среда, 2 ноября 2011 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉԲԱՌ



ՀԱՅԿԱԿԱՆ խաչբառ
Ով և երբ է ստեղծել

Հայտնի է ՀԱՅԿԱԿԱՆ խաչբառի հեղինակը: Դա «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանն է: Հայտնի է նաև խաչբառի ծննդյան օրը: Այն ճշտիվ համընկնում է շաբաթաթերթի ծննդյան օրվան, քանի որ առաջին հայկական խաչբառը լույս է տեսել «9-րդ հրաշալիքի» 1-ին համարում1994 թ. հոկտեմբերի 20-ին: Այդ օրվանից մինչև այսօր հայկական խաչբառը և «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթն անբաժան են, քանի որ թերթի յուրաքանչյուր համարում պարտադիր կերպով տպագրվում է այդպիսի խաչբառ: «Հայկական» անվանման տակ առաջին անգամ խաչբառը լույս է տեսել թերթի 20-րդ համարում (1997 թ., ապրիլ):
Գոյություն ունեն խաչբառի այլ տեսակներ ևս. հունգարական, ամերիկյան, սովորական, ճերմակ և այլն: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր կանոնները, առանձնահատկությունները, սահմանափակումները: Սրանց շարքում հայկական խաչբառը ամենաընդգրկուն, ամենաբազմազան և կազմողին ամենաշատ հնարավորություններ ընձեռող տեսակն է: Ի տարբերություն մնացած բոլոր տեսակների` այստեղ հարցադրման համար կարելի է օգտագործել տվյալ լեզվում հայտնի բոլոր բառերը, անկախ նրանից, թե դրանք գոյական են, բայ, ձայնարկություն, թե մի այլ խոսքի մաս, բառի ուղիղ ձև են, թե հոլովված կամ խոնարհված բառաձևեր: Այսինքն` այս խաչբառում լեզվի բոլոր բառերն ու բառաձևերը իրավահավասար են:
Պատասխանների ծածկագրման համար այստեղ ընդունելի է ցանկացած հնարք` բացատրություն, հոմանիշ, հականիշ, նկարելուկ, բառքամոցի, հանելուկ, նկար, տրամաբանական խնդիր, մեջբերում, բառախաղ, օրինաչափություն, գաղտնագիր և այլն, և այլն: Հայկական խաչբառում կարող են օգտագործվել նաև խաչբառի` վերը հիշատակված տեսակները:
Այսինքն` հայկական խաչբառը միաժամանակ տալիս է մնացած բոլոր տեսակների գրավչությունը, դրանց ավելացնում իր անկրկնելի դիտարժանությունն ու հմայքը, և մտքի աշխատանք ու մայրենի լեզուն սիրող ընթերցողին հուզմունքի ու լարված ուշադրության մեջ պահում մինչև վերջին հարցի պատասխանը գտնելը:
Հայկական խաչբառի միակ թերությունն այն է, որ միևնույն վերնագրի տակ տարբեր հարցեր խմբավորելու հետևանքով հնարավոր չէ բոլոր հարցերը տալ նրանց համարների աճման կարգով, և ընթերցողը միանգամից չի գտնում փնտրվող համարը: Սակայն շաբաթաթերթում աստիճանաբար հասել ենք նրան, որ այժմ հարցերի համարները տեքստում շատ աչքի ընկնող են, և ընթերցողի համար դրանք գտնելու դժվարությունը հասցված է նվազագույնի:
Այն ընթերցողների համար, ովքեր կփորձեն կազմել հայկական խաչբառ, նշենք, որ հարցադրումների համար նախ կիրառվում են բոլոր հնարավոր հնարքները, և միայն դրանից հետո մնացած բառերի համար կիրառվում է սովորական խաչբառերի համար ընդունված բացատրական ձևը:
Հայկական խաչբառում միակ սահմանափակումը վերաբերում է հատուկ անուններին: Պետք է խուսափել դրանք «Բառքամոցի», «Բառագումար» ու մի քանի այլ բաժիններում կիրառելուց, որտեղ բառերը սովորաբար մասնատվում են կամ փոփոխվում, իսկ այդ հանգամանքը կարծես թե այնքան էլ չի պատշաճում հատուկ անուններին: Այդ բաժինների փոխարեն հատուկ անունները կարելի է կիրառել «Բացատրական», «Օրինաչափություն», «Գրական», «Պատմական», «Աշխարհագրական» և նման բաժիններում:
Հայկական խաչբառի օրինակներ կան «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի յուրաքանչյուր համարում: 

ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий