пятница, 10 января 2014 г.

ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ՏԵՂՈՒՄ ՉԷ


Նա կարող էր դառնալ հանճարեղ նկարիչ, բայց մաթեմատիկոս է,
Նա կարող էր դառնալ հրաշալի պոետ, բայց բաղվում է քաղաքականությամբ,
Նա կարող էր դառնալ լավ ֆիզիկոս-գյուտարար, բայց տնտեսագետ է…


«Երեխաները մեր ապագան են» ասելով մենք նրանց մեջ տեսնում ենք մեր իսկ կյանքի նպատակներն ու ցանկությունները, մեր պատկերացումները իդեալների հետ միասին: Նրանց սիրում ենք (հաճախ պաշտում հիվանդագին), դաստիարակում մեր լավագույն պատկերացումներով ու ընտանեկան ավանդույթներով: Բայց արի ու տես, նրանք մեծանում են ու հեռանում՝ թողնելով ամեն ինչ, դժգոհ իրենց կյանքից : Այս զավակները կրում են «ապերախտի» պիտակը: Մյուսներն ապրում են ծնողների սպասելիքների ու ակնկալիքների համաձայն ու շարունակում ծնողների պատկերացումներով ու նպատակներով կյանքը: Բայց արդյո՞ք դա էր նրանց ուզածն ու իրական ցանկությունը:
Երեխա ունենալ երազում են բոլոր հայ ընտանիքներում, առանց բացառությունների, բայց այդ երեխաներին հասցնել ԻՐԵՆՑ նպատակների կատարմանը՝ եզակիները: Իսկ երեխաներին ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ` ծնողների նպատակներին ու երազանքներին՝ մեծամասնությունը: Այն ցանկություն-երազանքներին, որոնց ծնողները իրենց կյանքում չեն հասել, ձգտում են, որ զավակները դրանք իրականացնեն: Օրինակ՝ մայրն ամբողջ կյանքում երազել էր գեղասահքով զբաղվել, չէր ստացվել, իսկ աղջկան մինչև օլիմպիական չեմպիոն հասցրեց: Ու երբ աղջիկը պատին է կախում մեդալն ու հայտարարում, որ թողնում է մեծ սպորտը՝ մայրը քիչ է մնում կաթվածահար լինի: Նա բացատրում է, որ երկար տարիներ ապրել էր միայն մոր ցանկությունն իրականացնելու համար: Չէ՞ որ մայրն այդքան տարի իր կյանքից տրամադրել էր, որ աղջկան պարապմունքների տաներ ու զբաղվեր նրա սպորտային խնդիրները լուծելով: Իսկ եթե կեսից թողներ՝ մայրն այդ հարվածին չէր դիմանար: Մինչդեռ աղջիկը երազում էր լողի ու դաշնամուր նվագելու մասին:
Նման օրինակներն անթիվ են: Մենք պիտի հասկանանք, որ երեխաներին մեր ցանկությունները պարտադրելն ու «խորհուրդ տալը» մեղմ ասած ճիշտ չէ: Նրանք մեծանալով դժգոհություն մի օր հաստատ կհայտնեն, իսկ մենք՝ ծնողներս, կդժգոհենք, թե. «Ես քեզ համար այսքան բան եմ արել»: Չբացահայտելով երեխաների իրական ցանկությունները, չենք օգնում իրենց կյանքի առաքելությունը բացահայտել ու ապրել սեփական կյանքը: Նրանք ապրում են շատ ժամանակ մեր՝ ծնողներիս չապրած կյանքը: Ու այսպես էլ մեր զավակները ներքին ինքնաբավարարվածության զգացում չունենալով, դժգոհ իրենց ներքին հոգեվիճակից ապրում են իրենց կյանքի ընթացքը, նույնիսկ շատերը չհասկանալով դրա թաքնված իմաստը: Հնարավոր է, որ նրանք մի օր իրենց հարց տան, թե այսքան հաջողությունների եմ հասել կյանքում (գուցե)՝ լավ ընտանիք, լավ կարիերա, մասնագիտական բարձունքներ. բայց ինչո՞ւ երջանիկ չեմ զգում ինձ: Եթե սկսում են իրենց այս հարցը տալ, պատասխանն անպայման կգտնեն՝ վաղ թե ուշ: Գուցե այդ մարդը սիրում է մանուշակներ աճեցնել ու դրանից է ստանում հոգեկան բավարարվածության զգացում: Իսկ «խելացի, կյանքի փորձ ունեցող» ծնողները «խորհուրդ են տվել» լուրջ ու լավ վարձատրվող մասնագիտություն ընտրել, չընկնել երազների գիրկն ու զրուցել բույսերի հետ:
Մյուս տարածված բարդ իրավիճակը, երբ ծնողներն ըստ իրենց ծանոթությունների են իրենց զավակների կրթության հարցը լուծում՝ «ընդունել տալով» իրենց հարմար բուհ:
Ծնողի կյանքը դառնում է զավակի կյանքի կառավարումը, նա չունի սեփական կյանք: Ապրում է միայն զավակի համար ու նրա կյանքով՝ պարտադրելով սեփական ներկայությունը միշտ և ամենուր: Լինում են ծայրահեղություններ, երբ փորձում են կառավարել նույնիսկ ինտիմ կյանքը:
Անդրադառնամ նաև մի արտահայտության ևս. « Ես անհանգստանում եմ քեզ համար»: Ամենահաճախ արտաբերվող ու լսվող նախադասություններից է: Սա էլ իր մեջ հզոր եսասիրական ենթատեքստ է պարունակում: Այսինքն` դու արի տանը նստի՝ աչքիս առաջ, որ տեսնեմ ամեն ինչ քեզ հետ լավ է՝ չանհանգստանամ: Սա կարող է ցանկացած զավակի կաթվածահար անել:
Մեր ազգը բազում հանճարներ է տվել, որոնք հեռացել են իրենց ծնողներից, դեգերել աշխարհով մեկ՝ ազգանպաստ գուծունեություն ծավալել, կռվել հայրենիքի համար: Պատկերացնենք, որ Նժդեհը լավ զավակ լինելու կամ իր մորը ծերության օրով մի բաժակ ջուր տալու համար հավատարիմ նստեր հայրական օջախում ու լիներ օրինավոր, ավանդապահ զավակ, ընտանիքի ամուսին ու հայր: Իսկ նրա նման հայորդիների օրինակով այսօր սերունդ է կրթվում:
Հանրահայտ իմաստուն Օշոն հանճարեղ միտք է ասել. «Ձեր երեխաները ձեզ համար երեխաներ չեն, նրանք իրենց սեփական մտքերն ունեն»: Ու նաև բացահայտում է, որ երեխաների համար մենք միջոց ենք աշխարհ գալու ու իրենց առաքելությունն իրականացնելու: Մենք ուղղակի պարտավոր ենք նրանց խնամել, կերակրել, մեծացնել՝ ազատ թողած վիճակում, նրանք մերը չեն կամ մեր սեփականությունը, մեզ շարունակողն են: Նրանք անհատներ են սեփական մտքերով, հույզերով, ձգտումներով ու եկել են երկիր մարդկությանը առաջ տանելու համար: Իսկ մենք նրանց դաստիարակում ենք սեփական կարծրատիպերով ու դնում նույն սահմանափակումների մեջ, որոնց մեջ ինքներս ենք: Մենք՝ հայերս, հաճախ զավակ ունենում ենք, որ ծերության ժամանակ մեզ մի բաժակ ջուր տվող լինի: Այսինքն` զավակ ենք ունենում շահադիտական նպատակներով ու էլի մեզ համար: Իսկ իմաստությունն ասում է, որ հարկավոր է սնել, ջրել, մեծացնել ու տալ ազատություն: Իսկ մենք դրան հոգեբանորեն պատրա՞ստ ենք: Իհարկե ՝ ոչ: Բաց թողնենք մեր զավակներին ու թույլ տանք ապրելու սեփական կյանքով, իսկ մենք զգուշությամբ ուղղություն տանք, օգնենք՝ երբ կդիմեն մեր խորհրդին:
ՄԱՌԱ ՄԱԿԱՐՅԱՆ

«9-րդ հրաշալիքի» կողմից.

Պարտադիր չէ, որ հեղինակի կարծիքը համընկնի մեր կարծիքին: Պագանինին Պագանինի չէր դառնա, եթե հայրը բառացիորեն չստիպեր նրան, չպարտադրեր ջութակ նվագել: Պագանինին երջանիկ էր, թե չէ` անհայտ է, բայց մարդկությունը երջանիկ է:

2 комментария:

  1. Ամենուր, նաև ընտանիքում` ծնող-զավակ հարաբերություններում անխախտ գործում է բացասման բացասումը....Բայց հայ ընտանիքը իր զարգացման պատմական իմաստով գուցե այն եզակի արժեքներից մեկն է, որ ունենք և պետք է պահպանենք այդ արժեքը: Պետականության ու ազգային ինքնուրույնության կորստի բազմադարյան տարիներին հենց ընտանիքն է եղել ազգի գոյատևման գրավականը: Ներկա դարաշրջանում, արժեքային իմաստով այն ենթակա է փոփոխությունների: Մարտահրավերը հենց հասարակությունում արդեն տեղ գտած դեգրադացիան է, այն նույնպես փոփոխվում է ժամանակի պահանջներին համընթաց: Բայց դաստիարակության, քաղաքավարության, էսթետիկան ընկալումներով ու դեռևս օտարածին բարքերին չհամակերպվող հայ ընտանիքը կմնա ազգային հիմնական արժեքային համակարգում, որպես ավանդապահ քաղաքակրթական միավոր: Այլ է հարցը, երբ զավակները մերժելով կարծրացած ստերիոտիպերը, ստեղծում են նորերը, որոնք որքան էլ լինեն ծնողների համար անընդունելի, ժամանակի առումով ավելի նորար ու ընկալելի են հենց նոր սերնդի համար: Բայց կա համամարդկային քաղաքակրթական ընդունված կանոններև նորմեր, որոնց անտեսումը կհանգեցնի ընտանիքի, որպես արժեքային համակարգի քայքայմանը... Ժամանակը առաջ է սլանում, էսթետիկական ու ազգային ընկալմամբ ամեն ինչ փոխվում է, բայց ընտանեկան բարի ավանդույթներն ու սովորությունները որքան էլ փոփոխվեն, դրանք կկրեն ծնող-զավակ փոխհարաբերությունների հաջորդական անցման և եղած արժեքների փոխանցման պահպանողական, ավանդապահ կաղապարներ....Մեզ` հայերիս, աշխարհը ընկալում է ընտանեկան բարձր արժեքներ կրող ազգի, և նրանք, որոնք արդեն կորցրել են պապանողական ու ավանդապահ սովորություններն ու նորմերը, նախանձով են նայում այդ արժեքին.....Այնպես որ, շատ բան կարող ենք կորցնել, իսկ մենք կորցնել ու օտարածին բարքերին կուլ գնալու հնամենի վատ սովորույթ ունենք....Նյութը ուսանելի է, այն կարելի զարգացնել....Ապրես Մառա, հետաքրքիր էր քո տեսակետը "Բաց թողնենք մեր զավակներին ու թույլ տանք ապրելու սեփական կյանքով, իսկ մենք զգուշությամբ ուղղություն տանք, օգնենք՝ երբ կդիմեն մեր խորհրդին": Հավանաբար այո....

    ОтветитьУдалить
  2. Շատ արդիական թեմա է, հատկապես` հայերիս համար: Ազգային հոգեբանության կարծրատիպի համաձայն` երեխան ծնողի սեփականությունն է: Օրըստօրե հայացք ձգելով արտասահմանում բնակվող ծանոթ-բարեկամին` փոքրիշատե փոխում ենք այդ կաւծրատիպը: Հաճախ «Առողջ ընտանիք» կենտրոն են այցելում «սրտացավ ու վշտացած» մայրեր` դատապարտելով իրենց երեխային, ով «այդքան ապերախտ գտնվեց», հեռացավ` առանձին ապրելու: Բազմաթիվ հանդիպումներից հետո միայն իմ օգնությամբ նրանք ազատագրվում են իրենց, իսկ ձեռքով ստեղծած դեպրեսիաներից, երբ գիտակցում են մի պարզ բան. ապրել է պետք ոչ թե հանուն զավակի զավակների ու երջանկության, այլ` սեփական չապրված կյանքով!

    ОтветитьУдалить