Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է
լինել աղավնաբույծ,– ասաց ճագարաբույծը:
ԷՄԻԼ ԿՐՈՏԿԻ
ՕՏԱՐԻ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐՆ ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ
Շատերը համոզված են, որ գոյություն ունի երկու տեսակետ՝ իմը և սխալականը: Սակայն մարդիկ շա՛տ տարբեր են, և յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, և այն նույնպես կարող է ճիշտ լինել: Եթե չես ցանկանում ընդհարվել ուրիշների հետ, պետք է տնից դուրս չգաս և ապրես մեկուսի ու տխուր կյանքով: Բայց եթե դրան պատրաստ չես, ուրեմն պետք է համակերպվես իրողությանը: Իսկ եթե, առավել ևս, պատրաստվում ես մեկնել այլ երկիր, որտեղ բոլորովին տարբեր մշակույթ ու սովորույթներ են, ապա բարի եղիր ուսումնասիրել դրանք և բազմաթիվ տհաճություններից խույս կտաս:
9-ՐԴ ՏԵՂ. Բազմաթիվ մակեդոնացիներ կենդանի կմնային նույնիսկ մ. թ. ա. 197 թ. Կինոսկեֆալե բլուրների մոտակայքում հռոմեացիներից կրած պարտությունից հետո, եթե իմանային թշնամու սովորույթները: Դարեր ի վեր մակեդոնական զորքերում հանձնվելու նշանը նիզակը վեր տնկելն էր, իսկ հռոմեացիները դա չգիտեին: Եվ երբ մակեդոնացիները տնկեցին իրենց նիզակները, թշնամին, չհասկանալով դա, կոտորեց բոլորին: Այսպիսով, ուրիշի սովորույթները չիմանալուց տուժեցին նաև հռոմեացիները, քանի որ ստրկատերերի համար գերեվարվածների սպանությունը նշանակում էր թանկարժեք գույքի ոչնչացում, ընդ որում՝ սեփական գույքի: Մակեդոնացիների տեսանկյունից կորուստը, իհարկե, ավելի զգալի էր:
8-ՐԴ ՏԵՂ. Ճապոնացիների հետ գործնական հարաբերությունների մեջ մտնելը բավականին բարդ է: Նրանք «ոչ» ասելու սովորություն չունեն: Ճապոնացիներն, իհարկե, մերժում են, այլապես նրանց վերջը վաղուց եկած կլիներ: Պարզապես «ոչ»-ի փոխարեն նրանք ասում են. «Ձեր առաջարկությունն ինձ չափազանց հետաքրքրեց: Այդ հարցը ես չեմ կարող անմիջապես լուծել, բայց մոտ օրերս՝ գուցե վաղը չէ մյուս օրը կամ մինչև շաբաթվա վերջ, այն կլուծեմ»: Ճապոնացին անմիջապես հասկանում է, որ իրեն մերժել են: Իսկ եվրոպացին կամ ամերիկացին ուրախանում է և գալիս վաղը չէ մյուս օրը: Ճապոնացին չափազանց զարմանում է և «Ե՞րբ ենք վերջապես ստորագրելու համաձայնագիրը» հարցին տալիս է շատ «կոպիտ» պատասխան. «Երեք օրից, երբ տեղակալս վերադառնա»: Եվ հյուրին տեղավորում է ամենաթանկ հյուրանոցում (նկատենք՝ սեփական միջոցներով): Ճապո
նացին իրեն վատ է զգում, որ այդպես նսեմացնում է այդ բարբարոսին, բայց համոզված է, որ նա այլևս չի գա իր մոտ: Սակայն սխալվում է. հաջորդ օրը հյուրը կրկին հայտնվում է: Եվ այդպես կարող է շարունակվել մի քանի շաբաթ. ճապոնացին «կմերժի», հյուրն էլ չի հասկանա: Ի՞նչ արած, այդպիսին են այդ ճապոնացիները…
7-ՐԴ ՏԵՂ. Ասիական, հիմնականում՝ արաբական շուկաներում եվրոպական դաստիարակություն ստացած մարդկանց զարմացնում և ապշեցնում են սեփական ապրանքը բարձր բղավելով գովաբանող առևտրականները: Ըստ նրանց պատկերացումների՝ այդպես կարելի է բղավել միայն երբ կյանքին վտանգ է սպառնում: Իսկ այդ մարդիկ հարյուրամյակներով ապրել են բնական ընտրության խիստ պայմաններում. ցածր ձայնով բղավող առևտրականը կորցնում էր գնորդին և մահանում էր ու իրենից հետո չէր թողնում սերունդ: Այնպես որ նրանք դեռ երկար ժամանակ կբղավեն:
6-ՐԴ ՏԵՂ. Մեկին բղավելն օգնում է գոյատևել, մյուսին հասցնում է բանտ: Նայած թե ինչ ես բղավում և որտեղ: Տարիներ առաջ Իսրայելում, որը, ինչպես հայտնի է, մշտական հակամարտության մեջ է արաբների հետ, մի հայկական ընտանեկան զույգ մոլորվում է հանրախանութում: Ամուսինը սկսում է բղավել կնոջ անունը և… հայտնվում է գետնին՝ մեջքի հետևում ոլորված ձեռքերով: Ամեն ինչ բացատրվում է շատ պարզ. կնոջ անունը Ալլա էր, և երբ ամուսինը բղավել է` Ալլա՜, հրեա ոստիկաններին թվացել է, թե նա հերթական արաբ ահաբեկիչն է, որոնք իրենց պայթեցնելուց առաջ բղավում են «Ալլահ աքբար»: Այնպես որ, զգույշ եղեք օտար ափերում:
5-ՐԴ ՏԵՂ. Ուշագրավ են նաև տարբեր ժողովուրդների պատկերացումները հեռավորության մասին, հատկապես՝ զրուցելիս: Արդյունքում անգլիացու և, ասենք, հույնի շփումը (կամ շփման փորձը) վերածվում է զավեշտի (հատկապես կողքից դիտողի համար): Պատկերացրեք. հույնը մոտենում է, անգլիացին՝ հեռանում, և այդպես այնքան ժամանակ, մինչև հույնը անգլիացուն կմտցնի անկյուն և կսկսի ձեռքերի կտրուկ շարժումներով բացատրել այն, ինչ ցանկանում է՝ նույնիսկ չնկատելով, որ անգլիացին իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում: Չէ՞ որ նրա պատկերացմամբ՝ երկրորդ անձն իրենից այդպիսի հեռավորության վրա կարող է գտնվել միայն մտերմիկ կապի կամ կռվի ժամանակ, և քանի որ առաջինը քիչ հավանական է, քան երկրորդը, անգլիացին ամեն պահի սպասում է բռունցքի հարվածի…
4-ՐԴ ՏԵՂ. Ի դեպ, հույների հետ պետք է զգույշ լինել նաև մեքենա կանգնեցնելիս: Ամերիկացիները սովորաբար տաքսի են կանգնեցնում՝ բութ մատը վեր տնկելով: Լավ է, եթե հույն վարորդը շտապում է և չի կանգնում պարզելու, թե ինչու է այս անդաստիարակ յանկին ասում իրեն. «Ձայնդ կտրի´ր, հիմա´ր». Հունաստանում տնկած բութ մատը հենց դա է նշանակում: Բա որ հանկարծ կանգնե՞ց: Հույները տաքարյուն մարդիկ են…
3-ՐԴ ՏԵՂ. Հունգարացի անվանի ազգագրագետ, ճանապարհորդ և միաժամանակ հետախույզ Արմինիուս Վամբերին (1832–1913) դերվիշի հագուստով այնպիսի տեղեր է մտել, ուր քրիստոնյաներին սպանել են անմիջապես: Նա այնպես է պատրաստվել՝ յուրացնելով մահմեդական բոլոր ավանդույթները, որ հանկարծ իրեն չբացահայտեն որևէ անսպասելի վայրում: Բայց մի անգամ նա քիչ էր մնում բռնվեր, երբ լսում էր Բուխարայի Յաղուբ խանի նվագախմբի կատարած վիեննական վալսերը: Տեսնելով Վամբերիին՝ Յաղուբ խանը կանչեց նրան իր մոտ և հայտարարեց. «Երդվում եմ Ալլահով, դու դերվիշ չես, դու զգեստափոխված եվրոպացի ես»: Վամբերին հրաշքով կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից: Տարիներ անց, երբ Յաղուբ խանին հարցրին, թե նա ինչպես գլխի ընկավ, տիրակալը պատասխանեց. «Արևելքում, լսելով երաժշտությունը, ոտքը տակտին համաչափ երբեք գետնին չեն խփում»:
2-ՐԴ ՏԵՂ. Ինչպե՞ս կարելի է արտահայտել հիացմունքը, երբ գեղեցիկ կին եք տեսնում: Բրազիլիայում, օրինակ, շատ հանգիստ կարելի է ասել. «Օրիորդ, ի՛նչ հիասքանչ հետույք ունեք», և ապտակի փոխարեն կարժանանաք գեղեցկուհու ժպիտին: Խորհուրդ չենք տա նույնը փորձել անել այստեղ…
1-ԻՆ ՏԵՂ. Մեր ավագ սերնդի ընթերցողները երևի կհիշեն, որ 70-ական թվականներին հիմնականում Հնդկաստանից որպես հուշանվեր սկսեցին բերել նեղ բերաններով մետաղյա դրոշմակերտ անոթներ (որոշ տներում գուցե պահպանված լինեն): Մարդիկ մեծ հաճույքով գնում էին դրանք. ով սեղանին էր դնում, ով՝ դաշնամուրի վրա, ով՝ հեռուստացույցի: Իսկ եթե այդ տանը հանկարծ արաբ էր հյուրընկալվում, նա զարմանքից ապշում էր և չէր իմանում որտեղ թաքցնել հայացքը: Բանն այն է, որ արաբները, կներեք, զուգարանի թուղթ չեն օգտագործում՝ փոխարենը լվացվելով այդ անոթներով, և այդ պատճառով արաբական և, առհասարակ, մահմեդական զուգարաններում թղթի փոխարեն այդ անոթներն են: Պատկերացրեք, գնաք արաբի տուն, և սեղանին անձեռոցիկների փոխարեն դրված լինի զուգարանի թուղթ:
Комментариев нет:
Отправить комментарий