среда, 2 ноября 2011 г.

ՀԱՅՔ - ՀԱՅԱՍՏԱՆ - ՀԱՅ

Ես հոգնել եմ սարսափներից ինքնակա,

Եվ այս խինդից` ինքն իրենից բացակա,
Բառերը այս, ավա՜ղ, չունեն ապագա,
Եվ քշվում են ճամփաներով ապական:


Արդեն վաղո՜ւց իմ անցյալը ինձ համար
Ապագա է դարձել մեռած ու խավար,
Ես Աստծո հետ զրուցել եմ շա՜տ համառ,
Սակայն լուռ է այդ զրույցը, դիվահար:


Ու հասկացա սոսկումով մերկ, ահարկու,
Որ ես չունեմ ո՛չ ապագա, ո՛չ անցյալ,
Լոկ ներկան է` ինքն իր համար ավարտուն,
Ինձ համար միշտ` թե՛ գերեզման և թե՛ տուն:


Որ դարձել է ներկան իմ գորշ, դառնացավ,
Այլո՛ց համար և՛ ապագա, և՛ անցյալ,
Որ դարերի հերկում որպես սերմնացան
Սեր եմ ցանել ու փողփողուն զառանցանք:


Այսօր արդեն սեղան նստած Աստծո հետ,
Ազատվել եմ տանջանքներից առհավետ,
Վկայում եմ, արարում եմ անդադար.
Մեկ են արդեն` ներկա, գալիք և անցյալ:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий