Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից:
ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ,
ՀԱՄ ԷԼ՝ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
Կյանքում դժվար է այս պատվիրանը պահել: Իսկ լեզվի մեջ, պարզվում է, այնքան էլ դժվար չէ: Քննենք գրաբարից եկող մեր զույգ կույսերին, գրաբարյան գրելաձևով՝ կոյս: Այս բառը մի դեպքում նշանակում է պարզապես «կույս»՝ այսօրվա մեր ըմբռնողությամբ, այսինքն՝ «չամուսնացած աղջիկ, մաքուր», գլխավորը՝ «անփորձ, չփորձած»: Փոխաբերական իմաստով իրերի վրա էլ է տարածվում, «խորհրդավոր, փակ, կնքված» նշանակությամբ, ասենք՝ կույս առագաստ, կույս մեռոն և այլն: Մյուս դեպքում կոյս նշանակում է «կողմ»: Ահա այս իմաստն է, որ այժմ առանձնապես չի գիտակցվում և տեղիք է տալիս զանազան զվարճախոսությունների՝ կապված կույս և կուսակցական բառերի հետ:
Բավականին լայն գործածություն ունեցող արմատ է և բառաբարդմամբ տվել է շատ ու շատ բառեր. կուսակալ «կողմը պահող», մեկուսի «մի կողմ գտնվող, առանձին», քառակուսի «չորս կողմանի», կուսակցական «կողմը պահող, կողմնապահ» (եթե բոլոր կուսակցականներն էլ կողմնապահ են այսօրվա իմաստով՝ միայն իրենց կուսակցության շահերն են պաշտպանում, իրենց կողմն են պահում, վկան Հայաստանի 100-ից ավելի կուսակցությունները և մի քանի հազարի հասնող հասարակական կազմակերպություններն են):
Երևի թե տարակույս բառի կազմության մեջ էլ կոյսի մատը խառն է՝ որպես տարբեր կողմեր, տարակողմ ձգտումների արտահայտություն տվող բառ: Կարծիք կա, որ կույս բառը մեզանից փոխառել են վրացիները՝ կուսի, և թուրքերը՝ կըզ: Թուրքերը մեզնից ոչ միայն մեր կույս աղջիկներին էին փախցնում, այլև բառը: Վերջում ավելացնենք, որ, ըստ Նոր Հայկազեան բառարանի, կոյս-ի «անփորձ աղջիկ» իմաստը առաջացել է կոյս-ի «կողմ» իմաստից, որպես «կյանքից մի կողմ քաշված աղջիկ»:
Комментариев нет:
Отправить комментарий