понедельник, 16 января 2012 г.

ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ




ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ


Այս անգամ կզրուցենք մատ բառի և նրանով կազմված մի քանի դարձվածների մասին: «Մատն ի՞նչ է, որ մատի մասին էլ զրուցենք»,– կմտածի ընթերցողը: Բայց հիշենք, որ մի բան անելու համար պիտի մատը մատին խփենք:
Նախ նշենք, որ մատ-ը բնիկ հայերեն բառ է, հնդեվրոպական նախալեզվի mat արմատից և կարող է դարձվածներ կազմելու և փոխաբերական իմաստներով գործածվելու առումով մրցել մարմնի մյուս մասերի՝ քթի, գլխի, աչքի, ձեռքի հետ:
Օրինակ՝ մատը կծել նշանակում է «գլխի ընկնել, կռահել»: Իսկապես, երբ մեկը հանկարծակի, անակնկալ կերպով որևէ բան է կռահում, գլխի ընկնում, իմանում, ակամայից մատը կծում է՝ իրեն չմատնելու, զարմանքն ու հուզմունքը ցույց չտալու համար: Սակայն հենց մատը կծելով էլ ցույց է տալիս իր հուզմունքը: Գրեթե նույնն է սաստիկ զարմանքի դեպքում. անակնկալից կորցնում են վերահսկողությունը, նյարդերը թուլանում են, ծնոտը կախվում է, բերանը բացվում է, և մարդն ակամայից ձեռքի ափով փակում է բերանը, այսինքն՝ ափիբերան է մնում՝ սաստիկ զարմանում է: Ու հենց այդ զարմանքը թաքցնելու, սթափվելու համար մատը կծում է, ինքն իրեն հետ է բերում:
Եթե մեկին ուզում են ցույց տալ, ուշադրություն հրավիրել մեկի վրա, նշել և, նույնիսկ, նշավակել, ապա մատնացույց են անում: Եթե դավաճանությամբ մեկին թշնամու ձեռքն են հանձնում, ապա ասում ենք, որ մատնեցին նրան: Մատնել նշանակում է «մատով ցույց տալ մեկին ի վնաս»: Այսինքն՝ մատնությունը սկսվում է մատով ցույց տալուց, և մատնել բառի արմատը մեր սովորական մատ բառն է: Հուդան Քրիստոսին մատով ցույց չտվեց, այլ, ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով, համբուրելով մատնեց: Ամենայն հավանականությամբ, Քրիստոսի ծննդից շատ ու շատ առաջ մարդիկ իրար մատնում էին՝ մատով ցույց տալով: Օրինակ, հրեաների մեջ ամլությունը խայտառակություն էր համարվում, և անզավակ ամուսիններին մատով էին ցույց տալիս, դարձնում էին մատի փաթաթան, այսինքն՝ անվերջ երեսով էին տալիս, կըշտամբում, խոսում նրանց մասին:
Մատ բառից է նաև մատանի-ն, որը, բացի իր կենցաղային սովորական իմաստից, ուներ նաև «կնիք» իմաստը. դա որևէ փորագրությամբ մետաղյա օղ էր, որով կնքում էին փաստաթղթերը: Մատանի բառից հնում ունեցել ենք մատանել բայը, որը նշանակել է «կնքել»:
Շատ ուշագրավ մի բառ էլ կա մատ արմատով՝ մատնաշունչ, որը նշանակում է «մատի ծայրին, եղունգի մոտ գոյացող ցավագին վերք»: Այս բառը բավականին հետաքրքրաշարժ ձևափոխության է ենթարկվել: Նախնական ձևն է մատնաշուրթ՝ «մատի ծայրին դուրս եկած պալար» նշանակությամբ: Շուրթ-ն այդ բառի մեջ նշանակում է «եզերք, եզր, պռունկ»: Այս իմաստը մոռացվել է, և մատնաշուրթ-ը դարձել է մատնաշուրջ, սա էլ բարբառներում տվել է մատնաշունչ: Իսկ ժամանակակից բառարաններում և գրական լեզվում պահպանվել է միայն մատնաշունչ ձևը:
Մատ բառով, բացի արդեն նշվածներից, ունենք մի շարք ուշագրավ դարձվածներ ևս. մատ թափ տալ «սպառնալ», որպես զարմանքի, ապշանքի արտահայտություն՝ մատը բերանում մնալ (այսինքն՝ այնքան է ապշած, որ մոռանում է նույնիսկ մատը կծել կամ արդեն կծած մատը բերանից հանել), մատների վրա խաղացնել «ճարպկորեն խաբել, մոլորեցնել» (սա, երևի, եկել է մատների վրա տիկնիկներ խաղացնելուց, այսինքն՝ մատների վրա խաղացնելով մեկին խամաճիկ դարձնել, տիկնիկի պես իր ուզած բաներն անել տալ):
Երկու դարձվածների միավորումով այս գրքի հեղինակը ստեղծել է բազմաթիվ երկդարձվածներ: Մեջբերենք մատ բառով կազմվածներից մի քանիսը. «Մի ձեռքը ծափ չի տա, բայց մատ թափ կտա», «Մատի փուշը հանել՝ աչքն էր կոխում», «Մատը մատին չէր խփել ու հիմա ծնկներին էր խփում» և այլն:
Այս ամենը ցույց է տալիս, որ չպետք է մատների արանքով նայել և ոչ մի բառի, պետք է մատին թել կապել չմոռանալու համար, որ որևէ բանի հասնելու համար անհրաժեշտ է մատը մատին խփել:

Комментариев нет:

Отправить комментарий