներին…
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ըստ ձեզ, եթե մարդը հոգու անաղարտությամբ և մտքի անարատությամբ դիմի Աստծուն, ապա հավատի փրփուրներն էլ կպահեն նրան: Սակայն ես պիտի ասեմ, որ մարդն իր աղոթքում պիտի ասի միայն երկու բառ՝ Աստվա՜ծ իմ… չէ՞ որ մնացածը պարզ է:
ՍՏՎԵՐ – Աղոթքը սրտից բխող կրակ է, կասկածը՝ նրան ուղեկցող ծուխը: Իսկ կրակն առանց ծխի չի լինում... Երկմտանքը մարդու էությունն է անկատար. մարդը գլխով երկնքին է հպվում, ոտքերով՝ գետնին: Մարդը ճանապարհ է գնում, և այդ մազե ճանապարհի երկու կողմում երկընտրանքի վիհերն են, որոնց վրա մարդն ակամա տարածում է ձեռքերը՝ հավասարակշռությունը պահելու համար…
Աբեղան ընդհատեց Ստվերին.
– Աստված ամեն մեկի համար մի երկնահաս դուռ է բացում: Այդ դռնով ներս մտնելու համար մարդ պիտի գլուխը խոնարհի, որովհետև մարդու ես-ն էլ է երկնահաս:
ՍՏՎԵՐ – Երկինքն ինչքա՜ն լայն պիտի բացի իր դռները, որ դու կարողանաս մտնել:
Աբեղան ոչինչ չպատասխանեց: Բայց մտքում ասաց. «Եթե ամբողջ երկինքն էլ դառնա մի դուռ, ես չեմ կարողանա ներս մտնել ձեզ հետ»:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Երկնքի դռները մարդու ներսում են, դրախտն ու դժոխքն էլ են մարդու ներսում: Ոմանք մտածում են՝ լավ է մահվան գիրկն ընկնել, քան անմահության դռները…
ՍՏՎԵՐ – Ամեն մեկն էլ, ի վերջո, մի տեղ ընկնում է, ավելի ճիշտ՝ ցանկանում և ընկնում է: Նույնիսկ գայլն է ցանկանում ընկնել դրախտ. չէ՞ որ ոչխարներն այնտեղ են:
ԱԲԵՂԱ – Մարդն անվերջ տառապանքի մի բավիղ է, որի բոլոր ելքերի մոտ մահն է նստած` ուղեցույց-ուղենիշը ձեռքին: Եվ մարդը մահվան արժանանալու համար վճարում է իր ունեցած ամենաթանկ բանը՝ կյանքը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Տկար է մարդը. նա հրի է մատնում իր հավերժությունը՝ իր ներկայի մի ակնթարթը ջերմացնելու համար:
ՍՏՎԵՐ – Մարդն ուղղակի չգիտե՞, թե՞ մոռացել է, որ կյանքն անցողիկ հավերժություն է:
Անդրադարձը հավանության նշան արեց:
Անդրադարձն ու Ստվերը ազատություն էին տվել իրենց լեզուներին… Աբեղան նույնիսկ չէր էլ ուզում ընդհատել նրանց, բայց և այնպես ասաց.
– Եթե մարդն ինչ-որ տեղ է գնում, նույնիսկ դեպի մահ, ապա այդ գնալն ինքը նույնքան կարևոր է, որքան տեղ հասնելը: Այդ ճանապարհին բազմաթիվ ճշմարտություններ փակում են դեպի միակ Ճշմարտությունը տանող ճանապարհը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ճշմարտության և ստի տարբերությունն այն է, որ նույն բանի մասին հազարավոր ճշմարտություններ կան, այնինչ` ճշմարտությունը մեկն է, այն էլ… չկա:
ՍՏՎԵՐ – Դա նրանից է, որ երբ մարդն ի վերջո կարողանում է սուտն ու ճիշտը տարբերել իրարից, նրանք ուղղակի տեղերը փոխում են: Մարդուն ավելի հաճելի են ճշմարտակումները, քան ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունը կրակի նման այրում է մարդու միտքը, սիրտը, լեզուն:
ԱԲԵՂԱ – Սուտը կարող է փրկել մի ամբողջ աշխարհ, բայց մի հոգու չի կարող փրկել:
ՍՏՎԵՐ – Սուտը բախտավոր է, որովհետև շատ ու շատ նշանավոր ճշմարտություններ նրա շուրջն են պտտվում, սիրաշահում նրան…
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Մարդն ինչքա՜ն պիտի ստի, որ ճիշտ խոսել սովորի:
ՍՏՎԵՐ – Ճի՛շտ է, ստի ոտքերը կարճ են, բայց գայթակղիչ են. նրա ոտքերն ընկած ինչքա՜ն երկրպագուներ կան:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Որովհետև ստին դիմանում են բոլորը, ճշմարտությանը՝ ոչ ոք: Մարդը չի կարող ոչ դիմանալ, ոչ էլ ընդդիմանալ ճշմարտությանը:
ՍՏՎԵՐ – Մարդիկ սիրում են կրկնել, որ սուտը խավարն է, ճշմարիտը՝ լույսը, բայց ճշտի միջոցով է սուտն իրեն տեսանելի դարձնում:
Անդրադարձը դիմեց Աբեղային.
– Երբ պատրաստվում ես ճշմարտությունը գրկաբաց ընդունելու, մտածի՛ր` կարող ես կողերդ ջարդել:
ԱԲԵՂԱ – Ճշմարտության գրկում շունչդ կկտրվի: Դու ինքդ կամ պիտի ճառագես ճշմարտությունը, կամ ձուլվես նրան:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Ես կարող եմ ասել, որ ճշմարտությունը մի անպարտ վիշապ է, հարատև մի կուռք, հանուն որի շատերն են կռվի գնում, որի անունից շատերն են շատերին կռվի առաջնորդում, որի դեմ շատերն են կռվի ելնում:
ԱԲԵՂԱ – Ճշմարտությունն անվերջ մի ճանապարհ է, որն ամեն պահի փոխում է իր ուղղությունը, հազար ու մի ճյուղեր տալիս: Բոլորս այդ ճանապարհի վրա ենք, ու նա կարող է ոմանց հազարադեմ վիշապ թվալ և նույնիսկ դառնալ կուռք:
ՍՏՎԵՐ – Ճշմարտության ճանապարհին բոլորն են մեռնում: Եվ չկա այլ ճանապարհ: Եվ ամեն մեռնողի հետ մի ճշմարտություն մեռնում է: Սակայն ճշմարտությունն անմահ է մնում:
ԱԲԵՂԱ – Այո, անմահ է ճշմարտությունը, իսկ մենք բոլորս էլ ապրելով մեռնում ենք նրա ճանապարհին: Բայց ինչո՞ւ մեռնելով ապրել. գալիք ամեն մի օր հազար անցյալ օր արժե…
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Եվ չարժե ակնթարթային ձեր կյանքում տրվել վշտին, քանզի նա այդպես է բազմանում և խժռում գալիք օրը, ճշմարտությունը, հավատը, ձե՛զ…
ԱԲԵՂԱ – Աշխարհն ամբողջական է իր խինդով և վշտով. բաժանես՝ կվերանա, ինչպես պղպջակը՝ կիսելիս:
ՍՏՎԵՐ – Մարդն էլ աշխարհի նման մի պղպջակ է, որը ծովի հատակից բարձրանում է, բարձրանում ու... վերանում:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Իմ փորձից գիտեմ՝ խեղդվողի վերջին հույսը ծովը խմելն է: Ծնված օրվանից մարդիկ, շունչը պահած, սուզվում են մահվան օվկիանոսը: Ով շունչն ինչքան պահեց, այդքան էլ ապրում է, այդքան էլ տևում է նրա ճշմարտության ճանապարհը:
ԱԲԵՂԱ – Մեր ողբերգությունն առ աշխարհ մեր սերն է, և մեզնից յուրաքանչյուրը սեր է:
ՍՏՎԵՐ – Ի ցավ սրտի և, ավա՜ղ, աշխարհի՝ այդ փոխադարձությունը, այնուամենայնիվ, մնում է միակողմանի, ինչպես կյանքը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Քանզի սերն ու բարությունը գնահատված չեն ձեր կյանքում. գնահատվում են չարությունն ու ատելությունը, ինչը թանկ է նստում ձեզ՝ մարդկանց և աշխարհի վրա:
ԱԲԵՂԱ – Ատելությունը մի զենք է, որի հետհարվածն ավելի ուժեղ է, քան հարվածը: Չարի դեմ պայքարելիս պետք է բարի և մեծահոգի լինել. դա սպանում է նաև մարդու միջի չարը:
ՍՏՎԵՐ – Համաձայն եմ: Բայց հիշիր. քո մեջ եղած բարու կաթիլներից քո ներսում եղած չարի ծիլն էլ է սնվում և կարող է առատ բերք տալ՝ բարության պատիճներով:
ԱԲԵՂԱ – Բայց չար մարդու բարության դիմակն իսկույն պատռվում է փշերին հպվող պղպջակի նման:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Իսկ ես տեսել եմ, որ մարդիկ իրար հետ դիմակներով են շփվում, դիմակներով քնում և արթնանում, իսկ երբ մենակ են մնում, դնում են իրենց ամենասիրելի դիմակը՝ սկսում են իրենք իրենց ստել և ստախաբ են լինում:
ԱԲԵՂԱ – Սերը միակն է, որ ճշմարտության հարափոփոխ ճանապարհով քայլողներին պատսպարում է հուսաբեկության լլկող հողմերից, պաշտպանում ատելության հուրհրան վիշապներից, լույս վառում ամեն կեռմանում, մեղմում ճշմարտության արդար ցասումը, ծնում կյանք, ծնվում կյանքի հետ:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Մարդուն նույնիսկ Սերը չի կարողանում համոզել, որ նա մինչև հոգու խորքը բացվի որևէ մեկի առաջ: Նրա ներսում, նրա հոգու հեռավոր ու մթին հետնախորշերում միշտ ապրում են բորոտների նման իրենք իրենցից խորշող ցմահ բանտարկյալներ՝ մեղքեր: Մարդը չի բացվում նույնիսկ այն դեպքում, երբ այդ մեկն ինքն է: Նա առանձնապես չի վախենում այն մեղքերից, որոնց մասին գիտեն կամ չգիտեն ուրիշները: Նա սարսափում է իր այն մեղքերից, որոնք իր ներսում են, որոնցից ինքն ամաչում է… և որոնք անկարող է խոստովանել ինքն իրեն:
ԱԲԵՂԱ – Ես դա գիտեմ, դա այդպես է, որովհետև ամեն մեկն ունի ի՛ր գիշերն ու ի՛ր մութը, որտեղ ինքն է թագավորում: Եվ ինքն ու աշխարհը չեն կարող ապրել առանց կռվի: Մարդն աշխարհում եթե նույնիսկ մենակ մնա, միևնույն է, ինքն իր հետ է կռիվ տալու: Աստծո և մարդու միջև էլ է այդ կռիվը՝ որպես բողոք, որպես աղոթք, որպես տագնապ, որպես մորմոք, որպես սեր և սփոփանք…
Մինչ Աբեղան խոսում էր, Ստվերը վեր կացավ, թևանցուկ արեց Անդրադարձին, ուղեկցեց մինչև դուռը: Անդրադարձը, մինչ դռնից դուրս գալը, դարձավ Աբեղային.
– Չկարծես, թե ճանաչեցիր ինձ: Առավել ևս մի կարծիր, թե ճանաչում ես քեզ, որովհետև անմեղ լինելու ենթադրությունն իսկ մեղավորություն է և մեղք: Ճշմարիտ անմեղը երբևէ չի կարող գիտակցել իր անմեղությունը: «Մնաս բարով» չեմ ասում, կհանդիպենք… Ուղղակի հիշի՛ր, որ անսահմանության առաջ պետք է բաց լինել բոլոր կողմերից, որ նա լցվի քո մեջ, համակի քեզ, և դու ձուլվես նրան, այլապես կճզմվես օվկիանոսի խորքը սուզվողի նման: Եվ կարևոր չէ, թե անսահմանությունն ինչ ապրումով ու կերպարանքով կերևա` Կյանքի՞, թե՞ Մահվան, Սիրո՞, թե՞ Ճշմարտությա՞ն, Ակնթարթի՞, թե՞ Հավերժության, Հավատի՞, թե՞ Մտքի:
Աբեղան սկսեց աղոթք մրմնջալ Անդրադարձի համար:
Ստվերը դուռը ծածկեց Անդրադարձի հետևից, թռավ պատին և ասաց.
– Այլոց համար աղոթելուց առաջ պարզիր՝ ունե՞ս այդ իրավունքը, թե՞ ոչ, բոլոր մարդկանց բացասականը հաղթահարե՞լ ես քո մեջ:
Աբեղան, կեսքուն-կեսարթուն, ինքն իրեն մրմնջաց.
– Մեն-մենակ եմ ես. նույնիսկ ինքս ինձ հետ չեմ արդեն, ընկեր-բարեկամներս անգամ չգիտեն, որ ինձ հրաժեշտ տվեցին: Փլվեց զգացմունքներիս Տաճարը, զանգերը մորմոքեցին սրտիս մեջ, միտքս ցրվեց երկնքով մեկ՝ խուճապահար երամի նման, և թվացյալն է թագավորում ավերակների վրա:
ՍՏՎԵՐ – Ճակատագրի ձեռքից փախչողը դիպվածի ձեռքը կընկնի: Դու ես քո ձախորդությունները կերտող նվիրյալը: Դու արհամարհել ես բարեկեցությունը, որ հասնես բարի կեցության, բայց մոռացել ես, որ կյանքում սովորական իրողություն է հրաշքը, իսկ հրաշքների մեջ ամենաանսովորը Կյանքն է: Դու շլացուցիչ հեռակայի պատճառով աչք ես փակել մոտակայի վրա և երկուսն էլ կորստյան ես մատնել…
ԱԲԵՂԱ – Կյանքը Աստծո համբույրն է՝ դաջված Անէի շուրթերին: Ու թե կարճատև կյանքով ապրող մարդն իր հույզերը տա հավիտենական անէության մեջ գոյատևող ժայռին, ժայռը թև կառնի, կճախրի օդում:
ՍՏՎԵՐ – Այո՛, մարդն այդպիսին է. անվերջ դժգոհում է ու տրտնջում, սակայն երբ անէության շունչն զգում է մազերի վրա, սարսափում է ու ցանկանում գեթ մի վայրկյան էլ ապրել ու զգալ Աշխարհը:
ԱԲԵՂԱ – Կյանքի ու Մահվան արանքում մարդն է կանգնած, որ նրանք չբախվեն իրար ու ոչնչանան: Մարդու մի մասը կյանքի մեջ է, մյուսը՝ մահվան: Կյանքն ու Մահը միաձույլ են Մարդու մեջ: Կյանքով նա չի հասնում Անսահմանին, իսկ մահով` Աստված գիտե:
ՍՏՎԵՐ – Ինչպես անիվի ճաղերը, ուզեն, թե չուզեն, հերթով կրում են սայլի ծանրությունը, այնպես էլ մարդիկ՝ կյանքի: Իսկ մահվան ծանրությանը ոչ մի անիվ չի դիմանա: Նա դրված է հիշողության լեռների վրա, որոնցից էլ սկիզբ են առնում մոռացության գետերը:
ԱԲԵՂԱ – Առավելը մտքի ծանրությունն է, որի ամեն հատիկը ավելի ծանր է, քան աշխարհի ամենածանր քարը:
ՍՏՎԵՐ – Չեմ ուզում ծանրանալ քո առանց այդ էլ ծանր մտքերին: Ես էլ եմ հեռանում… Ես և Անդրադարձը քո թշնամինե՞րն էինք, թե՞ բարեկամները՝ արդեն միևնույն է: Դու քո կյանքով ապացուցեցիր, որ մարդ ես տարակուսելի, մնում է՝ մահով ապացուցես, որ մարդ ես եղել անտարակույս:
Ստվերն իջավ պատից, վերցրեց վառվող մոմը, ափով պահեց, որ քամին չհանգցնի ու դուրս ելավ խցից:
ԱԲԵՂԱ – Մի՛ գնա, խնդրում եմ:
Սարսռաց: Կուչ եկավ մահճակալին:
 «Դուք ինձ մենակ թողեցիք: Ես մերկ եմ և մերկացած… Ես ծառ եմ առանց սաղարթի և ճյուղերի: Ես չեմ կարող ապրել առանց ձեզ, առանց ձեզ ես կարող եմ միայն մեռնել»:
Աբեղան զգում էր, որ Անդրադարձի ու Ստվերի հետ մինչև վերջ չի խոսել այն, ինչը հեռու-հեռվից գալիս էր ու այդպես էլ տեղ չհասավ: Դատարկություն էր զգում իր ներսում, իր խցում, խցից դուրս. մաքո՜ւր մի դատարկություն: Կարծես թե դատարկել էր ամբողջ տունը, մաքրել, սրբել ու նստել չորս պատերի միջև: Այդպես երկար մնաց Աբեղան:
Հանկարծ առաստաղը բացվեց, ու լույսի մի շող ցրիվ եկավ խցով մեկ: «Մենք անթափանց գնդեր չենք, ասեղի ծայրի չափ մի անցք կա գնդերի վրա»,– հիշեց Աբեղան: Մտածեց, որ լույսն էլ կարձագանքի իր մտքերին: Սակայն լույսը լռում էր հրաշալիորեն:
Հիշողության դաշույնը իջավ սրտին. ակնթարթորեն հիշեց մանկության մի օրը, երբ մթնշաղին գնում էր դաշտով՝ հանգած գերեզմանոցի միջով: Հիշեց, թե ինչպես եռաշար գերեզմանաքարերից մեկը թեքվեց և լույսի մի փունջ բացվեց գերեզմանին, ինչպես ինքը փախավ, ինչպես ընկավ ուշակորույս, ինչպես մնաց այնտեղ մինչև օրս…
Խաղաղ էին խուցը, լույսը, երկնքի աստղոտ կտուրը, միտքը, սիրտը, հոգին…
Հիշողության կայծակը Աբեղային թռցրեց, դարձրեց երկու-երեք տարեկան երեխա, երբ նա երեք օր մնացել էր անկենդան ու, երբ հուսահատ ցանկացել էին տանել, Սուրբը նրա պապին երազում ասել էր, որ անունը պետք է փոխել: Փոխել էին` կենդանացել էր ու ժպտացել…
Աբեղան ժպտաց: «Զարմանալի օր է» բառերը հատիկ-հատիկ հանդարտորեն սահեցին Աբեղայի մտքում: Տեսավ` Ստվերն ագահաբար վանում է լույսը, Անդրադարձը` ափսոսանքով անդրադարձնում: Տեսավ` լույսը չի նկատում: Տեսավ` ինքը չի դիմանում, թելը կտրած հուլունքաշարի պես ցրիվ է գալիս: Տեսավ, թե ինչպես Ստվերն ու Անդրադարձն էլ ցրիվ եկան խցի հատակին: Չտեսավ` ինչպես է նորից շարվում, թելվում… լույսի շողին` սև, սպիտակ, սև, սպիտակ…
Հաջորդ օրը Աբեղան պառկած էր մենախցի իր մահճակալին: Մահճակալի մոտ հավաքվել էին վանականները: Զարմացած էին ու վշտացած. Աբեղան հանգել էր: Նրանցից ոչ ոք չէր տեսնում Աբեղայի սնարի մոտ կանգնած վեղարավոր երկուսին՝ Ստվերին և Անդրադարձին:
Աբեղան, որ նրանց տեսնում էր, նշան արեց…

© Վ. Ա. Սարգսյան
© «9-րդ հրաշալիք»

среда, 10 августа 2016 г.

«ՄԵԾ ԳԻՐՔ ՓՈՔՐԵՐԻ ՀԱՄԱՐ»

Լույս է տեսել ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ հերթական գիրքը՝ «Մեծ գիրք փոքրերի համար»:
Սիրելի մեծեր և փոքրեր: Այս գիրքը մի յուրօրինակ շտեմարան է: Յուրօրինակ է թե՛ կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ: Գրքում հայերենի յուրաքանչյուր տառի համար ստեղծվել է 11 բաժնից բաղկացած մի հավաքածու, որն ընդգրկում է 39 ԵՐԿՏՈՂ տառերի առանձնահատկությունների մասին, 78 ԵՐԳ տառերի և լեզվական այլ հասկացությունների մասին, 80 ՆՈԻՅՆՏԱՌԻԿ՝ չափածո և արձակ ստեղծագործություններ, որոնց բոլոր բառերն սկսվում են նույն տվյալ տառով, 147 ՀԱՆԵԼՈՒԿ, 44 ԼԵԶՎԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՉԱՓԱԾՈ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ, 43 ՉԱՓԱԾՈ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ նյութեր՝ խնդիրներ, առաջադրանքներ, մաթեմատիկական հասկացությունների մասին երգեր, 40 ՍՈՒՏԱՍԵԼՈԻԿ, 50 ՇՈԻՏԱՍԵԼՈԻԿ, ընթերցանության համար նախատեսված արձակ և չափածո 130 ստեղծագործություն:
Բոլոր նյութերը հեղինակային են: Տվյալ տառի համար գրված հանելուկների պատասխաններն սկսվում են տվյալ տառով և տրված են գրքի ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ մեջ, որից օգտվելով՝ դյուրին կերպով կարելի է գտնել՝ տվյալ առարկայի մասին հանելուկ կա գրքում, թե՞ ոչ:
Տվյալ տառին վերաբերող բոլոր նյութերի վերնագրերը սկսվում են այդ տառով և տրված են այբբենական կարգով:
Գրքից օգտվելը դյուրինացնելու համար գրքի վերջում գետեղված է 7 ՀԱՎԵԼՎԱԾ՝ գրքի կառուցվածքի մասին, նոտագրություններ, փոքրիկ բառարան, անվանացանկ, մաթեմատիկական հասկացությունների առարկայացանկ, լեզվական հասկացությունների առարկայացանկ, տեղանվանացանկ:

понедельник, 21 марта 2016 г.

700 ՀԱՄԱՐԸ ԵՎ ԻՐ 700 ԸՆԹԵՐՑՈՂԸ

Ահա ձեր առջև է «9-րդ հրաշալիքի» 700-րդ համարը: Քսաներկու տարի լույս է տեսնում մեր ու ձեր սիրելի թերթը: Գրեթե 1400 մամուլ, 11000 էջ: Սա` «քանակային» առումով: Իսկ ինչքա՜ն սեր է դրվել յուրաքանչյուր էջ ստեղծելիս, ինչքա՜ն համառություն ու ջանք է պահանջվել իր նմանը չունեցող ժամանցային, ուսումնական, մեծամանկական թերթի ամեն համար լույս տեսնելու համար: Որքա՜ն նյութական ու հոգևոր ներդրում է եղել, դուք գիտեք, սիրելի ընթերցողներ, ու մենք:
Մեր հավատարիմ ընթերցողներից մեկը նամակ գրեց մի քանի տարի առաջ` հայտնելով, որ գնում է Ամերիկա՝ մշտական բնակության: «Իմ ամենածանր բեռը «9-րդ հրաշալիքի» բոլոր համարների հավաքածուն է, որը տանում եմ հետս»,– գրեց նա: Հուզիչ էր: Մի քանի տարի հետո չհարմարվեց Ամերիկայում, վերադարձավ Հայաստան, գրեց մեզ. «Վերադարձել եմ ու իմ բեռների մեջ ամենածանրը «9-րդ հրաշալիքի» հավաքածուն է, որ հետ եմ բերել»: Ապրեցնող հույզեր ու ոգևորություն: Հազարավոր նամակներ ենք ստանում, որտեղ մարդիկ շնորհակալության ու երախտագիտության խոսք են ասում մեզ: Շնորհակալություն:
Շնորհակալություն մեր հավատարիմ ընթերցողներին, որոնք քսաներկու տարի մեզ հետ են, կիսում են մեր ուրախությունն ու դառնությունը, ոգևորվում մեզ հետ, մեզ հետ տխրում թերթի տպաքանակի նվազմամբ:
Շնորհակալություն հրազդանցի մեր բարեկամ Գուրգեն Գրիգորյանին, որ անխոնջ օգնում է մեզ՝ թերթը տարածելով Կոտայքի մարզում: Շնորհակալություն մեղրեցի Ավետիս Ազատյանին, որի աներևակայելի գործունեության, սիրո ու նվիրվածության շնորհիվ թերթը տարածվում է Մեղրու տարածաշրջանում, մտնում է ամեն մի տուն Ավետիսի հետ` ավետիսի նման սնվում նրա լավատեսությամբ, զինավորվում համառությամբ ու գոյատևման ջանքեր ցուցաբերում էս նեղ պայմաններում:
Բոլոր նվիրյալ բարեկամների մասին չեմ կարող գրել բնականաբար:
Այսօր դժվար է թերթ հրատարակելը, անչա՜փ դժվար, գրեթե անհնար: Բայց մեր փոքրաթիվ աշխատակազմով անում ենք դա: Յուրաքանչյուր աշխատող հայերենի, պատմության ու մշակույթի մի նվիրյալ է, թերթը արարող մի մշակ:
Շնորհակալություն:
Այսօր պետք է ձեռք մեկնենք միմյանց, փրկենք միմյանց: Հեռագնա նպատակներ հետապնդող, ուսուցանող, հայոց մշակույթի, լեզվի նկատմամբ սեր սերմանող շատ բան չունենք, գործնական ու հետաքրքրաշարժ քարոզիչ գրեթե չունենք:
Մենք ձեզ սիրում ենք ու գիտենք, որ սերը փոխադարձ է:
ՎԱՍ

пятница, 11 сентября 2015 г.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ


Տիեզերագնացությամբ հետաքրքրված բազմաթիվ մարդիկ սույն թվականի օգոստոսի 2-ին «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի դահլիճում մասնակցեցին ամերիկացի աշխահահռչակ տիեզերագնաց Բազ (Էդվին) Օլդրինի, հայազգի օդաչու (նաև ապագա տիեզերագնաց) Էդվին Սահակյանի, ինչպես նաև «Գլոբալ Ֆլայթ» կրթական կազմակերպության ներկայացուցիչ, օդաչու Ջուդի Ռայսի հետ հանդիպմանը:
Նիլ Արմսթրոնգը և Բազ Օլդրինը «Ապոլլոն-11»-ի կազմում առաջինը մարդկության պատմության մեջ ոտք դրեցին Լուսնի վրա: Տիեզերանավում նրանց սպասում էր երրորդ ընկերը՝ Մայքլ Քոլինզը, որն այդպես էլ ոտք չդրեց Լուսնի վրա:
Ինչո՞վ է այս ամենը հետաքրքիր անձամբ ինձ համար:
Բանն այն է, որ դեռևս 2007 թվականին, երբ նախապատրաստում էինք հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի մայրենիի դասագիրքը, ես մի պատմվածք գրեցի առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրած մարդկանց մասին: Այդ պատմվածքը զետեղվեց դասագրքում, որը բազմաթիվ վերահրատարակություններ ունեցավ: Հայաստանցի դպրոցականները բավական լավ գիտեն այդ մարդկանց անունները:
Մի զրույցի ընթացքում Օլդրինի գալու մասին ինձ ասաց «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը: Միտք առաջացավ իմ գրած պատմվածքը թարգմանելու անգլերեն և հանդիպման ժամանակ դասագրքի հետ նվիրելու Օլդրինին՝ որպես անակնկալ:

Ես չգիտեմ, թե որևէ երկրում այդպիսի պատմվածք գրվե՞լ է նրանց մասին, թե՞ ոչ: Մտածեցինք, որ անակնկալը հաճելի կլինի բոլորին և հատկապես 85-ամյա Օլդրինին:
Հանդիպմանը ներկա էր նաև Ռիչարդ Միլսը` ԱՄՆ-ի դեսպանը Հայաստանում: Մեկ օրինակ էլ նախապատրաստվեց նրա համար:
Հանդիպման օրը Ռոբերտ Վարդանյանը ներկայացրեց անակնկալը: Ինձ հրավիրեցին բեմ և ես Օլդրինին նվիրեցի պատմվածքի անգլերեն թարգմանությունն ու դասագիրքը:
Նաև մի հարց ուղղեցի նրան. «Պատմվածքի մեջ կա Արմսթրոնգի առաջին նախադասությունը, երբ նա պետք է տիեզերանավակի աստիճանից ոտք դներ Լուսնի վրա. «Այս քայլը փոքր քայլ է մարդու համար, իսկ մարդկության համար շատ մեծ քայլ է»: Կուզենայի, որ Ձեր առաջին նախադասությունն էլ զետեղվեր պատմվածքի մեջ: Ասացեք, խնդրեմ»: Լուրեր էին տարածվել, թե նա բացականչել է. «Աստվա՜ծ իմ, որքա՜ն շատ են սրանք այստեղ»: Սա ճի՞շտ է, թե՞ սխալ՝ ոչ ոք չգիտի: Էլի չիմացանք, քանի որ Օլդրինը իմ հարցից հետո խոսեց ամեն ինչի մասին, բայց ոչինչ չասաց իմ հարցի վերաբերյալ: Իրար ձեռք սեղմեցինք, ու ես իջա դահլիճ:
Երբեք չէի մտածի, որ երբևէ կսեղմեմ իմ գրական հերոսի ձեռքը:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Ջուդի Ռայսը և Բազ Օլդրինը

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը

Էդվին Սահակյանը



Լուսանկարները` ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ