пятница, 16 декабря 2011 г.

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ` ՆԵՐՈՒՄԻ ՀՈՒՅՍՈՎ



Բարև՛, սիրելի՛ս: Կներես, որ նամակ եմ գրում, փոխանակ գամ, նստենք, զրուցենք, վայելենք միմյանց: Նստել եմ չորս պատերի մեջ ու երազում եմ քո մասին: Ինչ լավ բան կա իմ կյանքում` դո՛ւ ես տվել, դո՛ւ ես ինձ կերտել, գիտեմ, սիրել ես ինձ, ես էլ փոխադարձաբար սիրել ու պաշտել եմ քեզ: Այսօր ավելի ու ավելի հազվադեպ եմ տեսնում քեզ, հոգսերը կերել են իմ ու քո ժամանակը: Ինձ արդարացնում եմ պարզապես, մտքիս որ տեղ լիներ, անպայման կվազեի գիրկդ: Քանի՜, քանի գիշերներ եմ անցկացրել քեզ փաթաթված. ես ու դու և երկնքի քո աստղերը, աչքերիդ աստղերը, իմ սրտի կրակները:
Ավա՜ղ, ավա՜ղ: Որքան տառապանք եմ տվել քեզ, որքան ես ինձ սպասել ու սպասում ես հիմա` աչքդ ճամփիս, ճամփան` դատարկ, դատարկը` անիմաստ հոգսերի մի անվերջություն:
Բայց չեմ կարող, որոշել եմ, գալու եմ, քեզ հետ եմ լինելու, իջնելու եմ ձորերը, բարձրանալու եմ սարերը, մոլորվելու եմ անտառներում, խեղդվելու եմ ծովերում, քշվելու եմ գետերով` միայն թե, միայն թե քեզ հետ լինեմ: Քո անկեղծությունն անսահման է, ոչ մի ձևական բան չկա քո մեջ` կաս, և կա հրաշքը:
Իսկ դու չես կարող չլինել, այսինքն` հրաշքը միշտ կա: Ես եմ, որ ապակու փայլի հետևից վազելով, իսկական ադամանդը թողել եմ աչքը ջուր կտրած:
Քեզ շատ եմ սիրում: Կարոտից մեռնում եմ: Քո գրկում կարոտում եմ քեզ:
Քամին վազում է, և խոտերը փայլում են, ծառերն իրար ականջի շշնջում են, ջրերը փշաքաղվում են, սիրտս քշում է քամին, բերում, բերում… ու քեզ չեմ հասնում: Ե՞րբ էր. հենց կանչում էիր, կողքիդ էի` ջահել, վառվռուն: Ամեն ինչի մեջ աստվածայինը տեսնող և հաղորդակցվող:
Այսօր ներողամիտ ժպիտը դեմքիդ, աչքերիդ մեջ իմ պատկերը, կանչում ես: Աչքերիս մեջ քո պատկերը` գալիս եմ, բայց տեղ չեմ հասնում:
Սիրելի՛ս, սիրուհի՛ս:
Որքա՜ն եմ ուզում նորից հասկանալ քեզ մինչև վերջին հյուլե, մտերիմ քո շշունջը պահած լսելիքիս խորքերում, բառերդ պահած սրտիս գաղտնարաններում, գալ, նորից գալ դեպի քեզ` ԲՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ:

ՎԱՍ

Комментариев нет:

Отправить комментарий