четверг, 12 апреля 2012 г.

ԴԺԳՈՀԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ



Էս մարդը չի դժգոհում, զոռով դժգոհել ես տալիս:
«Մենք ենք, մեր սարերը»

Լինում են ժամանակներ` քարեր նետելու ու քարեր հավաքելու, սերմ նետելու ու հունձք անելու: Լինում են նույնիսկ անկախանալու և ազատ ապրելու ժամանակներ: Սակայն լինում է երկարատև սպասումի ժամանակ` հոգնեցուցիչ, ձանձրալի, տագնապահար: Այսօր այս վերջին լինումի մեջ ենք, և անշնորհք մարդիկ խրախճանք են անում ամենաթողության մոխրաթավալների հրճվանքով:
Գոնե հրճվեն իրենց համար: Ո՛չ: Պարզվում է, որ նրանք հրճվանք են ապրում ուրիշներին վիշտ ու ցավ, տառապանք ու հոգս պատճառելով միայն: Ավա՜ղ, միայն: Իրենց գարշահոտ ներկայությունը բոլորին պարտադրելու համար, բոլորին դժգոհեցնելու համար սրանք ի՜նչ ասես անում են: Հատկապես անարդարությունն են ցցուն դարձնում, մկան-կատվի խաղ են անում իրենց գոյությունը մի կերպ պահող հայրենակիցների հետ, միջին խավին ունեզրկում են, քշում-հեռացնում հայրենիքից, այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ամեն մի նախաձեռնություն մեռնի, նախաձեռնող մարդը հեռանա, դառնանա յուրաքանչյուր ոք, դժգոհի: Քիչ է մնում առաջին գիշերվա իրավունքն էլ վերականգնեն: Ինչո՞ւ են այսքան բացասական էներգիա կուտակում: Միտումնավո՞ր է, թե՞ տգետավոր: Մտածում են, թե ուղղորդելու են այդ կործանարար էներգիան: Բա որ ինքնակործանմա՞ն վերածվի այդ ամենահաս դժգոհությունը:
Լա՛վ, մի՞թե չեն տեսնում, որ այն ճյուղն են սղոցում, որի վրա նստած են, որ այն աղբյուրի մեջ են թքում, որից օգտվում են, այն կախարդական ջրերն են թունավորում, որոնց մեջ ավանդույթներ են ապրում: Մի՞թե այսքան ագահ է հայը, այսքան ամենակուլ ագահ, այնքա՜ն ագահ, որ ինքն իրեն է լափում, ինքն իրեն է հոշոտում:
Մի՞թե այսքան մանրախնդիր է իշխանության ձգտող հայի տեսակը: Մի՞թե այսքան վսեմ է ընդհանուրը և այսքան նսեմ` իշխանատենչը:
Մի՞թե դժգոհողների այս բանակի բերանը լկամ դնող չի լինելու:
Աշնան քամին երբ ուժեղ է փչում, ձյան տեղ է բացում, իսկ այս քամին ձյան տեղ է բացում մեր գլխներին:
Նույնիսկ օտար նվաճողներն այնպես էին անում, որ իրենց հպատակները չդժգոհեն, աշխատեն, շենացնեն երկիրը: Մի՞թե օտար նվաճողից էլ օտար են այս ամենաթողության սև իշխանատենչները:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий