суббота, 31 декабря 2011 г.

ԱՇԽԱՐՀԸ ԳՐԿԻ ՄԵՋ


Եվ երկրագունդը պտույտ է անում, և աշխարհը պտույտ է անում ու գալիս կանգնում Հայի դռանը ու ասում.
Շնորհավորում եմ քեզ, մի տարի էլ ապրեցիր, մի տարի էլ ավելացրիր քո հավերժական գոյությանը:
Հայը սեղմում է երկրագնդի ձեռքը, գրկում է աշխարհը, թփթփացնում մեջքին ու հուզված պատասխանում.
Շնորհակալ եմ Արարչին, որ ինձ աշխարհը գրկելու շնորհ է տվել:
Պտտվում են օրերը, պտտվում են տարիները, դարերն ու հազարամյակները, գալիս ու իրենց խոնարհումն են տալիս հավերժական Հային, իրենց ժամանակն են ընծայում, ներկա ստանում ու հեռանում առհավետ:
Այսօր ևս Նոր տարվա սկիզբն է, այսօր ևս Նոր տարին սկսվում է Արարչի ծնունդով, այսօր ևս Հայն այդ սեղանի մոտ է, իր տեղում, որի լավն ու վատը քննարկելի չեն:
Ապրենք մեր ներսում և ապրեցնենք մեզնից դուրս գտնվողին: Այսօր ձյուն է իջնում և արև կա. նրանք իրար չեն խանգարում: Մեր ներսի ձյունն ու Արևը ևս թող ներդաշնակ լինեն: Այսօր գիշեր է, սակայն լույսեր են վառվում ամենուր: Թող մեր ներսի գիշերն ու լույսը նույնպես ներդաշնակ լինեն, ինչպես տիեզերքինն է:
Այսօր մեզ են նայում աստղերը, և նրանք մեզ ճանաչում են, մեզ են նայում ծառերի արմատները, և նրանք մեզ գիտեն, մեզ են նայում հյուլեները, և նրանք մեզ լա՜վ գիտեն:
Մեզ միավորում են մեր ներսի պայթուցիկ ուժերը, որոնք ցրում են մեզ երկրով մեկ: Ցրում են, որ հետո նորից միավորվեն ու նորից ցրվեն: Մենք բաբախում ենք, ինչպես տիեզերքը, ինչպես Երկրագնդի սիրտը, և այդ ձայնը Արարչին հաճելի է: Եվ այդ բաբախումի մեջ Արարչի Սերն է անմեռանելի:
Միավորություն և Սեր:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий