Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ
ԱՆԱՀԻՏ անունը ներկայացրել է իգական մի աստվածություն ինչպես իրանական, հունական ժողովուրդների մեջ, այնպես էլ Հայաստանում: Ըստ որոշ գիտնականների՝ բուն նշանակությունն է «անբիծ, անարատ», կազմված է ան- ժխտական մասնիկից և ահիտա՝ «պիղծ, կեղտոտ» բառից: Կարծիք կա, որ կազմված է ան- ժխտականով ահ բառից, այսինքն՝ «անվախ, արի»:
Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական Նիիթ անունը, որը ևս համարվում է զգոնության, արիության, բեղմնավորության և նյութական առատության դիցուհի:
Անահիտ անունը բխեցնում են նաև հնդկերեն անահուտ բառից, որ նշանակում է «արյան եռանդ, եռք»:
Նշանակել է նաև Արուսյակ մոլորակը, փոխառել են հույները՝ Անաիտիս (համապատասխանում է նրանց Արտեմիսին), արաբները՝ Անըհիդ, հռոմեացիները՝ Դիանա:
Մեր մեջ հին ժամանակներում հատուկ էր միայն աստվածուհուն, իսկ վերջին շրջանում դարձավ սովորական իգական անուն, և մեր գեղեցկագույն անուններից մեկն է համարվում:
Անահիտը հայոց գերագույն աստծու՝ Արամազդի դուստրն է, մայրության, զգաստության, պտղաբերության, արգասավորության աստվածուհին: Նրա մասին Տրդատ թագավորը, երբ դեռևս քրիստոնյա չէր, Գրիգոր Լուսավորչին ասում էր, որ նա Անահիտ մեծն տիկինն է, մեր ազգի փառքը և կեցուցիչը, բոլոր թագավորներն են նրան պատվում, նա է մայրը ամենայն զգաստությունների, բոլոր մարդկանց բարերարը, Մեծն Անահիտն է, որով կա և գոյություն ունի Հայոց երկիրը:
Անահիտի պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվում է մայրության պաշտամունքին: Ըստ որոշ դիցագետների՝ տարբեր ժողովուրդների մեջ տարածված բոլոր Անահիտների նախատիպը հին հայոց Անահիտն է:
Անահիտի գլխավոր սրբատեղին եղել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որի համար էլ գավառը կոչվել է Անահտական: Քրիստոնեության տարածման շրջանում ավերվել են Անահիտի տաճարները: Նավասարդ ամսվա 15-ի մեծ տոնական օրը ուխտավորները, Անահիտի կուռքը վերցնելով, թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը: Աշխարհիկ հանդիսություններ ու պարեր էին կատարվում, կերուխումից հետո լինում էին հեթանոսական անկարգություններ: Եվ, ըստ Ստրաբոնի, ազնվականները մինչև իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի պաշտամունքասերներին՝ սա համարելով սրբազան արարողություն:
«Այլ երկրներում Անահիտի ունեցած մեծ պաշտամունքն էլ հիշելը մեզ համար ավելորդ է: Բայց չենք կարող զանց առնել Ս. գրքի նշանավոր հիշատակությունը՝ ի վկայություն Եփեսոսի աշխարհահռչակ տաճարի, որի համար մանր մեհյաններ շինող մի արծաթագործ, վախենալով, որ Պողոս առաքյալի քարոզությամբ իր արվեստը կխափանվի, ժողովրդին գրգռեց նրա դեմ, և ամբողջ քաղաքը ոտքի ելավ: Քաղաքապետերից մեկը հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց, ասելով. «Ո՞վ է ի մարդկանէ, որ ոչ գիտէ զԵփեսացւոց քաղաքն՝ մեհենազարդ՝ մեծին Արտեմեայ դիցն», որին, ինչպես արծաթագործն էլ էր ասում, «ամենայն Ասիա և տիեզերք պաշտեն»: Այս ձայները կարող են լինել հայոց Անահիտի ջերմեռանդ պաշտամունքի արձագանքը»,– Անահիտի մասին իր գրվածքն այսպես է ավարտում Ղևոնդ Ալիշանը:
Ներկայացնեմ մի ակրոստիքոս, որ նվիրել եմ Անահիտին:
Ամեն գիշեր տեսլաժամին խորհրդավոր ու սիրով
Նայում է քեզ քո ծննդյան աստղը հեռու երկնքից,
Առկայծում է գորով ու խինդ, ու քո ամեն ժպիտից
Հազար տարով երկարում է կյանքը նրա հեռավոր ...
Ինչքան կարոտ ունի իր մեջ՝ լույսի ճիչով քեզ պարզում,
Տառապում է կրակի մեջ, փոթորկվում է հրածին,
Իջնում է ցած լույսի միջով ու աչքերդ համբուրում,
Նորից ելնում դեպի երկինք՝ թրթռում է քո շնչից ...
Комментариев нет:
Отправить комментарий