среда, 30 ноября 2011 г.

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԻՆՆՅԱԿ


ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՐՑՈՒՄՆԵՐ





Աշխարհի տարբեր ծայրերում անցկացվում են զանազան տարօրինակ մրցություններ, որոնք, առաջին հայացքից, խելացնոր մարդկանց զբաղմունք են թվում: Բայց, արի ու տես, որ այդ միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացնում և անցկացվում են ամեն տարի: Օրինակ, Մեծ Բրիտանիայում ամեն տարի տզրուկներով, տրիտոններով վխտացող ճահիճներում կայանում է ստորջրյա լողի աշխարհի առաջնություն: Եվ այսպես…

Ֆուատայ Սոլո
9-ՐԴ ՏԵՂ. Ֆիջի կղզում անցկացվում է կոկոսյան արմավենին մագլցելու ամենամյա առաջնություն, որը վերջերս ստացել է միջազգայինի կարգավիճակ, և այդ պատճառով կազմակերպիչները սահմանել են մագլցելու հաստատուն բարձրություն: Աշխարհի ռեկորդակիր է Արևմտյան Սամոայի բնակիչ Ֆուատայ Սոլոն, որը 1980 թ. 4,88 վայրկյանում ոտաբոբիկ մագլցեց 9-մետրանոց արմավենու վրա: Երբ հայտարարվեց հաղթողի անունը, Սոլոն կրկին բարձրացավ ծառը՝ բերանում պահելով 100 դոլար մրցանակը:
8-ՐԴ ՏԵՂ. Ձեռնասայլակներով մրցավազքի լավագույն արդյունքը պատկանում է հարավաֆրիկացիներ Փիթ Փիթցերին և Ջակո Էրազմուսին, որոնք 1987 թ. 1609 մետրը ձեռնասայլակով անցան 4 րոպե 48,51 վայրկյանում:
7-ՐԴ ՏԵՂ. Շարային քայլքով մրցատարածությունն ամենաարագն անցել է իռլանդացի Փեդե Դոիլը: 18,1-կիլոգրամանոց թիկնապայուսակով նա 1,6 կմ-ն անցել է 5 րոպե 35 վայրկյանում:

6-ՐԴ ՏԵՂ. Անկողինը կարգի բերելու ռեկորդակիրը կին է: Ավստրալուհի Ուենդի Ուոլը 1978 թ. այդ առաջադրանքը կատարել է 28,2 վայրկյանում:
5-ՐԴ ՏԵՂ. Մաստակի ամենամեծ փուչիկը (տրամագիծը՝ 55,8 սմ) փչել է Ֆրեզնոյի (ԱՄՆ) բնակչուհի Սյուզան Մոնտգոմերին: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել ABC հեռուստաընկերության տաղավարում 1994 թ.:
4-ՐԴ ՏԵՂ. Ամենաարագ մահճակալ քշողները բրիտանացիներ են: 3,27 կմ մրցատարածությունը «Վիբրոպլանտ» թիմի անդամները 1990 թ. անցել են 12 րոպե 9 վայրկյանում:
3-ՐԴ ՏԵՂ. Պարզվում է, որ գոյություն ունի նաև ռետինե ճտքակոշիկներ նետելու առաջնություն: Ամերիկյան սանդղակով 8,5 չափսի ճտքակոշիկը ֆինն Տեպպո Լուոման 1996 թ. նետել է 63,98 մ: «Չելենջեր դանլոփ» ընկերության արտադրած այդ ճտքակոշիկները նետում են նաև կանայք: Այստեղ ևս ռեկորդակիրը ներկայացնում է Ֆինլանդիան: Տուրկու քաղաքի բնակչուհի Սարի Տիրկոնենը նույն 1996 թ. ճտքավոր կոշիկը նետել է 40,87 մ:

2-ՐԴ ՏԵՂ. Եվս մեկ անհեթեթ մրցավազք. լոգարաններով 57,9 կմ տարածությունը 1 ժ 22 ր 27 վ-ում 1987 թ. հաղթահարել է ավստրալացի Գրեգ Մաթոնը:
1-ԻՆ ՏԵՂ. Հաղթող է ճանաչվում ամենամեծ քանակությամբ պլաստմասսայե բադիկներով մրցարշավը: 2005 թ. մայիսի 26-ին Մեծ Բրիտանիայի Էյվոն գետի 26-կիլոմետրանոց մի հատվածում հոսանքն ի վար միաժամանակ մեկնարկեցին 100 հազար բադիկներ: Կազմակերպիչները դրանք լցրել էին մի բեռնարկղի մեջ, որը բացվեց մեկնարկային ազդանշանի հետ: Հաղթեց 24359 համարի բադիկը, որը մրցատարածությունն անցավ 2 ժ 35 րոպեում: Բադիկի տերը բրիտանացի Քրիս Գրինն էր: Քանի որ բադիկների զգալի մասը վաճառվել էր 1 դոլար 64 ցենտով, հնարավոր եղավ գետերի պաշտպանության բարեգործական հիմնադրամին փոխանցել 81910 դոլար:

Комментариев нет:

Отправить комментарий