вторник, 6 марта 2012 г.

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ



Ուղարկե´ք ձեր փոքրիկների սրամիտ խոսքերը, և լավագույնները կտպագրվեն «9-րդ հրաշալիք» թերթի էջերում, ինչպես նաև կտեղադրվեն մեր բլոգում:


***
Հնգամյա Հակոբիկն ուշադիր նայում է մորը` Արփինեին, որը տան հատակներն է լվանում, և ասում է.
– Վա՜յ, մամ ջան, էս ի՜նչ լավ ես մաքրում: Ես որ մեծանամ, մեծ տուն կունենամ, քեզ էլ կտանեմ այնտեղ, որ իմ տան հատակներն էլ էդպես լավ մաքրես:

***
Հակոբիկի քույրը` 3,5 տարեկան Մագին, ներկա էր մորաքրոջ պսակադրության արարողությանը:
Օրեր անց, հիշելով եկեղեցում տեսածը, նա ասաց.
– Կարայի ու Արտաշի հարսանիքին խայտառակ էինք լինելու: Ուրիշների թագերը դրել էին գլխներին, լավ է` չեկան էդ ուրիշները:
 
***
Նույն արարողությունից հետո Հակոբիկը, որը մոմ բռնողներից մեկն էր, վրդովված ասաց.
– Վայ, Արտաշ, Արտաշ, մոմը տվել էր ձեռքս, մի հատ չմտածեց, որ էս էրեխեն կարող ա վախենա:

***
Հեռախոսով զրուցում եմ Հակոբիկի հետ:
– Ի՞նչ ես անում, Հակոբի՛կ:
– Հեծանիվ եմ քշում ու քեզ հետ եմ խոսում:
– Ի՞նչ հեծանիվ, բա դու ասում էիր, որ հեծանիվ չունես:
– Ունեմ:
– Ի՞նչ հեծանիվ է, փո՞քր:
– Չէ՛, փոքր չի, իմ հագով ա:
 
***
Հակոբիկն ու Մագին ծնողների հետ գնացել էին մանկական զբոսայգի: Զբոսնեցին, նստեցին բազմաթիվ կարուսելներ: «Ջրային կարապներ» կարուսելից իջնելիս մայրիկն ասաց.
– Քանի անձրև չի եկել, արագ գնանք տուն:
Հակոբիկն անմիջապես արձագանքեց.
– Պիտի անպայման էս զվարճանալու օրը փչացնե՞ս…
 
***
Միասին նայում ենք Կարայի ու Արտաշեսի լուսանկարները: Երբ հասնում ենք այս մեկին, որտեղ պատկերված են նրանց ստվերներն ասֆալտին, Մագին վախեցած ձայնով բացականչում է.
– Վա՜յ, գողեր են:

***
Հակոբիկին ծանոթացրին հարևանի Ալբերտիկ և Բագրատիկ երկվորյակ եղբայրների հետ: Օրեր անց Հակոբիկը ցանկացավ կանչել եղբայրներին ու բղավեց.
– Ալբերտիկնե՜ր, եկե՜ք:

***
Էլեկտրագնացքով մեկնում ենք Սևան: Հակոբիկը ճանապարհին լուսամուտից իր քուռակի հետ արածող ձի տեսավ: Քիչ անց վստահ ասաց.
– Էն ձին ամուսնացած էր, որովհետև մոտը ձագ ուներ:
 
 ***
Մի օր Մագին չիմանալով` որդը մեջը ծիրան կծեց ու զզվեց: Այդ օրվանից նա սկսեց ծիրան չուտել: Բացատրեցինք, որ բոլոր ծիրանների մեջ չէ, որ որդ է լինում և, վերջապես, որ կան մարդիկ, որ որդ էլ են ուտում:
– Իսկ ես, օրինակ, գորտ եմ կերել,– ասաց նրա մորաքույրը:
Մագին նայեց մորաքրոջ աչքերի մեջ ու ասաց.
– Կարա՛, գորտը կանաչ ա, դրա համար քո աչքերն էլ են կանաչ:
 
***
Հակոբիկը նստած էր Կարայի գոգին: Երկար և ուշադիր նայեց նրա աչքերի մեջ ու բացականչեց.
– Կարա՜, աչքդ կանա՜չ ա: Կանաչի մեջ էլ սև ա: Վա՜յ, սևի մեջ էլ ե՜ս եմ…

***
Հակոբիկը շատ է կապված մորաքրոջ հետ: Մի օր ասում է.
– Կարա՛, Արտաշից բաժանվի, արի մեր տանն ապրի:
– Բայց ինչո՞ւ բաժանվեմ, Հակոբիկ ջան,– զարմացած հարցնում է Կարինեն:
– Լավ, արձակուրդ վերցրու, արի մեր տուն:
 
Ներկայացրեց մորաքույրը` ՀԵՂԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий