среда, 18 апреля 2012 г.

ՑԱՎԸ


Լուսանկարը` ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Ցավը թափառում էր երկնքում: Ցավը երկնքի՞ ցավ էր, երկունքի՞ ցավ էր` ինքն էլ չգիտեր: Գիտեր, որ ուզում է շամփրել, կայծակել, որոտալ. ինքն իրեն այլևս չէր կարող զսպել: Իրեն գոռացող էր պետք, լաց ու կոծ անող էր պետք, իրեն անմռունչ տանող էր պետք, իրեն արտահայտող էր պետք:
Ի սկզբանե էր ցավը և ցավն Աստծո մոտ էր: Եվ Աստված ստեղծեց մարդուն, որը մեղսավոր էր դեռևս Աստծո մեջ և այդ մեղքի համար պիտի ցավը կրեր իր ներսում: Ցավ տրվեց մարդուն, մարդն էլ ագահ` վերցրեց ու ասաց` օ՜ֆ: Ցավը շրջեց մարդկանց մարմնի ու հոգու մեջ հզորացավ, ինքն իրեն հարգեց, ինքն իրեն պաշտեց: Ցավը շրջեց ազգերի մեջ. մի մասը չդիմացավ, անէացավ, մի մասն անզգա էր ու թուրք` բան չզգաց: Ազգերն սկսեցին ցավն իրենց վրայից ու միջից քշել ուրիշների վրա: Որտեղից փախչում էր` գալիս էր հայի սիրտն էր մտնում, որը խոնարհ էր, անմռունչ տանում էր ցավը, համարում իր ճակատագիրը, Աստծո տված պարգևը: Ու բոլորը դուրս մղեցին ցավը, հայը վերցրեց, նույնիսկ` կամավոր: Թող Աշխարհի ցավը իմ մեջ մնա, թող Աշխարհի ցավը ես տանեմ, թող Աշխարհն առանց ցավի ու արցունքի լինի, թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի:
Ցա՛վը` մեր միսն ու արյունը: Բոլորի ցավը մեր ցավն է, մեր ցավը ոչ մեկինը չէ:
Ու գնում ենք, ու ցավից մեռնում ենք, բայց, ներողամիտ ժպիտը մեր դեմքին, գո՛հ ենք Աստծուց, որ մեզ ընտրեց:
Կողքից տեսան` ձայն չենք հանում, դիմանում ենք, կոտորեցին, խլեցին ամեն ինչ, որ մենք անիծենք Աստծուն, բայց մենք ազգերի Հոբն ենք, դեռևս դիմանում ենք` երկնային մեր ցավոտ ճամփան մեր ներող աչքերի մեջ պահած:
Տե՛ր Աստված, մենք սանձել ենք ցավը, զարհուրելի այդ ուժը շղթայակապ մեր հոգիներում է և ուզում ենք վերադարձնել նրան. նա արդեն ոչ մեկին ցավ չի կարող պատճառել. մեզնից հե՛տ վերցրու:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий