Ի ԼՈՒՐ ԵՎ Ի ՏԵՍ
Վաչագան Ա. Սարգսյան. Ի լուր և ի տես: Հրապարակախոսական մանրապատումներ, հոդվածներ, երգիծապատումներ. – Եր.: «9-րդ հրաշալիք», 2014.– 412 էջ:
Գրքում զետեղված են հեղինակի` հանրապետական մամուլում 1974–2014 թվականներին տպագրված, հանրային բազմաշերտ կյանքի ամենատարբեր ոլորտներին վերաբերող հրապարակախոսական մանրապատումները, հոդվածները, երգիծապատումները:
Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
ՄՇՏԱՐԹՈՒՆ ԺԱՄԱՊԱՀ
«Եվ գոհությամբ ընդգծեմ, որ եղածը զտարյուն, անխառն հրապարակախոսություն է»: «Առանձնակի չափ ու թափ են ներկայացնում մայրենի լեզվի անաղարտությանը, լեզվական վթար-աղետների ներկայացմանը նվիրված հոդվածները. որոնցով հեղինակը հանդես է գալիս որպես մեր լեզվի մաքրության ջատագով և մշտարթուն ժամապահ»: «Ամենադրվատելին այն է, որ Վ. Ա. Սարգսյանը կենտրոնացել է ժանրի «բարձրագույն պիլոտաժի»` հրապարակախոսական մանրապատումի վրա. ժլատ տողերով, սեղմ ծավալի մեջ ամփոփել միտքը, ասելիքը, ներազդումը, թեմայի սպառումը»:
Մեջբերում Վաչագան Ա. Սարգսյանի «Օրը` ինչպես տեսա» գրքի մասին հրապարակախոս, գրող, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի գրախոսությունից: «Ազգ», 9 ապրիլի, 2009 թ.
ԽԱՂԱՂ ՇԱՌԱՉ«Ի ԼՈՒՐ ԵՎ Ի ՏԵՍ». սա գիրք չէ, սա տուն է, Վաչագան Ա. Սարգսյանի կառուցած բազմաթիվ տներից մեկը, չեմ ասի` ամենալավը, որովհետև լավից լավն է լինում: Բայց ասում եմ` մեր ժամանակներին վայել գիրք-տուն է: Վստահորեն ձեզ ասում եմ` համեցեք, մտեք այդ տունը այնպես, ինչպես կմտնեք ձեր հայրական օջախը:
Կարդալով քառասուն տարվա հունձքի այս մատյանը, զգում ենք, թե կյանքի բոլոր էջերում ի՜նչ արթուն միտք ու աչք ունենք` հանձին հեղինակի, որը որպես հայ մարդ ցանկանում է, որ իր տուն-երկիրը հզոր լինի, խեղճ չլինի, որ հայը հային վայել գործ անի, որ շատանա սերը Հայաստանում, որ պահի պահպանի իր բնություն-բնավորությունը, շենացնի երկիրը, դպրոցը դպրոց լինի, բանակը` բանակ, իշխանավորները թափառական ցեղերի խաներ չհիշեցնեն իրենց վարք ու բարքով:
Ես բացում եմ էս գիրք-տան դուռը, ներս մտնենք, վայելենք ու մտորենք երկար:
ՀՐԱՉՕ (Հրաչյա Մաթևոսյան)
Комментариев нет:
Отправить комментарий