Խորագիրը վարում է Արտաշես Թադևոսյանը
ԱՆՎԱՆԻ ՑՐՎԱԾՆԵՐԸ
Էռնեստ Հեմինգուեյ |
Խորհրդային անվանի բանաստեղծ, մանկագիր Սամուիլ Մարշակի մտերիմներն ասում էին, որ նրա «Ցրված
մարդը» հանրահայտ ստեղծագործության հերոսի նախատիպը եղել է ինքը՝
հեղինակը: Եվ այդ առումով
նա միայնակ չէ. ցրված
են եղել շատ ու շատ անվանի
և հանճարեղ մարդիկ: Ի դեպ, Էռնեստ
Հեմինգուեյը ցրվածությունը թերություն չէր համարում, ավելին,
ըստ նրա՝ «երջանկությունը լավ առողջության և վատ հիշողության համադրումն է»: Եվ այսպես…
9-ՐԴ ՏԵՂ. Մի անգամ անվանի հանդիսավար Սմիռնով-Սոկոլսկին շփոթեց դաշնակահար Յակով Ֆլիերին և ջութակահար Սամուիլ Ֆուրերին և բեմից հայտարարեց. «Այժմ ելույթ կունենա ջութակահար Ֆլիերը»: Վրդովված Ֆլիերը պահանջեց ուղղում մտցնել: Հանդիսավարը դա արեց շատ ինքնատիպ ձևով. «Խնդրում եմ ներել ինձ, բայց Յակով Ֆլիերը ջութակը մոռացել է տանը, ուստի նա դաշնամուր կնվագի: Իսկ դա ավելի դժվար է»:
8-ՐԴ ՏԵՂ. Պրոֆեսոր Դմիտրի Մենդելեևը տրամվայ նստելիս հանում էր կրկնակոշիկները: Եվ միայն նրան ուղեկցող ուսանողների ուշադրության շնորհիվ դրանք վերադառնում էին տիրոջը:
7-ՐԴ ՏԵՂ. Ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերը մի անգամ ճաշում էր ընկերոջ տանը: Չհավանելով ճաշատեսակը՝ նա սպառնաց խոհարարուհուն հեռացնել աշխատանքից, կարծելով, թե իր տանն է: Իսկ ռուս երգահան Ալեքսանդր Բորոդինը, ընդհակառակը, սեփական տունը շփոթել էր ուրիշի տան հետ: Կախիչից վերցնելով վերարկուն՝ նա պատրաստվում էր լքել բնակարանը, հյուրերին ասելով. «Տուն պիտի գնամ, առավոտյան դասախոսություն ունեմ»:
6-ՐԴ ՏԵՂ. Հունգարացի երգահան Իմրե Կալմանը, հյուրընկալվելով երգահան Ֆերենց Լեհարին, ոչ միայն կախիչից վերցրեց նրա վերարկուն, այլև հագավ այն՝ շտապելով լքել տունը: Սակայն տանտերը կանգնեցրեց նրան. «Թանկագին Իմրե, դու կարող ես իմ օպերետներից վերցնել ցանկացած մեղեդի, բայց թող ինձ իմ միակ վերարկուն»:
5-ՐԴ ՏԵՂ. Ռուս երգիչ Ֆեոդոր Շալյապինը մի անգամ մոռանում է, թե որտեղ պետք է բարեգործական համերգ տա: Նա որոշում է մտնել պատահած առաջին ինստիտուտը և հարցնում, թե արդյոք իրենց մոտ չի՞ երգելու: Նրան պատասխանում են, որ ոչ, բայց դեմ չեն լինի, եթե երգի: Շալյապինը կատարում է նրանց խնդրանքը: Պատմությունը կրկնվում է ամբողջ օրը. տալով 7 անվճար համերգ, Շալյապինը այդպես էլ չգտավ ճիշտ հասցեն:
Մարկ Տվեն |
4-ՐԴ ՏԵՂ. Մի անգամ Մարկ Տվենը կորցնում է գնացքի տոմսը, բայց ուղեկցորդը, ճանաչելով մեծ գրողին, հանգստացնում է նրան՝ ասելով, որ տոմս պետք չէ: Բայց գրողն այլ կարծիքի էր. «Իսկ ինչպե՞ս իմանամ, թե ուր եմ գնում»:
3-ՐԴ ՏԵՂ. Գերմանացի գիտնական, նոբելյան մրցանակակիր Պաուլ Էռլիխը
սեփական ցրվածության դեմ պայքարում էր`
ինքն իրեն ուղարկելով առաջին անհրաժեշտության աշխատանքների մասին հիշեցումներով փոստային բացիկներ:
2-ՐԴ ՏԵՂ. Չափազանց ցրված էր մեծ գիտնական Իսահակ Նյուտոնը: Մի անգամ նա ընկերոջն ուղարկում է հետևյալ բովանդակությամբ նամակ. «Այստեղ բոլորն ասում են, որ դու երկու ճակատամարտերում հաղթանակ ես տարել, իսկ երրորդում քեզ սպանել են: Գրիր ինձ, դա ճի՞շտ է»:
1-ԻՆ ՏԵՂ. Ֆրանսիացի գրող, առակագիր Ժան Լաֆոնթենը որոշում է այցելության գնալ իր գրող ընկերոջը՝ մոռանալով, որ մեկ ամիս առաջ մասնակցել է… նրա թաղմանը և ելույթ ունեցել դամբանական խոսքով: Երբ ընկերոջ սպասուհին զարմացած հիշեցնում է նրան այդ մասին, գրողը պատասխանում է. «Այո, դուք իրավացի եք: Ես հոյակապ հիշողություն ունեմ. իմ այդ ելույթը ես կարող եմ բառացի կրկնել»:
Комментариев нет:
Отправить комментарий