Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից:
ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի կապ չկա էգուց և ինքնահող բառերի միջև: Տեսնենք՝ իրո՞ք այդպես է, թե՞ ոչ:
Գիտենք, որ այ-ը շատ բարբառներում դառնում է է. օրինակ՝ հայր – հէր, մայր – մէր, այծ – էծ և՝ այգ – էգ: Այսինքն՝ էգուց-ի արմատը այգ-ն է, որ նշանակում է «առավոտ»: Այգ բառը բարբառներում չի պահպանվել, բայց կան այդ արմատի հնչյունափոխված ձևերով կազմված մի շարք բառեր՝ էգուց, էգլաց, էգվան, էքսի, էքսը և այլն:
Ինչպես գիտենք, էգուց նշանակում է «վաղը»: Եթե բառի մեջ վերականգնենք այգ արմատը, կստանանք՝ այգուց, որը նշանակել է «թաղման երկրորդ առավոտը հանգուցյալի վրա կատարված մի կարգ», որն այսօրվա խոսակցական լեզվում հանդես է գալիս ինքնահող սխալ կազմությամբ բառով: Իսկ ինչպե՞ս է առաջացել այգուց բառի «վաղը» նշանակությունը: Ց նախդիրով բառը դարձել է ցայգ՝ «մինչև այգ, մինչև առավոտ եղած ժամանակամիջոցը», այսինքն՝ գիշեր: Այդպես է կազմված նաև ցերեկ բառը՝ «մինչև երեկո», այսինքն՝ առավոտից մինչև երեկո եղած ժամանակամիջոցը: Իսկ ե՞րբ է բացվում այգը. մյուս օրը, այսինքն՝ վաղը: Ի միջի այլոց, առավոտ և վաղ նշանակությունների նույնացումներ կան նաև այլ լեզուներում: Օրինակ, ռուսերեն завтра (վաղը) բառը նշանակում է նաև «առավոտ»՝ «за утро»: Նույնը գերմաներենում. morgen նշանակում է և՛ «վաղը», և՛ «առավոտ»:
Այժմ տեսնենք, թե ինչ ճանապարհ է անցել այսօրվա մեր խոսակցական բառապաշարում լայն գործածություն ստացած ինքնահող բառը:
Մի հնագույն ծեսի՝ թաղման հաջորդ օրը ննջեցյալի գերեզմանի վրա կատարվող սգի համար ստեղծվել են այգալաց, այգուց, այգահող բառերը: Լեզվում երբեմն լինում են բառերի իմաստափոխություններ թյուրըմբռնման հետևանքով: Այսինքն՝ բառերը կամ դրանց բաղադրիչները սխալ հասկանալու, բառերի ճիշտ նշանակությունն ու գործածությունը չիմանալու, հարանունները (նմանահունչ բառերը) իրար հետ կամ բառի բաղադրիչներից մեկն իր հարանվան հետ շփոթելու, բառի կազմությունը չիմանալու հետևանքով:
Օրինակ՝ վարկաբեկել «անվանարկել» բառը կազմված է վարկ «հեղինակություն» և բեկել «կոտրել» բաղադրիչներից: Խոսակցական լեզվում վարկ բառը անգործածական է, ուստի և խոսողները վարկաբեկել-ի առաջին բաղադրիչը կապում են վարք բառի հետ՝ բառը դարձնելով վարքաբեկել:
Այստեղ այգահող-ը հետագայում դարձել է էգնահող, էքնահող, իսկ սա էլ դարձել է ինքնահող, իբր թե «իր հողին այցելելը»:
Կա նաև մեկ այլ կարծիք, որ ինքնահող բառն առաջացել է այգողք գրաբարյան բառից: Իսկ այս բառը կազմվել է այգողբք-ի այգ և ողբք բաղադրիչներից՝ բ-ի անկումով: Քանի որ այգ-ը բարբառներում չի պահպանվել, ապա այգողք-ը կապվել է ինքը բառի հետ, իսկ ողբք բաղադրիչի մնացած մասը՝ ողք-ը, կապվել է հող բառի հետ և ստացվել է ինքնահող:
Ազգագրական շատ հետաքրքիր մի արարողություն է նշանակում էքպարեվ – էգբարև – այգբարև բառը: Պսակի հաջորդ առավոտը նորապսակ զույգը նվագածուների հետ բարձրանում էր կտուր՝ երգով ու նվագով արևածագը ողջունելու համար: Սա ևս մի վկայություն է մեր արևապաշտ նախնիների մասին:
այս բառի ստուգաբանությանը անդրադառնալիս մոռանում են Մանուկ Աբեղյանի մեկնաբանությունը:Նա էգնահողը կապում էր էգ բառի հետ և հիմնավորում, որ անցյալում հուղարկավորությունը կատարում էին զուտ տղամարդիկ ( ի դեպ այդ սովորույթից որոշ բան այսօր էլ մնացել է):Իսկ հաջորդ օրը շիրիմին այցի էին գնում միայն կանաք.դրա համար էլ այդ արարողպւթյունը կոչվել է էգնահող:Փաստորեն այսօր մնացել է հաջորդ օրը գնալու սովորույթը,բայց մթագնվել է դրա իմաստը:Դրանից հետո այգ բառի հետ կապված տարբերակը,ներեցեք, ինձ անհասկանալի ու անհամոզիչ է թվում:
ОтветитьУдалить