Սիրելի, սիրելի կանայք, որ ապրում եք անսվաղ տների մեջ, երեխաների ու տան հոգսը` ձեր ամուսնու հազար գողունի հայացք ներծծած ուսերին, որ աշխարհը բերում ու լցնում եք մաշված, անհարմարավետ ու սիրելի դարձած տան ծակուծուկը, մի կտոր դրախտ դառնում ձեր կիսաքաղց երեխաների և տագնապահար ու աշխատանք չունեցող ամուսինների համար, որ դպրոց եք գնում տան հոգսը շաղ տալով նոր բացվող օրվա ճանապարհին, որ դասարան եք մտնում ժպտալով, և երեխաները տաքանում են, սրտիկներն ուրախանում են, և այդ երեխաների մեջ է լինում նաև ձեր երեխան, որ առավոտից իրիկուն քաղհան եք անում, հողը մշակում` մի մասիդ աչքը պանդուխտ ամուսնու ճամփին, մի մասիդ սիրտը ահով լի` մարդը տուն կգա, խմած կլինի, որովհետև աշխատանք չունի ու կամաչի կնոջ ծոցը մտնել, որ աշխատում է խանութում, ու աչքը գործատուի փողին, տան հոգսերը հոգում, մի քանի տարվա աշխատավարձը նախօրոք ծախսած, որ իրիկունները դաս է սովորեցնում երեխաներին` անհայտ մի առաքելությունից մղված, որ չի հուսահատվում, որովհետև հույս չունի արդեն, որ գործարար կին է և աշխատանք ունի և գործնական սեր ունի սրտում, որ սիրտը թպրտում է իր ընտանիքի բարօրության համար, որ մեջքը ծռում, բայց միտքը չի ծռում, որ ուսը դեմ է տալիս ամուսնուն ու հրում դեպի վեր, չի թողնում խրվի ճահիճը, որ սեր է բաշխում վճարովի կամ անվճար հաճախ, որ թեկուզ մարմնավաճառ է, բայց խոնարհ է ու հեզ, արցունքը սրտում, սերը աչքերին, վախվորած հոգին ծախողի ու անողի բռան մեջ, որ բոլորդ էլ իմ սիրելին եք ու արտասվելու չափ, որ բոլորդ էլ տանում եք բոլորի խաչը և ժամանակ էլ չունեք իմանալու` մեղավոր եք, թե անմեղ, հավատացյալ եք, թե անհավատ, հասկանում են ձեզ, թե ոչ:
Սիրելի, սիրելի, սիրելի կանայք, դուք հայուհիներ եք աստղերից իջած, մայրեր ու քույրեր եք, ամեն մեկիդ հոգսը աշխարհի չափ է, և ամեն մեկիդ աշխարհը` տիեզերքից էլ մեծ:
Ինչ բառեր էլ ասենք` դուք ավելին եք, ինչ էլ խոստանանք` դուք ավելին արժեք, ինչ էլ պահանջենք` դուք ավելին կանեք, ինչքան էլ ապրենք` դուք եք ապրեցնողը, ինչքան էլ մեռնենք` դուք եք հրեշտակները, ուր էլ գնանք` դուք եք ուրը:
Շնորհակալ ենք, որ դուք կաք, շնորհավորում ենք խոնարհումով և սրտներս բացում ձեր առաջ. գիտենք` այնտեղ միայն սեր եք ցանելու:
ՎԱՍ
Комментариев нет:
Отправить комментарий