четверг, 26 декабря 2013 г.

ՁՄԵՌ ՊԱՊԸ ԻՄ ՀԻՆ ԸՆԿԵՐՆ Է

Գնում էի լեռնային կածանով: Ձյունը մինչև ծնկներս էր հասնում: Դժվար էր առաջ գնալը: Մութը շուտով վրա կհասներ: Քայլում էի որքան հնարավոր է արագ: Ուզում էի ժամ առաջ հասնել լեռնային ապարանքին: Գիտեի` մոտերքում է: Վերջապես հեռվում տեսա լույսերը: Շնչակտուր հասա պալատին: 
Դուռը բացեց հալումաշ եղած մի ծերուկ` մորուքը մինչև գետին: Հագուստը վրայից ընկնում էր. ինքը փոքրացել էր, հագուստը վրան մեծացել էր: Աչքերը թախծոտ էին: 
– Բարև ձեզ,– բարևեցի ես: 
– Բարև,– պատասխանեց ծերուկը: 
– Բա Ձմեռ պապն ո՞ւր է,– հարցրի ես` ներս մտնելով: 
– Ես քո ասած Ձմեռ պապն եմ, Կաղանդ Պապն եմ, Սանտա Կլաուսն եմ: Շա՜տ անուններ ունեմ: 
– Կներես, չճանաչեցի,– կարկամեցի ես: 
– Դե իհարկե չես ճանաչի, կես դարից ավելի է անցել, ինչ չենք տեսել միմյանց: 
– Բա ի՞նչ է պատահել: Առաջ շատ առույգ էիր, ուժեղ: Մի՞թե տարիներն այդքան փոխել են քեզ: 
– Տարիներն այստեղ գործ չունեն: Ես ապրում եմ մարդկանց հավատով: Հիմա քչերն են հավատում իմ գոյությանը: Քիչ հավատի պահած Պապիկն էլ էս կլինի: 
– Իսկ երեխանե՞րը: 
– Երեխաներն էլ որ չլինեին, ես ընդհանրապես կանէանայի: Լավ է, որ նրանց մեծ մասը դեռ հավատում է իմ գոյությանը, սպասում է ինձ: 
Ա՛յ, էս համակարգիչը ցույց է տալիս, թե տվյալ պահին քանի երեխա է սպասում ինձ: Հենց շատանում են, ես առույգանում եմ, ուժեղանում ու կարող եմ բոլորի ցանկությունները կատարել: 
Դուք էլ սկսել եք իրար չհավատալ, և դա աստիճանաբար մեռցնում է ձեր միջի մարդուն: Մի կորցրեք հավատը միմյանց նկատմամբ, մի կորցրեք ձեր միջի մարդուն, ուղղակի չեք հիշում, թե որքան դժվարությամբ եք մարդ դարձել: 
Ձմեռ պապին լսում էի ու մտածում, թե ինչքան ենք մենք մեկս մյուսից կախված, ինչքան ենք ապրում մեկս մյուսով: 
– Ահա նվերներ եմ բերել քեզ համար,– բացելով հսկայական ուսապարկս` ասացի ես: 
– Ի՞նչ նվերներ,– զարմացավ Ձմեռ պապը,– էդ ես եմ բոլորին նվերներ տալիս: 
– Սրանք երեխաների նամակներն են, որ համակարգչի մեջ չեն մտել: 
Ձմեռ պապն ուրախությունից փայլող աչքերով վերցրեց նամակները և հենց իմ աչքի առաջ սկսեց երիտասարդանալ, դառնալ իմ մանուկ տարիներին տեսած նախկին Ձմեռ պապը: 
– Շնորհակալ եմ, որ նորից ուժ ու եռանդ տվեցիր ինձ: Հիմա կկարողանամ կատարել բոլորի ցանկությունները: 
Վաղ առավոտյան հրաժեշտ տվեցի Ձմեռ պապին ու շտապեցի տուն: Այս նամակն էլ գրեցի ձեզ համար, սիրելիներ, որ մնացած նամակների հետ ուղարկենք Ձմեռ պապին: 
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий