среда, 2 ноября 2011 г.

ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՏԵՍԻԼՔ



Հազար ասի` քաղաքական դաշտը արոտավայր չէ: Բայց ո՞ւմ ես ասում. էնքան արածեցին քաղաքական դաշտը, անապատ դարձավ: Հիմա ինչ էլ ասում եմ` ձայն բարբառոյ յանապատի: Ստիպված վերցրի մի սպառողական զամբյուղ, մեջը դրեցի մի համբերության բաժակ ու այդ անապատում օազիս եմ փնտրում: Շատ գնացի, թե քիչ, տեսնեմ հսկայական ժողովուրդ` իշխանավորի հետևից գնում է: Ծարավից տոչորվում է: Իմ սպառողական զամբյուղի համբերության բաժակով ժողովուրդն սկսեց հայրենիքի կենացը խմել: Տեսնեմ իշխանավորը առատության եղջյուրով է խմում հայրենիքի կենացը: Մոտեցա ու ասացի` հիմա առատության եղջյուրը ձեռքիդ է, բա որ էս ժողովուրդը եղջյուրը ձեռքիցդ առնի ու... Չե՞ս մտածում բոլորովին: Էս ժողովրդի մասին բոլորովի՞ն չես մտածում: Ասաց` գիշեր-ցերեկ արածս էդ է` մտածում եմ, հեչ աշխատելու ժամանակ չունեմ:
Շրջվում, նայում եմ ժողովրդին. գլուխը կախ, հսկայական բեռներ շալակին, քիթը գետնին է կպչում:
– Էս ի՞նչ եք էսքան բարձել էս ժողովրդին:
– Հայրենիքն է, տվել ենք ժողովրդի շալակը ու քշում ենք դեպի պայծառ ապագա:
– Բա մի քիչ բեռ էլ դուք վերցրեք, չէ՞ որ պետություն եք: Չէ՞ որ պետությունը պետք է ղեկ լինի ժողովրդի ձեռքին և ոչ թե լուծ նրա վզին:
Բայց ո՞ւմ ես ասում: Նայե՜ց, նայե՜ց, ասաց.
– Էդ զամբյուղիդ պես դատարկ-դատարկ խոսում ես: Էս սպառողական զամբյուղդ, օրինակ, ես եմ գործել, տվել ձեռդ, համբերության բաժակն էլ կողքի պետությունից եմ վերցրել: Դու սովոր ես էդ մուրացկանի տոպրակին, վայելի°ր:
Ես հասկացա, որ եթե մեկն ուրիշին իշխելու իրավունք է ստանում, կորցնում է իրեն իշխելու պարտականությունը, առանց մտածելու, որ եթե ինքն այսօր բարձր դիրք ունի, ապա վաղը բարձր դիրքը կարող է ունենալ իրեն:
Էսպես մտածեցի, ժողովրդին ասացի.
– Երբ հասարակությունը որդնած է լինում, էս ճիճուն էլ պաշտոն կստանա, բա ի՞նչ եք ուզում:
Մեկ էլ մտածեցի` հո ես անապատի Մովսեսը չե՞մ, որ ավել-պակաս խոսում եմ, ավելի լավ է մի հատ սաքսաուլի կամ կակտուսի ստվեր գտնեմ, երեխաներին վերցնեմ, մի կում ջրով դպրոց բացեմ, այբբենարանից-բանից գրեմ, գրաճանաչ դարձնեմ, էգուց մեկել օրը սրանք կմեծանան, նորից խոտ կցանեն դաշտում, նորից կգան արածողները, բայց հանդապահ կլինի, անապատ չի լինի: Մեկ էլ մտածեցի` էշ, մի´ սատկիր, գարուն կգա, խոտ կբուսնի:
Բայց ավելի լավ է հույս ունենալ երեխաների սրտում, քան անհույս մեռնել անապատում:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Комментариев нет:

Отправить комментарий