вторник, 13 марта 2012 г.

ՆՇԱՆԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱՑՈՒ` ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԶՂՋՈՒՄ-ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ



Ձեզ ենք ներկայացնում խորհրդային գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկի հետադարձ խոսքը` արդեն հավերժության մեջ ծվարած Եղիշե Չարենցին:

Գրեթե ոչ մի հարցում մենք իրար չէինք հասկանում, հայկական մշակույթի միևնույն երևույթները տարբեր կերպ էինք գնահատում, ընդհարվում էինք նաև փիլիսոփայական հարցերում: Ու, նախ և առաջ, մենք տարբեր կերպ էինք ընկալում հայ ժողովրդի պատմական տեսակը: Չարենցը, որը մեծացել էր թուրքական միջավայրում, երկու ազգային մշակույթների և երկու կրոնների հակասության պայմաններում, իր կաշվի վրա էր զգացել, թե ինչ է սեփական ազգային նկարագիրը խեղդելուց, կեղեքելուց և ոչնչացնելուց պահպանելը, տեսնում էր հայության առավել բնորոշ, առավել «սեփական», անկրկնելի, ազգային տիպականացման պահպանմանն ուղղված պատմական դերի ողջ ուժը: Ես, ընդհակառակը, մեծացել եմ մոսկովյան մտավորականության միջավայրում, որտեղ ազգային առանձնահատկություններին մեծ նշանակություն չէին տալիս, իսկ գլխավոր էին համարվում համամարդկային արժեքները և դրանք յուրացնելու կարողությունը: Մանկուց շուրջս տեսնելով մտավորական «ռուս հայերի»` ես ամենից շատ հպարտանում էի միջազգային մշակույթը խորապես ընկալելու և «աշխարհաքաղաքացի» դառնալու հայերի հատկությամբ:
Մանկուց մեջս տպավորվել էր Կլոդ Ֆառերի ինչ-որ մի վեպ, որի հերոսուհին մի ծեր հայուհի էր, որը դարձել էր փարիզյան սրահի ամենակրթված տիրուհիներից մեկը: Նա տարբեր երկրների գիտնականների ու նկարիչների հետ զրուցում էր բոլոր լեզուներով, մինչդեռ մինչև քսանյոթ տարեկանը նա, իր իսկ հավաստմամբ, անգրագետ էր եղել և ապրել առանց լուսամուտների մի հյուղակում: Չարենցին զայրացնում էր, որ ոչ մի եվրոպացի, առավել ևս Կլոդ Ֆառերի նմանը, չի կարող հասկանալ հայ կնոջ էությունը: Այ, եթե ինքը` Չարենցը, տեսներ այդ կնոջը, կմոտենար նրան և հայերեն կշշնջար նրա ականջին. «Մայրի՛կ, խոհանոցից ինձ մի բաժակ սառը ջուր բեր» և նրա ուսերի շարժման, նրա քայլվածքի, հայացքի մեջ նա կտեսներ ոչ թե «եվրոպական մշակույթի բոլոր գագաթները նվաճած» հայուհուն, այլ այն հայուհուն, որը հազարամյակներ շարունակ մի բաժակ ջուր է բերել ամուսնուն, սեղանի շուրջը նստել է միայն նրանից հետո և հնազանդվել է նրան:
– Դո՛ւք էլ, տիկի՛ն ջան,- ասում էր նա ինձ տասնյակ անգամ` մեջս առաջացնելով անզոր զայրույթի բռնկում,– դո՛ւք, սիրելի՛ Մարիամ, ճիշտ ու ճիշտ նույնպիսի հայ կին եք և երբևէ կհամոզվեք դրանում:
Այս բառերն ինձ այնպես էին զայրացրել, որ ես ոչ մի անգամ դրանք չեմ հիշատակել: Եվ եթե ես այժմ, կյանքիս ութսուներորդ տարում, համարձակվում եմ պատմել այդ մասին, ապա միայն այն պատճառով, որ… համոզվեցի Չարենցի ճշմարտացիության մեջ: Հետադարձ հայացք նետելով ահռելի և անդադար աշխատանքով և նույնպիսի ահռելի վիրավորանքներով լի կյանքիս, չստանալով կատարածս աշխատանքի իսկական գնահատականը, զարմանալով իմ նկատմամբ այդպիսի անհարգալի վերաբերմունքից և ինքս ինձ բազմիցս հարցնելով` ինչո՞ւ, ինչո՞ւ, հանկարծ հասկացա, որ ես հենց այն հայ կինն եմ, որը համառորեն շարունակում է աշխատել, որը հազարավոր տարիներ տառապել է, և որի աշխատանքը, եթե ասենք դառը ճշմարտությունը, շահագործվել է իբրև սովորական ու շատ բնական մի բան:
ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ, 1967 թ.
Ռուսերենից թարգմանեց Արտաշես Թադևոսյանը
Աղբյուր` "Венок Чаренцу", М., "Советский писатель", 
1967, 72 стр., էջեր 18–20, 
Мариэтта Шагинян "Егише Чаренц" (հատված)

1 комментарий:

  1. Լավ է ուշ քան՝ երբեք։ Չնայած դրսում հայեր կան որ մինչև կյանքի վերջ չեն էլ հասկանում իրենց գենի ու մշակույթի իսկական արժեքը։

    ОтветитьУдалить