Գրական նմանակումներ
Դռան մոտ զնգացին Սոնայի շալե շապիկի արծաթե սուրմաները, և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով:
Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի հետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը:
...Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ: Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը, և մեջքը խոնարհեց...
Ակսել Բակունց, «ՄԻՐՀԱՎ»
Տեսնենք, թե այս գողտրիկ դրվագը ինչպես կնկարահանեին
մի շարք երկրների կինոարդյունաբերողները:
ԱՆԳԼԻԱ
Դռան մոտ զնգացին Սառեի կառքի զանգուլակները: Մառախուղ էր ու մեղմ անձրև: Հսկայական անձրևանոցը բացած՝ Սառեն կանգնել էր դռան մոտ: Ծեր դռնապանը անշտապ մոտեցավ լորդ Դի Լանին: Դուռը վերջապես բացվեց, և Սառեն ներս մտավ հյուրասենյակ, ուր բուխարին էր վառվում, և շները ալարկոտ քնած էին: Սառեն տեսավ նրան, ցնցվեց, բայց Դի Լանի սառը ձեռքը վիսկի լցրեց, և սկսվեց զրույցը: Կեսգիշերին Սառեն հանեց ձեռնոցները, իսկ Դի Լանը` շալվարը: Նա անշտապ գրկեց Սառեին, աչքի պոչով հարմար բազմոց գտավ, և գրկախառնված հայտնվեցին բազմոցին:
Դռնապանը խոնարհ հուզմունքով դիտում էր: Լորդը հազաց, և դռնապանը գնաց...
ԱՄԵՐԻԿԱ
Դռան մոտ զնգաց Սառայի բջջային հեռախոսը, նա մի կողմ շպրտեց այն, ոտքով բացեց դուռը և ներս մտավ, ինչպես էգ սագը:
Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի նա, բայց մի կրակոց լսվեց, և լքված կաթսայատան երկաթյա դարպասը աղմուկով փակվեց:
Սառան ջղայնացած հայհոյեց և օձի պես փաթաթվեց Դիլանի բոյին: Բոյը ուզում էր դուրս պրծնել նրա բազուկների օղակից, որովհետև գլխից արյուն էր ծորում, ձեռքը կոտրված էր, բայց աջ ձեռքով բարձրացրեց Սառայի ոտքը, ձախով սկսեց կրակել ներս մտած ոստիկանների վրա: Սառան շտապ-շտապ արձակում էր Դիլանի կոճակները: Լքված կաթսայատան խողովակներից գոլորշի էր ժայթքում, վերևից թափվում էր եռացող ջուրը, որի տակ էլ նրանց մերկ մարմինները սկսեցին տռփանքով տարուբերվել...
ՀՆԴԿԱՍՏԱՆ
Դռան մոտ զնգաց Սանայի երգը` վիծիկ-դանա՜, վիծիկ-դանա՜, և նա ներս մտավ, ինչպես երգող սոխակը բաց վանդակի դռնով:
Հանկարծ լսեց նրան` դանա՜ ուպր դա՜նա՜, ուպր դանա՜, ցնցվեց, ոստյուն արեց և սկսեց պարել, և մի կրակված ձեռք փակեց հյուղակի դուռը: Եվ նրանք երկար երգում էին, պարում, հագուստները փոխում, գնում արտասահման, հետ գալիս: Հանկարծ պարզվեց, որ նրանք քույր ու եղբայր են:
Սանան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից: Հայտնվեց ծեր գնչուհին, թուղթը ձեռքին, որով պարզ դարձավ, որ ծեր գնչուհին ու տղան են քույր ու եղբայր, իսկ Սանան հարևան իշխանի աղջիկն է: Որպես եղեգ ճոճվեց Սանայի դալար մարմինը, քթի հարսանեկան օղակը դողաց, մեջքը խոնարհեց, և էկրանը հանգավ:
ԸՍՏ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ
Դռան մոտ զնգացին Սոֆիկո Ճիաուրելիի կոզբանդի ոսկիները: Խոշոր պլանով՝ Սոֆիկոյի այն տեղը, որտեղ պիտի կուրծքը լիներ: Գինով լի հնձանում շորերով, մեջքի վրա պառկած է Դիլան դային, գինին թափվում է հնձանի պռունկներից, լցվում խեցիների մեջ, հոսում մագաղաթների վրայով, աջ ձեռքը պոկված մի տիկնիկ ընկած է խաղողի ողկույզների մեջ: Սոֆիկոն պառկած է վանդակաճաղերի վրա, վանդակաճաղերը երկաթյա շղթաներով կախված են երկնքից, նա նայում է Դիլանին, Դիլանի փոխարեն նրա շորերն են հնձանի մեջ պառկած, ինքը մերկ կծկվել է խաղողի թփերի տակ: Սոֆիկոն և Դիլանը մերկ պառկած են սև խաղողների մեջ, կարմիր հյութը ծորում է նրանց մարմինների վրայով, կաթում ներքևի գառների վրա, որոնք սպիտակ են: Հեռվից մի աբեղա հնչեցնում է եկեղեցու զանգերը:
Комментариев нет:
Отправить комментарий