среда, 14 декабря 2011 г.

ՔԱՅԼԱՄՈԼՈՐ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐ




Մայր Արաքսի ափերով 
քայլամոլոր գնում եմ
Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆ

Վաղուց է, որ չես կարող Մայր Արաքսի ափերով քայլել` թեկուզև քայլամոլոր: Փշալարերի հետևում է գետը, և հայը համակերպվել է արդեն այդ մտքին:
Ավա՜ղ, այսօր Սևանա լճի ափով չես կարող քայլել` փշալարերի հետևում է լիճը, Սևանի ավազանում ծնվածների համար` ծովը: Ամեն մետրի վրա ժանգոտ փշալարեր են կամ քարե ցանկապատեր, անթրաշ մարդիկ` փող ուզող, պահակախմբեր` հրացաններով ու շներով, և կե՜ղտ, կե՜ղտ, կե՜ղտ: Ոչ մի խնամք, ոչ մի հարմարություն:
Ո՞վ է իրավունք տվել վաճառելու ծովը ինչ-որ բոսյակների ու արյունախում գազանների: Բա հայ մարդը չկարողանա՞ իր ծովի ափով գոնե քայլամոլոր գնալ: Հանկարծ շփոթվես, մեքենադ քշես դեպի լճափ տանող ճանապարհներից մեկն ու մեկով, անմիջապես կողքիդ կհայտնվեն ինչ-որ էակներ ու փող կպահանջեն:
Եթե վարձակալությամբ են վերցրել, մի՞թե որևէ պարտականություն չունեն: Թե՞ ով հասցրել է` մի բան ճանկել է ու սոված գայլի նման հարձակվում է մոտեցող մարդկանց վրա:
Վանա լճի ափերով կարող ես քայլել, Սևանա լճի ափերով` ոչ: Որևէ հուշարձանի արդեն չես կարող մոտենալ, կգան ու փող կուզեն. թե ուր է գնում այդ փողը, չես հասկանում: Անտառ չես կարող մտնել. փող են ուզում, Արագած չես կարող բարձրանալ, ճանապարհին պատ են շարել` խաշ կեր, նոր կարող ես գնալ:
Ո՞վ է իրավունք տվել տաքսու կայանատեղի դարձնել մայթերն ու առանց այն էլ ծանրաբեռնված փողոցները, ավտոկանգառները: Առանց որևէ ջանքի ամեն մեկը կարող է հանրայինը օգտագործել իր բիզնեսի համար` ում որ պետք է կաշառելով, մեկի բուռը մի բան դնելով, մյուսի բերանը մի բան գցելով: Նույն վիճակն է ավտոլվացման կետերի դեպքում:
Միով բանիվ` դու տեղ չունես այս երկրում, ամեն ինչ վաճառված է կամ զավթված:
Ա՛յ իշխանավորներ, մի բա՛ն մտածեք, էսպես չի՛ լինի, էսպես չի՛ կարելի:
ՎԱՍ

Комментариев нет:

Отправить комментарий