ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ
Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը: Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:
ՍԽԱԼ. Խոսքը գնում է այն մասին, որ այդպես վարվելով, մենք չենք նպաստի ներդրումների աճին:
ՍԽԱԼ. Խոսքը գնում է այն մասին, որ այդպես վարվելով, մենք չենք նպաստի ներդրումների աճին:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ռուսաբանություն է: Ռուսերենում идти, ходить բառերը յուրահատուկ իմաստ և կիրառություն ունեն՝ «ընթացքի մեջ լինել», «տեղի ունենալ» առումներով: Ռուսերենում ճիշտ է речь идет արտահայտությունը: Հայերենում սխալ է, հայերենում՝ «խոսք է լինում»: Տվյալ նախադասության մեջ պետք է ուղղակի գրել. «Խոսքն այն մասին է, որ…»: Այսկերպ խոսողներին պաշտպանողներն անմիջապես հիշում են Թումանյանին. «Խոսքս, տեսեք, ո՞ւր է գնում, Քաջ որսկանի գյուլլի պես»: Բայց այստեղ բոլորովին այլ իմաստով է կիրառված բառը, պատկերավոր արտահայտություն է, և, իրոք, ցույց է տալիս, որ խոսքը գնում հասնում է որևէ տեղ, այսինչին կամ այնինչին:
ՍԽԱԼ. Երևանում սրճարանների կառուցման աշխատանքներն սկսվեցին այս քաղաքապետի օրոք և շարունակվեցին թափ առնել:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞նչն է այստեղ սխալ: Թողնենք այն բանը, որ Երևանի կենտրոնը խամ ու խոպանի տեղ դրեցին և սկսեցին բետոնապատել այգիները: Խոսքը դրա մասին չէ: Այս նախադասության մեջ մի ավելորդ վ կա, որը շատ է խանգարում, թույլ չի տալիս, որ նախադասությունը ճիշտ լինի. դա շարունակվեցին բառի վ-ն է: Ուրեմն, պետք է լիներ. «Երևանում սրճարանների կառուցման աշխատանքներն սկսվեցին այս քաղաքապետի օրոք և շարունակեցին թափ առնել»:
ՍԽԱԼ. Կիթառի տակ կատարելով մի քանի երգեր, ստանում էի 14 ֆունտ ստերլինգ:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Խոսքը մկների կամ միջատների մասին չէ, որ կարող են հայտնվել կիթառի, դաշնամուրի, կամ, ասենք, երգեհոնի տակ, այլ երգչի մասին է, որ երգում է կիթառի նվագակցությամբ: Իսկ անգլիական դրամի անունը հայերեն գրվում է ստեռլինգ` ռ-ով:
Комментариев нет:
Отправить комментарий