Նկարը` Խորեն Հակոբյանի |
1918 թ. գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համար, որ կոչվում է հայ ժողովուրդ: Արևմտահայության Մեծ եղեռնով չկշտացած՝ թուրքական բանակները գարնանը նվաճեցին Արաքսի աջափնյա հողերը և շարժվեցին դեպի հյուսիս և արևելք:
1918 թ. մայիսի 15-ին թուրքերը մտան Ալեքսանդրապոլ, ջարդեցին և կողոպտեցին անզեն ու անպաշտպան բնակչությանը, առաջ շարժվեցին դեպի Էջմիածին ու Երևան՝ սպառնալով Արևելյան Հայաստանում ևս կատարել արյան այն զարհուրելի նախճիրը, որից հայաթափ դարձավ բովանդակ Արևմտյան Հայաստանը: Ահա այս նոր ու վերջին նախճիրի սպառնալիքի տակ էլ Թուրքիայի բռնապետները Բաթումում խորհրդաժողովի էին հրավիրել Անդրկովկասի ներկայացուցիչներին և նրանց հետ իրենց հետագա անելիքներն էին որոճում:
Եվ այստեղ էլ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի պատգամավորների հետ հանդիսավոր ճաշկերույթի էին նստել արևմտահայության Մեծ եղեռնի հեղինակները:
Ըստ էության փուլ էր եկել Անդրկովկասյան սեյմ կոչված սուտ միությունը: Հայոց ճակատագրի տնօրենները կտրականապես մերժել էին Ռուսաստանի օգնության առաջարկությունը, իսկ ամեն տեսակ հովանավորություն ու աջակցություն խոստացած Անտանտի գործակալները կանգնած էին Թուրքիայի ու մուսավաթի թիկունքում: Միայն հրաշքը կարող էր փրկել նրան, և նա պատրաստվեց այդ հրաշքին:
Հայկական զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանը և Երևանյան զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, հետագա դիմադրությունը համարելով անօգուտ ու կործանարար, հաշտվել էին զենքերը վայր դնելու մտքի հետ:
Եվ այն ժամանակ ծերունազարդ կաթողիկոս Գևորգ Ե Տփղիսեցին ընդվզեց այդ անհեռատես ու անհեռանկար որոշման դեմ, կարգադրեց Արարատյան երկրի բոլոր վանքերի ու եկեղեցիների զանգերից համազգային տագնապ ազդարարել:
Մայիսի 21-ին թուրքերը գրավել էին Սարդարապատ գյուղն ու Սարդարապատ երկաթուղային կայարանը: Նույն այդ գիշեր հենց Սարդարապատի առաջ Սարդարապատյան ռազմաճակատի հրամանատար Դանիել բեկ Փիրումյանը նախապատրաստում էր այն հարվածը, որ շշմեցնելու էր անցյալ ձրի հաղթանակներով հղփացած թշնամուն:
Մովսես Սիլիկյանը Սարդարապատյան հակահարվածից անմիջապես հետո կոչ հղեց ժողովրդին՝ գրելով.
«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու»:
Վճռական բախումը տեղի ունեցավ մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը: Սարդարապատից օգնության ուղարկված զորագնդերի հետ համագործակցելով, Բաշ-Ապարանում Դրոյի զորքերը ջարդել էին թուրքերին, և հայտնի էր, որ Սարդարապատը կարող է խափանել Երևանի վրա ուղղված թուրքական ծրագիրն առհասարակ:
Առավոտյան ժամը 9-ին հյուսիսում, բլուրների հետևում երևաց փոշու ամպ, որ դանդաղորեն սահում էր դեպի արևմուտք:
Դժվար չէ պատկերացնել, թե թշնամու վրա ինչ ազդեցություն է գործել մեկեն ժայթքած լավայի պես առաջ շարժվող զորամասը:
Կարմիր կրա՜կ, աստծո պատի՜ժը թուրքաց գլխին: Սարսափը փոխվում է խուճապի, և խուճապահար թուրքերը փախուստի են դիմում՝ լքելով իրենց ռազմամթերքը, պաշարակիր սայլերը, իրենց վիրավորներին ու սպանվածներին:
ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий