вторник, 13 декабря 2011 г.

ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ



Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, 
որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից:



«ԱՐ» ԱՐՄԱՏԸ


Տեսնենք, թե ար արմատի մասին ինչ են գրում լեզվաբանները, պատմաբանները, հայագետները:
«Ոչ մի կասկած, որ Հարք անունը պարզ և անաղարտ պահում է հայերի ար ցեղանունը, որը արերի Ար աստծու անունն է: Հարք անվան սկզբի հ-ն արմատական չէ և աճել է որպես սաստկացուցիչ: Ուստի հարքարք է՝ արեր, այսինքն՝ հայեր, կամ հայերի երկիր»,– գրում է Մարտիրոս Գավուգչյանը: Գրիգոր Ղափանցյանը Արագած լեռնանվան մասին գրում է. «…Բաղկացած է Արա և գած չպահված հասարակ անունից, որ նշանակել է «գահ», այսինքն՝ Արագած նշանակել է տառացի՝ Արայի գահ»:
«…Ար-մա-նի անունը բարդ բառ է, որի առաջին Ար բաղադրիչը հենց արմենների ազգային արևի (գլխավոր) աստված Ար-ն (Արան) է (շումերերեն ar և ara արդեն նշանակում են «ճառագայթել, լույս տալ»), անվան մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել, շինել», որով Արմա նշանակում է «Արածին, Արի՝ սերունդ, Ար-որդի, արևորդի»: Անվան նի մասնիկը շումերա-հայկական հոգնակերտ մասնիկն է», – գրում է Գավուգչյանը:
Խորենացին գրում է. «Փութով Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որը Արայի անունով կոչվում է Այրարատ»: «Այս հին վկայությունը նույնպես կասկած չի թողնում, որ Ու-արտու (Ուր-արդի) նշանակում է Արայի երկիր», – գրում է Մ. Գավուգչյանը: Սա ապացուցում է նրա իսկ կռահած փաստը, որ Ուրարտու նշանակում է «վայր կամ երկիր կրակ – արև աստծու, Արա – Արդի աստծու»: Ընդ որում, Ու-արտու – Ուր-ատրու տեղանվան վերջին ատր մասը նշանակում է «կրակ» և, ըստ Գավուգչյանի, պահլավերենից փոխառություն չէ, ինչպես նշում է Հր. Աճառյանը, այլ հայերեն է, որի համար ապացույց է մեր այրել բնիկ հայերեն բառը (ատրել – այրել): Որ տ-ն կարող է փոխվել յ-ի, ցույց են տալիս հայերեն մի շարք բառեր. pater – հայր, mater – մայր և այլն:
Արմեն անվանման մասին կան տարբեր կարծիքներ: Որոշ գիտնականներ համարում են, որ այն բաղկացած է ար և ման բաղադրիչներից, ար՝ «քաջ» և ման՝ «մարդ» (մանուկ՝ «փոքր մարդ»): Մերժելով սա՝ Գ. Ջահուկյանը տալիս է իր ստուգաբանությունը, ըստ որի՝ Արմեն անվանումը ստուգաբանորեն կազմված է արմ(ն)՝ «արմատ», զ-արմ՝ «ցեղ, սերունդ» բառից: Հայերեն արմ-ը, թերևս, պահպանված է ուրարտերեն armuzi «ընտանիք» բառի մեջ:
Գ. Ջահուկյանը նշում է նաև, որ ուրարտական Menua անվան մեջ առկա է հայերեն մանուկ-ի առանց փոքրացուցիչ ածանցի ձևը (մանու – հնդեվրոպական նախալեզվի մենու՝ «փոքր» իմաստից):
Գր. Ղափանցյանը նշում է նաև ուրարտական Ara և հայերեն Արա զուգահեռը:
Հայերենում ունենք արարել, արարիչ, արարած բառերը: Արդյո՞ք դրանց արմատը ար-ն է: Պարզվում է՝ այո: Ունեցել ենք առնել բառը՝ «անել, գործել, կատարել, ստեղծել, վերածել, շինել» իմաստներով: Սա առնել՝ «գնել, ստանալ, վերցնել, խլել» բառի նույնանիշն է: Առնել-ի կատարյալն է արարի, հրամայականը՝ արա: Սրանք ցույց են տալիս, որ բուն արմատը ար-ն է, որի կրկնությամբ՝ արար:
Ըստ Հր. Աճառյանի՝ ար-ը հնդեվրոպական նախալեզվի ar արմատից է, որ նշանակել է «հարմարել, կազմել, շտկել, պատրաստել»:
Բայց հիշենք, որ մենք ունեցել ենք Ար աստվածը և հնարավոր է, որ այդ բոլոր իմաստներն, ի վերջո, նրանից են եկել:
Հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել գրաբարյան առնել բառը. միջին հայերենում դարձել է արնել, այրնել, այնել, անել, և այսօր ունենք նաև էնել ու ընել ձևերը:
Առաջին հայացքից լեզվական հնչյունափոխությունները արհեստական ու սարքովի են թվում: Բայց մեր աչքի առաջ այսօր էլ են դրանք տեղի ունենում: Չնայած այն բանին, որ արդեն 1600 տարի մենք ունենք գրավոր խոսք: Օրինակ՝ այստեղից բառից էստեղից – ստեղից – ըստից ճանապարհով ստացվել է ստուց: Եթե իրար կողքի դնենք սկիզբը՝ այստեղից, և վերջը՝ ստուց, ապա խիստ անհավանական կթվա, որ դրանք նույն բառն են: Կամ՝ այստեղ – էստեղ – ըստեղ – ըստե – ստե: Որովհետև բառն այսօր շատերի բերանում հնչում է որտև, և այլն, և այլն: 

Комментариев нет:

Отправить комментарий