Դաշտերում, այգիներում աշխատող մարդիկ հավերժականի մեջ են, սրտներում` ուրախություն, մտքներում` սեր ու խնդություն: Տագնապները կծկված, մի կողմ են քաշված` պոչները ոտքերի արանքը մտցրած: Գիտեն` աշխատում են, վայելում են, իրենց երեխաները սոված չեն մնալու, ուսում են ստանալու, աղջիկները հարս ու մայր են դառնալու, կյանքը շարունակվելու է, հողը խռոված չէ, խնամված է և բերքառատ:
Այնպե՜ս կարոտել եմ Երևան քաղաքին, ծառ ու ծաղկի մեջ կորած նրա Հյուսիսային պողոտային, որ Հյուսիսային անապատի վերածվեց, որը մի քանի պաշտոնյայի ամենակուլ ագահության հուշարձանն է լինելու դարերի մեջ: Կարոտել եմ քաղաքի փողոցներով անշտապ քայլող, թոռնիկի ձեռքից բռնած պապիկին, որը սիրով ու համբերությամբ պատասխանում է թոռան աշխարհաստեղծ հարցերին, անցորդներին, որ սիրալիր են, ու տագնապներից չեն ջղաձգված դեմքերի մկանները, հոգին ու հայացքը:
Այնպե՜ս կարոտել եմ Հայաստանին, որտեղ իշխանավորն օր ու գիշեր մտածում է ժողովրդի բարօրության մասին: Պաշտոնյան ծառա չէ շահին, ու շահածախու չէ գործիչը, հայրենիքը կա յուրաքանչյուրի մեջ, համընդհանուր հարստությունը գյադաների բաժին չէ:
Որդին հորից չի օտարացել, աշակերտը` ուսուցչից, աշխատավորը` իշխանավորից. հարազատության մի անխառն զգացում կա: Չկա ջղային ու ջղաձիգ խաբեությունը, անկեղծ մարդիկ կան, գրողներ կան, որ չեն կեղծում, ցուցքի գերի չեն:
Շենքերը, ծառերը, փողոցներն ու մայթերը մեզ և իրար օտար չեն, մերն են, հարազատ են:
Գործնական սուտը, շողոմ լեզուն, անպատկառ խոսքը, ամենաթող վարքը չեն թագավորում, անպատժելիությունը չի բացել իշխանավորի խավար հոգին, ու թերմացքային իղձերը չեն հռչակվում պետական գերակա շահ:
Մամուլը բաշխող կազմակերպությունները չեն օգտագործում իրենց մենաշնորհը և սնանկացնում իրենց քիմքին անհաս թերթերը: Մենաշնորհը չէ, որ իշխանավորի հետ սեղան է նստում ու վերջում սիրտը թափում նրա վրա:
Մարդը գնահատվում է ըստ գործերի և ոչ թե ըստ մտածելու փորձերի:
Սե՜րը, սերը թևածում է երկրով մեկ ու երեխաներ բաժանում երիտասարդ ծնողներին, և ոչ թե աղջիկներին քարշ տալիս սաունաներ ու հյուրանոցներ, անպտուղ ու ամուլ դարձնում տղաներին:
Այնպե՜ս կարոտել եմ Հայաստանին:
Ափսո՜ս, ոչ ոք չի ապրել այդ Հայաստանում, ես էլ:
Թեև ես Հայաստանում էի ապրում, Հայաստանում եմ ապրում և Հայաստանում դեռ երկար պիտի ապրեմ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)
Կարոտեցի Հայատանը ....
ОтветитьУдалить