вторник, 8 октября 2013 г.

«ԱՐԱՐԱՏ-73»-40

Ուղիղ 40 տարի առաջ հայկական ֆուտբոլը հասավ մեծագույն նվաճման. Երևանի «ԱՐԱՐԱՏԸ» դարձավ Խորհրդային Միության չեմպիոն ու գավաթակիր:
«Արարատցինե՛ր, եթե Արարատից մի քայլ էլ ցած իջնեք, ձեզ չեն ների ոչ Մասիսը, ոչ հայ ազգը, ոչ էլ Աստված»:
Այսպես էր գրված այն պաստառի վրա, որը պարզել էին հայերը հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում, որտեղ ավելի քան 100 հազար հանդիսականների ներկայությամբ տեղի ունեցավ Խորհրդային Միության 1973-ի ֆուտբոլի բաժակի ավարտական մրցությունը Երևանի «Արարատ» և Կիևի «Դինամո» խմբերի միջև:
1973 թ. հոկտեմբերի 10-ը երկար ժամանակ պիտի մնա մարզասեր հասարակության հիշողության մեջ:
Ախոյանության բաժակը Հայաստան բերող պատվիրակությունը Դոնեցկ քաղաքում մի կարճատև դադարից հետո իր ուղևորությունը շարունակեց դեպի Հայաստան, ուր բաժակը առնվազն մեկ տարի պիտի մնա:
Հազարավոր մարդիկ Երևանի օդանավակայան էին շտապել, որոնք ջերմորեն ողջունեցին Խորհրդային Միության 1973-ի բաժակակիր «Արարատ» խմբին»:

Սա 1973-ին տպագրվել է Թեհրանի «Ալիք» օրաթերթում: Նույն թերթում առաջին և միակ անգամ լույս է տեսել Հովհաննես Շիրազի` արարատցիներին նվիրված բանաստեղծությունը, որը Հայաստանում տպագրվում է առաջին անգամ: Ինչ-ինչ պատճառներով Խորհրդային Հայաստանում այն երբևէ չի հրապարակվել:
Բանաստեղծությունը սիրով մեզ է տրամադրել «9-րդ հրաշալիքի» հրազդանաբնակ բարեկամ ԷԴԻԿ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, որին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

 

 


ԳՈՎՔ ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՀՈՒՅՍ ՎԱՂՎԱ ՄԱՍԻՍԻՆ…

Շիրազն ասաց` Արարատից
Թե մի քայլ էլ իջնեք ցած,
Ձեզ չեն ների ոչ Մասիսը,
Ոչ հայ ազգը, ոչ Աստված…


Ես երգեցի Մասիսներս, դուք հաղթեցիք, դեռ ոտքով,
Օ՜, չէ, ոտքով հաղթող հայն էլ պիտի հաղթե վաղն էլ` մտքով,–
Ես մտքով եմ Մասիս ելել, ազգը զորքով կբարձրանա,
Իմ տասնմեկ սատանաներ, իմ բալիկներ, որ հաղթեցիք,
Ոսկե սանդուղք է գավաթը` դեպի Մասիս, արարատցիք…


Արար աշխարհը թնդացրեց «Հայ Ա-րա-րատ» մռունչը մեր,
Մասիս դարպասն էլ կբանա ազգապաշտպան գնդակը ձեր,
Ես ուրիշի հողն ի՞նչ կանեմ, մատաղ լինեմ ես մեր հողին.
Ես մեր հողի չարը տանեմ, հողը դնեմ մեր ոսոխին: Վերցված է «9-րդ հրաշալիքից»
Բանաստեղծի ճամփով եկաք, ճամփան թեկուզ ոտքով բացիք,
Ծով ազգերին հաղթեց ձեզնով հայոց մի գետն, արարատցիք:


Եվ թե հայ է` ո՞վ չի գրկե ձեր պատկերն էլ` իր սնարին,
Որպես ազգի պատկերը վեհ, որպես ոգի հայ աշխարհին,
Եվ ես ձորից Հրազդանի կտրում սրինգն իմ եղեգնյա`
Ձեզ եմ ձայնում, ոտնառյուծներ, վաղվա իղձով մեր Բյուրակնյա,
Ձեզ երկնքից պիտի բերեմ շքանշան, որ հաղթեցիք,
Որ գավաթը հայ իղձերի գագաթն հանենք, արարատցիք…
 

Ձեր թուր գնդակն այնպես սուրաց հայոց հույսի լուռ դաշտերով,
Որ վաղն ազգն էլ Մասիս ելնի` ազգահավաք իր վաշտերով,
Արարատիս կաթնաղբյուրից պիտի լցնենք գավաթն այս վեհ,
Որ կնքահայր ձեր1 սիրողն էլ Մասիս չլա էլ երբևէ,
9-րդ հրաշալիք
 Ձեզ լուսաստղը պիտի բերեմ` շքանշան որ հաղթեցիք,
Որ գավաթը ամենասուրբ գագաթն հանեք, արարատցիք…
 

Երբ հաղթեցիք` ասի աչքս գեթ մեկ որդուս ձեր մեջ գտներ,
Ասի` երնեկ իմ գլուխը ձեր ոտքերով աշխարհ մտներ,–
Դուք, որ ոսկի գավաթվեցիք, կառնեք թասն էլ հողագնդի,
Ապրի արևն` ով ձեզ կնքեց սուրբ անունով Արարատի,
Այն պոետիս ճամփով թռաք, որ Մասիսն է գոռում լռիկ,
Որ գավաթը ամենավեհ գագաթն հանենք, արարատցիք…
 

Մեծ ու պստիկ ազգեր էլ չիք, վկա գավաթն` հայ ծիծաղով.
Ոտքով էլ են հայերն հաղթում, էլ ո՞ւր մնաց հայոց գլխով,
Հավասար են ազգերն իրար` թե միշտ այսպես հավասարվեն,
Ի՞նչ հավասար… երբ գավաթում` Մասիսազուրկ` հայերն այրվեն…
Հային կորած էին կարծում, բայց ապրեցան, որ հաղթեցիք,
Որ գավաթը Արարատիս գագաթն հանենք, արարատցիք…
 

Ոտ կա` հազար գլուխ արժե, գլուխ կա, որ մի ոտ չարժե,
Էլ ի՞նչ ասեմ հայոց մասին, երբ հայ ոտքն էլ վերք կբուժե,
Իմ տասնմեկ սատանաներ, ի՞նչ հրաշքով աստվածացաք.
Արևը ձեզ պիտի լինի… թե Մասիսի դուռն էլ բանաք, «9-րդ հրաշալիք» թերթի նյութերից 

Դուք չբանաք, ձեր թոռները պիտի բանան, թե չծռվեն…
 

Այն կռվադաշտն եմ համբուրում, որ ողջ ազգերն այսպես կռվեն:
Իմ հույսի սուրբ սատանաներ, աստվածացաք ողջ լուսնի տակ,
Հայ կմնանք հայ ոտքով էլ` ոտնահարվեց մահն սպիտակ,
Ալեկոծվեց Հայաստանս, ասես այն է` ելավ Մասիս…
Եվ քիչ մնաց սիրտը պայթեր ձեր կնքահայր հեգ Շիրազիս:
 

Ձեզ Մասիսի ոսկուց պիտի ձուլենք փառքի շքանշան.
Երբ Մասիսի գագաթն հանենք գավաթն իբրև հայ ատրուշան,
Վեր է հայ ազգն այն ցեղերից, որ եղեռնել կուզեն հային,
Վեր է, քանզի երեք ազգի գիր է Մաշտոցն աստվածածին,
Ցավ չի տեսնի այս աշխարհը, թե միշտ կռվեն այս գնդակով,
Ծիածանի վրով կանցնեն փոքր ազգերն էլ, ոչ թե տակով,
Լավ է հույսդ ոտքիդ դնես, քան թե, ազգ իմ, օտար գլխին,
Որ քո գլխի տերը դառնաս, հավերժ ոտքես քո ոսոխին:
 

Սփյուռքն ինքն էլ հայրենիքվեց, հայ մկրտվեց, որ հաղթեցիք,
Որ գավաթը հայ իղձերի գագաթն հանենք, արարատցիք:
Արևը քեզ պիտի դառնա, ազգ իմ, հավերժ շքանշան,
Երբ ազատես Արարատդ շղթաներից դժոխաշան2:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

1 Ես եմ կյանքիս գնով «Արարատ» անունով կնքել Հայոց մեր պանծալուն, ոչ միայն իմ Մասիսամռունչ երգերով, այլև հենց գրավոր պահանջով` ումից որ հարկն էր:
2 Ձեռագիրս հայրենյաց մշտապահ արխիվում է:

©
©
©
«9-րդ հրաշալիք», թիվ 27(627) © 2013 Այս նյութն օգտագործելիս ակտիվ հղումն «9-րդ հրաշալիքին» պարտադիր է:

Կարդացեք նաև. «Արարատից թե մի քայլ էլ իջնեք ցած…»

Комментариев нет:

Отправить комментарий