воскресенье, 4 декабря 2011 г.

ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ





Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից:




ՄԻՇՏ՝ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔ՝ ԲՈԹ


Ինչպես գիտենք, ավետիս, ավետիք նշանակում է «ուրախ լուր»: Արմատն է ավետ, որ գրաբարում գործածվել է իբրև անկախ բառ և նշանակել է «բարի լուր, բարև, ողջույն»: Ավելի հաճախ գործածվել է ավետիք ածանցյալ ձևով և, իբրև բայ՝ ավետել: Բառի ծագման վերաբերյալ կան բազմաթիվ ստուգաբանություններ: Կան կարծիքներ, որ բառը լծորդ է լատիներեն ave, avete «ողջ կամ ուրախ եղիր» բառին, հնդեվրոպական նախալեզվի vid «գիտենալ» արմատից է, սանսկրիտերեն av «գոչել» կամ vadami «ասել, խոսել» արմատներից է, հնդկական Վեդա-ից՝ Ավետարան և այլն:
Դիտարկելով այդ կարծիքները՝ Հր. Աճառյանը այդպես էլ չի ստուգաբանում բառը:
Իսկ Էդ. Աղայանը համարում է, որ ավետ-ը բնիկ հայերեն բառ է և ծագում է հնդեվրոպական նախալեզվի aud «խոսել» արմատից: Բառը պահպանված է նաև հունարենում՝ աւդո «փառաբանել», հին հնդկերենում՝ vadati «խոսում է, ողջունում է» նշանակություններով:
Ավետիս բերողին պարգև են տալիս ինչպես հիմա, այնպես էլ տվել են հնում, և այդ պարգևը անվանել են ավետչեայ: Ավետչեայ բառը, ձևափոխվելով, դարձել է ավետչեայք, ապա՝ ավետչեք, բառարաններ է մտել ավետչեք ձևով: Իսկ այսօր ավետչյա բառը շատ լավ կարող է փոխարինել մաղարիչ բառին, քանի դեռ կա այդ սովորույթը: Ասենք նաև, որ ավետչեք բառի վերջի չեք-ը, ինչպես կռահում եք, ոչ մի կապ չունի ռուսերենից մեզ հասած չեկ բառի հետ, որի համար արդեն գործածում են վճարագիր բառը: Իբրև կրոնական բառ՝ պահպանվել է ավետարան և ավետիս ձևերով:
Գիտենք, որ Ավետարանը Աստվածաշնչի այն մասն է, որ պարունակում է Քրիստոսի վարդապետության ու նրա կյանքի պատմությունները: Ավետիս-ը, բացի ընդհանրապես «բարի լուր» նշանակելուց, նշանակում է «Ծննդյան գիշերը տնից-տուն ման գալով «Խորհուրդ մեծ» երգելը և տոնը շնորհավորելը». «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս»:
Ավետիս-ի հականիշն է բոթ-ը, որ նշանակում է «գույժ, վատ լուր»: Կարծիք կա, որ առաջացել է ավետաւ արմատից՝ բ բացասականով՝ բաւթ = բօթ: Գիտենք, որ աւ-ն դառնում է օ: Սրա համար իբրև ապացույց կարող է ծառայել վրացերեն բավթի «բոթ» բառը, որ վրացերենը փոխառել է հայերենից:
Ավետիք-ը նաև շատ տարածված հայերեն անձնանուն է:
Հր. Աճառյանը իր «Հայոց անձնանունների բառարանում» թվարկում է Ավետիք անունով 116 նշանավոր մարդու: Օրինակ, նշանավոր է եղել Ավետիք մեքենագետը, որը, պարսպակործան մեքենա հնարելով, օգնեց խաչակիրներին, որոնք հետո «առատապես վարձատրեցին զվարպետն Աւետիք»:
Ոսկան Երևանցու եղբոր անունը նույնպես Ավետիս էր, որը 1660 թվականին Հոլանդիայում հիմնել է տպարան և հետո նվիրել Էջմիածնին:
Ավետիք անունից են Ավետիս, Վիտիս, Վիտի, Ավիս, Ավետ, Ավո անձնանունները: Հիշենք հերոս Ավոյին՝ Մոնթե Մելքոնյանին, և զօղորմի տանք: Չհիշենք և ողորմի չտանք մարդակեր Ավիսին:
Եվ վերջում ավելացնենք. թող մեր ժողովրդի կյանքում բազում լինեն ավետիսները: 

Комментариев нет:

Отправить комментарий