вторник, 17 апреля 2012 г.

ԳԵՏԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է ԵՐԿԻՆՔ


Lուսանկարը` ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Ամեն տարի գալիս է ապրիլի 24-ը: Շատ դեպքերում այն նույնիսկ ապրիլի 24-ին չի գալիս, այլ ուրիշ օրերի: Գալիս է, թրատում երջանիկ լինելու քո բոլոր պատրանքները, հիշողության քուրայի վրա շիկացնում երկաթը ու տանջում, խարանում քո մարմինն ու հոգին: Ո՞ւր ես ուզում փախչել. դու կապկպված ես քո անցյալին, քո եղած ու չեղած գահերին, քեզ հաղթած ու քեզնից պարտված մահերին. բոլոր նահատակները ոռնում են քո մեջ, իսկ դու լուռ ես. վիշտն այնքան մեծ է, որ ամաչում ես:
Արդյո՞ք քո անցյալն ու ներկան մեղավոր չեն իրար հանդեպ. դու այսօր մի՞թե մեղավոր չես, որ նահատակվել են քո ապուպապերը, և նրանք մեղավոր չե՞ն, որ նահատակվում ես դու: Այնքա՜ն իմաստուն էին մեր ապուպապերը, որ ասում էին. «Մինչև հայրը դժոխք չգնա, որդին արքայություն չի տեսնի»: Նրանք որոշեցին արքայություն գնալ, ու մեզ բաժին հասավ դժոխքը: Մեզ ոչնչացնողների ապուպապերը դժոխքի բաժին դարձան, հետնորդները` տիրեցին մեր բաժին դրախտին:
Այսօր գարուն է: Արա աստվածն արթնացել է ամեն քար ու թփի մեջ, Փրկիչն արթնացել է ամեն մեկիս սրտի ու հոգու մեջ, սակայն տագնապի երկինքն է կախված մեր գլխին, և անդորր չկա մեր աղոթքներում:
Այսօր ծաղիկներ են բացվել գարնան կանաչի մեջ. մեր մտքերում հրճվանքի խատուտիկներ կան:
Սերը բացել է իրեն այնպես, որ ցնդեն մեր հոգին պատող ցրտերը: Իսկ մենք կարո՞ղ ենք այդպես բացել մեզ, ծաղկել այդպես անկաշկանդ ու աստվածաշնորհ:
Հիշողության քարայրի առաջ կարմիր են մեր երեսները, և մենք թեժ ենք պահում քուրան: Կռիվ կա մեր մեջ և սեր:
Անցյալի գետը հոսում է մեր արյան միջով ու գնում դեպի ապագա և մեր պատկերն է տանում և մեզ պատկերներ է բերում:
Աստված տա, որ մեր Սե՛րը հաղթի մեր թշնամուն և ոչ թե մեր Ատելությունը:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий